Հայ պոետների վերջին բանաստեղծությունները... [Իսահակյան, Շիրազ, Կապուտիկյան, Տերյան, Չարենց] - VNews

Հայ պոետների վերջին բանաստեղծությունները… [Իսահակյան, Շիրազ, Կապուտիկյան, Տերյան, Չարենց]

պոետնեեր - Հայ պոետների վերջին բանաստեղծությունները... [Իսահակյան, Շիրազ, Կապուտիկյան, Տերյան, Չարենց]
Այսօրվա մեր անդրադարձը հայ պոետների վերջին բանաստեղծությունների մասին: Որո՞նք են դրանք, ե՞րբ ու ի՞նչ պայմաններում են գրվել. այդ ամենի մասին՝ ստորև:

Շիրազ

Հովհաննես Շիրազը մահացել է 1984 թվականի մարտի 14-ին: Թաղված է Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում` այլ հանրահայտ հայերի կողքին։ Նրա վերջին բանաստեղծությունը մնացել էր իր գրասեղանին…
Փեթակվել է տունս,
Ինչպես թողնեմ մեղվաբունս,
Ինչպես թողնեմ գարուններս,
Քաղցրահնչուն շաղիկներս,
Արա, Մասիս, Սիփան,
Աստղիկ, Անի, Արաքս, Թաթոս, Վանանդ
Արևաշուք գոհարներս:
Ախ, ձմեռն է թակում դուռս,
Ու կանչում է, արի, արի
Կանչում է, որ սառցե ճամփով
Խնդությունս պոկի-տանի,
Չի հասկանում ձմեռը գուժ,
Որ Շիրազին մեռնել չկա,
Թեկուզ սառցե հողում հանգչի,
Էլի գարուն, վարդ կմնա
Ու խենթ մահով կանմահանա:

Իսահակյան

Ստորև Ավետիք Իսահակյանի վերջին բանաստեղծությունն է, հիվանդության պատճառով հայ մեծանունը չի կարողացել ինքը գրել այն ու թելադրել է կնոջը։ Բանաստեղծությունը նվիրված է իր կնոջը` Սոֆյա Քոչարյանին։

Ինձ սիրեիր որպես թե 

Լինեի մեռած.

Անունս հնչեր քեզ՝

Հեռավոր մի հուշ.

Ինձ տեսնեիր երազիդ մեջ

Դալուկ ու տխուր

Ինձ կանչեիր, բայց գնայի 

Ինչպես ուրու, հեռու…

Երբ լսեիր իմ երգը

Սրտիցս բխած,

Թախծեիր, լայիր,

Սիրեիր մեռած…

 

20210115 131224 960x1280 - Հայ պոետների վերջին բանաստեղծությունները... [Իսահակյան, Շիրազ, Կապուտիկյան, Տերյան, Չարենց]

Ձեռագիրը տրամադրեց Ավետիք Իսահակյանի թանգարանը:

Տերյան

1917 թվականի  հոկտեմբերին գրողն ակտիվորեն մասնակցում է բոլշևիկյան հեղափոխությանը։ Լենինի ստորագրությամբ մանդատով մասնակցում է Բրեստի խաղաղ պայմանագրի ստորագրմանը։ 1919 թվականին Տերյանը  առաջադրանք է ստանում մեկնել Թուրքմենստան, սակայն ճակատագիրը նրա հետ այլ պլաններ ուներ… Մեզ է հասել Տերյանի վերջին բանաստեղծությունը, գրողն այն թղթին է հանձնել 1919 թվականի նոյեմբերին Սամարայում:

«Գինով եմ, գինով եմ ես էլ»…

Գինով եմ, գինով եմ ես էլ,
Թեթև եմ, անհոգ, լեզվանի.
Օրորիր մեզ պանդոկ կարուսել,
Օրորիր, օրորիր մեզ գինի։

Պոետ մի անտեր ու անտուն
Գիտեմ ես կորա՛ծ եմ, կորա՜ծ.
Բայց դեռ երգն իմ երգում է տենդում
Օ, երա՜զ է, երա՜զ ու երա՜զ…

Ինչ քաղցր է նստել այստեղ,
Ու ժպտալ քո խոսքին սեթևեթ…
Իսկ ներսում իմ, ներսում մի ասեղ
Ասեղում է՝ ննջե՜լ առհավետ…

Պարում են, երգում, վետերում,
Սահում են եթեր առ եթեր.
Գուցե վաղն իսկ կարդաս թերթերում
Ու ժպտաս՝ «հանգա՜վ ի տեր»…

Չարենց

Երբ Չարենցը բանտում էր, նրա կինը՝ Իզաբելան ստանում է Չարենցի սպիտակեղենը` լվանալու համար, դրանց հետ միասին գատնի նրան են փոխանցում Չարենցի նամակը: Այն նախատեսված էր Իսահակյանի համար և գրված էր մատիտով, սպիտակ թաշկինակի վրա: Իսահակյանն այն պահում էր որպես ամենաթանկ մասունք` երբեմն այն հանելով և ցույց տալով ամենահուսալի մարդկանց: Այդ թաշկինակն այսօր էլ պահվում է Իսահակյան ընտանիքի ձեռագրերի հավաքածուում, բայց թաշկինակի գլխավոր արժեքն այն է, որ նրա վրա գրված է Չարենցի վերջին բանաստեղծությունը: Եվ այն նվիրված է Ավետիք Իսահակյանին:

Չարենցը գրում է. «Սիրելի Ավետիք, ներքևում երգում էին քո երգը, սիրտս լցվեց, և ես գրեցի հետևյալ ստիխը. ընդունիր իբրև ձոն և ողջույն»:

 
Որքան գնում – այնքան խոնարհ,
Այնքան անհուն և այնքան ջերմ
Ես խոնարհում եմ քո առջև
Ե´վ սեր, և´ սիրտ, և´ քնար:
 
Արդեն ցնորք է անհնար`
Ունենալ երգ այնքան նայիվ,
Որ հմայե երեխային
Եվ ծերունու սրտում մնա:
 
Սիրտդ կարող է վեհանալ,
Որ անսալով նրա սրտին`
Երգ ես տվել ժողովրդին,
Որ իր երգով անմահանա:
 
Ա~խ, կուզեի ես ունենալ
Գոնե մի երգ այնքան ջերմին,
Որ գրեի խուղիս որմին –
Եվ նա հավետ այնտեղ մնար:
 
Եվ սերունդենր այսպես գային,
Եվ կարդային խուղիս որմին
Սրտիս միակ երգը ջերմին,-
Եվ երգս այդ ես քեզ տայի:
 
1937.27.IX. բանտ, գիշեր

Սիլվա Կապուտիկյան

Սիլվա Կապուտիկյանը մահացել է 2006 թ. օգոստոսի 25-ին: Գերեզմանը գտնվում է Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում , որտեղ ամեն տարվա սեպտեմբերի վերջին շաբաթ օրը կազմակերպվում է նրա անվան պոեզիայի օր: Ստորև Կապուտիկյանի, մեզ հայտնի, վերջին բանաստեղծությունն է…
3a261eda15e176c33ce5d64e9f467f78 L 2 - Հայ պոետների վերջին բանաստեղծությունները... [Իսահակյան, Շիրազ, Կապուտիկյան, Տերյան, Չարենց]
3a261eda15e176c33ce5d64e9f467f78 XL 1 - Հայ պոետների վերջին բանաստեղծությունները... [Իսահակյան, Շիրազ, Կապուտիկյան, Տերյան, Չարենց]