Ինչ դիտել տանը վիքենդին. համաշխարհային կինոյի դասական նմուշ «Հեծանիվներ գողացողները» - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Ինչ դիտել տանը վիքենդին. համաշխարհային կինոյի դասական նմուշ «Հեծանիվներ գողացողները»

Vnews-ը շարունակում է առաջարկել վիքենդին նայելիք ֆիլմեր, որոնք վաղուց հասանելի են համացանցում և սպասում են Ձեզ հետ ծանոթանալու ամենահարմար առիթին: «Հեծանիվներ գողացողները» (Ladri di biciclette)-ն յուրաքանչյուր մտածող մարդու համար ցանկալի must watch է. հիմա կբացատրենք, թե ինչու:

 

Նախ սկսենք ֆիլմի սցենարի հեղինակից. Չեզարե Ձավատտինին կարծում էր, որ կինոն պետք է զբաղվի «մեզ շրջապատող իրականության հետազոտությամբ»: Ֆիլմերի թեման պետք է լինի ոչ թե «հնարածին առակը», այլ մեր կյանքի «ցանկացած ժամ, ցանկացած վայր, ցանկացած մարդ»: Ձգտելով բերել ֆիլմերը դեպի իրականություն՝ Ձավատտինին հրաժարվում էր պրոֆեսիոնալ դերասաններից, նախօրոք գրված սցենարներից, հնարովի ինտրիգներից: Նա տենչում էր պատմել սովորական մարդկանց մասին, իրենց առօրյա խնդիրների, հուզող հարցերի, գոյության պայմանների մասին: «Հեծանիվներ գողացողներ»-ը նա ստեղծել է մի քանի սցենարիստի հետ համատեղ աշխատանքի արդյունքում, հասցրել տեքստային մաքսիմումի, որպեսզի հետագայում դրա ռեժիսորական աշխատանքով զբաղվի հենց Վիտտորիո Դե Սիկան. այդ ժամանակ Դե Սիկան արդեն փորձառու կինոգործիչ էր, նկարահանել էր փողոցային կյանքով ապրող անտուն դեռահասների մասին պատմող «Շուշա»-ն: Դե Սիկա-Ձավատտինի տանդեմն ամենասկզբից հաջողում է, ինչպես նշում է կինոքննադատ Լուիջի Կյարինին՝ «…ռեժիսորի և սցենարիստի լիակատար միաձուլում, դա երևում է անգամ ֆիլմի թերությունների մեջ: Եվ այդ միասնությունը տարբերում է Դե Սիկայի և Ձավատտինիի մյուս ֆիլմերը, որտեղ հեղինակները աշխատում են առանձին-առանձին»:

Ֆիլմի կենտրոնում, կարծես, շատ աննշան պատմություն է. 40 ամյա Անտոնիո Րիչին, երկամյա դրդված անգործությունից հետո, վերջապես աշխատանք է գտնում՝ փողոցային պաստառներ սոսնձողի հաստիք: Կինը՝ Մարիան, գրավ է դնում տան սպիտակեղենը, որպեսզի Անտոնիոն լոմբարդից վերցնի հեծանիվը, ծայրամասից հասնի կենտրոն և, մեծ քաղաքում շրջելով, կատարի իր աշխատանքը: Տղամարդը գործի է անցնում, սակայն մեկ ժամ էլ չի անցնում, ինչ չարաբաստիկ հեծանիվը գողանում են: Անտոնիոն որդու՝ Բռունոյի հետ ստիպված ընկնում է Հռոմի բազմաթիվ և մարդաշատ փողոցներով՝ գողին գտնելու ակնկալիքով, քանի որ առանց փոխադրամիջոցի գործն ավարտին հասցնելը անհնար է: Նրանք երկար փնտրում են հանցագործին, սակայն գտնելու ժամանակ չեն կարողանում ապացուցել, որ հեծանիվը հենց իրենցն է: Ճարահատյալ Անտոնիոն անգամ փորձում է ուրիշից գողանալ մեկ այլ հեծանիվ, սակայն անում է դա այնքան անհեթեթ, որ շատ արագ բռնվում է: Միայն հուսահատ Բռունոյի արցունքների շնորհիվ ոստիկանը որոշում է նրան բաց թողնել: Հատկանշական է, որ փողոցային պայմաններում մի նվաստացուցիչ և տհաճ դեպք տեղի էր ունեցել իրականում՝ Դե Սիկայի հոր՝ Ումբերտոյի հետ: Ռեժիսորի հայրը մեծ պարտք ուներ, և մի անգամ, որդու հետ Հռոմում զբոսնելիս, Ումբերտոյի վրա է հարձակվում իր վարկատուն, ով հարվածելով ռեժիսորի հորը, պահանջում է գումարը: Ռեժիսորը դեռ երկրար տարիներ հիշում էր հանրայնորեն անարգված հոր դեմքը:

Աջակողմյան մամուլը, ֆիլմի, էկրան բարձրանալուց հետո, հեգնում էր պարզ սյուժեն և հեծանիվների կարևորությունը, նշելով, որ Հռոմում դրանք այնքան հաճախ են գողանում, որ մեծ բան չէ՝ ֆիլմի սյուժեին անարժան թեմա: Սակայն Դե Սիկան չի խոսում ուղիղ և միանշանակ. Բռունոյի և Անտոնիայի, ինչպես և ետպատերազմյան, դաժան և ֆինանսապես բարդ իրավիճակում հայտնված միլիոնավոր իտալացիների համար հեծանիվը լավ կյանքի, երջանկության և բարեկեցության խորհրդանիշն է, այն, ինչից զրկված է ֆիլմի հերոսների ընտանիքը և որի կարիքը այդքան սուր ունի: Ֆաշիստական ռեժիմից հետո իշխանության եկած նոր իտալական իշխանությունը և կաթոլիկ համայնքը ակտիվ քննադատում էր ֆիլմը, ինչի արդյունքում հանրությանը տրամադրում է Դե Սիկային և Ձավատտինիի դեմ և կինոգործիչներին «կարմիր» պիտակավորում: Մինչ հայրենի Իտալիան չի ուզում ընդունել սեփական երկրի խնդիրները, ֆիլմի ֆրանսիական պրեմիերայից հետո պոետ Ժան Կոկտոն գրում է, որ հեղինակներին հաջողվեց «նկարել մարդկային հոգու մեխանիզմը: Այս կինոգլուխգործոցը կարելի է համեմատել Գոգոլի ստեղծագործությունների հետ, որտեղ աննշան գործողությունների շուրջ կառուցվում է դրաման»:

«Հեծանիվների գողացողները» էկրան բարձրացավ 1948 թվականին՝ Վիսկոնտիի Հողը ցնցվում է և Ջերմիի Սիցիլիայի երկնքի ներքո ֆիլմերի հետ միասին, նվաճեց հատուկ Օսկար, որը մինչև այդ տրվել էր միայն երկու անգամ՝ առաջին անգամ՝ նույն Դե Սիկային նախորդ ֆիլմի համար: Երեք նեոռեալիստ-հսկաների ֆիլմերը միասին դրեցին իտալական կինոնեոռեալիզմի ծաղկման սկիզբը: Մի ժանրի, որը ստիպեց ամբողջ աշխարհին ուշադրություն դարձնել ոչ թե բոհեմային և բարձրաշխարհիկ թեմաներին, պոետների և նկարիչների մասնագիտական միջավայրին, թագավորական և արքայական կյանքի վայրիվերումներին, այլ նայել հակառակ ուղղությամբ: Ամենաշարքային բնակիչներին, որոնք գրավ են դնում վերջին սավանները՝ ամենաանհրաժեշտ պարագաները գնելու համար, իսկ վաստակում են ուղիղ այնքան, որ սովից չմեռնեն: Դե Սիկան, ինչպես և Վիսկոնտին, Ռոսելինին, Կլեմանը, դե Սանտիսը, ժանրի մյուս ներկայացուցիչները, 70 տարի առաջ փոխեց կինոսյուժետի պարադիգման, բայց այդ թեմաները և խնդիրները արդի են մինչ այսօր, ինչպես Իտալիայում, այդպես էլ Հայաստանում:


Պեդրո Ալմոդովարը կիսվում է ֆիլմերով, որոնք նայում է ինքնամեկուսացման մեջ

Կինոքննադատները խորհուրդ են տալիս. [Ցյուրիխից բրազիլացի Ումբերտո Մուրեյրան]

Հին դրամապանակում մաշված թղթի կտորի վրա 20 տարի ապրած ֆիլմացանկ

Instagram-յան կինոհավաքածուներ, որոնք Ձեզ են սպասում

Ռեժիսոր Ուես Անդերսոնը պատմել է, թե ինչ ֆիլմեր է նայում կարանտինի ժամանակ

Կարանտինի մեջ գտնվող իտալացիները ֆիլմեր են ցուցադրում շենքերի ճակատներին

Դերասանուհի Թիլդա Սուինթոնը ֆիլմեր է խորհուրդ տալիս

Կարևոր ռեժիսորների մասին. փաստեր Գոդարի մասին

Լավ ֆիլմեր, որոնց մասին ոչ ոք չի խոսում. «Դոգմեն»

Ֆելինիի 100-ամյակի կապակցությամբ կրկին կինովարձությում է «Քաղցր կյանքը»

Բոլոր ժամանակների լավագույն իտալական ֆիլմերը [մաս 2]

Անդրեյ Տարկովսկու և Սերգեյ Էյզենշտեյնի ֆիլմերն ընդգրկվել են BBC-ի 100 լավագույն արտասահմանյան ֆիլմերի ցանկում

Սոֆի Լորեն և Կառլո Պոնտի. մի սիրո պատմություն

Հեծանվով տղան, 2011