Հրաչյա Ներսիսյանը` գերմաներենի թարգմանիչ - VNews

Հրաչյա Ներսիսյանը` գերմաներենի թարգմանիչ

 

Հայ մեծանուն դերասան Հրաչյա Ներսիսյանի կյանքում բազմաթիվ չբացահայտված ու չներկայացված էջեր կան, որոնք ամբողջական ու լիարժեք են դարձնում նրա կերպարը, նրա կապույտ աչքերի  մեջ խորը թաքնված թախիծը։

Այդպիսի մի պատմություն Հրաչյա Ներսիսյանը պատմել է Ռուբեն Զարյանին.

 

«Առաջին պատերազմի օրերն էին։ Թուրքիան Գերմանիայի հետ է ընդդեմ Ռուսաստանի, Անգլիայի և Ֆրանսիայի։ Պոլսի շատ ուրիշ պատանիների հետ զորակոչվում է նաև Հրաչյան։ Սակայն, զինվորական կարգապահությունը խախտում է և նետվում բանտ։ Նա տաճկերենին տիրապետում էր մայրենի լեզվին հավասար։ Ձևանում է տաճիկ, բայց առաջին իսկ նամազի ժամանակ պարզվում է նրա ոչ մահմեդական լինելը։ Գանակոծություն։ Գյավուրը դատապարտվում է մահվան։ Բանտապահը, որ հայ է լինում, զգուշացնում է Հրաչյային, թե նրա միակ փրկությունը գերմաներեն իմանալն է, որովհետև բանակի ղեկավարությունը թարգմանչի կարիք ունի։ Հրաչյան ֆրանսերեն գիտեր, իսկ գերմաներեն ` ոչ։ Մնում է մի ելք` կարճ ժամանակում տիրապետել գերմաներենին։ Բանատապահը մի-երկու բառարան է տալիս և առաջարկում զբաղվել։ Մի շաբաթ հետո, երբ նրա գերմանագիտությունը մի քանի բառից այն կողմ չէր անցնում, բանտից ուղարկվում է «Մշանինըգևեռ-ինսպեկցիան» այսինքն` գնդացրային տեսչություն, որպես թարգմանիչ։

 

 

 

Ներկայանում է մայոր Բարելլային, որի մասին ամեն առիթով Հրաչյան արտահայտվում էր սիրով, և ահա, թե ինչու։

Հրաչյան այնքան գիտեր գերմաներեն, որ կարող էր Բարելլային զեկուցել, թե ինքը որպես թարգմանիչ ներկայացել է հրամանատարությանը։ Բարելլան ինչ-որ բան է ասում։ Հրաչյան չի հասկանում, ուստի և ձայն չի հանում։ Բարրելլան հարց է տալիս։ դարձյալ լռություն։ Մայորը բարկացած խոսում է։ Հրաչյան ոչինչ չի հասկանում։ Բարելլայի դեմքը զայրույթ  է արտահայտում, ձայնը` սպառնանք։

Հրաչյան մտածում է` իր վերջը եկավ, հիմա կկարգադրի գնդակահարել, իսկ ինքը բոլորովին երիտասարդ` կյանքը, հույսերը դեռ առջևում։ Եվ ինքն էլ չի նկատում, թե ինչպես լալիս է։ Մայորը նայում է Հրաչյային և տեսնում երիտասարդին` զգաստ կանգնած, իսկ կապույտ ու խոշոր աչքերից արցունքները վազում են։ Մայորը մեղմանում է։ Չգիտե, չի հասկանում, թե ինչ է պատահել։ Հետո կռահում է, որ դիմացինը գերմաներեն չի հասկանում։ Խոսում է ֆրանսերեն։ Հրաչյան պատասխանում է նրա հարցին, պատմում գլխին եկածը։ Բարելլան, բարի մի մարդ, զգացված Հրաչյայի պատմությունից, հովանավորում է և փրկում նրա կյանքը»։