Ինչե՞ր բերեց մեր գլխին 2020-ը. ամփոփում - VNews

Ինչե՞ր բերեց մեր գլխին 2020-ը. ամփոփում

20200 min - Ինչե՞ր բերեց մեր գլխին 2020-ը. ամփոփում

Մի պահ հիշենք. ի՞նչ երազանքներ էինք մտապահում, երբ 2020-ը նոր-նոր թակում էր մեր ու ձեր կյանքի դռները… Ավելի ուշ, կյանքը զարգացման մի այնպիսի ուղի բռնեց, որ բոլորիս երազանքները՝ կապված 2020-ի հետ, բացարձակապես անկարևոր դարձան: Կարճ ասած՝ 2020-ը անանձնական ցավերի ու միասնական դժբախտությունների տարի էր, ինչ-որ տեղ՝ համամարդկային դժբախտությունների: Այս անդրադարձը ո՛չ մշակութային է, ո՛չ քաղաքական, ո՛չ առողջապահական. սա մարդկային անդրադարձ է՝ մի պահ գիտակցելու այն ամենն, ինչ մեր գլխին բերեց 2020-ը, ու երկար արժեվորելու՝ մեր անցածն ու մեր սպասվելիքը:

Գնացինք:

Անտառային հրդեհներ Ավստրալիայում. ի՞նչ ունենք արդյունքում

2020-ը եկավ, երբ Ավստրալիայում շարունակվում էին անտառային հրդեհները, որոնք  սկիզբ էին առել դեռևս 2019-ից, և որոնք, երկրի պատմության կտրվածքով, աննախադեպ էին: Այսպիսով, Անտառային հրդեհների առդյունքում ոչնչացան շուրջ մեկ մլրդ. կենդանիներ. այս գնահատականն է տվել Սիդնեյի համալսարանը: Այրվել են միլիոնավոր հեկտար հողեր, զոհվել է 27 մարդ, ավերվել է ավելի քան 2000 բնակելի տուն: Հետհայացք նետելով՝ կարելի է հիշել, թե մենք ու միջազգային հանրությունն ինչ սրտացավորեն էինք վերաբերվում կենգուրուների և կոալաների ոչնչացմանը…իսկ հիմա, ուղղակի, անցնենք առաջ:

Ծնվեց COVID-19-ը

կոռոնա min 960x546 - Ինչե՞ր բերեց մեր գլխին 2020-ը. ամփոփում

2020 թվականի հունվարի 1-ին Ուհանի հայտնի  շուկան փակվեց, իսկ կորոնավիրուսի կլինիկական դրսևորումներ ունեցող մարդիկ մեկուսացվեցին: Շուտով, կորոնավիրուսային վարակը հաստատվեց 41 ուհանցիների մոտ: Հունվարի 9-ին գրանցվեց առաջին մահվան դեպքը՝ վարակից. մահացավ 61-ամյա մի տղամարդ: Չինաստանի սահմաններից դուրս առաջին դեպքը գրանցվեց հունվարի 13-ին. վարակվածը 61-ամյա կին էր, երը հունվարի 8-ին Ուհանից մեկնել էր Թայլանդ: Ավելորդ է նշել, որ մեր հանրապետության տարածքում մարդիկ, այդ օրերին զբաղված էին հետտոնական գործերով, իսկ Քովիդը մեզ համար,  ինչ-որ հեռու ու մտացածին բան էր, որը «բարի մարդկանց չպիտի դիպչեր»: Հայաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվեց 2020-ի փետրվարի 28-ին. այն ամենն, ինչ կատարվեց հետո հիշում ենք բոլորս: Մենք սկսեցինք հույս դնել սխտորի և կոճապղպեղի, տնական օղու և այլ հին ու բարի միջոցների վրա. ամենը՝ ապարդյուն: Հասարակական տրամադրությունները հաջորդում էին իրար. մարդկանց մի մասը վստահ էր, որ Քովիդը, ոչ այլ ինչ է, քան քաղաքական խաղ (ի դեպ, շատերն այդպես են մտածում մինչ օրս), մյուս՝ խուճապահար մասը, ոչ միայն վստահ էր, որ կորոնավիրուսն իրական վտանգ է ներկայացնում մարդկության համար, այլև գրանցվել էր «համաճարակի դեմ հեռահար պայքարի կամավորական ջոկատներում» և իր պարտքն էր համարում ամեն Աստծո օր հիշեցնել մարդկանց՝ հիգիենայի կանոնների մասին: Հայերի մի զգալի մաս, իհարկե, անմիջապես դարձան համաճարակաբաններ ու առողջապահության նախագահներ՝ պնդելով, որ շատ ավելի լավ գիտեն, թե ինչպես հաղթահարել համաճարակը, մեկ այլ զնագված էլ, իհարկե, խիստ սրտնեղում էր՝ տեսնելով հարևան Վրաստանի քովիդային ցածր թվերը, սակայն ինչպես ցույց տվեց ժամանակը՝ ծիծաղում է նա, ով վերջում է ծիծաղում: Այս էմոցիոնալ վայրիվերումների հետ զուգընթաց երեխաները սկսեցին դպրոց հաճախել՝ «տնից», այսինքն չհաճախել, աշխարհի լավագույն թանգարանները սկսեցին «առցանց այցելուներ» ընդունել, տարվա թոփ-մասնագիտները դարձան սննդի առաքիչները, մեծահասակների մի զգալի մասն անցավ հեռահար աշխատանքի, մի զգալի մասն էլ՝ կորցրեց աշխատանքը….

