Ի՞նչ դիտել տանը. Ինգմար Բերգմանի ամենաթեթև, ջերմ ու դյութիչ ֆիլմերից՝ «Ամառը Մոնիկայի հետ» - VNews

Ի՞նչ դիտել տանը. Ինգմար Բերգմանի ամենաթեթև, ջերմ ու դյութիչ ֆիլմերից՝ «Ամառը Մոնիկայի հետ»

unnamed 1 1 - Ի՞նչ դիտել տանը. Ինգմար Բերգմանի ամենաթեթև, ջերմ ու դյութիչ ֆիլմերից՝ «Ամառը Մոնիկայի հետ»

Շարունակում ենք պատմել հեղինակային կինեմատոգրաֆի ամենակարևոր և կարկառուն նմուշների մասին, որոնք այս կամ այն կերպ պատկերում են ամառային կյանքը: Ներկայացնում ենք համաշխարհային արվեստի ամենաանվանի դասականներից, շվեդական ու եվրոպական կինոյի հսկա՝ Ինգմար Բերգմանի ամառային ֆիլմերից մեկը՝ «Ամառը Մոնիկայի հետ» / ”Sommaren Med Monika” էքզիստենցիալ մելոդրաման, որը ստեղծված է Պեր Անդերս Ֆոգելստրյոմի վեպի հիման վրա: Ֆիլմի էկրան բարձրանալուց հետո Ժան-Լյուկ Գոդարն ասել է՝ «Մոնիկան» ժամանակակից կինոյի համար այն է, ինչ «Ազգի ծնունդը» (խմբ.՝ իր ժամանակի ամենահավակնոտ կինոնկարը, ռեժիսոր՝ Դ. Ու. Գրիֆիթ) դասական կինոյի համար»:

 

 

Երիտասարդ, կամային ու ճարպիկ Մոնիկան (Հարիետ Անդերսոն) ապրում է նեղլիկ և անհարմար բնակարանում՝ փոքր և աղմկոտ եղբայրների, հարբեցող հոր և տնային աշխատանքով ծանրաբեռնված մայրիկի հետ։ Ավելի անկախ ու ինքնուրույն կյանք վարելու համար Մոնիկան աշխատում է հարևանությամբ գտնվող բանջարի պահեստում, որտեղ նրան ոչ ջենթլմենաբար ձեռք են գցում նախկին զուգընկերները, իսկ միապաղաղ, հիասթափեցնող ու գորշ իրականությունից փախչելու համար աղջիկն այցելում է կինոթատրոն՝ հոլիվուդյան մելոդրամաներ դիտելու։ Մի օր Մոնիկան հանդիպում է Լյունդին (Լարս Էկբորգ), ով վայրկյանական վերանվանում է Հարրի՝ հոլիվուդյան ձևով։ Լյունդ-Հարրին համեստ, ամաչկոտ ու հանդուրժամիտ երիտասարդ է, աշխատում է սպասքի խանութում։ Մոնիկան ծանոթության առաջին իսկ րոպեին հրավիրում է Հարրիին ժամադրության՝ կինոթատրոն, հոլիվուդյան ռոմանտիկ ֆիլմ դիտելու, ինչից հետո էլ զբոսանքի, որտեղից էլ սկիզբ է առնում երիտասարդների սրընթաց սիրավեպը։ Հարրին 19 տարեկան է, Մոնիկան՝ 18, նրանց միավորում է կայծակնային սիրո զգացումը, որը շատ հաճախ տրամադրում է սիրահարվածներին ամբողջ աշխարհի դեմ՝ մենավորվելով բոլորից, պայքարելով հանուն սեփական երջանկության և կուրորեն չնկատելով անհամատեղելիության ազդակները:

unnamed 2 1 960x701 - Ի՞նչ դիտել տանը. Ինգմար Բերգմանի ամենաթեթև, ջերմ ու դյութիչ ֆիլմերից՝ «Ամառը Մոնիկայի հետ»
Հերթական ընտանեկան անախորժության պատրվակով, երբ Մոնիկայի ծնողները պատրաստվում էին նշել իրենց հանդիպման տարեդարձը և խանգարում էին աղջկան ամսագիր ընթերցել՝ Մոնիկան վիճում է հայրիկի հետ և ճամպրուկը ձեռքին լքում հորական տունը։ Իր դռան դիմաց գիշերվա կեսին հայտնված ընկերուհուն Հարրին որոշում է տեղավորել նավակառանում տեղակայված հոր կատերում՝ քնապարկի մեջ։ Մոնիկայի հետ գիշերակացի արդյունքում Հարրին ուշանում է աշխատանքից, ինչով էլ դրդում է անվերջ դժգոհ գործատուին ազատել իրեն աշխատանքից։ Անկախ և ըմբոստ, աշխատանքից և ընտանեկան խնդիրներից փախչող Հարրին և Մոնիկան որոշում են լքել Ստոկհոլմը և ամառն անցկացնել ծովափին՝ բոլորի աչքից հեռու։
Ինգմար Բերգմանի թվով տասներկուերորդ ֆիլմը ստեղծվել է հեռավոր 1953 թվականին՝ ռեժիսորի հետ հետագայում «Յոթերորդ կնիքի» և «Մորու բացատի» վրա աշխատած Գունար Ֆիշերի հետ միասին։ Սառը շվեդական ամառն իրենց կյանքի ինքնուրույն ու սեփական պատասխանատվության տակ սկսվող երիտասարդների մոտ դառնում է կիրքի, այժմեականության և դրա հետ մեկտեղ նաև հասունացման ժամանակաշրջան։ Հարրին և Մոնիկան երազում են անհոգ ու երջանիկ համատեղ կյանքի և անգամ հավերժ սիրո մասին՝ միամտաբար կարծելով, որ նման կյանք ստանձնելու համար իրար սիրելը բավարար պայման է։ Եթե Հարրին, ով վաղ տարիքում կորցրել էր սեփական մորն ու մեծացել լռակյաց հոր հետ, ուներ սիրո և քնքշանքի կարիք, ապա Մոնիկան ավելի շուտ հաշվարկած գնում էր դեպի ապահոված ու կայուն կյանք, որտեղ նա կարիք չի ունենա աշխատել կամ հանդուրժել ամբողջ կյանքում գերիշխող անհրապուրիչ կենցաղն ու աշխատավոր ապրելակերպը։
unnamed 3 1 - Ի՞նչ դիտել տանը. Ինգմար Բերգմանի ամենաթեթև, ջերմ ու դյութիչ ֆիլմերից՝ «Ամառը Մոնիկայի հետ»
Կյանքի մի փուլը փոխարինվում է մյուսով, ինչպես անհոգ, հուզառատ ու զվարթ ամառվանից հետո գալիս է հոգսերով լի հասուն ու ռացիոնալ աշունը՝ ստիպելով Մոնիկային և Հարրիին գնալ կշռադատված քայլերի։ Մելոդրամայի թեթևության տակ Բերգմանն իրականում ներկայացնում է սոցիալական ու էքզիստենցիալ դրամայի խնդիրներ՝ փաթեթավորված առակի շղարշի ներքո։ Այստեղ է և՛ հասունացման , և՛ Հարրի մասնակի ստոիցիստական հավատարմությունը, և՛ Մոնիկայի հեշտ ու անբան կյանքի գրավիչ մոլուցքը։ Մոնիկան իր ռոմանտիկ էսկապիզմով հավասարակշռված սիրելիի հանգիստ և համեստ կյանքը վերածում է նեվրոզի՝ պահի տակ զրկելով անգամ ավելի լավ ապագայի հույսից: Հարրին աշխատում է ծուլությամբ, երբ չկա աշխատելու խթան, և անձնուրաց աշխատում է, երբ կա մեկը, ում համար պետք է հոգ տանել: Ամառը Մոնիկայի հետ, լի արկածներով, անախորժություններով, անսպասելիություններով և վեճերով, տապակած սնկերով, կառանի տախտակներին պարելով ու ափին եփած առավոտյան սուրճով այնուամենայնիվ կդառնա իր պարզ աշխատանքային կյանքի ամենաերջանիկ ժամանակը՝ ինչպես ապագայի, այնպես էլ անցյալի:

Օդեսայի միջազգային կինոփառատոն. Հայաստանը՝ ժյուրիի կազմում ու Կաննի մեծ ֆիլմերը

Ի՞նչ դիտել տանը․ պատանի Մեթյու ՄքՔոնահիի, Բեն Աֆլեքի և Միլա Յովովիչի մասնակցությամբ «Շփոթմունքի և հաճույքի մեջ»-ը

Ի՞նչ դիտել տանը. 80-ականների իտալական ամառ տեղափոխող «Կանչիր ինձ քո անունով» մելոդրաման

Ի՞նչ դիտել տանը. փայլուն դերասանական կազմով ու բրիտանա-իտալական էսթետիկայով օսկարակիր «Տեսարանով սենյակը»

Ի՞նչ դիտել տանը. Ալֆոնսո Կուարոնի «Քո մայրիկին նույնպես» զգացմունքային րոուդ-մուվին

Ի՞նչ դիտել տանը. ամառային մթնոլորտով ֆիլմեր, որոնք դուք հնարավոր է դեռ չեք տեսել

Կինո՝ կյանքի հիմքով. «Պատանդները»

Ի՞նչ ֆիլմեր են ստեղծվում Հայաստանում կամ ինչպես կինոքննադատ Րաֆֆի Մովսիսյանը նկարեց իր առաջին ֆիլմը

10 ամենաթանկ ֆիլմերը

Ինչ դիտել տանը. եռակի օսկարակիր Ֆրենսիս ՄքԴորմանդի ֆիլմերից, որոնք գուցե չեք տեսել

Մայիսին թողարկվելիք 10 լավագույն ֆիլմերը՝ ըստ BBC-ի

Օսկար 2021. քոչվորների տրիումֆը

BAFTA 2021. առաջին օրվա հաղթողները

5 ֆիլմ + 5 գիրք [Արեն Մալաքյան]

Ինչու՞ է Ռեգե Ժան֊Փեյջը հեռացել «Bridgerton»-ից

Առաջիկա շաբաթվա կինոպրեմիերաները