fbpx
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Հարցազրույց Թամար Կապրելիանի հետ

Թամար Կապրելյանը  (Թամար Գաբրիելյանը) ծնվել է 1986 թ. հոկտեմբերի 28-ին ԱՄՆ-ում: Ամերիկահայ երգչուհին իր ուղին սկսել է  2008 թ.՝ «OneRepublic» խմբի «Apologize» երգի քավրների մրցույթում իր հաղթանակով:
2015 թ. Կապրելյանը՝ «Genealogy» խմբի կազմում ներկայացրեց Հայաստանը Եվրատեսիլ 2015 երգի մրցույթում: Այս տարի երգչուհին մասնակցում է Եվրատեսիլի նախընտրական փուլին և հույս ունի, որ կհաղթի, քանի որ, ինչպես նա է նշում, իր երգը որակյալ է, հեշտ հիշվող և համապատասխանում է բոլոր չափանիշներին:
Մենք զրուցել ենք երիտասարդ, գեղեցիկ և տաղանդավոր Թամար Կապրելյանի հետ:
 
Ինչպիսի՞ն է իրական Թամար Կապրելյանը:
Ես ազնիվ եմ, սիրում եմ երաժշտությունը, որ ստեղծում եմ, մարդկանց, ում հետ աշխատում եմ: Ե՛վ ընկերության, և՛ աշխատանքի մեջ ես այդպիսին եմ, հետևաբար, ինձ կարող եմ բնորոշել այսպես՝ ես կրքոտ եմ (ժպտում է): Կարծում եմ, որ մարդիկ Հայաստանում մի շատ կարևոր բան չգիտեն իմ մասին. բացի երաժիշտ լինելուց՝ ես նաև սոցիալական ակտիվ գործունեությամբ եմ զբաղվում: Կարծում եմ, որ այս ամենն ինձ բնորոշում է և՛ որպես մարդ, և՛ որպես արտիստ: 
Իսկ ի՞նչն է Ձեզ ոգեշնչում: 
Ես մրցակցում եմ ինքս ինձ հետ: Ես միշտ իմ առջև նպատակներ եմ դնում, և երբ հասնում եմ դրանց, մտածում եմ մյուս փուլի մասին: Խենթ նպատակներն ինձ մոտիվացնում են: Այդպես ես ապացուցում եմ ինքս ինձ, որ նույնիսկ եթե մարդիկ կասկածում են իմ կարողությունների վրա, ես կարող եմ հասնել իմ ուզածին:
Մի փոքր կպատմե՞ք “Nvak”-ի մասին: 
Մենք հիմնադրեցինք “Nvak”-ը երկու տարի առաջ և ես կարծում եմ, որ շատ բախտավոր ենք, քանի որ մեզ հաջողվեց համագործակցել TUMO-ի հետ: Եթե կարճ ներկայացնեմ, “Nvak”-ը ոչ ավանդական կրթական ծրագիր է: Այն ոչ ավանդական է, քանի որ մենք երիտասարդներին սովորեցնում ենք ամեն ինչ, բացի դասական երաժշտությունից: Այս ծրագիրը հիմնականում այն երիտասարդների համար է, ովքեր իրենց կյանքում առընչվել են տնտեսական, սոցիալական կամ քաղաքական դժվարություններին: Նախորդ երկու տարիների ընթացքում այս ծրագիրը փորձնական էր, քանի որ անցկացվում էր ամռանը երեք ամսով, բայց 2018-ին նախատեսվում է այն վերափոխել ավելի քան մեկամյա ծրագրի, որը կօգնի երաժիշտներին և տաղանդավոր մարդկանց կատարելագործել իրենց գիտելիքները:
Շատ երեխաներ արդեն փոքր տարիքից տիրապետում են երաժշտական գործիքներին.ծնողների ջանքերով նրանք սկսում են հաճախել երաժշտական դպրոցներ, սովորում են նվագել դաշնամուր, թավջութակ և այլն: Այս տեսակ տաղանդավոր երեխաները երաժշտությունն իրենց մեջ են կրում, և պատկերացում էլ չունեն, որ կարող են լրջորեն զբաղվել երաժշտությամբ: Մենք աշխատելու ենք հեց այդ երեխաների հետ:
Եթե մի քանի բառով ամփոփեմ ասածս՝ մենք փորձում ենք օգնել երիտասարդ, տաղանդավոր, աշխույժ և խելացի մարդկանց ստեղծագործել և շարունակաբար աճել ու զարգանալ:
 