Արդյունքում… դեկտեմբերի 27-ի տվյալներով COVID-19-ից Հայաստանում բուժվում է 15 հազար 280 մարդ։ Կորոնավիրուսի դեպքերի թիվը հասել է 157 հազար 834-ի, հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը՝ 2 հազար 768-ի: Կորոնավիրուսը դեռևս հաղթահարված չէ:

Հպանցիկ նշենք նաև, որ փետրվարի 1-ին Մեծ Բրիտանիան պաշտոնապես դուրս եկավ Եվրամիության կազմից: Ավելի ուշ՝ մարտի 17-ին, պատմության մեջ առաջին անգամ Եվրոպայի ֆուտբոլի առաջնությունը հետաձգվեց, իհարկե, Քովիդի պատճառով, նույն օրը Եվրոմիությունը փակեց արտաքին սահմանները՝ 30 օրով: 

Անցնենք առաջ: 

Մայիս ու Black Lives Matter

jokeerrnn - Ինչե՞ր բերեց մեր գլխին 2020-ը. ամփոփում

Մինչդեռ աշխարհում մոլեգնում էր կորոնավիրուսյան համաճարակը, ԱՄՆ-ում թափ առան մասսայական անկարգությունները, հրկիզումները, թալանն  ու բռնությունները։ Դեռևս 2013-ից հայտնի «BlackLivesMatter» շարժումը, այդ օրերին նոր արտահայտչամիջոցներ ստացավ՝ աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո։ Մինեապոլիսում Ջորջ Ֆլոյդին իրավապահները փորձել էին ձերբակալել` կեղծ թղթադրամ շրջանառելու կասկածանքով: Իրավապահներից մեկը մոտ 9 րոպե ծունկը սեղմած պահել էր տղամարդու կոկորդին․․․ Հետագայում դիահերձումը արձանագրեց, որ տղամարդու մահը վրա է հասել շնչահեղձ լինելու հետևանքով։ Երկրում բռնկվեցին ցույցեր, որոնք ուղեկցվեցին իրավապահների ու ցուցարարների բախումներով, թալանով ու հրկիզումներով։

Զուգահեռ իրականության մեջ՝ Ռուսաստանում,  հուլիսի 1-ին ավարտվեց Սահմանադրության փոփոխությունների քվեարկությունը, որն ընթանում էր մեկ շաբաթ: Պաշտոնական տվյալները վկայում էին՝ ռուսաստանցիների գրեթե 78 տոկոսը պաշտպանել է Վլադիմիր Պուտինի առաջարկած փոփոխությունները: Իսկ Հնդկաստանում և Բանգլադեշում «Ամֆան» հզոր ցիկլոնը 84 մարդու կյանք խլեց:  

