fbpx

Հենրիկ Էդոյան. Լույսը ձախ կողմից [բանաստեղծություններ լույսեր]

Բանաստեղծ, գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր Հենրիկ Էդոյանը ծնվել է 1940 թ. օգոստոսի 31-ին:

Վերերկրային, մետաֆիզիկական, Աստծո որոնումներ և Նրա ամենալինելիության գիտակցություն, սիրո մաքրամաքուր և վերացական ամենուրություն, ապրումներ, զգացմունքներ, որ լուսավոր չեն, բայց լույս են տալիս, պոեզիա, որ գեղեցիկի մասին է, ինքն իր մասին է և իր մաքրության և էսթետիկության մասին է: Պոեզիա հավերժի և գեղեցիկի մասին:

Ձեզ ենք ներկայացնում Հենրիկ Էդոյանի նոր՝ «Լույսը ձախ կողմից» ժողովածուից մի շարք բանաստեղծություններ: Ժողովածուն լույս է ընծայել Զանգակ հրատարակչությունը: Գիրքը կարող եք ձեռք բերել Զանգակի բոլոր գրախանութներում:

 

ՄԻ ԾԱՂԻԿ, ՈՐ ԲԱՑՎՈՒՄ Է

Պետք է մի սկիզբ, մի քայլ, մի բառ, մի ձայն,

մի շարժում հենց այնպես,

որ քնածն արթնանա:

Մի շղթա, որ կապում է բոլոր աստղերն իրար.

երբ ձգում ես այն,

նրանք ղողանջում են, բոլորը միասին:

Եվ հարյուրամյակների թռիչքը գիսավոր

կարող է հայտնվել ձեռքիդ մեջ, եթե

քո օրը միայնակ է,

ինքնուրույն, անկրկնելի:

Ամեն ինչ վառվում է, լույս տալիս, շողարձակում,

ինչպես որ միացնում ես լույսը սենյակում:

Մի ծաղիկ, որ բացվում է…

Ո՜ւմ համար, իմ հրեշտակ:

Եվ հետո սենյակդ մթնում է ինքնիրեն:

 

ՀԱՅՐ ՄԵՐ

Այս ապառաժների միջև որոնք թեքված են

չորս կողմից մեզ վրա

ցույց տուր քո դեմքը այս ջրերի քարերի այս

ոլորապտույտ օրերի վրա

կիսախավարում երկու դռների տարածության մեջ

որոնք անընդհատ բացվում են ու փակվում և նորից

կրկնվում նույն ձևով նույն ռիթմով

այս կիսաքաղաքներում կիսափողոցներում

այս կիսաշենքերում այս կիսադեմքերի

անվերջ գոռգոռացող սաստկացող ձայների մեջ

այս պարիսպների պատուհանների

այս անցորդների քողարկված և անդուռ

երազ-տանջանքներում

ցույց տուր քո դեմքը

Հայր մեր որ յերկինս ես

Հայր մեր որ յերկիրս ես

սպասման տարիների և Ահեղ Դատաստանի

սահմանի առաջ

ցույց տուր քո դեմքը

մեզ որ դեմք չունենք

ավաղ չունենք անուն ու ճակատագիր

երբ սկիզբն անորոշ է, վերջը որոշակի

Հայր մեր, որ յերկինս ես…

Հայր մեր, որ յերկիրս ես…

 

ՄԻՇՏ ԿԱ ՄԵԿԸ

Միշտ կա մեկը, որ քեզ

պահում է նշանի տակ, դու նրա

թիրախի մեջ շարժվում ես, քայլում,

առանց իմանալու, որ նշանի տակ ես

անանուն ինչ-որ մեկի, անշարժ միջօրեի

խաբուսիկ ցողունի մեջ, գիշերվա

խոռոչում, ձեռքի մեջ, համբույրի մեջ,

մինչև ձգանը կքաշի, մինչև

լուսինը կգծի իր շրջագիծը:

Կյանքը հենց ինքն է մի շարժում հանկարծակի,

մի նշան անվրեպ:

Ապրում ես՝ չնայելով ոչ մի նշանի,

իսկ մեկը աննկատ

հետևում է քեզ: Ոչ ոքը, որ քեզ հետ է:

 

ՕՐԵՐՈՒՄ ՔԱՐԱՑԱԾ

Դու անվերջ քո կյանքի տեքստն ես գրում,

ոչ թե բառերով, այլ քո օրերով,

որոնք անցնում են էջից էջ, գրքից գիրք,

վերցնում ես, թերթում, բայց չես

հասկանում: Ոչ մի բառ ճիշտ չէ, ոչ մի շեշտ

իր տեղում չէ, ավա՜ղ, ամեն ինչ

եղել է ո՛չ այնպես:

Ուզում ես սրբագրել, ուղղել

սխալներդ,

և նոր սխալներ են հայտնվում ձեռքիդ տակ:

Չգիտես՝ ինչ անես, և անցնում ես աշնանային

մի ստվերի պես՝ թողնելով մեկ-մեկ հետքերդ

գիշերվա մեջ, որ չունի վերջ ու սկիզբ,

հուսահատ և անդեմ, օրերում քարացած:

Որտեղ ես, ո՞ր լուսնի ճամփաներն ես հիմա

կոխկրտում քո քայլով:

Բայց ունե՞ս ուրիշ ուղի, կա՞ մեկը, որ պիտի

քո չկատարած քայլերն արդարացնի:

 

ԴՈՒ ՄԵՆԱԿ ՉԵՍ

Մի՛ վախեցիր, դու մենակ չես,

քո թիկունքում կանգնած է մեկը,

որ գիտի՝ ինչ է պետք, և գիտի

այն ուղին, որով դու պիտի

անցնես, նա տեսնում է քեզ, ուղղում քո

քայլերը, ջնջում քո սխալները: Դու մենակ չես:

Հանգի՛ստ: Մեկը քեզ համար

մի տուն է կառուցում, որի գծագիրը

դրված է սեղանիդ, թեև նա ուրիշ տեղ է, մի ուրիշ

քաղաքի

քարտեզի վրա: Եվ որքան միջօրեն

ավելի պարզվում է, ավելի լուսավորվում, այնքան

գիշերը ավելի խիտ է դառնում:

Բայց դու մենակ չես,

քո թիկունքում կանգնած է մեկը:

 

ԵՐԲԵՄՆ…

Երբեմն ինքս ինձ թվում եմ մի ձյան փաթիլ,

որ գետին չի հասնում, հալվում է օդի մեջ, երբեմն

թվում եմ ինձ թռչունի մի երազ՝ աչքերը հառած

հեռավոր մի ծառի, երբեմն թվում եմ ինձ

մի սերմ պատահական՝

այս ժայռերին նետված, կամ մի խաղամոլ,

որ ամբողջ ունեցվածքը տանուլ է տվել և հիմա

գլուխը դնելու տեղ չունի,

երբեմն ծերունի Սիմոնն եմ թվում ինձ,

դարերում քարացած,

մի երեխայի բարուրին սպասելիս,

և մի ձայն ականջիս ասում է – «Մի՛ քնիր,

սպասի՛ր, արթո՛ւն մնա»: Երբեմն չեմ քնում, բայց կարծես քնած եմ:

Երբեմն թվում եմ ինձ մի ջրասուզակ ծովերի խորքերում

խորտակված նավերի կմախքներ փնտրելիս:

Երբեմն ապրում եմ ես:

 

Երևան, Զանգակ, 2018

լուսանկարը՝ Կարին Գրիգորյանի

տես նաև՝

Հենրիկ Էդոյան. կյանքը տխուր է

5 ժամանակակից հայ պոետ, որոնց ՊԵՏՔ Է կարդալ [ավագ սերունդ]

Սիրո մասին, սիրո համար. բանաստեղծություններ

 


Խոսե Օրտեգա ի Գասեթ` «Մշակույթի փիլիսոփայություն». Մեջբերումներ

Վաճառքում է «Թավշյա հեղափոխություն» կոմիքսների գիրքը

Ի՞նչ կարդալ ապրիլին. Խորհուրդ է տալիս VNews-ը

Մհեր Մկրտչյանի նոր գրքի շնորհանդեսը լուսանկարներով

Ճապոնական եռատող պոեզիա՝ հոքու

Ամերիկյան ժամանակակից պոեզիան հայերեն. Ամանդա Լավլեյս՝ «Արքայադուստրն այս մեկում փրկում է ինքն իրեն»

Հովհաննես Շիրազ. 5 բանաստեղծություն

Ալիս Մանրո. Կյանքի սիրույն [հատված «Ամունդսեն» պատվածքից]

Ի՞նչ կարդալ մարտին. Խորհուրդ է տալիս VNews-ը

Ամերիկյան ժամանակակից պոեզիան հայերեն. Ռուփի Քոուր՝ «Մեղր ու կաթ»

Արթուր Մեսրոպյան. Թռչող տունը [բանաստեղծություններ]

Ի՞նչ կարդալ փետրվարին. Խորհուրդ է տալիս VNews-ը

Զանգակի 2018-ի 10 բեսթսելլերները [մանկապատանեկան գրականություն]

Ջոջո Մոյես. ԵՍ ՄԻՆՉ ՔԵԶ [Հատված վեպից]

Ես Հենրիկ Էդոյանն եմ…

Մարիամ Կանայան [զրույց գրքի, դիզայնի ու գեղեցիկի մասին]