Ի՞նչ դիտել տանը․ պատանի Մեթյու ՄքՔոնահիի, Բեն Աֆլեքի և Միլա Յովովիչի մասնակցությամբ «Շփոթմունքի և հաճույքի մեջ»-ը - VNews

Ի՞նչ դիտել տանը․ պատանի Մեթյու ՄքՔոնահիի, Բեն Աֆլեքի և Միլա Յովովիչի մասնակցությամբ «Շփոթմունքի և հաճույքի մեջ»-ը

dazed and confused - Ի՞նչ դիտել տանը․ պատանի Մեթյու ՄքՔոնահիի, Բեն Աֆլեքի և Միլա Յովովիչի մասնակցությամբ «Շփոթմունքի և հաճույքի մեջ»-ը

Շարունակում ենք վայելել ամառվա վերջին շաբաթներն ու դրա հետ կապված առաջարկել ձեզ գունավոր, հանգստյան մթնոլորտով, անշտապ ու հաճելի ալարկոտությամբ լի ֆիլմեր։ Այս անգամ հերթն ամերիկյան անկախ կինեմատոգրաֆի կարկառուն հեղինակ, ռեժիսոր և սցենարիստ Ռիչարդ Լինքլեյթերի 1993 թվականին էկրաններ բարձրացած «Շփոթմունքի և հաճույքի մեջ» / ”Dazed and Confused” երիտասարդական դրամեդին է։ Լինքլեյթերի այս ֆիլմում նկարահանվել են հոլիվուդյան մեծ աստղեր Մեթյու ՄքՔոնահին, Բեն Աֆլեքը, Միլա Յովովիչն ու այլոք, որոնք 93 թվականին դեռևս նորահայտ էին և պատանի։

 

70-ականներ․ հանգստացնող  funk-ի ելևեջների, տպավորիչ փարթամ սանրվածների ու բեղերի, թեթև թմրանյությերի, ծանր ռոքի, վառվռուն հագուստի և ազատ սեքսի տասնամյակ։ Դպրոցի վերջին օրն է, և աշակերտները պատրաստվում են ինչպես որ հարկն է հրաժեշտ տալ ուսումին և անմոռանալի գիշեր անցկացնել՝ դիմավորելով ամառն ու ոմանց պարագայում նաև շրջանավարտի կյանքը։ Թեև Լինքլեյթերը պատկերել է կոնկրետ ժամանակաշրջան և հստակ բարքեր, հասկանալի է՝ շրջանավարտներ միշտ էլ եղել են և կլինեն, անկախ ժամանակաշրջանի նորամուծություններից, թրենդերից և տարիներից, երբ որ ապրում ես։ Կարևորը՝ երիտասարդների ինքնուրույն և անկաշկանդ լինելու կատաղի ցանկությունն է, որին հասնելու համար նրանք գնում են կտրուկ և երբեմն անփույթ քայլերի։ Պատմությունը չունի գլխավոր հերոսներ, այն տարրատեսակ խառնվածքներով, ներաշխարհներով ու նպատակներով պատանիների հավաքական է, որտեղ ամեն մեկն առաջ է տանում իր կյանքի փիլիսոփայությունը՝ Ջորջ Վաշինգթոնի կամ Բոբ Մարլիի, կանանց, գարեջրի, ռոքնռոլի, մարիհուանայի, ուսման և մեծ նպատակների մասին։ Իհարկե, երբ խոսքը գնում է դպրոցի մասին, միշտ ի հայտ են գալիս մեծերն ու մեծերից մի քիչ ավելի փոքրերը, և առաջինները սովորաբար ինքնահաստատվում են՝ ստորացնելով վերջիններին։ Միշտ նմանատիպ ամերիկյան ֆիլմերում լինում են հերոսներ և հակահերոսներ, որոնք արկածախնդրորեն հայտնվում են անսպասելի իրավիճակներում, ինչից հետո էլ քաղում են կարևոր դասեր, փոխվում և (սովորաբար) դառնում ավելի լավը։

 

tumblr p95r33sn7t1v8rrbko1 1280 960x604 - Ի՞նչ դիտել տանը․ պատանի Մեթյու ՄքՔոնահիի, Բեն Աֆլեքի և Միլա Յովովիչի մասնակցությամբ «Շփոթմունքի և հաճույքի մեջ»-ը

 

ՄքՔոնահիի հերոս Դևիդի շուրթերից է հնչում երիտասարդ աղջիկներով տարված յուրաքանչյուր տղամարդու համար հավերժ ճշմարտությունը՝ «Ես մեծանում են, նրանք մնում են նույն տարիքի»։ Մի կողմից հասկանալի է, որ երիտասարդների հետ շփվելն աշխատում է դոպինգի պես՝ ֆասադային առումով քեզ էլ դարձնելով հավերժ պատանի, երբ անհրաժեշտություն չկա մտածել գումար վաստակելու, քաղաքացիական պարտք կատարելու և այլ նմանատիպ մեծական հարցերի շուրջ։ Մյուս կողմից էլ ավելի կարևոր է իսկական՝ հուգու երիտասարդությունը, որը ժամանակի հետ կարող է խամրել՝ դարձնելով քեզ չիրականացած երազանքներիդ զոհը։ Իսկ առհասարակ՝ ի՞նչ էին 70-ականներն իրենք իրենցով․ հիփփիական ժամանակաշրջանի ետնահամը, երբ ամեն ինչ արդեն այդքան ամենաթող ու սանձարձակ չէր, սակայն ազատության դյութիչ բույրը դեռևս ամենուր էր՝ թմրեցնեոլվ ու շշմեցնելով երազողների ուղեղն ու գիտակցությունը։ Դպրոցի ավարտն ու գալիք ամառային օրերն որոշակիորեն խարդավանում են՝ պարգևելով հաճելի գրգռվածության և վարակիչ ոգևորության վիթխարի չափաբաժին, խոստանալով, որ այս ամառը կարող է լինել էլ ավելի յուրահատուկ, անկրկնելի և մաքսիմալ խելահեղ, քան նախորդը, բացի այդ՝ չէ՞ որ սա քո ետդպրոցական կյանքի առաջին ամառն է, փոքրիկ ինքնուրույն կյանքը մինչև միապաղաղ ու պատասխանատու մեծահասակի փուլ տեղափոխվելը։

