Հովհաննես Թումանյանի ամենամտերիմ ընկերը - VNews

Հովհաննես Թումանյանի ամենամտերիմ ընկերը

988885 879594345432340 8754572139162674850 n - Հովհաննես Թումանյանի ամենամտերիմ ընկերը

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ ԵՎ ՂԱԶԱՐՈՍ ԱՂԱՅԱՆ
(Ասլան ապերն ու Ասլան բալան)

Ղազարոս Աղայանի և Հովհաննես Թումանյանի միջև ընդհանուր շատ բան կար: Նրանք երկուսն էլ գյուղից են դուրս եկել: Գյուղից փոխադրվում են քաղաք, սակայն մեկը փախչում է հոր տանից, մյուսը, ընդհակառակը, հոր միջոցով փոխադրվում է Ջալալօղլի և ապա՝ Թիֆլիս՝ ուսման ծարավը հագեցնելու համար: Ապա մեկը տպարանից, մյուսը կոնսիստորիայից շարունակում են իրենց սիրելի գրական գործը: Երկուսն էլ քաղաքից են կին առնում, երկուսն էլ ծանրաբեռնված են ընտանիքով. Աղայանը ասպնջական կյանքով է ապրում, Թումանյանը իր մշտական բնակավայրը հաստատում Թիֆլիսում:
Ղ. Աղայանը կապը գյուղից չի կտրում մինչև իր կյանքի վերջը, գյուղի հոգսերն է քաշում, գյուղում եղած տարիներին նրա տունը դառնում է մի կուլտուրական վայր, որտեղ գյուղացիք լսում են նրա խոսքն ու զրույցը: Հովհաննեսն էլ միշտ կապված էր գյուղին, գնում էր հաճախ գյուղ, օգնում էր գյուղացիներին: Գյուղի ամենածանր օրերին իր համարձակ խոսքով ու գործով հաշտություն է քարոզում հայ, թուրք, վրացի ազգերի միջև: Երկուսն էլ, սիրելով իրենց հարազատ ազգը, անկեղծ սիրում էին հարևան թուրք և վրացի ժողովուրդներին:
Ղ. Աղայանի կինը, լինելով քաղաքացի, կապված էր քաղաքի հետ և չէր սիրում Աղայանի՝ գյուղի բարեկամներին: Աղայանը և իր կինը (Նատալյա Բահադրյանը) ազգակցական կապ ունեին. կինը Աղայանի մորեղբոր կնոջ քրոջ աղջիկն էր: Չէր սիրում Աղայանի եղբայրներին՝ բացի մեկից՝ Սարգիս Աղայանից, որ հանդիսանում էր մեր տան պահապան հրեշտակը: Հ. Թումանյանի կինը հակառակն էր: Նա սիրում էր գյուղը և գյուղացիներին մի առանձնահատուկ սիրով և նվիրված էր իր ամուսնուն: Երկուսի դուռն էլ բաց էր գյուղացիների առաջ:
Ղ. Աղայանն ու Հ. Թումանյանն իրար հետ խոսում էին ժողովրդական բարբառով, Ղազարոսը՝ արարատյան, Հովհաննեսը նաև լոռվա: Երկու բանաստեղծների կանայք՝ Օլգան և Նատալյան, իրար մոտ էին, մտերիմ, անչափ իրար սիրում էին, վշտերն ու ուրախությունները բաժանում էին իրար մեջ: Նույն մտերմությունը և սերը կար երկու բանաստեղծների ընտանքիների և զավակների միջև: Աղայանի և Թումանյանի տունը մեկ էր, նրանք մի ընտանիք էին:
Ղ. Աղայանն իր ընտանիքի մեջ նահապետական էր, պահպանողական, նույնիսկ բռնակալ: Նա իր երեխաներին կրթության չտվեց (Հայկանուշին, Հռիփսիմեին և Անահիտին)՝ ասելով. «Ինքնակրթությամբ առաջ գնացեք»: Իսկ Հ. Թումանյանն, ընդհակառակը, իր բոլոր զավակներին կրթության տվեց՝ ուղարկելով մինչև բարձրագույն դպրոցներ, մեծ ուշադրություն դարձնելով մասնագիտականի վրա: Խրախուսում էր իր երեխաներին, երբ տեսնում էր նրանց մեջ տաղանդի նշաններ: Աղայանը նման դեպքերում անուշադիր էր զավակների նկատմամբ: Հ. Թումանյանը չափազանց հյուրասեր էր, ինչպես և Աղայանը: Հյուր եկած ժամանակ Ղազարոսը նշանով կհեռացներ զավակներին. եթե տղամարդ էր գալիս, աղջիկներին չէր թողնի ներս մտնել և կկանչեր այն ժամանակ, երբ հարկավոր էր սպասարկել նրանց: Թումանյանը հյուր եկած ժամաանկ ստիպում էր երեխաներին զբաղեցնել հյուրերին, հավաքում էր բոլորին և պատվիրում ներկա լինել, լսել նրանց ասքն ու զրույցը, հյուրերի հետ միասին նստել, երգել, պարել, հանելուկներ ասել, զանազան խաղեր խաղալ, նվագել:
Ղազարոս Աղայանն ու Հովհաննես Թումանյանը, ունենալով տեսական, գրական, գիտական, լեզվագիտական պաշար, իրար օգնում էին, իրար լրացնում նկատողություններով, խորհուրդներով: Նրանք կխոսեին անվերջ բնության, հասարակական երևույթների մասին, իսկ կենտրոնական նյութը գրականությունն էր: Ղ. Աղայանը երգում էր փոքրուց, լավ, ուժեղ ձայն ուներ: Թումանյանի ձայնն ու լսողությունը համեմատաբար թույլ էին, բայց նա էլ էր երգում: Երկուսն էլ լավ գիտեին մեր շարականները, տաղերն ու մեղեդիները: Երկուսն էլ սիրում էին մեր ժողովրդական հին, լավագույն ծեսերը: Երկուսի մեջ էլ վառ էր հայ ժողովրդի ազատագրության ձգտումը և հավատը:
Երկուսի մեջ էլ գոյություն ուներ հեռավորությունից իրար զգալու երևույթը: Մի անգամ Աղայանը զգում է, որ Հ. Թումանյանը հիվանդ է, և ուշ գիշերին գալիս է նրա բնակարանի առաջ կանգնում և կանչում է: Թումանյանի կինը դուրս է գալիս և հայտնում նրան, որ դրությունը լավացել է: Իսկ ամենանշանակալից դեպքը Թումանյանի հեռազգացողության դեպքն է, երբ իր առանձնասենյակում պարապելիս գրիչը վայր է ձգում և բացականչում է. «Ղազարն ընկա՛վ»… Արտավազդը ներս է գալիս և հայտնում, թե՝ «Պապեն վախճանվել է»…

