Հելոուին. Ծագումը, խորհրդանիշները - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Հելոուին. Ծագումը, խորհրդանիշները

Հելոուինը ամենամյա տոնակատարություն է, որը նշվում է հոկտեմբերի 31-ին: Այն ամենահին հեթանոսական տոներից մեկն է ու ծագել է դեռևս հին Եվրոպայում՝ Սամայն անունով: 5-րդ դարում Հռոմի Պապ Գրիգորի 3-րդը որոշեց նոյեմբերի 1-ը դարձնել սրբերին պատվելու օր՝ այն անվանելով «Բոլոր սրբերի օր» (“All Saints Day”): Դրան նախորդող գիշերը կոչվում էր «Բոլոր սրբերի գիշեր» (“All Hallow՛s Eve”), այնուհետև՝ Հելոուին (“Halloween”):

Այսօր շատերը կարծում են, որ այս տոնը «սատանայական» է, սակայն իրականում այն չարիքը հեռու վանելու օր է: Հելոուինը տոնող մարդիկ կերպարային հագուստներ են կրում, որպեսզի խաբեն «չարիքին»՝ չար ոգիներին ու ուժերին, որոնք, մարդկանց կարծիքով, այդ օրը փորձում են երկիր վերադառնալ:

Այս տոնը մինչ օրս բազմաթիվ քննարկումների առիթ է հանդիսանում, և սա է պատճառը, որ այն նշել կամ չնշելը կախված է մարդկանց ցանկությունից, նախասիրություններից ու նախապաշարմունքներից:

Հելոուինի խորհրդանիշներն ու դրանց պատմությունը

Ջեքի Լապտեր/ Լանթերն.  դե ի՞նչ Հելոուին առանց դդմի՝ Ջեք Լանթերնի: Ջեք Լանթերը դդում է, բառիս բուն իմաստով, որի վրա մարդիկ փորագրում են չար կամ ծիծաղելի դեմք, ինչպես նաև ցանկացած գրություն, ու նրա մեջ մոմ դնում: Այս լապտերի պատմությունը հետևյալն է. ըստ իռլանդական առասպելի Ջեք անունով մի մարդ սատանային հրավիրում է իր հետ խմելու, սակայն հրաժարվում է վճարել ու համոզում է սատանային մետաղադրամի վերածվել: Բայց դրանով խմիչքի համար վճարելու փոխարեն նա մետաղադրամը պահում է իր գրպանում ու ազատ է արձակում սատանային միայն այն ժամանակ, երբ վերջինս խոստանում է, որ մահից հետո Ջեքի հոգին չի տանի դժոխք: Երբ Ջեքը մահանում է, Աստված հրաժարվում է նրա հոգին դրախտ բարձրացնել, իսկ սատանան իր հերթին չի թողնում, որպեսզի նրա հոգին մտնի դժոխք, փոխարենը նրան այրվող ածուխ է տալիս, որպեսզի կարողանա լուսավորել իր ճանապարհը երկրի վրա: Եվ այպես Ջեքն ածուխը դնում է փորած շաղգամի մեջ, լուսավորում իր ճանապարհն ու շարունակում շրջել աշխարհով մեկ՝ որպես հավերժ անիծված ոգի: Հետագայում շաղգամը դարձել է դդում, քանի որ այն ավելի հասանելի էր ու էժան:

Սև կատու. այս կենդանիները համարվում են կախարդների բարեկամները: Մարդիկ նախկինում այնքան էին վախենում նրանցից, որ կատուների խմբեր էին այրում Հելոուինի օրը: Քանի որ նրանք համարվում են չար արարածներ, հաճախ է հանդիպում, երբ նրանց տանջում են կամ օգտագործում ծիսակատարությունների համար: Այսօր, սակայն, նրանց հանդեպ վախը մի փոքր մեղմացել է ու նրանց չարիքի համար «մեղադրելու» փոխարեն, միայն դժբախտության մեջ են «կասկածում»:

Խնձոր. «անմեղ», հյութեղ այս մրգերը նույնպես ասոցացվում են Հելոուինի հետ: Նրանք անմիջական կապ ունեն վհուկների հետ. երբ կտրում ես խնձորը կորիզների դասավորվածությունը հնգագիծ է հիշեցնում՝ մի բան, որը վհուկների խորհրդանիշներից է:

Լիալուսին. շատերը հավատացած են, որ լիալուսնի ժամանակ կախարդանքն ավելի հզոր ուժ է ունենում: Շատ ֆիլմեր ենք տեսել, որտեղ սարսափելի դեպքերը տեղի են ունեցել հենց այդ ժամանակ, սակայն հազվադեպ է եղել, երբ լիալուսինը համընկել է Հելոուինի հետ: Իրականում այն վերջին անգամ համընկել է այս տոնի հետ 2001թ.-ին, ու հաջորդ անգամ այս համընկնումը կլինի 2020թ.-ին:

Սարդ. սարդերը սովորաբար համարվում են հաջողություն բերող արարածներ, սակայն մարդկանց մի մասը հավատում է, որ Հելոուինի գիշերը երբ սարդ ես տեսնում, ապա դա քո սիրելի մարդկանցից մեկի ոգին է, որը հետևում է քեզ:

Բու. այս կենդանիների տեսքն ու ձայնը մի փոքր վախեցնող է՝ խոստովանեք: Ասում են՝ նախկինում վհուկները կարողանում էին կերպարանափոխվել բվերի ու ագռավների և երեխաներից արյուն քամել: Մարդկանց մի մասն էլ կարծում է, որ բվերի ձայնն  ազդարարում է վհուկների մոտենալը:

Հելոուինը Հայաստանում

Հելոուինն ավելի մեծ ոգևորությամբ նշում են ԱՄՆ-ում և Կանադայում, սակայն այն ամեն տարի տարածվում է նաև այլ երկրներում, և մեր երկիրն էլ բացառություն չէ: Բայց Հայաստանում Հելոուինը մի փոքր ավելի խիստ աչքով է դիտվում: Հայերի մի մասը պնդում է, որ այն սատանայական տոն է, մինչդեռ մյուս մասը սիրում է այն ու փորձում դեմ գնալ մեծամասնության կարծիքին և հնարավորինս լավ տոնել այդ օրը: Պատահել է, որ հոկտեմբերի 31-ին մի քանի երեխաներ մեր տան դուռն էլ են թակել և կոնֆետ խնդրել: Դե իհարկե մենք էլ չցանկանալով դառնալ «չարի բաժին» չենք մերժել ու համեղ «կաշառք» ենք տվել նրանց: Ամեն դեպքում, Հայաստանում նույնպես այն տոնել կամ չտոնելը միանգամայն յուրաքանչյուր մարդու ցանկությունն ու իրավունքն է, և սրա համար դատել մյուսներին հարկավոր չէ: Այս տարի նույնպես Հայաստանի մի շարք վայրերում կլինեն խմբեր, որոնք կտոնեն Հելոուինն իրենց ամենալավ կոստյումներով ու դիմահարդարումներով: