«Հարբեցություն». 2020-ի գլխավոր ալկո-դրաման՝ Մադս Միկելսենի գլխավորությամբ - VNews

«Հարբեցություն». 2020-ի գլխավոր ալկո-դրաման՝ Մադս Միկելսենի գլխավորությամբ

ոքեե - «Հարբեցություն». 2020-ի գլխավոր ալկո-դրաման՝ Մադս Միկելսենի գլխավորությամբ

Պատմում ենք տարվա ամենահաջող եվրոպական ֆիլմերից մեկի՝ «Հարբեցություն» / “Druk” -ի մասին, որը պետք է դեռևս մայիսին ցուցադրվեր Կաննի միջազգային կինոփառատոնի շրջանակներում, սակայն արդյունքում իր ֆիզիկական համաշխարհային պրեմիերան է ունեցել Սան-Սեբաստիան կինոփառատոնում, որտեղ էլ գլխավոր դերասանական կազմը արժանացել է Լավագույն դերակատարում խմբակային մրցանակին։

«Դոգմա-95»-ի համահիմնադիր, Դանիայի կարևորագույն կինոհեղինակներից՝ Թոմաս Վինտերբերգի 10-րդ ֆիլմը բացում է ռեժիսորի ազգակից՝ փիլիսոփա և աստվածաբան Սյորեն Կիերկեգորի քառատողը՝

Ի՞նչ է պատանեկությունը։

Երազ։

Ի՞նչ է սերը։

Երազատեսություն։

 

սինոփսիս

Համեստ և գողտրիկ դանիական դպրոցի աշխատակիցներ՝ պատմության ուսուցիչ Մարտինը (Մադս Միկելսեն), երգեցողություն դասավանդող՝ Պետերը, ֆիզկուլտղեկավար Տոմմին և հոգեբանության դասատու Նիկոլայը հանդիպում են շքեղ, կիսախավար ռեստորանում՝ վերջինիս 40-րդ տարեդարձը նշելու։ Տղամարդիկ դեռ կանխավայելում եմ բարձրորակ ալկոհոլի համը, երբ Մարտինը հրաժարվում է միանալ ընկերներին, մինչ Նիկոլայը չի կիսվում նորվեգացի փիլիսոփա և հոգեբան Ֆինն Սկերդրուդի հետաքրքական տեսությամբ. նորվեգացին համոզված է, որ մարդուն ի ծնե պակասում է օրգանիզմի մեջ հինգ հարյուրերորդական տոկոս ալկոհոլ, որը հավասար է մեկերկու գավաթ գինու։ Երբ մենք խմում ենք հենց այդ քանակի ալկոհոլ՝ դառնում ենք ավելի կրեատիվ, համարձակ և հանգիստ, ինչը միայն դրական կերպով է ազդում մեր մասնագիտական և սոցիալական կյանքի վրա։ Երբ մատուցողները հերթական անգամ են մոտենում հերոսների ճերմակասփռոց սեղանին և հարգալից ներկայացնում գերմանական սև խավիարը՝ ռուսական օղու մատուցմամբ, Մարտինը որոշում է այնուամենայնիվ ընկերների հետ միմի բաժակ գցել. Նիկոլայի կամ, գուցե, Ֆինն Սկորդրուդի առողջության կենացը։ Թունդ ալկոհոլի և ջերմ զրույցի արդյունքում Մարտինը կիսվում է ընկերների հետ անձնական խնդիրներով՝ կինն այլևս հետաքրքված չէ իրենով, չկա այն կայծը, հուզառատ շփումը, ինչպես որ նախկինում էր, հարազատ տղաները չեն շփվում հոր հետ, իսկ աշակերտները հրապարակային դժգոհում են իր դասավանդման մեթոդիկայից։ Որոշվում է, որ տղամարդիկ փորձելու են հոգեբանփիլիսոփայի տեսությունը պրակտիկորեն՝ ամեն օր խմելով ճիշտ այնքան, որպեսզի օրգանիզմում պահպանվի իր նշած ալկոհոլի չափաբաժինը։ Եվ ինչ՝ բոլոր չորս հերոսների կյանքը, իսկ ամենացայտուն ու վառ օրինակով ինքամփոփ ու միշտ հավասարակշռված Մարտինինը՝ փոխվում է դեպի լավը, հետաքրքիրը, լցվում է հաճույքներով, կենսուրախությամբ ու մանր առօրեական հաջողություններով։

3CB8EC15 1A55 47C1 814A 74B2DDB90927 960x540 - «Հարբեցություն». 2020-ի գլխավոր ալկո-դրաման՝ Մադս Միկելսենի գլխավորությամբ

Վինտերբերգը, ով այդքան սիրում է քննել ընտանեկան և սոցիալական շրջանակների մարմինները, ստուգել տագնապային իրավիճակներում հայտնված մարդկանց զարկերակը, եռացող արյան խտությունն ու չափել ցատկող ճնշումը, ինչպես, օրինակ նույն Միկելսենի հետ ստեղծած հանրահայտ «Որս»-ում, կրկին գրավում է մարդաբանական փսիխո-բազկաթոռը՝ էքսպերիմենտալ տեռարիումի մեջ զբաղեցնելով փորձարկվող առնետներին։ Ֆիլմն, իհարկե, հարբեցողության մասին չէ, չնայած, և՛ ռեժիսորի հայրենի Դանիայում, և՛ ամբողջ սկանդինավյան տարածաշրջանում այդ երևույթն ու խնդիրը կա։ Ֆիլմը նախկինի՝ երիտասարդ տարիների հոգեբանական առողջության ու առույգության մասին է, կյանքով լի ապրելու և ձանձրալի, տաղտուկ ծերուկի չվերածվելու մասին։ Օրինակ՝ ինչպե՞ս ապրել սիրելի կնոջ հետ մեկ (եթե ոչ երկու) տասնամյակ և դեռևս ունենալ կրքոտ ու շնչակտուր սեքս անտառի մեջ՝ գեղեցիկ տեսարանով բացվող վրանում կամ ի՞նչ տարբերակով դասավանդել պատմություն առարկան, պատմել Չերչիլի և Երկրորդ համաշխարհայինի մասին, որպեսզի հնարավոր լինի մաքսիմալ հետաքրքրել քեզ չհարգող աշակերտներին և քննությունից առաջ հասցնել նրանց պատշաճ կրթական մակարդակի։

CDD04582 0976 4AC2 95EF 18642AD08297 960x640 - «Հարբեցություն». 2020-ի գլխավոր ալկո-դրաման՝ Մադս Միկելսենի գլխավորությամբ

Իհարկե, ալկոհոլն այստեղ խաղում է որոշակի դոպինգի, կատալիզատորի դեր: Այն պարզապես արթանցնում է խորը, անշարժ քնից հերոսներին, ձեռի հետ վերակենդանացնելով ընդերքային՝ հոգնեցուցիչ և գորշապրելակերպի շերտերի տակ թաղված երիտասարդ և կենսուրախ ոգին։

Հուսահատության և միապաղաղության շեմին կանգնած հոգնած մարդիկ պարզապես սպասում էին, թե ով կամ ինչը կմիացնի իրենց ժանգոտած շարժիչները, ուժեղ կթափահարի ուսերից և գուցե մեկ-երկու ապտակ կտա՝ սառը ցնցուղ նետելուց առաջ։ Եվ Միկելսենի հերոսը, իբրև ինքնավերածննդյան մանիֆեստ (ինչպես տարիներ առաջ արել էր անձամբ Վինտերբերգը՝ ստեղծելով ըր կինեմատոգրաֆիկ հրովարտակը) պարզապես դպրոցական ուսուցիչ, հայր և ամուսին Մարտինը, ով անգամ հասցրել է անցնել մռայլ և անհյուրընկալ միջանցքով, այնուամենայնիվ ցուցադրում է երբեմնի կայտառությունն ու կենսուրախությունը՝ նավահանգստի մոտ շշից ըմպելով շամպայն և կիսահարբած-կիսանորածին վիճակում պարելով Scarlet Pleasure-ի “What A Life” կատարման տակ։ Այդ կերպ հիշեցնելով առաջին հերթին ինքն իրեն երիտասարդ, ժիր և արկածախնդիր Մարտինի մասին, ով ժամանակին սովորում էր ջազզբալետ և դնում էր իրեն տեղական կովբոյի տեղ։ Պար-ինքնամաքրում, պար-ինքնախոստովանություն, որը նա երբեք չէր կատարի սթափ վիճակում:

2020 թվականի բացառիկ՝ առողջության նկատմամբ լիակատար և խիստ վերահսկողության մթնոլորտում Վինտերբերգի «Հարբեցություն»-ը դառնում է ավելին, քան հուսահատության, թուլության և տկարության այլաբանությունառակ: Այն երկրորդ շունչ և կյանքի համ վերգտնելու մասին է՝ ինքնուրույն բժշկական միջանտության։ Ալկոհոլը կարող է վիճելի փրկօղակ լինել, քանի որ շատ բարդ է առաջին շոթից կամ բաժակաճառից հետո մնալ սթափ և զգոն՝ վերահսկելով արյանդ մեջ եղած հինգ հարյուրերորդերորդական գրամի չգերազանցման պահը, բայց այդ ռիսկն արդարացված է, քանի որ երբեմն այդքան սուր է նորից ամենապարզ մանրուքներից հաճույք ստանալու ցանկությունն ու ամբողջ մարմնով նետվում ես դեպի կյանքը՝ քամելու հյութերը քեզ ընձեռած ամեն մի բացվող օրից։