հողեղեն արև [պատմվածք] - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

հողեղեն արև [պատմվածք]

Մաս 1

Մարգոն գյուղի ամենաճռճռան մասմաքրասեր կանանցից էր։ Ամռան կեսին՝ արտերում աշխատանքի եռքի պահին, աշնան ու գարնան անձրևներից գոյացած փառահեղ ցեխերի երկարատև դարաշրջանում, գոմից հենց նոր դուրս եկած ժամանակ, երբ էլ իրեն տեսնես, ճնշող մաքուր են մաշված շորերը, ձեռքերը, դեմքը, բարոյամաշ կոշիկներն ու անգամ ծակ նասկիները։

Միջահասակ, կիսագեր, մազերը կարճ խուզած, շիկադեղին ներկած՝ վերջին անգամ անցյալ նոր տարուն հավանաբար, քանի որ աններկ մազերը արմատներից աճել են այնքան, որ բնական սևն ու տարիների ճերմակածները խառնվել են ներկախառը մազերին, արևն իր խանձահետքն է թողել, մարքասիրությունն ու գյուղի ծանր ջուրը՝ իրենը, հողը՝ իր անանց շղարշը, ու ստացվել է այն, ինչ հայ կանանց մեծամասնության գլխին է։

Ձեռքերը խոշոր, ափերը լայն՝ մի ողջ էշաբեռ կտեղավորեն մեջը։ Մաշկը ճաքճաք մաքուր, խոտ հնձած, քարը քարի վրա դնելով տուն սարքած, երեխա սիրած ու ծեծած, հազարավոր լիտրեր կաթ կթած, ամուսնու ջերմ ափը իր մեջ երբեք չզգացած մի ձեռք։ Եղունգները կարճ կտրած — միշտ։ Առիթից առիթ մանիկյուր էր հայտնվում դրանց վրա, որն այնքան էր մնում, որ ինքնստինքյան ստիպված ու հոժարակամ մաքրվում գնում էր՝ ժավելների, կթած կաթերի, հողի ու ջրի մեջ։

Երբ երեխաները հերթով դպրոցում անցնում էին Սևակի «Մոր ձեռքերը» ու տանն անգիր սովորում, Մարգոյի աչքերը պատվում էին հպարտությամբ, փայլով, տխրությամբ անհասկանալի, ցավ-զղջում-ափսոսանքով, պարզունակ պաթոս-սեր-սիրո պակասության ցավով, ինչ-որ անմեկնելի կիսատության անդուր զգացողության արցունքներով։ Չվերլուծված վերացականությամբ ու ապրված անմեկնելիով․

Այս ձեռքերը՝ մո՜ր ձեռքերը,

Հինավուրց ու նո՜ր ձեռքերը…

Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը…

Պսակվելիս ո՜նց են պարել այս ձեռքերը՝

Ի՜նչ նազանքով,Երազանքո՜վ:

Մարգոյի արևամաշ դեմքն անգամ 50 տարիների անդադար աշխատանք-տանջանքներից հետո մնում էր սիրուն ու մի տեսակ մանկական շիկնող, ամեն փոքրիկ առիթից խանդավառվող։ Մարգոյի երակներով անդադար եռ էր գալիս կյանքը, թույնը, մաղձը, արևը, սերը, հողը։

Աչքերը խաժ, կռվազան թախծոտ ու շատ բան տեսած լիքը։ Խորը ու մակերեսային անփայլ։ Արևի գույն, արևակիր, արևացիր, արևախանձ։

— Էրեխեքիցս ոշ մեկ աշքերիս գույնը չունեցավ, հոր նման սև սաթ են իմոնքս։

Մարգոյի վրայից դարավոր մաքրության հոտ է գալիս, մի 100 մետրից էլ գալիս ու անխնա խփում է քթիդ, հոգուդ, խղճիդ, նյարդերիդ։ Ժավելի հոտ, ջրի հոտ, սարերի մաքուր օդի հոտ, արևի հոտ, կռվազան լռության ու անխոս պատերազմների հոտ, անձրևի ու հողի հանդիպման հոտ, մաղձի հոտ, կաթի ու հոգատարության հոտ, լաչառ ու արդար կռվազանության, մաշված- վերացած-անէացած, բայց նաև անմահ կանացիության ու տանջանքի հոտ։ Սիրո և անսերության հոտ։

Չորս երեխա, իրեն աներկբա ենթարկվող և հենց իր իներտ հնազանդությամբ նյարդայնացնող ամուսին, (գյոռբագյոռ) սկեսուր ու անշառ սկեսրայր (Աստված հոգին լուսավորի), 6 կաթնատու կով, 4 հորթիկ, 24 հավ (30-ն էին, աշնան դեմ սատկեցին), մի կատու (աներես սատանա) ու մի հատ էլ շուն (դինջ՝ տիրոջ նման), երկու հարկանի հին վերանարոգմամբ տուն (հեսա բերքը ծախենք, ռեմոնտ անենք, աղջիկ են գալու ուզեն էս տնից, հարս ենք բերելու էս տուն, ամոթ ա), վառարանից, աթարի ծխից սևացած ու հազար անգամ ժավելով պռտված պատեր (գոնե մի քիչ տեսքի գան), տարին 15 անգամ արված ուբոռկաներ, տնքացող մատներով կթված-մածունացած-կարագացած կաթեր, 2 հեկտար անծայրածիր դաշտ (որի ամեն մի սանտիմետրի հետ հազար անգամ շփվել էր Մարգոն), մութուլույս տարիներին ձմեռ-ամառ դրսում ձեռքով արվող ճեփճերմակ ու պարտադիր լողակվող-օսլայվող լվացքներ, մատների մռմուռ ու տնքոց, մեջքի բռնվել, ցավին շան տեղ չդնել, անօդ ջերմատներ, տոլմա-մուժսկոյ իդեալ-ձկան կոտլետ, խնամիներին զարմացնելու, ցեղի այլ հարսներին տրաքացնելու համար՝ վերջերս նաև ժուլյեններ, ցեզարներ, լանգետներ ու սուտի տիրաամիսու (որ մեկ-մեկ էլ աղջիկների ղոչաղնությանն էին վերագրվում), «կյանքս կերաք», «մի լավ օր չտեսա», «մեռնեմ, տեսնեմ առանց ինձ ինչ եք անելու» մռմուռներ, «մեռնեմ ձեր ջանին», «ձեր նմանը չկա» հալոցքներ և ամեն տարի լավ վաճառվող բերքով տանը մի նոր բան ավելացնելու, նորացնելու փրփուրներ։

Մի ողջ գյուղ ծանոթ ու բարեկամ, խնամու բարեկամ ու չուզող քրդի շուն, բոլորին ծանոթ ու բոլորի մասին ամեն ինչից տեղյակ։

— Վայ, որ ես տենց բան անեմ, Աշոտը ինձ կսպանի, կմոռթի հաստատ, — լաչառ հարևանուհուն մյուս հարևանուհիներով քննարելիս սրտի թրթիռով ու ասածին հավատալու մարմաջով բարբաջում էր Մարգոն։

— Աշոտն ինձ չի թողըմ շալվար հագնեմ։ Աշոտը շատ խանդո՜տ, վաա՜յ, կյանքս կերեր ա։ Ամա՜ն, դու տենց մի նայի դրան, այ բալամ, էտի վայրենի ա, գազանի մեկը, շատ չառփ տղամարդ ա, — ամուսնուն այլոց աչքերում իր երազանքների հայ տղամարդ էր սարքում Մարգոն ու կարճի մեջ հավատում ու ցնծում հավատացածով։

Երեխաների փոխարեն էլ նրանց կյանքն ապրելու պատրաստակամությամբ՝ Մարգոն բոլորին հատիկ-հատիկ ու միասին տանը՝ դռնփակ գոռգոռալով, ծեծելով, ապա՝ գրկել սիրելով, ուրիշների մոտ սրտաբուխ գովել աստվածացնելով և իր սուտ ու ճոխ, ճիշտ ու մանրամասն սազերգերով բոլորի զահլան հունցելով դաստիարակում էր, ինքնարդարացվում, ինքնահաստատվում, ապրում ու ապրեցնում, փրփրում ու եռում, ամեն առավոտ Աստծո նման շունչ ներարկում բոլորին, մտքում համոզվում՝ բարի է, և ճամփում էր դպրոց-ուսումնարան-խոպան-դաշտ-քաղաք-գյուղամեջ-մարդի-աղջիկ ուզելու։