Թամար, եթե երաժիշտ չլինեիք, ո՞ր ուղղությունը կընտրեիք:
Հմ, հետաքրքիր հարց է: Ամենայն հավանականությամբ մենեջմենթով կզբաղվեի, ինչով ես հիմա ևս զբաղվում եմ: Բացի “Nvak”-ից ես պատրաստվում եմ ընկերություն հիմնել և համագործակցել Սեպուհ Սիմոնյանի հետ: Մենք մտադրվել ենք գտնել ոչ միայն երաժշտության բնագավառի, այլև արվեստի մյուս ճյուղերի արտիստների և աշխատել նրանց հետ այստեղից՝ Հայաստանից: Նկատի ունեմ, որ ընկերությունը Հայաստանում է լինելու: Մենք գտնելու ենք տաղանդավոր մարդկանց, զարգացնելու ենք նրանց ունակությունները և աջակցելու ենք նրանց աշխատանք գտնելու հարցում: Դրա հետ մեկտեղ, մենք համագործակցելու ենք կոմպոզիտորների, երաժիշտների, հագուստի դիզայներների և դերասանների հետ:
Թամար, ի՞նչն եք ամենաշատը սիրում Ձեր մասնագիտության մեջ: 
Ամենից առավել ինձ դուր է գալիս այն, որ ես կարող եմ դրականորեն ազդել երիտասարդների վրա (ժպտում է):
Թամար, իսկ ի՞նչն է կարևոր երաժիշտի համար: 
Դրայվը, հաստատակամությունը, հավատը սեփական ուժերի նկատմամբ և իհարկե՝ կարողությունները:
 Ըստ Ձեզ, ինչպիսի՞ն է հայկական երաժշտության ապագան: 
Այսօր հայկական երաժշտությունը շատ բացեր ունի, սակայն նորից եմ նշում, որ Հայաստանը հարուստ է շատ տաղանդավոր մարդկանցով, ովքեր ցավոք չգիտեն, որ ուղղությամբ շարժվել և ինչպես անել առաջին քայլը: Սա մեկ թերություն: Մյուս բացն այն է, որ շատ երգիչ-երգչուհիների առաջ են տանում նրանց հովանավորները կամ պրոդյուսերները: Իսկ ի՞նչ կասեք մյուս տաղանդավոր երիտասարդների մասին, ովքեր չունեն նման հնարավորություն: Կարծում եմ հենց այդ պատճառով էլ “Nvak” -ի պես ծրագրերը կարևոր են:
Մենք նպատակադրվել ենք գտնել Հայաստանի ամենատաղանդավոր մարդկանց, օգնել նրանց հայտնի և հաջողակ դառնալ, քանի որ նորից եմ կրկնում, որ մենք համաշխարհային ստանդարտներին համապատասխան տաղանդներ ունենք (ժպտում է):
Թամար ի՞նչ կմաղթեք սկսնակներին: 
Կարևոր է հիշել, որ բոլորն էլ խնդիրներ ունեն, և ես կարծում եմ, որ մարդիկ պետք է միշտ լավը մտածեն, սովորեն դուրս գալ դժվար իրավիճակներից և գիտակցեն, որ բոլորն էլ սխալվում են՝ ուղղակի պետք է սովորել ճիշտ ճանապարհով շտկել դրանք: Դուք պետք է հավատաք ինքներդ ձեզ:
Թամար մի փոքր կխոսե՞ք Ձեր ապագա պլանների մասին: 
Սեպուհ Սիմոնյանի և իմ համագործակցության մասին ես արդեն նշել եմ: Այս ամառ ես և Սեպուհը միասին նաև նոր երգեր կթողարկենք, կշարունակենք զարգացնել “Nvak”-ը: Ինչպես գիտեք “Nvak”-ի ծրագրի տևողությունը 3-4 շաբաթ է և այն նախատեսված է միայն հայաստանցիների համար, սակայն մենք մտադրվում ենք նման նախագիծ սկսել նաև այլ վայրերում, այլ երկրներում: Օրինակ այս տարի Երուսաղեմում մենք կսկսենք 7-օրյա ծրագիր: Մենք կմիավորենք մի քանի լավ երաժիշտների, որպեսզի նրանք որակյալ երաժշտություն ստեղծեն:
Թամար, մի քիչ էլ կխոսե՞ք Եվրատեսիլից: 
Ուզում եմ խոստովանել, որ մենք ունենք հիասքանչ թիմ՝ Սեպուհը, ԴերՀովան, որոնք լավ գիտեն՝ ինչ երաժշտություն է պետք աշխարհին: Սա կարևոր է, քանի որ երբ երգը գրում ես, պետք է լավ իմանաս, թե որ շուկայի համար է այն նախատեսված, պետք է ծանոթ լինես տվյալ շուկայի պահանջներին: Երգը պետք է լինի հասարակ, հայկական տարրեր պարունակի, չլինի դեպրեսիվ, և իհա՛րկե պետք է հիշվող լինի:Կարծում եմ, որ մեր երգը հենց այդպիսին է: Ես վստահ եմ, որ այն լավն է. գիտեք, խոսքս երաժշտի մասին չէ, այլ՝ երգի և դրա որակի: Վստահ եմ, որ կհաղթի լավագույնը և իհա՛րկե, ես հույս ունեմ, որ դա կլինենք մենք:
Զրուցեց՝ Մարիամ Սուքիասյանը 
Լուսանկարները՝ Աշոտ Ավագյանի