ZZ Top-ի, Բոբ Դիլանի, Black Sabbath-ի, Էլիս Քուփերի, Deep Purple-ի,  KISS-ի և ժամանակաշրջանի այլ կուլտային երաժիշտների երգերը, լայն «հոլիդեյ» տաբատները, վառվռուն ռետրո ավտոմեքենաներն ու ռաստամանական տրամադրությունն առաջացնում են համապատախան մթնոլորտ, որն իր հերթին նոստալգիկ է, անգամ եթե չես ապրել այդ ժամանակաշրջանում։ Ուզում ես զուգվել ծաղկազարդ վերնաշապիկներով, ասեղնագործ ժիլետներով և մեծ գոտիներ ունեցող ընդարձակ վարտիքներով և միանալ Միլա Յովովիչի հերոսուհուն՝ բնության գրկում երգելու կամ աստղաշատ երկնքի տակ խարույկի մոտ լուռ և մտազբաղ պառկելու համար։

 

7d6210ea6e39348c4297e530e02cbdcd 960x660 - Ի՞նչ դիտել տանը․ պատանի Մեթյու ՄքՔոնահիի, Բեն Աֆլեքի և Միլա Յովովիչի մասնակցությամբ «Շփոթմունքի և հաճույքի մեջ»-ը

 

Պատմության գաղափարն ու հիմնական՝ պահը վայելելու մեսիջը կարող են պարզունակ, տրիվիալ և մակերեսային թվալ, սակայն դպրոցն ավարտելուց և ամառային արձակուրդների կապակցությամբ ուրախանալուց հետո շատերս, կարծես թե, մոռանում ենք այդ պարզ ճշմարտության մասին։ Մեծահասակի կյանքին անցնելուց առաջ վերջին անպատասխանատու ու անբռնազբոս գիշերը պետք է անցնի հնարավորինս խելահեղ, բուռն ու մոլեգին, այդ իսկ պատճառով պետք է պարտադիր ուղևորվել դեպի անհայտն ու գրավիչը՝ ընկերների հետ այդ կարևոր առաքելությունն իրագործելու համար։ Շատերն են փոշմանում չընձեռնված հնարավորությունների կամ բաց թողնված պահերի համար, այնինչ դրանք առկա էին մեր կյանքում, քայլում էին մեր կողքին, ձեռք էին մեկնում և շշուկով կանչում, ուղղակի մենք աչքաթող արեցինք դրանք կամ գիտակցեցինք այդ պարզ հաճույքների գինը շատ ավելի ուշ, քան պետք էր։

Լինքլեյթերը միշտ եղել է մթնոլորտի և հոգեվիճակի վարպետը, պահի կերտողը, տպավորիչ տրամադրություն ստեղծողը։ Իր ֆիլմերում հաճախակիորեն ավելի շատ փիլիսոփայություն կա, քան կարող է թվալ առաջին հայացքից, իսկ կյանքի դասերը թեև թվում են դյուրին, իրականում ավելի բարդ է իրագործել, անգամ եթե ձեռքերումդ սառը գարեջրի շիշ է, իսկ ականջակալներում՝ 70-ականների անմահ կատարումները։

 

 


Ի՞նչ դիտել տանը. Ինգմար Բերգմանի ամենաթեթև, ջերմ ու դյութիչ ֆիլմերից՝ «Ամառը Մոնիկայի հետ»

Ի՞նչ դիտել տանը. 80-ականների իտալական ամառ տեղափոխող «Կանչիր ինձ քո անունով» մելոդրաման

Ի՞նչ դիտել տանը. փայլուն դերասանական կազմով ու բրիտանա-իտալական էսթետիկայով օսկարակիր «Տեսարանով սենյակը»

Ի՞նչ դիտել տանը. Ալֆոնսո Կուարոնի «Քո մայրիկին նույնպես» զգացմունքային րոուդ-մուվին

Ի՞նչ դիտել տանը. ամառային մթնոլորտով ֆիլմեր, որոնք դուք հնարավոր է դեռ չեք տեսել

Թոփ-10 ամենաանվտանգ լողափերը կորոնավիրուսի պայմաններում

Ինչ ֆիլմ դիտել տանը, երբ սիրտդ ուզում է ճամփորդել. «Մեծ ճողփյուն»

Իտալական շոգ ամառը Կլոդ Նորիի լուսանկարներում

Ամառային լուսանկարների մտքեր, որ կարող եք իրագործել ինքներդ

Լողազգեստների էվոլյուցիան կամ ինչպես ստեղծվեց «Բիկինի» լողազգեստը

Յուրօրինակ դիզայնով լողավազաններ 1000 ոտնաչափ բարձրությունից

6 հետաքրքիր ու օգտակար հոբբի, որ կարելի է սկսել ամռանը