Բարի է։

Մարգոյի սիրո մեջ ատելություն, ատելության մեջ ներում, ներման մեջ՝ կռիվ, կռվի մեջ՝ ինքնագնահատանք, ինքնագնահատանքի մեջ մրմունջ, մրմունջի մեջ՝ ինքնախարազանում, սրա մեջ էլ սեր կար։ Սիրո մեջ ամեն ինչ կար։ Բայց ամենակարևորը՝ իրենից ծնված չորսը կային, որ առանձին կային ու չկային, Մարգոյինն էին, Մարգոն էին։

Ամենախելացին ու մամայի սրտի թագավորը մեծ տղան էր․

-Արամս, մեռնեմ ջանին, լրիվ իմ տղեն ա, իմ խելքն ու ֆայմն ունի, իմ ջիգյարն ունի։

Կյանքի գնով, 90-ականների կիսաքաղցով, էստեղից էնտեղից մի քանի կոպեկ պարտք անելով, տնեցիքի միսը բերանները տալով, անասուն մորթելով, ծիծակ մշակելով, ծիծակի թթու վաճառելով Մարգոն Արամին ուսման տվեց: Տան բոլոր տղամարդկանց համար մի ձեռք կոշիկով, խոպանից ուղարկած, այլոց հագած շալվարով էլ Արամը մի ձև ավարտեց ԵՊՀ եսիմոր ֆակուլտետը և տան մյուս անդամների պես ու հավասար շարունակեց հող մշակել, քրտնել, մեռնելու չափ անիմաստ աշխատել ու մոռանալ սովորած տեսածը, մոր երազածն ու ձգտածն իրեն վերագրվածը։

— Մեռնեմ ջանին, ոչինչ բալես, էս անտեր երկիրը կդզվի, մի թամամ գործ կճարեմ ես քո հըմար։ Հողեմ ես քոռ Լևոնի գլուխը, որ մեզ էս օրը քցեց այլանդակը։

Մինչև Արամը տանջվում էր գյուղի ինտիլիգենցիային հատուկ անգյալ թախիծով՝ թե իբր ինքը հիմա ինչերի՜ էր հասել, այնինչ կլեպ է տալիս գյուղի դաշտերում, տիեզերական լոմկան ծխում ու փչում է երկինք, որ գոնե աստղերն իրեն հասկանան, հերթը հասավ երկրորդին՝ Աստղիկին։

— Էլ ուժ չունենք սովրելու տանք Աստղոյիս, այ Նունե ջան։ Հեն ա՝ աղբերը ավարտած տղա ա, հող ա մշակըմ, քոռանամ ես։ Ձգտող էրեխա ա Արամս, ինքն իրա միսը բերանն ա տալըմ, որ մի բան ավել անի, դնի։ Օֆ, եսիմ․․․ Անտեր մնա էս երգիրը, որ քանդվավ մեր էրխեքի գլխին․․․

Աստղոս աղջիկ ա, էսօր էգուց մարդի կէթաս, ոչ օժիտ ունեմ հավքած, ոչ բան։ Սովորի, ի՞նչ անի էս անտեր երկրում, մեկ ա, գնալու ա, էրեխա ունենա, նստի էրխեքին պահի։ Հեսա դաշտի բերքը ըլնի, ծախենք, քիչ-քիչ սրբիչ ա, տեղաշոր ա, բան ա առնենք, մի էրկու կապեկ հետ քցենք, ինչ իմանաս, աղջիկ ա․․․Մարդի էթա, գոնե էս մեկից պռծնեմ, այ քուր ջան։

— էէ՜, Մարգո ջան, էդ ո՞ր մեկս ա աղջկան մարդի տվէ, պռծէ, այ բալամ։ Տալիս ես, ծախսերն էլ շատանըմ են, դարդերդ ավելանըմ են։ Թոռ ա ծնվըմ, բարձի ես էթըմ, խնամի ա, փեսա ա, ծնունդ ա բան ա․․․ Քո ծախսերը նոր են սկսվըմ, այ քուր, — փառահեղ ցեխերի մեջ կղզյակներ գտնելով ու Մարգոյի սրտի հազարումի խզոցներին նոր ցեց ավելացնելով մի կերպ իր փառահեղ կրծքերն էր քարշ տալիս Նունեն։

— Աղչի, ուր էս էթըմ, է՜, արի՛, Աստղս տորթ ա թխէ, պծիչի մալակո, արի, մի հատ կոֆե խմենք, — իր թխած տորթը աղջկան վերագրելով կսկծում էր Մարգոն՝ ոտքի վրա բստրել-շուստրվելով․ թող բոլորը լսեն՝ ինչ աղջիկ ունի։

