Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվելՆախընտրելի թեմաներ
- Պահպանված 0
- Նախընտրելի
Ամերիկացի գրող և կոմպոզիտոր, 20-րդ դարի դասական Փոլ Բոուլզի «Երկնքի քողի ներքո» վեպը ստեղծվել է հեղինակի հյուսիսաֆրիկյան տարիների և նախկին կնոջ հարաբերությունների ազդեցության արդյունքում։ Բոուլզը, ինչպես գրողների զգալի մասը, դիտելով իր գրքի հիման վրա նկարված ֆիլմը, դժգոհ է մնացել էկրանավորումից։ Սակայն 1990 թվականին էկրաններ բարձրացած վեպի համանուն ֆիլմը, որի ռեժիսորը օսկարակիր Բերնարդո Բերտոլուչին է՝ 20-րդ դարի երկրորդ կեսի կարևորագույն իտալացի ռեժիսորներից և հեղինակներից մեկը, միանշանակ արժանի է ուշադրության։ Առավել ևս, եթե դուք անտարբեր չեք Հյուսիսային Աֆրիկայի մոտիվների նկատմամբ։
1947 թվական, հետպատերազմյան աշխարհ։ Ամերիկացի ամուսիններ Փորթ (Ջոն Մալկովիչ) և Կիթ (Դեբրա Ուինգեր) Մորսբիները իրենց ընկերոջ հետ ժամանում են Ալժիր։ Մորսբիները ցանկանում են տրվել Հյուսիսային Աֆրիկայի ֆանտաստիկ գույներով հագեցած ավազե բնությանն ու կախարդող տեղական միջավայրին՝ ամբողջապես կտրվել առօրեական դարձած կիսաքանդ կյանքից, որը թողել են Միացյալ Նահանգների մեծ քաղաքներում։ Փորթը կոմպոզիտոր է, ով փորձում է ճգնաժամային ծուղակում հայտնված 10 տարվա ամուսնական կյանքը մաքրագրել այստեղ՝ հիպնոսացնող, խիտ օդի, արևելյան բույրերի ու կլանող երկնքի քողի տակ։
Երկու վարպետներ՝ ռեժիսոր Բերնարդո Բերտոլուչին և օպերատոր Վիտորիո Ստորարոն, օգտագործելով օխրայի, ոսկեգույնի, դեղինի ու տերակոտայի բոլոր հնարավոր երանգները, կերտել են 90-ականների ամենատպավորիչ և կլանող դրամաներից մեկը։ Ֆիլմ-ճամփորդություն, որի նշանակետը բարդ է միանշանակ ձևակերպել. էսկապիզմի մասին է, ինքնակործանման թե վերածնունդի փորձի։ Կոմպոզիտոր Րյուիտի Սակամոտոյի ելևէջները, Ստորարոյի լանդշաֆտների կիսագույներն ու ստվերները, ամերիկացի հետազոտողների վինտաժային զգեստապահարանները և տեղական բեդուինների շարֆերը՝ կուֆիաները միասին հավաքվում են շքեղ, բազմագույն ու խորհրդավոր կծիկի, որն ունի հազար ու մի շերտ՝ թաքցնելով բազմաթիվ գաղտնիքներ։ Ինչպես սովորաբար լինում է արևելյան կենցաղում, հեքիաթանման պատման մեջ, այստեղ ցանկությունները բարձրաձայնվում են շշուկով, իսկ որոշ արարքներ մնում են դռնփակ՝ տեղական բարքերի ու խոնարհ լռակյացության քողի ներքո։ Արևմտյան աշխարհի հյուրերի վարքը, որոշումներն ու գործողությունները պահի տակ թվում են անօրինական ու գրգռող. դրանք, կարծես, դիտմամբ են բորբոքում հանդարտ պառկած աֆրիկյան ավազը տեղական փոթորիկի՝ սամում (անապատային քամի) առաջացնելու հույսով։
Ո՛չ Բոուլզը, ո՛չ էլ Բերտոլուչին չեն կարող հստակ պատասխաններ տալ հերոսների որոնումներին. նրանք արձագանքում են այլ կերպ՝ հանդարտ, անշտապ ու խաղաղ ընդգծում, թե ինչքան նուրբ ու փխրուն է մարդկային ճակատագիրը և ինչքան հեշտ այն կարող է կոտրվել՝ տրվելով ժամանակի անողոք պահանջին։ Վայրի բնությունը ձերբազատում է հերոսներին պայմանականություններից ու նախապաշարմունքներից, սակայն իրենք ի սկզբանե գիտեին, որ նման ճոխության համար պետք է վճարել։ Ինչպես ասվեց պատմության նախաբանում՝ մենք զբոսաշրջիկներ չենք, այլ ճամփորդներ, իսկ ճամփորդողը չգիտի՝ կվերադառնա՞ արդյոք։
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո