Հրանտ Մաթևոսյանը Անդրեյ Տարկովսկու մասին - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Հրանտ Մաթևոսյանը Անդրեյ Տարկովսկու մասին

Ես Անդրեյին էնքան էի սիրում ու էնքան եմ սիրում, որ սիրում էի ու սիրում եմ իր հետ կապված ամեն ինչ՝ իր ընտանիքը, իր հորը մասնավորապես, հոր բանաստեղծությունը, հոր կերպարը: Մի քանի անգամ պատահել է, որ հորը տեսել եմ Գրողների միությունում ու, ծանոթ չլինելով, քիչ է մնացել մոտենամ ու ասեմ, որ ես քո Անդրեյին ճանաչում էի, որ ես իր տաղանդի երկրպագուն եմ, նաև՝ քո տաղանդի: Գիտեի, որ մի քիչ էլ Հայաստանի հետ է կապված: Հայաստանում չէի հանդիպել: Մոսկվայում էլ չմոտեցա: Մոտենայի ի՞նչ ասեի:
Անդրեյի առաջին ֆիլմը, որ տեսել եմ – Մոսկվայի բարձրագույն սցենարական դասընթացներում մեզ ցույց տվեցին «Իվանի մանկությունը»: Մենք արտասահմանի լավագույն ֆիլմերը նայելու էդ հորձանքի մեջ, էդ գերհագեցածության մեջ մի քիչ դժվար էինք վարժվում սովետական ֆիլմերին: Համաշխարհային կինոմշակույթի գանձերն էին ցույց տալիս, Անտոնիոնի էին ցույց տալիս, իսկ մենք ծարավ էինք, պատանիներ էինք, երեխաներ, տղաներ, երիտասարդ ստեղծագործողներ, որ ամեն լավը կլանում էինք՝ էն ինչը տարիների ընթացքում կուտակվել էր և դեռ արվում էր: Ուղղակի սքանչելի մեր ժամանակն էր, լավ փրկարարություն կար կինոսցենարական ու կինոռեժիսորական դասընթացներում. ամեն ինչը մեզ տալիս էին, մեզ համար բացում էին աշխարհի դռները, որպեսզի կարողանան մեզանից արվեստագետներ ստանալ, մշակույթը փրկող սերունդ ձեռք բերել, այսպես կոչված կադրեր կոփել: Եվ ահա Ֆելլինիի, Անտոնիոնիի, Բերգմանի, Կյուրոսավայի, մյուսների ստեղծած համաշխարհային մշակույթի, կինոժառանգության դասականության ֆոնի վրա ցուցադրում են «Իվանի մանկությունը»: Իմ մեջ օպոզիցիա կար սովետական սոցռեալիզմի մշակույթի հանդեպ ու էդ օպոզիցիան տարածվեց «Իվանի մանկությունը» ֆիլմի վրա: Լավ չընկալեցի: Մի քիչ թշնամանքով էի տրամադրված էդ տեսակ արվեստի, պատերազմի թեմայի, դաժանության նկատմամբ: Եվ, առհասարակ, ձեռագիրը կարծես թե էն չէր, ինչ որ Անտոնիոնիի, արևմտյան մշակույթի սքանչելի ձեռագիրն էր: Ի փառս Անդրեյի պիտի ասեմ, որ հետագայում իմ վերաբերմունքը սրբագրվեց, նրա էդ գործի նկատմամբ իմ վերաբերմունքը սրբագրվեց: Տարիներ հետո առիթ եղավ, հեռուստացույցով նորից նայեցի ֆիլմը և տեսա, որ ֆիլմը փրկված ֆիլմ է և սքանչել ֆիլմ է, հոյակապ ֆիլմ է: Ֆիլմը դիտվեց նոր տեսանկյունից. ես տեսա, որ ահա պատերազմի էդ ամբողջ թոհուբոհի մեջ, այնուամենայնիվ, զոհ է դառնում անտեր, որբ երեխան՝ ճակատագրի ամբողջ դաժան հարվածի տակ բացարձակապես մենակ է թողնված մանուկը, ու նա պիտի պատասխան տա: Դա հիշեցնում է մեր Վահան Տերյանի «Մենք բոլորս, բոլորս մանուկներ ենք որբ» բանաստեղծությունը, բայց Անդրեյի ֆիլմում էդ որբը հենց ուղղակի