Ի՞նչ կարդալ ամռանը. խորհուրդ է տալիս Գրքամոլը - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Ի՞նչ կարդալ ամռանը. խորհուրդ է տալիս Գրքամոլը

Ամառը պարզապես հիանալի եղանակ է լավ գրքեր կարդալու համար… չնայած գրքասերների համար ցանակացած եղանակ էլ «գրքի եղանակ» է: Սակայն ամռանը, երբ կյանքն ակտիվանում է և միևնույն ժամանակ հաճելի կերպով «թմրում», կարող ես գրքերդ վերցնել ու մոտակա այգում «վրան խբել»: Եվ ուրեմն ձեզ օգնելու համար VNews-ը շարունակում է իր համագործակցությունը Գրքամոլ հայտնի ակումբի հետ և ներկայացնում է մի քանի գիրք, որ կարող եք վայելել այս ամառ ձմերուկի ու պաղպաղակի հետ:

Հերման Հեսսե` «Դեմիան»

Առաջին անգամ 1919թ.-ին տպագրված այս դաստիարակչական վեպը պատմում է միջին խավի ընտանիքում մեծացած Էմիլ Զինքլերի մասին, որը տարված է այնպիսի հարցերով, ինչպիսիք են «ի՞նչ է կյանքը» և «ո՞ւր է տանում իրեն իր կյանքը»: Էմիլի ողջ գոյությունը նման է երկու աշխարհների միջև պայքարի՝ պատրանքի և իրական ճշմարտության աշխարհների: Ընտրելով իր առեղծվածային դասընկեր Մաքս Դեմիանին որպես իր «առաջնորդ»՝ հերոսը հեռանում և ընդվզում աշխարհի իդեալների դեմ՝ փորձելով ինքնուրույն կայանալ որպես մարդ:

Ջերոմ Դեյվիդ Սելինջեր` «Փրկիչը տարեկանի արտում»/«Տարեկանի արտում՝ անդունդի եզրին»

Սելինջերն այս վեպը նախատեսել էր մեծահասակների համար, սակայն դրա թեմատիկան այնքան համընդհանուր էր, որ այն նաև մեծ ճանաչում գտավ երիտասարդների շրջանում: Այս ստեղծագործությունը պատմում է 17-ամյա պատանի Հոլդենի մասին, որը Սելինջերին հատուկ սարկազմով և անկեղծությամբ խոսում է ամերիկյան իրականության և իր կյանքի մասին, որն իր կարծիքով գտնվում է անդունդի եզրին: «Փրկիչը տարեկանի արտում» վեպը 20-րդ դարի 100 լավագույն անգլալեզու վեպերից մեկն է և կարևոր գործ է համարվում համաշխարհային գրականության մեջ:

Անտուան դը Սենտ-Էքզյուպերի՝ «Մարդկանց Երկիր»

«Մարդկանց երկիր» գրքում տեղ են գտել հեղինակի՝ տարիների ընթացքում գրված պատմվածքները, խոհագրությունները, հուշերը, որ այստեղ հանդես են գալիս որպես առանձին գլուխներ: Օդաչուի՝ իր կենսագրության, օդագնացության խնդիրների, թանկագին ընկերների, անապատի, օազիսի, անապատի թափառական ցեղերի կենսակերպի մասին պատմող այդ դրվագներն ամբողջացնում է ընդգրկուն խորհրդածությունը մարդկային ճակատագրի, երկրի վրա մարդու առաքելության շուրջ: Ըստ Էքզյուպերիի՝ յուրաքանչյուր մարդու ճակատագիրը բացահայտվում է միայն և միայն անվերջանալի ինքնահաղթահարման ճանապարհին:

Անդրե Մորուա՝ «Նամակներ Անծանոթուհուն»

«Նամակներ անծանոթուհուն» ստեղծագործության հասցեատերը հեղինակի կողմից հորինված կինն է, որը գրողի իդեալն է: Ստեղծագործությունը եսը չփոխելու, մեկին դուր գալու, կյանքում հաջողության հասնելու և ամուսնական կյանքում երջանիկ լինելու մասին է: Վերջինս հեղինակի համար կարևոր է, քանի որ ընտանիքը նրա համար հասարակության ամենահիմնական մասնիկն է:

Հրանտ Մաթևոսյան՝ «Կանաչ Դաշտը»