Աստղիկին մինչև 22 տարեկան ոչ մի ուզող չգտնվեց։ Ոչ մի:

— Հարմար, իրան արժան տղա չկա։ Ինքն էլ չմահավան ա, ասըմ ա՝ այ մեր, որ ուզեմ, էսօր էլ կփսակվեմ, բայց ինձ պետք չի։ Ես պտի լավ տղա գտնեմ, սիրեմ, որ բախտավոր լինեմ։ Թե չէ մարդի էթալուց հեշտ բա՞ն…

Մարգոյի՝ էրեխեքի ապագան դասավորելու ծրագրերում փոթորիկներ էին։ Խառնաշփոթ։ Քավոս՝ ինչպես ասում էր ինքը։ Ամեն բան դասավորելու, իդեալական անելու, ճռճռան ճիշտ ու շիտակ գծագրելու տաղանդն էլ չէր օգնում։ Ամեն բան իր ամենատիրական ու ամենակատար ձեռքերից փախչում, լցվում էր անկատար ու անտեր աշխարհի բավիղները։

Երբ երրորդ երեխա Մարիամիկն ավարտեց դպրոցը, Մարգոն, իր սարքած չրերը աղջկա անվան տակ բրդելով բոլոր հարևաններին մաղարիչ հյուրասիրելուց հետո հպարտ ու կռվազան վճռականությամբ հայտարարեց ամուսնուն․

— Էս մեկին գոնե տեխնիկում կտանք սովրի, այ տղա Աշոտ, Աստղիս չտվինք, սրտիս դարդ ա էլէ։ Թող էթա, սովորի, դասատու կդառնա։ Դասատուն լավ գորձ ա կնգա հըմար, օրվա կեսից քու տունուտեղին ես, քու էրխեքի գլխին ես։

Մարիամը տեխնիկումն ավարտեց թե չէ, ամուսնացավ։ Նրան ուզելու եկան էշի եզան գյուղից՝ ինչպես սրտնեղում էր սկզբում Մարգոն։ Մարիամի կուրսեցու բարեկամն էր, իրար տեսել հավանել էին նախօրոք։ Մարգոն, նախ խառնվեց իրար, որ ավագ աղջիկը դեռ տանն է, կրտսերը առաջ է ընկնում․ բա որ Աստղի բախտը փակվի․․․

Տեսնելով, որ աղջկա սիրտն իրոք տաքացել է, Մարգոն, ինքն իրեն համոզվելով՝ «էս ո՞ր դարն ա, մեծ ու փոքր ո՞վ ա նայըմ, ով ուզըմ ա, նա էլ ամուսնանըմ ա», ձեռուոտ ընկավ, խնամի ծանոթ բարեկամ խառնեց, հարցուփորձ արեց, հասավ տիեզերք, էնտեղից էդ էշի եզան գյուղի դիրքն ուսումնասիրեց, հասկացավ՝ ինչ բերքուբարիք է էնտեղ աճում, ինչ քամիներ են վզզում, լվացքը փռելու ինչ մեթոդներ են կիրառում, հարսներին ոնց են վերաբերվում, խնամիներին ինչ տեղ են տալիս, ապա՝ Աստծուն հանդիպեց, ձեռքի հետ ամոթխած հարցում արեց մի թեթև ու հետ եկավ։

Մնացածը երկրի վրա պարզելու հարցեր էին։

Մարգոյի ամուսնու քեռու կնոջ հորեղբոր աղջկա տալի սկեսուրի քրոջ տղու ընկերոջ եղբայրն էր պարզվեց էդ տղան՝ Վարդանը։

— Լավ ընտանիք են, անող դնող, ստեղծող, անշառ մարդիկ են, Մարգո ջան, տուր թող էթա, առոք փառոք աբրի։ Գեղի դպրոցում էլ մի գործ կգտնեն, կաշխատի, էլ ինչ ես ուզը՞մ։

Մարգոն հանգստացավ ահակին ու որոշեց վստահի բարեկամների կարծիքին ու աստվածային նախախնամությանը։ Մեկ է՝ էսպես, թե էնպես՝ արդեն ամեն բան չէր այլևս իր ձեռքերում։

