Համբարձում Խաչանյան. հայ կատակերգակը - VNews

Համբարձում Խաչանյան. հայ կատակերգակը

222525 - Համբարձում Խաչանյան. հայ կատակերգակը

Համբարձում Խաչանյանի կինոյում խաղացած ամենաճանաչված ու սիրված դերակատարումներն են Շորն ու Դարչոն: Սրանք հայ դասական կինոյի ամենակատակերգական կերպարներն են, որոնց սիրում ու երբեք չի մոռանում հայ կինոսիրողը:

Դերասան Համբարձում Խաչանյանը ծնվել է 1894 թ. փետրվարի 13-ին, Տրապիզոնում, սակայն մեկ տարեկան հասակում տեղափոխվել է Սիմֆերոպոլ, որտեղ ավարտել է հայկական ծխական դպրոցի չորս դասարանները:

Խաչանյանի հայրը՝ սափրիչ Միսակը, որը նաև թատերական կեղծամներ էր պատրաստում, որդուն հաճախ էր տանում թատրոն՝ նրա մեջ արթնացնելով սեր՝ դեպի բեմն ու թատերական արավեստը։ Համբարձումը սկսում է թատրոնում տեսածը վերարտադրել բակում: Փորձում է երեխաների օգնությամբ ներկայացնումներ խաղալ, նմանակել իր տեսած դերասաններին, կրկնօրինակել նրանց շարժուձևն ու խոսելաոճը: Շուտով պատանի Համբարձումը դառնում է աշակերտական ներկայացումների մասնակիցը՝ Եկատերինոդարում, ուր միաժամանակ ապրում է Խաչանյանների ընտանիքը։ Այստեղ նա ուսանում է տեղի ռուսական քաղաքային դպրոցում, որը հոր մահից հետո թողնում է անավարտ: Ընտանիքի հոգսն ընկնում է մոր և իր ուսերին: Խնայած կոպեկներով Համբարձումը կարողանում է պատրաստվել և էքստերն ավարտել միջնակարգ կրթությունը: Նա զուգահեռաբար հինգ տարի լրջորեն զբաղվում է նաև ջութակի դասերով:

586665 - Համբարձում Խաչանյան. հայ կատակերգակը

Տասնյոթ տարեկան հասակում, Խաչանյանը կապվելով տեղական ռուսական դրամատիկ խմբի հետ, սկսում է փոքր դերեր խաղալ:

1914 թվականին ընդունվում է Սիմֆերոպոլի կինոդերասանական ստուդիան, որն էլ ավարտում է գերազանցությամբ:  Սերը դեպի բեմական արվեստը Խաչանյանին տանում է տեղի ռեժիսոր-օպերատոր Նիկիտինի կինոստուդիան: Այստեղ, բացի դերասանական վարպետության և բեմարվեստի վերաբերող այլ առարկաներից, Խաչանյանը սովորում է պար: Շատ տարիներ անց, պարի դասերի արդյունքը հրաշալի երևում է  նրա մեքսիկական կատակերգական պարում՝ «Մեքսիկական դիպլոմատներ» ֆիլմում:

586667 - Համբարձում Խաչանյան. հայ կատակերգակը

Ստուդիան ավարտելուց հետո Խաչանյանը խաղում է Բաթումիի, Սուխումիի, Կրասնոդարի ռուսական, երբեմն նաև հայկական թատերախմբերում։  Հենց Բաթումիում էլ 1922 թվականին, նրան տեսնում ու գնահատում է Վահրամ Փափազյանը, որի խորհրդով էլ տեղափոխվում է Երևան՝ դառնալով ոչ միայն Առաջին պետթատրոնի և այլ նաև ազգային կինեմատոգրաֆիայի հիմնադիրներից մեկը:

586668 - Համբարձում Խաչանյան. հայ կատակերգակը

1922 թվականից Խաչանյանը աշխատում է ներկայիս Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադմեիական թատրոնում (Առաջին պետթատրոն), 1925-ից նկարահանվում է Հայկինոյում:

Թատրոնում նա ստեղծում է հոգեբանական նրբերանգներով հագեցած, գեղարվեստորեն հավաստի խաղ թե՛ դրամատիկական դերեում, և՛ թե կատակերգականում: Նրա լավագույն դերերից են՝ Սգանարելը՝ Մոլիերի «Դոն Ժուանում», Պաղտասար՝ Պարոնյանի «Պաղտասար աղբարում»,  Աբիսողոմ աղան՝ Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններում և այլն:

Պեպո - Համբարձում Խաչանյան. հայ կատակերգակը

 

Իր գործընկերների համեմատ Համաբարձում Խաչանյանի դերասանական կենսագրությունն ավելի բախտավոր ու հաջողակ գտնվեց, քանի որ նա թատրոնից բացի մեծաթիվ դերեր խաղաց նաև կինոյում: Այսինքն այսօր մենք Խաչանյան դերասանի մասին պատկերացում կազմում ենք ոչ միայն թատրոնի պատմության դասագրքերից, այլ նաև մեզ հասած կինոժապավեններից: Իսկ նրա կինոդերակատարումները մեկը մյուսից վառ ու տպավորիչ էին: Նա խաղաց Բադալ՝ «Նամուսում», Խդո՝ «Զարեում»,  Խեչան՝ «Մեքսիկական դիպլոմատներում», Կիկոս՝ «Կիկոսում», Նազար՝ «Քաջ Նազարում»։

Սակայն, հայ կինոսիրողների համար լավագույնն ու ամենակատակերգականը դարձավ նրա Շորը՝ «Շոր և Շորշորում», ինչպես նաև Դարչոն՝ «Պեպոյում»: Սրանք մեկ դար անց, նույնիսկ, շարունակում են մնալ հայ կինոյի սիրելի ու կատակերգական լավագույն  կերպարները:

300px Շոր և Շորշոր - Համբարձում Խաչանյան. հայ կատակերգակը

Համբարձում Խաչանյանի՝ թատրոնով, արվեստով, խաղով լի կյանքն ավարտվեց վաղաժամ: Նրա մահն էլ իր կյանքի պես թատերային էր:

1944 թվականի հունիսի 30-ին թատրոնում պիտի խաղային Դ. Դեմիրճյանի «Երկիր հայրենին»: Խաչանյանն արդեն հագել էր Հոնենցի զգեստը և, նստած հայելու առաջ, գրիմ էր անում, երբ հանկարծ …սրտի կաթված: Մի վայրկյանում ավարտվեց հայ բեմի երախտավորի, պարկեշտ ու ազնիվ մարդու կյանքը:

Նա ընդամենը քառասունյոթ տարեկան էր: Խաչանյանը հեռացավ՝ թողնելով բազմաթիվ կիսատ  ու դեռ չխաղացված դերեր…