Պատմողը մտաբերում է իր մանկությունից մի դրվագ, երբ ինքը փոքր հովիվ էր և դաշտում մի պառավ կարմիր ձի արածում էր իր քուռակի հետ: Բայց հովտում վտանգ կար և ձին զգում էր դա: Գայլը մոտ էր և պատրաստվում էր հոշոտել քուռակին: Սակայն ինչպես ցանկացած մայր պառավ ձին ամեն կերպ փորձում էր պաշտպանել իր ձագին:

Էլ Ջեյմս՝ «Ավելի մուգ հիսուն երանգները»

Արդեն հայտնի հերոսներ դարձած Քրիսթիանի և Անայի պատմությունը շարունակվում է գրքաշարի այս երկրորդ մասում: Աննան հեռացել է Քրիսթիանի դաժանության պատճառով, սակայն դեպքերի նոր զարգացումը նրանց կարող է կրկին մտերմացնել: Այս գրքում հայտնվում է մի «անսպասելի» հյուր, որը կարող է նրանց կյանքը գլխիվայր շրջել:

Դեն Բրաուն՝ «Ինֆեռնո»

Երկրի և մարդկության փրկության սևեռուն գաղափարով տարված տաղանդավոր գիտնականի ահասարսուռ ուղերձի հետքով են ընթանում գրքի հերոսները: Ամերիկացի պրոֆեսորը և նրա հնարամիտ ուղեկցորդուհին խելահեղ որոնումների մեջ են հիասքանչ Ֆլորենցիայում, Վենետիկում և Ստամբուլում: Արդյո՞ք զուր են ջանքերը… Վեպում անդադար փախուստ է և փնտրում. ընթերցողի առջև մերթ ընդ մերթ հառնում է Դանտե Ալիգիերիի դժոխքը՝ Ինֆեռնոն, և ոչ միայն «Աստվածային կատակերգության»՝ գաղտնաբառեր ծառայող տողերում, այլև Վերածննդի մեծագույն վարպետների կտավներում:

Սոմերսեթ Մոըմ՝ «Երփներանգ Շղարշը»

Վեպը քննարկում է Անգլիայի պատմության այն բեկումնային շրջանը, երբ կանայք թեպետ ունեին ընտրելու իրավունք, սակայն, ճնշվելով նախապաշարումներից և նախկին ավանդույթների անբեկանելիությունից, ըստ էության զրկված էին այդ ընտրությունն իրականացնելու հնարավորությունից: Պատմության հերոսուհին՝ Քիթին, տեղի տալով մոր հորդորներին, ամուսնանում է երիտասարդ բժշկի հետ, ում հանդեպ անտարբեր է, և շուտով սիրավեպ է սկսում մեկ այլ տղամարդու հետ. հետևանքները լինում են ավելի քան անսպասելի ու անդառնալի: Ի վերջո Քիթին հասկանում է, որ աղջիկներին պետք է դաստիարակեն ոչ թե որպես հեզ ու անխելք տանտիկիններ, այլ լայնախոհ ու անկախ անհատականություններ:

Տես նաև՝


17 գիրք միանգամից [մեզ լավ նվեր Անտարեսից]

Պրահայի հրաշքը. Կլեմենտինում գրադարանը

Մաթևոսյանը Աստծո, մարդու, ապրելու մասին…[մեջբերումներ]

Սարոյանի և Հրանտ Մաթևոսյանի հոր հանդիպումը…

Ոչ մի շաբաթ առանց Մաթևոսյանի [ժողովածուի մասին պատմում է Հայկ Համբարձումյանը]

ԶԱՆԳԱԿ հրատարակչության 2019-ի բեսթսելլերները [10 գիրք]

ԳԱՐԵՋՈՒՐ ՀԱՆՃԱՐԻ ՀԱՄԱՐ․ Սամվել Սևադա [հուշեր Հրանտ Մաթևոսյանի մասին]

Տաղանդի մութ կողմերը. Էքզյուպերի, Վուլֆ և Սելինջեր

«Քյուրքչյան» հրատարակչություն

Ի՞նչ կարդալ սեպտեմբերին. խորհուրդ է տալիս VNews-ը

5 վայր, որ պետք է գնաս, եթե գրող ես [մուսայի հետևից]

Վայրեր, որտեղ եղել են հայտնի գրական հերոսները, իսկ այսօր կարող ես գնալ նաև դու

Ի՞նչ կարդալ օգոստոսին. Խորհուրդ է տալիս VNews-ը

5 հայտնի #ԳրքաՍրճարան, որ պետք է այցելել [աշխարհ]

5 գիրք Անտարեսից [2019-ին լույս տեսած]

Հատված արքայադուստր Դիանայի ինքնակենսագրականից