Մարիամին ամուսնացրեցին։

Ուղիղ տաս ամիս անց ծնվեց Մարգոյի առաջին թոռը, նրա գանձը, սիրտը, թոքը, արևն ու երես տալու օբյեկտը։ Ու քանի որ սկեսուրը կար, պահողը կար, Մարիամին տեղավորեցին դպրոց աշխատելու։ Ու քանի որ դասվարի թափուր տեղ չկար, բուֆետի վաճառողուհու կար, մտածեցին․

— Ի՞նշ վատ ա, թող մտնի, աշխատի, բալքիմ մի տեղ կբացվի հետո, աստված մենձ ա։

Մարգոյի սիրտը թեպետ ճաքում էր վիրավորանքից, ափսոսանքից, իր կյանքի գնով տված ուսումի անպետքության զգացումից, բայց իրավունք չվերապահեց իրեն ձայն հանել։ Զոքանչ է, պիտի իր դիրքերում մնա։ Մենակ մոտակա մի ամսին ամեն գիշեր քնելուց, առավոտյան ժամը 5-ին սրճելով արևին արթնացնելուց, գոմ մտնել դուրս գալուց, դաշտում քաղհան անելուց ամուսնու ուղեղն էր ծակում․

— Էդքան աշխատենք, կլպվենք, էրեխուս ուսման տանք, տանեն կոպեկ հաշվո՞ղ դարձնեն։ Ես իրանց աղջիկ տամ՝ կրթված, սիրուն, որ դախլչի՞ աշխատի։ Ա՜խ, աստված, — մռմռում էր Մարգոն։

Ամուսինը լռում էր։ Ուժեղ լռում։

Էս ամոթ ու ցավոտ վիճակին հարմարվելով՝ Մարգոն որոշեց համագյուղացիներին չմանրամասնել՝ ինչ է աշխատում աղջիկը, կարևորը աշխատում է դպրոցում։ Վերջ։ Այ քեզ բան։

Էդ նեղ ընթացքում Աստղիկին էլ կողքի փողոցից մի հավանող հայտնվեց, Աստղն էլ, տղայի ուշադրության կարոտ, սիրո կարոտ, միանգամից հալումաշ եղավ, սիրահարվեց, ծորաց կողքի փողոց։ Ու թեպետ Մարգոն դրանց հեչ հավան չէր, Աստղը նախրի մեջ էշի ճակատ էր պաչել, մոր դարդերը իրար տվել, բայց այդուհանդերձ շատ չընդդիմացավ աղջկա ընտրությանը։

Հոգնել էր, ուժ չուներ, իմաստ չկար։

— Մեկ ա՝ սաղ էլ նույնն են։ Մի քիչ էս յան, մի քիչ էն յան, սաղիս կյանքն էլ նույն ձև ա։ Թող մարդի էթա, կողքս կըլնի, Մարիամիս կարոտըմ եմ, թոռանս ամիսը մեկ եմ տենըմ։ Թող էս մեկս մոտիկ ըլնի։ Փսակեմ, անցնեմ տղեքիս աղջիկ գտնելուն, դրանց ինքնագլուխ թողեմ, տենց էլ կնստեն ափսակ։ Հարս բերեմ, ինձ օգնի, անի դնի, հոգնել եմ արդեն։

Աստղին էլ ամուսնացրեցին։

Մարգոն ամռանը՝ ցորենաքաղից հետո, երբ ցորենն էր մաքրում թեփից, մաղը բարձրացնում էր ուսերից վեր, ներսում պահ մտած, երկչոտ կանացիությունը ցորենի փոշու խաթր արթնացնում, ուսերն ու թմբլիկ կոնքերը ճեմեցնում ու քամուն խաղացկոտ, սեթևեթ տիրական կանչում․

-Շը՜նգ, շը՜նգ, շը՛նգ։

Քամին էլ, ասես մի տնային շուն, որին տիրուհին կանչում էր ճաշ ուտելու, վազելով, պոչ թափահարելով գալիս էր, իր գործն անում, իրենով հպարտ, ընդհատ շնչելով՝ ծանր, վայր թափվող ցորենից անջատում էր անպետք փոշին ու քշո՜ւմ, պարեցնելով տանում էր իր հետ։

Իսկ երբ արդեն քամու ծառայությունների կարիքը չկար, Մարգոն քշում էր նրան ջղայն-սիրող տիրուհու նման․

— Հայդա՛, հայդա՛, հայդա՜։

Քամին, շան պես շոչը հավաքում էր ու հեռանում, տան անկյունում թաքնված սպասելով՝ երբ էլի կկանչեն իրեն։ Մարգոյի ուսերն ու կոնքերը իրենց մշտական հոգեվիճակին էին վերադառնում մինչև հաջորդ ցորենաքաղը:

Ու էսպես Մարգոյին ենթարկվում էին բոլորը՝ մայր բնությունն ու հայր արևը, որ մինչև Մարգոն չարթնանար, սուրճը չդներ գազին, խալաթի գոտին այլևս անիմաստ կրծքերի տակից չկապեր, շոկոլադը չճռճռացներ ատամի տակ, Աշոտի վրա ջիգյարով մունաթ չգար՝ հոգատար նախաճաշը սեղանին շարած, յուր տեղից դուրս գալու իրավունք չուներ։ Սուս սպասում էր։ Հորանջում էր։

— Բարլո՛ւս, բայղո՜ւշ։

Մարգոյի մաշկի ամեն բջիջում արևն այնքան անգամ էր եղել ու իրեն տեր զգացել, որ Մարգոյի մաշկն էլ դարձել էր արևի գույն։ Մայրամուտի արևի գույն։ Արևը Մարգոյի մեջ ավելի շատ կար, քան երկնքում։ Մարգոն ու արևը ընկերներ ու թշնամիներ էին հավիտյանս հավիտենից։

Ամեն։

Բարի է։

Մարգոյի մյուս անբաժան տերն ու ծառան հողն էր։ Մարգոն հողի ամեն մի նրբերանգ գիտեր, էդ նրբերանգների պահանջներն ու խնդիրները գիտեր, հողի ուզածն ու բողոքը գիտեր։ Հողին ենթարկվել ու իրեն ենթարկեցնել գիտեր։

Բոլորին ու ամեն բան կարգավորել գիտեր Մարգոն, բացի սեփական երեխաների կյանքից։

Ափսոս։

Ցավոք:

Ի՜նչ դարդուցավ։

Ի՜նչ մռմուռ։

Ահա, Մարգոյի սրտի սյուն Արամը շարունակում էր անգյալ թախիծով լյոքշ կյանքին իմաստ տալն ու կյանքն իմաստազրկելը, մինչդեռ մայրը ուժ չէր խնայում նրա խելքն ու միտքը գովելու և նրա շարունակվող անբախտության համար քոռանալու ու Քոռ Լևոնին մեղադրելու ճիգերը։

— Մարիամս լավ ա, մեռնեմ իրան, դբրոցում ա դե աշխատըմ, կիսուրը լավ կնիկ ա, էրեխուն պահըմ ա։ Արամիս գորձ ենք ման գալըմ, ինքը չի հանձնվըմ, բարձրագույնավարտ տղա ա, խելքը տեղը, շնորքը տեղը։ Ասըմ եմ՝ տղես, չնեղվես, երկիրը կդզվի, քո նման տաշած քարը գեդինը չի մնա։ Ասըմ ա՝ այ մեր, սենց չի ըլնի, պըտի մի հատ տուն սարքենք, էրկու ախպեր ենք, հո մի տան մեջ չենք աբրելու, ամուսնանալ կա, բան կա։ Համա աղջիկ չենք ճարըմ տղիս սրտով։ Կուզեմ կըրթված ըլնի, տղիս սազի, իրար հասկընան, թև թիկունք ըլնեն։ Օ՜ֆ, չիդեմ, չի-դեմ, — համարյա բոլորին համարյա նույն գիտական հոդվածն էր նաղդում Մարգոն։

