fbpx

Հունական դիցաբանություն. Աքիլլես

Հերոսներից մեկին ևս պիտի մասնակից դարձնեին ռազմարշավին: Դա պատանի Աքիլլեսն էր՝ Պելևս արքայի և Թետիս աստվածուհու որդին: Կալքաս գուշակը Ատրիդներին գուշակել էր, որ միայն այդ դեպքում կվերցնեն նրանք մեծ Տրոյան, երբ Աքիլլեսը մասնակցի արշավանքին: Անմահ փառք էր խոստացել ճակատագիրն Աքիլլեսին: Նա պետք է չլիներ Տրոյայի տակ մարտնչող հերոսներից վեհագույնը: Մեծ են լինելու Աքիլլեսի սխրագործությունները, բայց չի վերադառնա նա Տրոյայի պատերի տակից և կզոհվի ծաղիկ հասակում՝ նետով խոցված: Գիտեր աստվածուհի Թետիսը, թե ճակատագիրն ինչ է կանխատեսել իր որդուն: Ամբողջ զորությամբ ջանում էր կանխել նրա ահեղ ճակատագիրը: Երբ Աքիլլեսը դեռ մանուկ էր, Թետիսը նրա մարմինն օծում էր ամբրոսիայով ու պահում կրակի վրա, որպեսզի որդուն անխոցելի դարձնի և անմահություն տա:

Բայց մի անգամ գիշերը, երբ Թետիսը մանկանը դրել էր կրակի մեջ, Պելևսն արթնացավ քնից: Սարսափ տիրեց նրան, երբ տեսավ որդուն կրակի մեջ: Խլելով սուրը՝ նա նետվեց Թետիսի կողմը: Վախեցավ դիցուհին, սարսափահար փախավ Պելևսի պալատից և թաքնվեց ծովի հորձանուտում, իր հոր՝ Նեբեոսի ապարանքում: Իսկ Պելսևն Աքիլլեսին տվեց իր ընկեր կենտավրոս Քիրոնին՝ դաստիարակելու: Սնեց Քիրոնն Աքիլեսին արջի ուղեղով ու առյուծի լյարդով: Մեծազոր մի հերոս դարձավ Աքիլլեսը: Նա ընդամենը վեց տարեկան էր, որ սպանում էր գազազած առյուծներին ու վարազներին և առանց շների հասնում եղնիկների հետևից. այդքան արագ ու թեթև էր Աքիլլեսի վազքը: Զենք բանեցնելու մեջ Աքիլլեսը չուներ իրեն հավասարը: Սովորեցրել էր Քիրոնը նաև նվագել ախորժալուր կիթառի վրա ու երգել: Չէր մոռանում իր որդուն նաև Թետիսը, հաճախ նա դուրս էր լողում ծովի հորձանուտից որդուն տեսնելու համար: Միշտ ու ամենուրեք հոգ էր տանում նա որդու մասին: 

Երբ Աքիլլեսը մեծացավ և չքնաղ մի պատանի դարձավ, ողջ Հունաստանում լուր տարածվեց, որ Մենելաոսը հավաքում է հերոսներին Տրոյայի դեմ արշավելու: Իմանալով, թե ինչ օրհաս է սպառնում Աքիլլեսին, Թետիսը թաքցրեց նրան Սկյուրոս կղզում, Լիկոմեդես արքայի պալատում: Այնտեղ, կանացի զգեստներ հագած, արքայադուստրերի հետ ապրում էր Աքիլլեսը: Ոչ ոք չգիտեր, թե որտեղ է թաքնված Աքիլլեսը: Բայց Կալքաս գուշակը հայտնեց Մելեաոսին նրա թաքստարանը: Անմիջապես ճանապարհ ընկան Ոդիսևսն ու Դիոմեդեսը: Իսկ Ոդիսևսը խորամանկ մի հնար գտավ: Իբրև վաճառականներ Սկյուրոս ժամանեցին Դիոմեդեսն ու Ոդիսևսը և գնացին Լիկոմեդեսի պալատը: Նրանք արքայադուստրերի առաջ փռեցին իրենց ապրանքները՝ շքեղ գործվածքներ, ոսկե մանյակներ, ապարանջաններ, ականջօղեր, ոսկեհուռ ծածկոցներ, իսկ դրանց մեջ դրել էին սուսեր, սաղավարտ, վահան, զրահներ: 

Արքայադուստրերը զմայլված զննում էին ոսկե զարդերն ու ընտիր գործվածքները. իսկ նրանց մեջ կանգնած Աքիլլեսը նայում էր միայն զենքերին: Հանկարծ պալատի մոտ լսվեցին ռազմականչեր, հնչեցին փողերն ու շռնդացին զենքերը: Այդ Դիոմեդեսի և Ոդիսևսի ուղեկիցներն էին սրերով զարկում վահաններին և ռազմականչերով աղմուկ-աղաղակ բարձրացնում: Փախան սարսափահար արքայադուստրերը, իսկ Աքիլլեսը հափշտակեց սուսերն ու վահանը և վազեց թշնամուն ընդառաջ: Նա կարծում էր, թե հարձակվել են Լակոմեսեսի պալատի վրա: Այդպես ճանաչեցին Աքիլլեսին Ոդիսևսն ու Դիոմեդեսը: Մեծ հրճվանքով համաձայնեց Աքիլլեսը մասնակցել Տրոյական արշավանքին: Նրա հետ ճանապարհ ընկան նաև նրա հավատարիմ ընկեր Պատրոկլեսն ու իմաստուն ծերունի Փենիքսը: Իսկ Պելևսը որդուն տվեց այն զրահները, որ մի ժամանակ ընծայել էին աստվածները Թետիս աստվածուհու և իր հարսանյաց հանդեսին, տվեց նաև Քիրոնի ընծայած նիզակը և Պոսեյդոնից ստացած նժույգները: 

Շարադրված է ըստ Օվիդիոսի «Կերպարանափոխություններ» պոեմի

Թարգմանիչ՝ Լևոն Հախվերդյան

Բնօրինակը՝ «Հին Հունաստանի լեգենդներն ու առասպելները», Ն. Կուն

Հունական դիցաբանություն ամբողջ շարքը՝ այստեղ 

Հետևեք մեզ նաև Instagram-ում, Twitter-ում և YouTube-ում

Հունական դիցաբանություն. Պանդորայի արկղը


Ալեքսանդր Դյումա` «Կոմս Մոնտե-Քրիստո». Հատված

Հունական դիցաբանություն. Գիշեր, լուսին, արշալույս և արև

Շիրվանզադե՝ «Քաոս». Հատված

QUIZ. Գուշակի՛ր գիրքը կարճ նկարագրությունից

3 սոնետ Շեքսպիրից

Հատված արքայադուստր Դիանայի ինքնակենսագրականից

Հատված Կոկո Շանելի ինքնակենսագրականից

Հունական դիցաբանություն. Պանդորայի արկղը

Հունական դիցաբանություն. Դեդալոս և Իկարոս

Հունական դիցաբանություն. Աթենաս՝ իմաստության աստվածուհին

Ի՞նչ կարդալ հունիսին. Խորհուրդ է տալիս VNews-ը

Ի՞նչ կարդալ մայիսին. Խորհուրդ է տալիս VNews-ը

Պաուլու Կոելյու՝ «Մատիտի մասին»

10 բան, որ գուցե չգիտես Սթիվի Ուանդերի մասին

Հունական դիցաբանություն. Դիոնիսոս` թատրոնի նախատիպը ստեղծողը

«The Beatles»-ի այս համերգին ներկա էր 18 հոգի