«Жыве Беларусь!», թավշյա երազանքներ

belaruuuus - Ինչե՞ր բերեց մեր գլխին 2020-ը. ամփոփում

2020 թվականի մայիսի 31-ին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում և երկրի այլ քաղաքներում սկիզբ առան բողոքի ցույցեր՝ ընդդեմ, երկրի նախագահի պաշտոնում, Ալեքսանդր Լուկաշենկոյի վերընտրման հեռանկարի, ցույցերն ավելի մեծ թափ առան օգոստոսին, մասնավորապես` օգոստոսի 9-ին տեղի ունեցած ընտրություններից հետո, որտեղ, ըստ պաշտոնական տվյալների, Լուկաշենկոն անսակարկելի հաղթանակ տարավ՝ առաջին փուլում: Մենք, իհրակե, նայում էինք ուղիղ հեռարձակումն ու լցվում նոստալգիկ տրամադրություններով. ձերբակալություններ, բիրտ ուժի կրառում, ծեծ ու ջարդ… այո, «Բածկան» մի տևական ժամանակահատված մոռացնել տվեց կորոնավիրուսն ու դրա սպառնալիքները և դարձավ շրջանառվող մեմերի գլխավոր դեմքը: Արդյունքում, Բելառուսի նախագահը շարունակում է մնալ Լուկաշենկոն. չէ՞ որ « любимую не отдают»:

Հունիս-հուլիսը համեմատաբար ավելի խախաղ ընթացավ՝ չնայած կորոնավիրուսի աճող թվերին: Հարևան Ռուսաստանը անցկացվեց Հաղթանակի շքերթը, որը հետաձգվել էր մայիսի 9-ին՝ համաճարակի պատճառով: Հայաստանում հուլիսը նշանավորվեց գրականության նոր չափորոշիչների շուրջ ծավալվող քննարկումներով, իսկ Խաբարովսկում սկսվեցին ինքնաբուխ ցույցեր՝ ի պաշտպանություն  կալանավորված նահանգապետ Սերգեյ Ֆուրգալի. այս ինքնաբուխ բողոքը դարձավ ամենամասշտաբայինը՝ Ռուսաստանի նորագույն պատմության մեջ: Հուլիսի 18-ին էլ հրդեհ բռնկվեց ֆրանսիական ամենամեծ գոթական տաճարներից մեկում:

 

Բեյրության պայթյուն

libanannn 960x546 - Ինչե՞ր բերեց մեր գլխին 2020-ը. ամփոփում

Օգոստոսն իսկական աղետ դարձավ Բեյրութի բնակչության համար. աղետ, որը տեղի ունեցավ Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստում, 2020 թվականի օգոստոսի 4-ին՝ երեկոյան: Պայթյունները երկուսն էին, երկրորդի ընթացքում պայթեց ավելի քան 2750 տոննա ամոնիումի նիտրատ: Զոհերի թիվը հասավ 200-ի, շուրջ 6000 մարդ վիրավորվեց, քաղաքը դարձավ անճանաչելի, իսկ 300 000 բնակիչ մնաց անօթևան: Հարվածի ալիքը ամբողջությամբ ոչնչացրեց 3 հիվանդանոց, դեղերի մեծ պահեստ, 2 հիվանդանոց մեծ վնասներ կրեցին: Վնասվեցին նաև լիբանանյան մի քանի թանգարաններ, պատկերասրահներ, այս ամենից զերծ չմնաց նաև, վերջերս վերականգնված, Սուրսոկի ժամանակակից արվեստի թանգարանը:

Օգոստոսը պոստսովետական ինտրիգների ամիս էր. բելառուսյան իրադարձություններին ավելացավ ևս մեկը՝ արդեն բուն Ռուսաստանի տարածքում: Օգոստոսի 20-ին ռուս բլոգեր և ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին թունավորմամբ հոսպիտալացվեց Օմսկի հիվանդանոցում, ավելի ուշ նրան տեղափոխեցին Գերմանիա: Մինչդեռ այնտեղ՝ Եվրոպայում մասնագետները հաստատում էին թունավորման փաստը, Ռուսաստանում խիստ հերքում էին ու խորհորդ տալիս ՝ նման դեպքերում Ռաֆաելլո ուտել. դե ինչ, «խոսքերն ավելորդ են»…

