Համոն այս պատմությունն ամեն անգամ պատմելիս՝ լաց էր լինում [Սահյանի քրոջ հուշերը] - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Համոն այս պատմությունն ամեն անգամ պատմելիս՝ լաց էր լինում [Սահյանի քրոջ հուշերը]

1920-ական թվականներն էին, ծնողներս գնացել էին սար խոտհնձի: Երեխեքս տանն էինք մնացել: Ընկանք մեծ եղբորս՝ Համոյի հետևից և գնացինք դաշտ՝ սինձ ուտելու: Մեր տան ճամփին նոր թխվող լավաշի բույր էր տարածվել: Կանգնել-չէինք կարողանում շարժվել: Հոտը արբեցրել էր բոլորիս: Նայում ենք՝ թոնրատան ծուխը երկինք էր ելել:

Հանկարծ նոր թխած լավաշի դարսը թևին գցած՝ մի կին դուրս եկավ, պառավ հացթուխն էր: Տեսնելով սովահար փոքրիկներիս կանգնած՝ իր կողմը նայելիս, երևի մեզ խղճալով, երկու լավաշ տվեց: Սոված էինք, բայց Համոն չթողեց, որ ուտենք, ասեց՝ մենք սինձ կուտենք, պահենք մեր հորն ու մոր համար: Չկերանք, պահեցինք մինչև հայրս ու մայրս եկան: Լավաշը Համոն ծոցից հանեց, տվեց իրենց:
Ասին՝ դուք կերե՞լ եք, ասինք՝ չէ:
Մայրս ու հայրս լաց եղան:
Համոն այս պատմությունն ամեն անգամ պատմելիս՝ լաց էր լինում, մի օր էլ, արդեն յոթանասուն էր, ասեց՝ Հասմիկ, էն երկու լավաշն արեց, որ ես բանաստեղծ դարձա…

 

…………….
Եղբայրս շատ էր սիրում պապիս, տատիս: Մեր գերդաստանում ընդունված էր ավագությունը: Տան գլխավորին բոլորս էինք սիրում ու ենթարկվում: Մեր տանը հայրս՝ պապիցս հետո, Աստված էր, նրա ամեն մի խոսքը՝ ճշմարտություն և սրբություն:

1991 թվականն էր: Համոն եկել էր Լոր, բայց մինչև Լոր գնալը միշտ Դարբասում կանգնում էր, գալիս իմ տուն, ժամերով նստում, մեզ հետ զրուցում…

Ամեն անգամ Դարբասից Երևան գնալիս՝ իր ընկերներին լաց լինելով խնդրում էի, որ Համոյին լավ նայեն, որ ես հեռու եմ, ձեռս-ոտս չի հասնում… Այնքան էի լացում ու խնդրում, որ ընկերներն էլ չէին դիմանում, աչքները սրբում էին… իսկ Համոն ձեռքը դեպի սիրտն էր տանում, ասում՝ վատացավ սիրտս, Հասմիկ, հերիք է, ուզում ես հիմա ապրե՞մ, թե՝ մեռնեմ…

Համոս արդեն հիվանդ էր, միշտ փաթաթված, հազալուց,անընդհատ ծխելուց…
Վերջին անգամ, որ Լորից գալուց՝ ճամփեցի, ասեց՝ Հասմիկ, կարող է էլ չկարողանամ Լոր գալ, մեր հոր դուռը փակ չթողես, մեկ-մեկ գնա դուռը բաց արա, մեր հոր Սահակի ու Խչիբաբի / Խաչի պապի/ ականջը ձենի ա լինելու, ձեն տուր, կարոտ չթողնես…
Ոտերիս, կռներիս զարկեցի լացս դրի, ասի՝ Համո, հաշվի՝ ինձ արդեն թաղեցիր, Խչիբաբոնց ծուխը դու ես, քվերքիդ /քույրերիդ/ գլուխը մի կտրիր…
Համոս երեսը թաքցրեց վզի շալի մեջ դուրս եկավ՝ ես էլ մինչև մեքենան շարժվելը՝ ծնկներիս տալով՝ հետևից ընկած …

…Համոյից հետո, հաճախ եմ գնացել Լոր, բացել եմ մեր հոր տան դուռը և ամեն անգամ լաց լինելով՝ դուրս եկել: Բայց ամեն գնալուց հետո սիրտս հանգստանում է, թեթևանում, ասես Համոյի օրհնանքն եմ ստանում…
Ասում եմ, Տեր Աստված, հոգիս առ էլի, սիրտս մղկտում է, էլ չեմ կարողանում դիմանալ: Քսան տարի է արդեն առանց Համո գնում-գալիս եմ, էլ մեծ եմ, ես էլ չեմ կարողանում…

Հիմա էլ սարքել են, շինել, ցանկապատել, արդեն հորս ու Խչիբաբոնց հոտն ու շունչն էլ ա վերացել էդ տնից… Թանգարան են սարքել հորս տունը, էլ համ ու հոտ չկա…
Համոն ասում էր, Հասմիկ, ես ամաչում եմ, որ հորիցս հինգ տարի ավել եմ ապրել, ինքը 73-ում մեռավ, ես արդեն 79-նն եմ…Բա ես ի՞նչ ասեմ, Համո, տես քեզանից ինչքան ավել ապրեցի՝ 12 տարի: Ասում էր՝ Հասմիկ, դու պիտի երկար ապրես. համ մեր քույրերին ես պահել, համ էլ՝ մեր հորը, ումբուրդ /կյանքդ/ երկար է լինելու…
Ավել չեմ ուզում, գոնե մինչև Համոյիս 100-ամյակն էլ ապրեմ, նույն օրն էլ՝ գիշերը, մեռնեմ:
Համոյի վերջին խնդրանքն էլ կատարեմ, ասում էր՝ հարյուր ամյակիս, Հասմիկ, կգաս գլխիս վերև կանգնես, մեր տան շունչը զգամ…


ԿՈՄԻՏԱՍԸ ԵՎ ԱԲՈՎՅԱՆԻ ԼՈՒՍԱՆԿԱՐԸ [Ես երբեք չեմ կարող ապրիլ առանց Աբովյանի]

Վահան Տերյանի նամակը Նվարդ Թումանյանին

Աճառյանի չարչարանքները, Իսահակյանի հուշերն ու փրկված ձեռագրերը

Հուշեր Իսահակյանի և Պաբլո Ներուդայի հանդիպումից [ԿԱՏԱԿՈւՄ Է ՎԱՐՊԵՏԸ]

«Մենք պարտվել ենք». ադրբեջանցի գրողի նամակը իր ազգակիցներին

Նամակ Ավետիք Իսահակյանին [սիրելի Շուշանիկից]

Սևակյան տրամադրություն. մեր սիրունագույն վիդեոշարքը ձեզ նվեր

Թե ինչու Չարենցը ոչնչացրեց իր քառյակները

Սևակի սիրային նամակները [Սուլամիթա՜, իմ սեր]

Հայկ Կոնջորյանի ֆուտուրիստական նամակը Թալեաթ փաշայի անունից

Բրոդսկի. Մարիայից հետո և Մարինայից առաջ…

Բրոդսկին ասել է…

Ես գրում եմ ձեզ Իտալիայից, ասել է թե՝ գրում եմ ձեզ ապագայից։

Նաիրի Սահյանի հուշերը հոր՝ Համո Սահյանի մասին

Հասմիկ Սիմոնյան. բանաստեղծություններ

Զարուհի Բաթոյան. պարզ ճշմարտություն…