Ի՞նչ դիտել տանը. Վուդի Ալենի կրքոտ, զվարճալի ու հմայիչ կարծրատիպերով լի «Վիքի Քրիսթինա Բարսելոնա»-ն - VNews

Ի՞նչ դիտել տանը. Վուդի Ալենի կրքոտ, զվարճալի ու հմայիչ կարծրատիպերով լի «Վիքի Քրիսթինա Բարսելոնա»-ն

Vicky Cristina Barcelona 179249286 large - Ի՞նչ դիտել տանը. Վուդի Ալենի կրքոտ, զվարճալի ու հմայիչ կարծրատիպերով լի «Վիքի Քրիսթինա Բարսելոնա»-ն

Շարունակում ենք պատմել լավագույն հեղինակային ֆիլմերի մասին, որոնք տարբեր ժամանակաշրջաններում ստեղծել են համաշխարհային կինեմատոգրաֆի լավագույն վարպետները՝ պատկերելով ամառային էսթետիկան, արձակուրդային սիրավեպերը և տարբեր տեղայնքների կարևորագույն, տպավորիչ բնապատկերները: Այս անգամ ներկայացնում ենք նյույորքցի ինտելեկտուալ ու հավերժ նևրոտիկ Վուդի Ալենի՝ Եվրոպայից հուշանվերի տեսքով խայտաբղետ սառնարանի մագնիս ձևացող «Վիքի Քրիսթինա Բարսելոնա» կատակերգական մելոդրաման, որտեղ ներգրավված է արտահայտիչ դերասանական կազմ, ի դեմս՝ Սքարլեթ Յոհանսոնի, Ռեբեքա Հոլի, Խավիեր Բարդեմի և Պենելոպե Քրուսի:

Երկու գրավիչ ու հետաքրքրասեր ամերիկուհիներ՝ ամուսնանալ պատրաստվող, մտազբաղ ու գործունյա Վիքին (Ռեբեքա Հոլ) և հերթական անախորժ սիրավեպից ցրվել ցանկացող երազկոտ Քրիսթինան (Սքարլեթ Յոհանսոն) ժամանում են Բարսելոնա: Վիքին նաև պատրաստվում է ավարտին հասցնել իր դիպլոմային աշխատանքը՝ «Խորհրդավոր կատալոնական հոգի» վերնագրով: Աղջիկները զբոսնում են պատկերավոր լոկացիաներով, ուսումնասիրում գողտրիկ փողոցներն ու Գաուդիի արվեստը, շփվում տեղացի ամերիկացիների հետ: Նմանատիպ այցերից մեկի ժամանակ նրանց պատմում են նկարիչ-աբստրակցիոնիստ Խուան Անտոնիոյի (Խավիեր Բարդեմ) մասին, ով վերջերս աղմուկ-աղաղակով բաժանվել է կնոջ՝ Մարիա Ելենայի (Պենելոպե Քրուս) հետ՝ ամուսիններից մեկը պատրաստվում էր մյուսին սպանել, ով ում՝ այդքան էլ պարզ չէ: Նմանատիպ ներածությունից հետո Խուան Անտոնիոն մոտենում է ընկերուհիներին ռեստորանում, ընթրիքի ժամանակ, և պարզ ու հանգիստ տոնով առաջարկում միասին ուղևորվել հարևան քաղաք Օվյեդո՝ խաչված Հիսուս Քրիստոսի քանդակը տեսնելու, տեղական գինի խմելու և միասին սիրով զբաղվելու նպատակով: Այստեղ Վիքին կատարում է հավերժ նյարդային ու անդադար ջղաձգորեն փնթփնթացող ալենական էկրանային ալտեր-էգոների մեկի դերը՝ տարակուսանքից կմկմկալով ու լարվածությունից քամահրանքով նա, կարծես, սաստեցնում է Խուան Անտոնիոյին: Սակայն Քրիսթինային իսպանացին միանգամից դուր է գալիս, և այնուամենայնիվ ամերիկուհիները ուղևորվում են նկարչի հետ ռոմանտիկ ճանապարհորդության՝ դառնալով եռակողմ սիրավեպի մեկնարկի ակտիվ մասնակիցները:

 

IMG 0121 960x519 - Ի՞նչ դիտել տանը. Վուդի Ալենի կրքոտ, զվարճալի ու հմայիչ կարծրատիպերով լի «Վիքի Քրիսթինա Բարսելոնա»-ն

Այս ֆիլմի համար հատկացված ամբողջական բյուջեն Ալենը ստացել է Բարսելոնայի մունիցիպալիտետից՝ դարձնելով առանց այդ էլ զբոսաշրջիկների կողմից այդքան սիրված իսպանական քաղաքը եվրոպական Էդեմ: Սակայն պարզամիտ պատմության հաջողության գրավականն ու ռեժիսորի նախորդ՝ դոստոևսկիական մթնոլորտով սառը բրիտանական թրիլերներից արևոտ ու կրքոտ լավ-սթորիի կողմ շեղվելու պատճառը ոչ թե կառավարչական եվրոներն էին, այլ Ալենի մարդկային հարաբերություններ պարզելու ու ռեֆլեկսիական ինքնավերլուծությամբ զբաղվելու սիրելի, անվերջ մոլուցքը: 20-րդ դարի սկզբի տրիվիալ վոդեվիլների ոճի կանոններին համաձայն հերոսները տեղափոխվում են մի զվարճալի իրավիճակից մյուսը՝ տեղ-տեղ ներկայացնելով հանդիսատեսին մաքուր դրամատիկ ու իսպանական կոլորիտին հատուկ կանխատեսելի տրամադրություն հաղորդող իրավիճակներ, ինչպես, օրինակ՝ Խուան Անտոնիոյի ու Քրիսթինայի խոհանոցի հատակին սեքսի տեսարանը: Իրար հակադրելով այդքան տարբեր ու անգամ իրարամերժ հերոսուհիների՝ Ալենը գնում է մի ծայրահեղությունից մյուսը: Վիքին ցանկանում է ամուսնանալ ոչ թե հօգուտ սիրո կամ հոգեհարազատ մարդու հետ ամբողջ կյանքն անցկացնելու համար, այլ հանուն ապահով ստաբիլության: Քրիսթինան ինքն էլ չգիտի, թե ինչ է ցանկանում, այդ իսկ պատճառով փորձում է ինչ ասես՝ վերջում եզրակացնելով, որ չէ, դա էլ չի ուզում: Խուան Անտոնիոն ուղղամտորեն պատմում է իր ամուսնական անցյալի ու խելահեղ (բառացի) կնոջ մասին, ինչը կողքից կարող է ստեղծել հուսահատ մաչոյի վարժ սովորած փիքափերական ճարպկության տպավորություն, սակայն անտիկ կատակերգության կամ դասական դարձած ֆարսի տրամաբանության համաձայն իր պատմածը բառացիորեն կենդանանում է արկածախնդիր ամերիկուհիների և այդ թվում նաև անձնական կյանքի պիկանտ մանրամասներ ակնկալող հանդիսատեսի աչքի առջև: Իհարկե, Ալենը այստեղ նաև խաղում է կարծրատիպերի հետ և անգամ ձեռք առնում եվրոպական էկզոտիկայի սիրահարներին, առաջին հերթին՝ իր հայրենակիցներին: Սկզբից գրավիչ ու այդքան ցանկալի իսպանական մոլուցքն ունի իր հակառակ՝ մութ կողմը, որը հղի է եթե ոչ կյանքի, ապա առողջության համար վտանգավոր հանգուցալուծումներով:

 

IMG 0142 1024x554 1 960x519 - Ի՞նչ դիտել տանը. Վուդի Ալենի կրքոտ, զվարճալի ու հմայիչ կարծրատիպերով լի «Վիքի Քրիսթինա Բարսելոնա»-ն