և՛ որբ է, և՛ մանուկ, երեխա: Երեխա է և սքանչելի է պատասխանում ճակատագրի հարվածներին, սքանչելի է տանում իր խաչը՝ դառնում է զոհ և անխուսափելի է դա, քանզի սողուն չի դառնում: Հետագայում, ուրեմն, էսպես ընկալեցի ֆիլմը: Բայց հետ գնալով ասեմ, որ սցենարական դասընթացներում արդեն, չնայած ֆիլմից ստացածս անբարենպաստ տպավորությանը, ես այդուհանդերձ, Անդրեյի նկատմամբ ժառանգեցի, վերցրի, ընկալեցի, իմ մեջ առա սցենարական դասընթացների ժողովրդի՝ իմ համակուրսեցիների վերաբերմունքը, որը հույժ դրական էր: Նրան արդեն ուղղակի նայում էի որպես սովետական կինոյի ապագա փրկչի, էս վիթխարածավալ երկրի կինոյի երեսը պարզ անողի, մեր սերնդի փրկչի: Էսպես հաճախ է պատահում: Քիչ է լինում, որ մենք կուսական վերաբերմունքով ճիշտ գնահատական ենք տալիս, չնախապաշարված վերաբերմունքով ընկալում ենք մեծություններին: Համարյա միշտ էսպես նախապատրաստում են մեր վերաբերմուքը, և Անդրեյի նկատմամբ ահա իմ վերաբերմունքը նախապատրաստեցին իմ կուրսեցիները: Մենք մտածում էինք, որ ահա մեզ զուգահեռ, մեզնից քիչ առաջ ունենք մի մարդ, որը մեզ համար պիտի ուսուցիչ և ընկեր լինի:
Ուրեմն այդ ժառանգած վերաբերմունքը իմ մեջ կար, իսկ դասընթացների ամառային պրակտիկան ես պիտի «Մոսֆիլմում» անցկացնեի, որտեղ նկարահանվում էր «Անդրեյ Ռուբլյովը»: Ես շատ էի ուզում և իմ ղեկավար Եժովին խնդրել էի, որ հնարավորության դեպքում ինձ կցեն Անդրեյ Տարկովսկու «Անդրեյ Ռուբլյով» գործին: Ի դժբախտություն ինձ, գործը արդեն մոնտաժվում էր և ինձ համար դժվար էր մոնտաժի սեղանի մոտ նստել: Ես ուզում էի Անդրեյի կողքին լինել ընթացքի մեջ, գործի նախնական փուլում, սցենարի՝ նույնիսկ դրա ռեժիսորական տարբերակի ստեղծման ժամանակ: Ուզում էի մի օգուտ քաղել, իսկ էդպես գործն արդեն ավարտված էր, գործն արդեն փակվում էր: Միաժամանակ ես ինձ մի տեսակ կինոյի մարդ չէի համարում, պարտիզանի պես մի բան էի համարում և, առիթից օգտվելով, փախա: Ուրեմն ֆիլմը արդեն մոնտաժվում էր, և ես, Անդրեյի երեսը չտեսած, փախա:
Գիտեի, որ ինքը իմ մասին լսել էր ու մեկի միջոցով նույնիսկ ինչ-որ բան էր հանձնարարել: Ես արդեն Երևանում էի, երբ «Անդրեյ Ռուբլյովը» էկրան բարձրացավ՝ չորս-հինգ տարի ուշացումով էկրան բարձրացավ: Մինչև էկրան բարձրանալը ֆիլմի մասին շատ էր խոսվել, ու ես գիտեի, թե ինչ եմ նայելու: Պիտի ասեմ, որ «Անդրեյ Ռուբլյովը» կյանքում իմ տեսած մեծագույն ֆիլմերից մեկն է: Էսքան տարիներ են անցել, բայց տպավորությունը բոլորովին չի խամրել: Վերջերս նայեցի ֆիլմը և դարձյալ հրաշալի էր: Ես ուղղակի էդ ֆիլմի գերին եմ: Ոչ մի վերապահություն չեմ ընդունում, ֆիլմում ոչ մի հանելու բան չկա: Դա միջնադարյան Ռուսաստանի էպիկական սքանչելի պատկերն է, որի փիլիսոփայությունն ու ուղղվածությունը նույնպես ուղենշային է:
«Անդրեյ Ռուբլյովը» Երևանում ցուցադրելու կապակցությամբ իրեն հրավիրել էին, ու ինքը հետը բերել էր «Սոլյարիսը»: Հրավիրեց իր նոր ֆիլմը դիտելու, բայց ես հենց նախորդ օրն էի նայել «Անդրեյ Ռուբլյովը» ու իրեն ասեցի , որ գիտակցաբար չեմ գա քո նոր ֆիլմը նայելու, որովհետև վախենում եմ «Ռուբլյովից» ստացած տպավորությունը մի քիչ աղարտվի, իմ մեջ ստեղծված քո կերպարը մի քիչ աղարտվի: Ասացի, որ ժամանակային տարածություն եմ թողնում իմ մեջ «Անդրեյ Ռուբլյովի» համար: Ու էդպես էլ չգնացի «Սոլյարիսը» նայելու: Հետո պատահական պատառիկներ տեսա «Սոլյարիսից»: Էդ պատահական պատառիկները ինձ համոզեցին, որ Անդրեյը Անդրեյ է մնում:
Երևանում իր գտնված ժամանակները մենք, կարելի է ասել, մի քիչ ընկերացանք: Մի հանդիպում էլ մեր տանը եղավ: Երկար զրուցեցինք ու չնայած ես ինձ ոչ առանց հավակնությունների գրող էի համարում, այդուհանդերձ, էստեղ ես իր սովորական հանդիսատեսն էի ու երկրպագուն: Էդպես ես միշտ խոշոր տաղանդների առաջ դառնում եմ սովորական հանդիսական ու ընթերցող, խոր ակնածանքով եմ վերաբերվում: Մեր տան հանդիպումը իմ մեջ տպավորվել է որպես փոխըմբռնման ու փոխադարձ սիրո ցույց: Էդ օրը մենք ոնց որ թե ընկերներ դարձանք, էնքան, որ երբ հետո գրողների համագումարին գնացի Մոսկվա, ասացին, որ ինքը ուզում է ինձ հետ հանդիպել: Ես ընկերներիս հետ գնացի իրենց տուն: Հարազատի պես ընդունեց: Ցավալիորեն ես մի քիչ հիվանդ էի, ու էդ հանդիպումը մի քիչ էն չեղավ: Իր կինն էլ քույրավարի մեզ ընդունեց, որի համար շատ շնորհակալ եմ…
Իմ ամենալավ տպավորությունը «Հայելի» ֆիլմից է: Երբ ֆիլմը ցուցադրվում էր, ինքս ինձ ասացի՝ այ «Անդրեյ Ռուբլյովին» տված ժամանակային տարածությունը արդեն անցել է: Գնամ, տեսնեմ իմ եղբայրը ինչ է արել: Ու բարեկամներիս հետ գնացի ֆիլմը նայելու: Տպավորությունը սքանչելի էր: Էդ ֆիլմից սատացած իր տպավորությունը ամենալավը ձևակերպեց բժշկական ինստիտուտի մի ուսանողուհի, որը ֆիլմը տեսնելուց ահագին ժամանակ հետո ասաց, որ ինքը ֆիլմից ոչինչ չի հասկացել, բայց ոչ մի պատկեր մտքից չի հեռացել, պատկերների ամբողջ շղթան իր մեջ է մնացել: Ես էլ ոչինչ չեմ մոռացել, բոլոր պատկերները իմ մեջ են մնացել: «Հայելին» շատ խոշոր գեղարվեստական երևույթ է: Չգիտեմ էդ ֆիլմում չինովնիկներին անհագստացնող բան կար թե չկար, բայց իր մեջ այդ տեսակետից տագնապ կար: Պիտի ասեմ նաև, որ «Հայելին» խոշոր տպավորություն էր թողնում հատկապես գաղտնիքի մետաֆիզիկական հարաբերության եզրեր փնտրելու իմաստով: Չափազանց գեղեցիկ կառույց էր, ու էդ ամենին Անդրեյը հասել էր սովորական միջոցներով: Էդ գործի մեջ օպոզիցիա կա՞ր անցյալի ու մեր էսօրվա իրականության նկատմամբ: Իմ կարծիքով՝ չկար, իմ կարծիքով օպոզիցիա առաջանում է միայն այն դեպքում, երբ գեղարվեստական անկատարելիություն է լինում: Էստեղ ես գեղարվեստական անկատարելիություն