«Սենց չպըտի ըլներ։ Էս տարի գոնե բերքը լավ ըլնի, լավ ծախվի։ Արամս թե ընչի ա տենց դինջ հոր պես․․․ Չէ, դինջ չի իմ տղեն, ուղղակի ի՞նչ անի, ի՞նչ կարա անի։ Ոշմիբան։ Ձգտող ա տղես, անող ա։ Ինչ կարա, անըմ ա։ Մարիամս, Գեղամիկս, մեռնեմ դրա փոքր ջանին, տատիի գանձ, մատաղդ ըլնեմ։ Վաղը լվացք անեմ։ Վերջը ամենաբախտավորը Սիփանս ա դուրս գալու։ Մեռնեմ դրա բոյին, հեսա բանակ գնա գա, կթեթևանամ, հաստատ մի լավ տեղ կղրգեմ սովորելու։ Թող սովորի, տղա ա, պետք կգա։ Ախր շատ ռազբոյնիկ ա։ Կռիվների մեջ ա սաղ օրը, չնայած տղա ա, թող կռվի էլ, ծեծի էլ, ծեծվի էլ։ Խեղճ տղա ում ա պետք։ Արամս խեղճ ա։ Չէ, ուղղակի ինտիլիգենտ ա, մեռնեմ խելքին։ Աստղիս կանչեմ վաղը, թող գա, մի հատ արագ տոլմա կսարքեմ։ Էն տականք Վալոդին հլը տես, ջուրը չտվեք արտը ջրենք։ Վաղը ես դրա կնգան տես ինչ եմ անելու։ Վաղվա կաթն էլ հանձնեմ, Գեղամիկիս մի նվեր առնեմ։ Ա՜խ մեշքս։ Արամ ջան, բալես, մի լավ աղջիկ ըլնի, փսակվի տղես, զիբարը բացվի։ Էրեխեք ունենա, բալքի ավելի հավեսի ընգնի։ Աշխատեն, էրկու ախպեր մի տուն ստեղծեն, առանձնանան։ Հոնի սեզոնը պռծավ։ Հեն ա, Սուսանենք պատուհանները փոխին, բա չէ, մեր պես։ Երանի էս անուղեղ դնջին, քնած ա՜»։

Դինջը Աշոտն էր։ Մարգոյի Աշոտը՝ գյուղում էդպես էին Աշոտին մյուս անվանակիցներից տարբերում։ Թե ոնց ամուսնացան, իրենք էլ արդեն չեն հիշում։ Մարդ էին, մեծացան, ամուսնացան։ Բա ինչ։

Սիրել են իրար, չեն սիրել, նույն բանն է համարյա։ Օգնել են իրար, հոգ են տարել, լուռ են եղել, էդ մի հարցում միշտ լուռ ու միշտ գոյական։ Բայց ջերմության, հուզմունքի ներքին միակ խլրտոց — ածական, մակբայ ու ձայնարկություն եղել է մի անգամ։ Պատերազմի տերիներին: Մի անդուր օր։

Աշոտը շուկա բերք էր տարել, մեկ էլ շուկա էին մտել զինվորական հագուստով մարդիկ։ Աշոտն ու համագյուղացի բախտակիցները վախեցել էին՝ հեսա իրենց կբռնեն կտանեն Ղարաբաղ։ Բա էրեխե՞քը, բա տո՞ւնը, բա Մարգո՜ն։

Ղարաբաղի, զենքի, կռվի ու ի վերջո, ինչու չէ, մահվան վախից, կամ էլ գուցե Մարգոյի խաթր և էրեխեքի սիրուց դրդված՝ Աշոտը թողեց իր բերքն ու բարիքը անտիրական և ծլկեց շուկայից։

Քանի կիլոմետր վազելով ու քանիսը՝ սողեսող, քանիսն էլ՝ սիրո թևով հասավ գյուղ․

— Սառուց էր ճամփեքը, քեփռտալեն էկա։ Հավատա՝ չվազեի, կբռնեին, կտանեին, հաստատ, իրանց վրից էրևում էր՝ նաղդ դրա հըմար են էկէ, որ հավքեն տանեն։ Ես ասի՝ Ղարաբաղի տիրու հերն էլ անիծած, էրխեքիս, Մարգոյից անտեր, վիզը ծուռ չեմ թողի․․․

Մարգոյի ներսում քավոսային տակնուվրա սկսեց։

Առաջին բանը, որ զգում էր, ափսոսանքն էր։ Ափսոսում էր էն դեղի՜ն, արևահամ ծիծակի թթուն, որ էդ անբաշարը թողել էր շուկայում։ Ամառը տանջվել հավաքել ծակել, թթու էին դրել, ձմռանը սառցակալած ջրից մղկտացող մատներով հանել էր, լցրել տարաների մեջ, ձեռքերի ցավը մի քանի օր է՝ չէր անցնում։ Էս բեբաշարը էդ ձմռան ապրուստը, իրենց տանջանքը թողել էր շուկայում։ Անտեր։ Ծիծակը՝ անտեր: Իր մատներն են մղկտում։ Աշոտը փախել է։ Թթու ծիծակից: Շուկայից: Ղարաբաղից։ Հիմա տարել են։ Ծիծա՛կը, Ղարաբաղը չէ։ Անտեր շներ էկել տարել են։ Թուրքից էլ բեթար են տանողները։ Ծախել են։ Կերել են։ Չմարսե՜ն։ Չեն մարսելու․․․

