fbpx

Հայ ժողովրդական հեքիաթներ. Հաստ ու բարակ մի գին են

ՀԱՍՏ ՈՒ ԲԱՐԱԿ ՄԻ ԳԻՆ ԵՆ

Լինում է, չի լինում՝ մի մարդ: Էս մարդը միայն մի տղա է ունենում: Տեսնում է, որ իրենց երկրում ապրել չի լինում, տղային վերցնում է, շատ երկրներով անցնում, որ տեսնի՝ որտե՞ղ ապրելու հնար կա:

Շատ են գնում թե քիչ՝ մի երկիր են դուրս գալիս, որտեղ մարդիկ ապրանքի լավն ու վատը չեն տարբերում. ամեն տեսակ ապրանք մի գնով են վաճառում՝ բաճկոնն էլ է երեք կոպեկ, մեկ գրվանքա[1] հացն էլ, մեկ գրվանքա սոխն էլ, ձմերուկն էլ, կարտոֆիլն էլ, մի խոսքով՝ ամեն ինչ: Տղան սա որ տեսնում է, ասում է հորը.

– Էս երկիրն իսկական մեր տեղն է. ինչը որ լավն է, կառնենք, կհարստանանք:

Հայրն էլ ասում է.

– Չէ՜, մի երկրում, որտեղ ապրանքի լավն ու վատը չեն տարբերում, ո՞նց կարող են մեզ ճանաչել, մարդուն գնահատել: Չէ՜, գնանք մի ուրիշ երկիր:

Ճանապարհ են ընկնում, գնում: Շատ որ գնում են, մի ուրիշ երկիր են հասնում, տեսնում, որ ժողովուրդը հավաքվել է, մի մարդու դատ է լսում: Դատավորն էլ թագավորն է: Թագավորն էդ մարդուն հարցնում է.

– Դու ինչո՞ւ ես տունդ բարձր տեղ սարքել, որ գողը գա, պատուհանիցդ ընկնի, մեռնի: Տունդ որ ցածր կառուցած լինեիր, գողը որ գար, կընկներ, ոտքը կկոտրեր, ձեռքը կկոտրեր՝ ինքը ողջ կմնար: Քանի որ տունդ բարձր ես կառուցել, դրա համար քեզ պետք է կախաղան բարձրացնենք: Ի՞նչ ունես ասելու:

Մարդն ասում է.

– Թագավո՛րն ապրած կենա, տունը հո ե՞ս չեմ կառուցել. վարպետներն են կառուցել: Թե կախելու ես, նրա՛նց կախիր:

Թագավորը կանչում է վարպետներին, հարցնում. «Ինչո՞ւ եք էդ մարդու տունը բարձր կառուցել, որ գողը գա, պատուհանից ընկնի, մեռնի: Դրա համար ձեզ կախում եմ. ի՞նչ ունեք ասելու»:

Վարպետներն ասում են.

– Թագավո՛րն ապրած կենա, էդ տունը սարքելու ժամանակ քո պալատում մի աղջիկ շատ լավ երգում էր: Երգը լսում էինք, իրեն չէինք տեսնում: Տունը բարձրացրել ենք, որ էդ աղջկան տեսնենք. թե կախելու ես, էդ աղջկա՛ն կախիր:

Թագավորը հրամայում է, որ իր պալատում որքան աղջիկ կա, հավաքեն, բերեն իր մոտ: Իսկ աղջիկներ՝ ինչքան ասես: Բոլորին հավաքում բերում են, հարցուփորձ անում, տեսնում, որ երգողը թագավորի մինուճար աղջիկն է եղել: Թագավորն իր աղջկան հարցնում է, թե՝ ինչո՞ւ ես քո սենյակից երգել, որ վարպետներն էլ քո երգի պատճառով էն մարդու տունը բարձր են սարքել, որ գողն ընկնի, մեռնի:

Աղջիկը չի կարողանում պատասխանել: Թագավորը հրամայում է, որ իր աղջկան տանեն կախեն:

Տանում են, պարանն օղակ անում, աղջկան բարձրացնում աթոռին, օղը գցում վզին, որ կախաղան բարձրացնեն: Աղջկա գլուխն ու ծնոտն էնքան փոքր են լինում, որ օղակը դուրս է գալիս, աղջիկն ընկնում է ցած: Երեք անգամ օղակը վիզն են գցում, երեք անգամ էլ դուրս է գալիս, ընկնում գետնին: Թագավորն իր նազիր-վեզիրին ասում է.

– Գնացե՛ք, տեսե՛ք՝ մեծ գլուխ ունեցող մարդ կա՞. բռնե՛ք բերեք, կախե՛ք:

Նազիր-վեզիրը նայում են, հավաքվածների մեջ տեսնում, որ մի մեծ գլխով, գանգուր մազերով մարդ, իր տղայի հետ կանգնած, դիտում է տեսարանը: Գնում, ասում են.

– Թագավորը քեզ կանչում է:

Մարդն իր որդու հետ մոտենում է թագավորին, գլուխ տալիս, կանգնում: Թագավորն ասում է.

– Սրա գլուխն ամենամեծն է. կախե՛ք սրան:

Մարդն ասում է.

– Թագավո՛րն ապրած կենա, գիտեմ, որ իմ մեղքը մենակ մեծ գլուխ ունենալն է, էդ պատճառով էլ ինձ կախելու եք: Հինգ րոպեից հետ եմ գալու՝ իմաստուն դարձած:

Թագավորը թե՝ դե, որ էդպես է, ի՛նձ կախեք. ով ինչը չգիտի, թող մտքում պահի, հինգ րոպեից իմաստուն դարձած կգամ, ամեն ինչը կասեմ:

Թագավորն էսպես ասում է, ցատկում, բարձրանում աթոռին: Դահիճը պարանը գցում է վիզը, աթոռը տակից քաշում: Սպասում են հինգ րոպե՝ թագավորը չկա, տասը րոպե՝ թագավորը չկա, քսան րոպե՝ էլի չկա. թագավորը մեռել է: Ո՞ւմ թագավոր դարձնեն, ո՞ւմ՝ ոչ. բերում, մեծ գլուխ ունեցող մարդուն թագավոր են դարձնում:

[1]Կշռի միավոր. 409 գրամ

Հեղինակային իրավունքը՝ «Էդիթ Պրինտ» հրատարակչության

Հատվածները բացառիկ իրավունքով տրվում են VNews-ին՝ կայքում տեղադրելու համար

«Հայ ժողովրդական հեքիաթներ» ժողովածուի մասին

«Հայ ժողովրդական հեքիաթներ» եռահատոր ժողովածուի առաջին գիրքը դրվել է ընթերցողի սեղանին: Եռահատոր ժողովածուն ընդգրկում է «Հայ ժողովրդական հեքիաթների» ակադեմիական տասնութ հատորներից և «Ղարադաղի հայերը. բանահյուսություն» հեքիաթների ժողովածուից ընտրված հեքիաթներ: Լայն հասարակությանն ավելի մատչելի դարձնելու համար դրանք տարբեր բարբառներից (Վան-Վասպուրական, Տուրուբերան-Մուշ, Արցախ, Ղարադաղ, Մոկս, Լոռի և այլն) փոխադրվել են գրական հայերենի՝ որոշ չափով պահպանելով ժողովրդական բառուբանը և հավատարիմ մնալով բնագրին: Հատորներում ընդգրկված մի քանի հեքիաթներ կազմվել են միևնույն հեքիաթի տարբերակներից՝ որպես համահավաք:

Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը: Երեքհատորյակը կազմած Նազելի Կարապետյանը շուրջ 5 տարի աշխատել է՝ ուսումնասիրելով առավել քան 2000 հայկական ժողովրդական հեքիաթ և դրանց հետ կապված մի շարք հետազոտություններ:

Ժողովածուներում ընդգրկված հեքիաթների մի մասը սիրված է լայն հասարակության կողմից: Ընտրելիս նախապատվությունը տրվել է այն հեքիաթներին, որոնց գլխավոր մոտիվներն ընդհանուր են Մեծ Հայքի տարբեր նահանգների բանահյուսական նմուշներում, նաև այն հեքիաթներին, որոնք մեր հասարակությանը անծանոթ են, սակայն շատ արժեքավոր. թաքնված գանձեր, որոնք նորովի են մեզ ծանոթացնում հայ ժողովրդի մտածելակերպին, հոգևոր և մշակութային ժառանգությանը:

Ժողովածուում ընդգրկված այս հեքիաթներն այսօր էլ ուսանելի են ու արդիական: Դրանք մեծ հետաքրքրություն կառաջացնեն թե՛ փոքրերի և թե՛ մեծերի շրջանում: Տեղեկացնենք, որ առաջիկայում հանրությանը կներկայացվեն նաև ժողովածուի երկրորդ և երրորդ հատորները:


Ալեքսանդր Դյումա` «Կոմս Մոնտե-Քրիստո». Հատված

Հունական դիցաբանություն. Գիշեր, լուսին, արշալույս և արև

Շիրվանզադե՝ «Քաոս». Հատված

Ի՞նչ կարդալ օգոստոսին. Խորհուրդ է տալիս VNews-ը

Ի՞նչ կարդալ հունիսին. Խորհուրդ է տալիս VNews-ը

Խոսե Օրտեգա ի Գասեթ` «Մշակույթի փիլիսոփայություն». Մեջբերումներ

Ի՞նչ կարդալ ապրիլին. Խորհուրդ է տալիս VNews-ը

Էրիխ Մարիա Ռեմարկ` «Ապրելու ժամանակը և մեռնելու ժամանակը». Հատված

Դավիթ Սամվելյան՝ «Ռոդենի ձմեռը». Հատված

Պիեռ Դանինոս՝ «Մայոր Թոմսոնի հուշատետրը». Ֆրանսիացիներին բնութագրող հումորային հատված

Շարլոտ Բրոնտե՝ «Ջեյն Էյր». Հատված

Օնորե դը Բալզակ` «Հայր Գորիո». Հատված

Ալիս Մանրո. Կյանքի սիրույն [հատված «Ամունդսեն» պատվածքից]

Դավիթ Սամվելյան՝ «Արտագաղթած կարոտ». Հատված

Օսկար Ուայլդ՝ «Դորիան Գրեյի դիմանկարը». Հատված

Էրիխ Ֆրոմ` «Սիրելու արվեստը». Հատված