չտեսա: Իսկ գեղարվեստական կատարելությունները, իմ կարծիքով, բոլոր ռեժիմների պայմաններում, նույնիսկ ֆաշիստական ռեժիմների պայմաններում, պետք է որ իրենց ճանապարհը հեշտ անցնեն, քանի որ, ըստ իս, իսկական արվեստը պիտի թշնամիներ չունենա: Չգիտեմ, չեմ հասկանում, թե էդ ի՞նչ դահիճի ձեռք էր բարձրանում, էդ ինչ դահիճի աչք էր բարձրանում, որ էդ գործի մեջ տեսնում էր մի բան, որի համար Անդրեյին նեղացնում էին, վիրավորում էին, թույլ չէին տալիս ազատ ստեղծագործի, թույլ չէին տալիս բռնկվի ու քսան տարվա իր կյանքը լիովին մեզ ծառայեցնի: Արտասահման գնալուն նախորդող մեր հեռախոսազրույցների ժամանակ կարծես չէր ուզում ասել, որ գնալու է էնտեղ ֆիլմ նկարելու: Գնաց ու կարծես ինձ համար մահացավ, կորավ, մենք՝ էս երկրի կինոհանդիսականներս, ուղղակի զրկվեցինք նրանից: Կարծես իմ եղբայրը ինձանից հեռացավ, կորավ: Կարծես դա իր առաջին մահը եղավ: Իհարկե, աշխարհը էնքան էլ նեղ չի: Նա էնտեղ էլ էս երկրի համար ստեղծագործեց և փառք ու պատիվ արտասահմանին, որ մեր կողմից հեռացված, հալածված այլախոհներին հնարավորություն է տալիս շարունակելու: Էնտեղ ստեղծագործելու հնարավորությունը տալիս են, և նրանք էս երկրի համար, Ռուսաստանի ապագա մշակույթի համար իսկապես մի բան արել են: Էն, ինչ-որ պիտի արվեր էս երկրի համար, էնտեղ է արվել: Էն, ինչ որ էստեղ անապատի տպավորություն էր տալիս, էնտեղ է արվել:
Այդուհանդերձ, ես գտնում եմ, որ նեղացածությունը նեղացածություն, Ռոմանովներն ու Երմաշներն էլ իրենց հերթին, այդուամենայնիվ, Իտալիայում նրա մնալու, էնտեղ ստեղծագործելու մեջ մի տեսակ հոգեվարք կար, մի տեսակ վերջ կար: Ինքը, իհարկե, ավելի լավ գիտեր, ինքը ավելի լավ էր զգում, այդուհանդերձ կարողացավ իր կարճ կյանքում վիթխարի գործ կատարել: Իր տեսական աշխատություններին քիչ եմ ծանոթ և եթե ասեմ փնտրում եմ, ճիշտ չի լինի: Ես մի քիչ տարօրինակ մարդ եմ էն իմաստով, որ ուղղակի յուրաքանչյուր նոր անվան հանդիպելուց հետո, նրա մի քանի գործերին, նրա մի քանի խոսքին հանդիպելուց հետո, երբ իմ մեջ ապահովագրում եմ, որ նա իսկապես կա, ամբողջական մի գոյություն է, արդեն հանգիստ եմ լինում՝ գիտեմ, որ այնտեղ մի բան արվելու է և էնտեղից խոտան չի բարձրանալու: Անդրեյի հարցազրույցներից մեկին եմ ծանոթ, Մոսկվայի համալսարանի ուսանողության հետ հանդիպման արձանագրությունն եմ կարդացել: Սքանչելի էր: Կարծես ուսանողների հետ ես էի խոսում, իմ պատասխաներն էին տված: Սքանչելի էր և այն, որ ինչ որ ես չէի, ինքն էր՝ կինոգործիչ, բայց եթե կինոգործիչ լինեի, կուզենայի անել էն, ինչ ինքն էր անում: Նոր էր և իմ մտածողության մարդ էր: Ճիշտ էն էր անում, ինչ որ ես էի անում: Անշուշտ, տարբերություններ պիտի լինեին: Օրինակ, ես էդքան սիմվոլիկային չէի տրվի: Պարզվում է, որ ինքը էնքան խոշոր մարդ էր, որ կարողանում