Բայց նման մենաժ-ա-տրուա-յի ու ամենաթողության պիտակի տակ ընթացող ամառային սիրառատ ու խճճված կծիկի պարագայում էլ անբարոյականության մասին անգամ խոսք էլ չի կարող գնալ. ամեն ինչ այժմեական է, արդարացված, անկեղծ և ցանկալի, իսկ եթե ցանկալի է՝ ուրեմն լավ է: Ինչպես ուղիղ և առանց որևէ կեղծավոր ետին մտքի Բարդեմի հերոսը գայթակղում է աղջիկներին, այդպես էլ մեկ այլ Խավիեր՝ ֆիլմի օպերատոր Ագիրեսարոբեն, ով բազմիցս ներկայացրել է հայրենի Իսպանիան ամենաակնառու ռեժիսորների ֆիլմերում, անկեղծ է տեսախցիկի ետևում: Նա լցնում է ալենական պատումը մեղրային, ոսկեզօծ, աուտենտիկ երանգներով՝ խոստոնալով ծով հաճույք ու խտացված, թունդ կատալոնիական ջերմություն: Նարատիվը կադրից դուրս հնչող պատմողի ձայնով ընդգծում է պատմության զվարճալի անհեթեթությունն ու անկաշկանդ զավեշտալիությունը, որտեղ Ալենն օգտագործում է իր տիպաժային կերպարներին ամենատարբեր ռակուրսներից: Խիստ ռոմանտիկ իրավիճակի ժամանակ կատաստրոֆիկ անսպասելի կարող է հայտնվել սիրեկանիդ նախկին կինը՝ ատրճանակը ձեռքին, և չեխովյան ծրագրի համաձայն փամփուշտն անպայման դուրս կգա փողից՝ չեղարկելով այդքան սպասված մտերմության վերջին հնարավորությունը: Բերգմանական էքզիստենցիալիզմի ու նյու-յորքյան հրեական ցինիզմի արանքում Ալենը հասկացել է՝ ողբերգությունն ու կատակերգությունը քայլում են կողք կողքի, ինչպես իրար այդքան չնման երկու ընկերուհի, իսկ թվացյալ հեփի-էնդը պարտադիր նախապայման չէ, անգամ եթե ամեն ինչ արևոտ է, անհոգ ու չափազանց հեշտալի:

 

 

 


Ի՞նչ դիտել տանը. Ջեյք Ջիլենհոլի մասնակցությամբ «Հոկտեմբերյան երկինք» կենսագրական դրաման

Ի՞նչ դիտել տանը. Մեգ Ռայանի և Թոմ Հենքսի «Դուք նամակ ունեք» դրամեդին

Բացառիկ հարցազրույց Ոսկե ծիրանի պատվավոր հյուր Փոլ Շրեյդերի հետ

Իսպանական 5 հեռուստաշոու, որոնք հաստատ արժե դիտել

Ինչ դիտել տանը. գարնանային մթնոլորտ ունեցող ֆիլմացանկ

5 զվարճալի, երգիծական, ամերիկյան ֆիլմ ընտրությունների մասին

Վուդին՝ «Allen v. Farrow» վավերագրական ֆիլմաշարի մասին

Հասանելի է Վուդի Ալենի սեքս-սկանդալի մասին պատմող «Allen v. Farrow» վավերագրական ֆիլմաշարի թրեյլերը

Ինչ դիտել տանը. Փոլ Գրինգրասի՝ «Լուրեր ամբողջ աշխարհից» անշտապ վեսթերնը

2019-2020-ի լավագույն ֆիլմերից 5-ը. Սոֆիա Կոպոլայի նոր dramedy-ից մինչև Կաննի ռումինական էքշն-թրիլեր

10 ռոմանտիկ կատակերգություն՝ Netflix-ից

5 Սուրբծննդյան կատակերգություն, որոնք դուք հնարավոր է դեռ չեք տեսել

Քաջալերող և փոխակերպող ֆիլմացանկ. 3 լավ ֆիլմ

Ընտանեկան, բարի և ոգեշնչող 3 պատմություն, որն արժի դիտել բարդ ժամանակներում

«Ձայն մարդկային». Պեդրո Ալմոդովարի և Թիլդա Սուինթոնի սիրո մանիֆեստը

Վերաիմաստավորելով և վերգտնելով կյանքի նշանակությունը. 5 ֆիլմ