Հետո․․․ ջհանդամ։ Ոչինչ։ Կարևորը Աշոտը կա, ինքը կա, կանեն, կստեղծեն։ Ոչինչ։ Բա հո չէ՞ր գնա թշնամու բերանն ընկներ։

Հետո․․․ փշաքաղվում էր, մի վայրկյան ակամա Աշոտին Ղարաբաղ, թուրքի դեմ կռվելուց էր պատկերացնում․ մորուքով, սիրուն, սիրունացած, թիկնեղ, հերոս հայացքով․ զենքը ուսին, հպարտ, արյունախառը քրտինքի կաթիլը ճակատին։ Պատկերացնում էր՝ մեկ էլ թուրքի գյուլլան գալի՜ս, կպնում է Աշոտի մարգոյածով սրտին․․․ Սա ընկնում է, արնածոր, Մարգոյի անունը շուրթերին․․․ Մարգո՜ս, Մարգոյիս կասեք՝ սիրում եմ, կասեք՝ իրեն լավ նայի։ Մարգո՜ս, անտեր թողեցի քեզ․․․Պատկերացնում էր, սիրտը լցվում էր սիրուց, ուրախությունից, տխրությունից, վախից, ափսոսանքից, որ դա երբեք իրական չի լինի, ուրախությունից, որ դա երբեք իրական չի լինի։

Հետո․․․ ամաչում էր, որ Աշոտը փախել է։ Տղամարդը բա կփախնի՞։ Հեն է՝ գյուղից քանի հոգի են սահման գնացել, կռվում են, հերոս են, զոհվում են, Աշոտը փախել է։ Աշոտը հավերժ ապրելու է։ Աշոտը անմահ է արդեն։ Ծիծակի թթուն։ Մատերի մռմուռը։ Հիմա ո՞նց է դա ներկայացնելու բոլորին, որ արդյունքում Աշոտի պատիվը գցած դուրս չգա, ո՞նց է սղացնելու հերոսության անվան տակ, ո՞նց է սվաղելու էդ նուրբ պահը, քանի դեռ իր ներսում անգամ չի հասցրել դա անել։

Հետո․․․ խուտուտ էր գալիս սրտի միջի ձիգ ինքնասիրությունը։ Ականջներում զնգում էր՝ «էրխեքիս, Մարգոյից անտեր, վիզը ծուռ չեմ թողի»-ն։ Փաստորեն Աշոտը որ էկել է, ինքը անտեր չի։ Աշոտը, փաստորեն, իր տերն է։ Փաստորեն սերը դա է։ Հենց էդ։ Էդ նուրբ ու աննշան պահը, էդ ամոթի, ափսոսանքի, հուզմունքի, անթասիբ հերոսության, տիրական հոգատարության, ուրախության խառնուրդը սերն էր։


Շահան Շահնուր | Նահանջ առանց երգի [մեջբերումներ]

Վարդան Պետրոսյան. «Կալանավիրուս»

Կարդա՞նք Հայկ Համբարձումյանի հետ… [Տեսանյութ]

ՈՐԲԱՆՈՑ [հատված Էդգար Կոստանդյանի վեպից] ՄԵՐՈՆՔ

Սաադիի վերջին գարունը [Ավ․ Իսահակյան]

Ավ․ Իսահակյան [Լիլիթ] հրեական առասպել

Րաֆֆի [Կուսագրություն]

Ավետարան ըստ Հավլաբարի [Աղասի Այվազյան]

Մաճառ Անդոն ու սերը

…Եվ այդ շուրթերը, աչքերը կանաչ [Սելինջեր]

Գուրգեն Խանջյան [Հայրը]

Մուշեղ Գալշոյան. նուրբ ու սիրուն պատմվածքներ

Ալիս Մանրո. պատմվածքներ՝ կյանքի սիրույն

Աշխարհի ամենակարճ պատմվածքը. 6 բառ` մեծ պատմություն

5 պատմվածք հայ ժամանակակից գրողներից, որ արժե կարդալ

Արամ Պաչյան. Հայր Վիլիկը