էր էդպես հեռվից հեռու ապացուցել և ասել, որ ահա ճիշտը սա է: Էդ հարցազրույցը, հանդիպման սղագրությունը, բանավոր մի ասույթը էս ինչ կինոգործչի, էս ինչ մարդու մասին ուղղակի ճշգրիտ էին: Իր անհանգստությունն եմ հիշում, իր նեքին ջղայնությունն եմ հիշում: Տագնապ կար մեջը, ցեց, ցեց կար անընդհատ: Գիտեր, որ արվեստը դեռ իրականություն չէ, կինոժապավենի կամ թղթի վրա տեղափոխված իրականությունը դեռևս արվեստ չէ և հարկավոր է անցնել իրականության այն կողմը, էն կողմից, ուրիշ աշխարհից մի բան բերելու, յոթերորդ երկնքից մի բան բերելու, մի բան ստեղծելու: Ինքը մեր հետախույզներից էր: Ինքը հետախույզ էր բոլորիս համար: Ինքը առաջիններից մեկն էր, որ ջունգլի անհայտության մեջ ճանապարհ էր բացում: Չնայած մեր դժվարություններին, մեր կյանքի դժվարություններին, ինքը կարողացավ կայանալ: Նա կայացավ: Ուղղակի մեր սերնդի ամոթը ապագա սերունդների առջև նա մաքրեց: Մեր սերունդը անպտուղ չեղավ հանձին իր, և իր սերնդի նվաճումը մեր սերնդի նվաճումն էր:
Գեղեցիկ էր այն, որ ինքը ազգային կոմպլեքսներ չուներ: Ինձ համար դա մի տեսակ մեծության չափանիշ է: Էս օրվա մեր ծանր պայմաններում, երբ ասենք թե Հայաստանի վիճակը շատ դժվարացել է և ամենալավագույնները պարզապես գլուխները պահում են, գլուխները հետ են տալիս, ինքը էն խոշոր արվեստագետն էր, որի համար սահմաններ չկային և որի համար մեզ պաշտպանիչ խոսք ասելը բոլորովին էլ դժվարություն չէր ներկայացնի: Իսկապես, իր արվեստի խորհրդանիշը, իր արվեստի մաքուր ոգին ազգային սահմանները ջնջում էր: Ինքը որպես անձ էլ, որպես իր գործերի մի մասնիկը, ազգային սահմաններից դուրս էր և ուղղակի համաշխարհային նվաճում էր դառնում: Ինքն էլ աշխարհի մարդ էր դառնում, աշխարհ, որը ազգայնացել է, նացիոնալիստացել է և միջազգայնականության, ինտերնացիոնալիզմի հրապարակը պարապ է մնում՝ խոշոր մարդկանց բացակայությամբ: Մանավանդ մեզանում կա այդ պարապը, միջազգայնականության բացակայությունը:
Ճշգրիտ էր, իրականությունը գիտեր: Առհասարակ խոշոր մարդկանց մեջ կարծես թե աստված կա նստած, էնքանով, որ կարծես թե աշխարհը իրենք են ստեղծել և ուր էլ գնան, ծանոթ է իրենց՝ ակունքները գիտեն. ստեղծման, արարման ակունքները գիտեն ու ամեն տեղ աշխարհը իրենց ծանոթ ու հարազատ է թվում: Էդպես էլ կարծես թե հայաստեղծման գաղտնիքներին ինքը տեղյակ էր և էստեղ մի տեսակ որպես որդի էր գալիս, որպես ստեղծող էր գալիս, որպես էս տան շինությանը մասնակից մի բան էր գալիս: Պատահական չէ, որ բավական հայկական սիմվոլիկա կա նրա ստեղծագործության մեջ: Քրիստոնեությանը նշանակություն էր տալիս՝ որպես մեր հոգևոր կյանքի մի մասը և որպես մեր հոգևոր կյանքի արարիչ մի բան, մի բան, որը էստեղ պատահականություն չէր, այլ խորհրդանիշ էր, որը ինքը ուզում էր տեսնել: Կարծում եմ վատ էր զգում, որ էստեղ լավագույն գործեր չեն արվում: Վատ էր զգում էնքանով, ինչքանով որ ամեն մի կարգին ու ազնիվ մարդ պիտի վատ զգար: Որպես լայն հոգու տեր մարդ, բոլորի մեջ հնարավորություն էր տեսնում և բոլորի նույնիսկ փոքրիկ հաջողությունը խրախուսում էր: Խրախուսում էր և ափսոսում, երբ չէին կայանում: Շատ գեղեցիկ հատկանիշ է: Վիլյամ Սարոյանի մեջ էլ էդ սքանչելի հատկանիշը կար. ուզում էր մարդու մեջ ինքնավստահություն արթնացնի, մարդու քայլը լայնացնի, քայլը հաստատուն դարձնի: Դա մարդուն բարձրացնելու գեղեցիկ հատկանիշ է, սքանչելի հատկանիշ:
Ընթացքում, ահա, մտավորականության – մասնավորապես մոսկովյան մտավորականության հետ շփումների ժամանակ, երբ հաճախ խոսքը Անդրեյին էր գալիս, ես տեսնում էի, որ լավագույն դեպքում իմ հիացումը չեն բաժանում. տեսնում էի, որ չկամներ կան, էնպիսի մարդիկ կան, որ ասենք թե «Ռուբլյովի» վերաբերմամբ իմ հիացումը չեն բաժանում, «Հայելու» վերաբերմամբ իմ հիացումը չեն բաժանում և, ընդհակառակը, մի տեսակ ուրախությամբ էին արձանագրում, որ, ասենք, «Համլետը» «Տագանկայում» չի կայացել: Ես ներկայացումը չեմ տեսել ու չեմ կարող ասել՝ կայացել է, թե չի կայացել: Ըստ երևույթին խոշոր հաջողություն չի եղել: Բայց ինչո՞ւ էին այդ բանը ուրախությամբ ընկալում: Եվ նրա էս երկրից հեռանալը փաստորեն հետադիմության ուժի հաղթանակն էր: Հետադիմությունը կարողացավ նրան դուրս մղել, հետադիմությունը հաղթեց, նրան էստեղից դուրս քշեց: Փաստորեն դաշինք կար ներքևի չուզողների, ներքևի չկամների ու վերևի չինովնիկների միջև, էն չինովնիկների, որոնք ահա չէին ուզում հանճարի էս տիպը, չէին հանդուրժում տաղանդի էս տիպը: Եվ եթե նա չլիներ, իրենց գործը շատ լավ կլիներ, իրենց գործը հեշտ կլիներ: Ինքը պրովինցիալ չէր, ինքը մայրաքաղաքում էր և կարողանում էր ղեկավարության հետ առճակատման ու բախման գնալ: Հարաբերությունները հստակ էին, և ես տենում էի, որ ինքը արդեն ուրիշ տեղ է, որ ինքը ուզում է լինել այնտեղ, որտեղ իրեն չեն խանգարի: Խոշոր, պայծառ տաղանդների նկատմամբ միշտ կա էդ չկամությունը, պիղատոսաբար ուրախանում են, երբ ընկնում է, երբ չկա: Միշտ թշնամանքով են ընդունում և հրճվում են, երբ կարողանում են թշնամանքով հաղթել, ծնկի բերել, ոչնչացնել: Վիլյամ Սարոյանը ո՞նց է ասում – ասում է՝ «Մի մեռիր, ընթերցող: Հուսահատվել ես, ասում է, բայց մի բան եմ խնդրում, որը լսիր ու մի մեռիր: Կարծում ես քո էդ կողքի շան տղերքը քեզ ցավակցելո՞ւ են: Չեն ցավակցելու, բոլորովին էլ պետքները չի լինելու, երբ որ մեռնես: Ուրեմն, ձեռքդ գրպանդ տար – մի երկու սենթ է մնացել գրպանումդ – գնա հաց ու պանիր առ, գնա արևի տակ նստիր ու կարգին, ախորժակով կեր ու կամաց տիեզերքին, աշխարհին, արևին ունկնդրիր: Հետո էդ մտքերից ազատվիր ու գնա քո գործին: Մի մեռիր – չկարծես, թե վշտացողներ ես ունենալու հետևիցդ»։