Մուշեղ Աղայան


Տիգրանյանի և Իսահակյանի մրցակցությունն ու ընկերությունը…

Հովհաննես Թումանյանի նամակները կնոջը՝ Օլգային

«Դառնացած ժողովուրդ». Հովհաննես Թումանյան

Հովհաննես Թումանյանը զորավար Անդրանիկին գրել է…

Հովհաննես Թումանյան, Թիֆլիս, 1914 թվական…

Ուրախ դեպքեր հայ մեծերի կյանքից

ԱԽԹԱՄԱՐ [Եվ Թամարը սըրտատըրոփ…]

Թումանյանի արժանի զավակը՝ Արտավազդ Թումանյան

Օլգա Թումանյան. Հովհաննեսի սիրող ու գթասիրտ կինը

Երբեք չեմ մոռանում մի զվարճալի դեպք… [պատմում է Ավետիք Իսահակյանը]

Հովհաննես Հովհաննիսյանի և Վարդգես Սուրենյանցի ընկերության մասին…

Մի օպերայի պատմություն. հուշագրություն

Թումանյանական «Հուշագրություն» [մաս երկրորդ]

Թումանյանի զավակները

Հուշագրություն. Նվարդ Թումանյան

Թումանյանի վերջին օրերը [շուտ ծերացած մարդու մասին]