Իմ պզտիկ երազեն մեծ, լման բեմադրություն մը շինած է... - VNews

Իմ պզտիկ երազեն մեծ, լման բեմադրություն մը շինած է…

 

1960 թվականին Վարդան Աճեմյանը բեմադրում է Վիլյամ Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է» պիեսը: Մեք Գրեգերի դերում Հրաչյա Ներսիսյանն էր, Մարենՙ Արուս Ասրյանը, իսկ Ջոնիի դերը Վարդան Աճեմյանը տալիս է Վարդուհի Վարդերեսյանին:

1961-ին մահանում է Հրաչյա Ներսիսյանը ու նրա փոխարեն Մեք Գրեգորի դերում բեմ է բարձրանում Վահրամ Փափազյանը: Նրա առողջական վիճակն էլ լավ չէր ու երազում էր մեռնել հենց բեմի վրա, բեմական հանդերձանքով: 1967-ի տարեվերջին Փափազյանը բեմ բարձրանալուց առաջ ասում է. «Մեռնի՛մ նե, պիտի՛ խաղամ: Ճիշտըՙ կուզեմ բեմին վրա մեռնիլ, հենց այս երեկո»։

Փափազյանի երազանքը չիրականացավ, նա չմահացավ բեմի վրա, բայց այլևս բեմ չբարձրացավ, սա նրա վերջին ներկայացումն էր։

Ի դեպ, «Իմ սիրտը լեռներում է» պիեսն առաջին անգամ բեմ է բարձրացել Նյու Յորքի «Գիլդ» թատրոնում 1939 թվականին: Մարեի դերը խաղացել է դերսանուհի Հեստեր Սանդերզանդը` այն էլ հայերեն:

Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում աճեմյանական ներկայացումը տեսել է նաև պիեսի հեղինակը` Վիլյամ Սարոյանը, երբ 1976-ին Երևան էր եկել; Այս մասին պատմում է բանաստեղծ Վահագն Դավթյանը.

 

Սերո Խանզադյան, Վիլյամ Սարոյան, Հովհաննես Շիրազ, Վահագն Դավթյան

 

«Գալու երկրորդ, թե երրորդ օրն էր, գնացինք բեմադրությունը դիտելու։ Գնալուց առաջ ասաց.

– Վարդան Աճեմյան բարեկամս է, մեծ տաղանդ։ Դեռ վաթսուն թվին, երբ հոս էի, ըսավ շատ կուզեմ այդ խաղ բեմադրել, դժվար խաղ է, ըսավ, բայց բան մը կընեննք, երթանք տեսնանք բան մը ըրա՞ծ է…

Դահլիճը լեփ-լեցուն էր և ոչ այնքան բեմին էին նայում, որքան Սարոյանին։ Ես ինքս էլ կողքից հետևում էի դիմախաղերին, հասկանալու` հավանու՞մ է արդյոք բեմադրությունը։

Դեռ առաջին հանդիպումներից նկատել էի, որ նրա դիմախաղերն ու հայացքն առհասարակ շատ են խոսուն, որ վայրկյանական  արագությամբ է նա արձագանքում այն ամենին, ինչին նայում է։ Այդ դեմքով սահող հիացման լուսեր էի տեսել, դժգոհության ստվերներ, երբեմն զայրույթ, բայց երբեք ` անտարբերություն։ Նա ոչնչի անտարբեր չի  նայում…

Եվ ահա նստած, կողքից նայում էի ու նկատում, որ գոհունակության լույսերը շատ ավելի հաճախ էին սահում նրա դեմքով, քան դժգոհության ստվերները… ու չէի սխալվել…

Երբ բեմադրությունն ավարտվեց, ականջիս տակ որոտաց նրա հզոր «բռավոն» և ծանր ափերի ծափը։

 

 

Իսկ երբ բեմ կանչեցին, ասաց.

-Վարդան Աճեմյան մեծ տաղանդ է… Իմ պզտիկ երազեն մեծ, լման բեմադրություն մը շինած է, հավնեցա, հիանալի է…

Հետո առանձին ասաց.

-Բեմադրություն հավնեցա, լավ է, շատ լավ է։ Բայց հոն` Ամերիկա, անոր ռիթմ ավելի արագ կընեն։ Եվ հասկանալի է, հոն ռիթմ ավելի արագ է, մարդիկ կշտապի… Ու՞ր կշտապին, չես գիտեր… Չեն կրնար երկար նստիլ… Այն կին, Վարդուհի Վարդերեսյան, շատ աղեկ կխաղար Ջոնիի դեր, բայց պիտի գերադասեի, որ այդ դեր մանչ մը խաղար…

-Երբ նոր բեմադրեցին, դա երևի մի տասը տարի առաջ էր, բոլորովին չէր զգացվում, որ խաղացողը կին էր…

-Հիմա ալ համարյա չէր զգացվեր, որովհետև այդ կին հիանալի դերասանուհի է, բայց դարձյալ կգերադասեի, որ մանչ մը խաղար, հոգ չէր, թե ավելի գեշ խաղար… Մաք-Գրեգոր ալ լավ կխաղար, բայց պետք է, որ պոռար, այդ մարդ լավ չէր պոռար…

 

 

Շատ էր հավանել պիեսի համար Առնո Բաբաջանյանի գրած երաժշտությունը։

– Զարմանալի էր, հիանալի… Կթվեր, թե շոտլանդական երաժշտություն կլսեմ, բայց խորքին մեջ հայկական է… Ինչպե՞ս գրած է, զարմանալի է…»։