Աղբյուրը՝ http://hrantmatevossian.org


Մաթևոսյանը Աստծո, մարդու, ապրելու մասին…[մեջբերումներ]

Սարոյանի և Հրանտ Մաթևոսյանի հոր հանդիպումը…

Ոչ մի շաբաթ առանց Մաթևոսյանի [ժողովածուի մասին պատմում է Հայկ Համբարձումյանը]

ԳԱՐԵՋՈՒՐ ՀԱՆՃԱՐԻ ՀԱՄԱՐ․ Սամվել Սևադա [հուշեր Հրանտ Մաթևոսյանի մասին]

Հանճարեղ կինոռեժիսորները ֆոտոխցիկով

5 վայր, որ պետք է գնաս, եթե գրող ես [մուսայի հետևից]

Մոսֆիլմը ցուցադրում է Անդրեյ Տարկովսկու ֆիլմերը

5 ֆիլմ-5 գիրք. Ալեն Սիմոնյան

Անդրեյ Տարկովսկու և Սերգեյ Էյզենշտեյնի ֆիլմերն ընդգրկվել են BBC-ի 100 լավագույն արտասահմանյան ֆիլմերի ցանկում

Անդրեյ Կոնչալովսկի. 5 ֆիլմ

Նախորդ տարիներին «Ոսկե առյուծի» արժանացած լավագույն ֆիլմերից մի քանիսը

Ի՞նչ կարդալ ամռանը. խորհուրդ է տալիս Գրքամոլը

Անդրեյ Տարկովսկին ասել է…

Անդրեյ Տարկովսկու լավագույն ֆիլմերը

5 ֆիլմ նկարիչների մասին

Polaroid-ների հավաքածուն բացահայտում է լուսանկարիչ Անդրեյ Տարկովսկուն