Սեպտեմբերի 27, օրը՝ կիրակի. մինչդեռ մենք արթնանում էինք զարթուցիչներից, Արցախում բնակվող մեր հայրենակիցներին զարթուցիչ դարձան պայթյունները: Սկսվեց Արցախյան երկրորդ պատերազմը: Տղամարդիկ մեկնեցին առաջնագիծ, նրանք, ովքեր մնացել էին, սկսեցին զբաղվել թիկունքն ամուր պահելու գործով, նոր տերմիններ մտան մեր բառապաշար, աղջիկներն իրենց հեռախոսահամրները ուղարկեցին սահման՝ մի-մի շոկոլադե սալիկի վրա, Համահայկական հիմնադրամին գումար փոխանցելը դարձավ ամենաարդարացված ծախսը, մարդիկ սկսեցին ամեն օր իրենց մտերիմների անունները փնտրել՝ անմահացած զինվորների շարքերում: Արդյունքը հայտնի է բոլորիս: Պատերազմն իր հանգուցալուծմանը հասավ միայն նոյեմբերի 10-ին՝ մինչ այդ հասցնելով խլել հազարավոր կյանքեր, հազարավոր մարդկանց տներ ու, վերջնարդյունքում, հայրենիքի մի մեծ կտոր: 

 

Ահաբեկչություններ՝ հոկտեմբերին

Փարիզի Սենտ Օնորին արվարձանում, 2020 թվականի հոկտեմբերի 16-ին սպանվեց Ֆրանսիայի միջնակարգ դպրոցի ուսուցիչ Սամուել Փաթին: Ահաբեկիչը՝  ազգությամբ չեչեն մի երիտասարդ, որը վստահ էր, թե Սամուելի ցուցադրած ծաղրանկարները վիրավորում են իսլամականների զգացմունքները: Աբդուլլահ Աբուեզիդովիչ Անզորովը սպանել և գլխատել է Փաթիին 30 սանտիմետրանոց դանակով, ինչից հետո 18-ամյա փախստականին գնդակահարել են ոստիկանները՝ ձերբակալության ժամանակ: Էմանուել Մակրոնն այցելել է դպրոց, որտեղ աշխատել էր Փաթին, և հայտարարել, որ այդ միջադեպը «իսլամիստների տիպիկ ահաբեկչական հարձակում էր»:  Շուտով, մի թունիսցի ռադիկալ մահմեդական ահաբեկչական գործողություն է իրականացնում Ֆրանսիայի հարավում գտնվող Նիցա քաղաքում. նա դանակահարում է երեք մարդու, իսկ 10 րոպե անց ձերբակալվում է: Շատ չանցած մեկ այլ ռադիկալ իսլամիտ հարձակվում է ոստիկանների վրա՝ Ավինյոն քաղաքում: Այսպիսով, մինչդեռ Ֆրանսիայում հայտարարվում է «ահաբեկչական վտանգի մաքսիմալ մակարդակ», մերձավոր արևելքում սկսվում են հակաֆրանսիական ցույցեր:

 

Մնում է հուսալ, որ 2021-ը մի քիչ ավելի մեղմ կգտնվի մեր նկատմամբ: 


9×10 փաստ մեր բոլորի մասին (ամենաընթերցված)

Սիրո ու հարաբերությունների հոգեբանություն (ամենաընթերցված)

Հանճարների մութ կողմերը. (ամենաընթերցված)

2020-ի լավագույն 12 ֆիլմերը, ըստ Անտոն Դոլինի

Ու՞մ անունն են ամենաշատը փնտրել Գուգլում

Ինչե՞ր տեղի ունեցան 2020-ին, բացի քովիդից ու պատերազմից

2020-ի լավագույն սերիալները

Նոր սերիալներ. 2020

«Օսկարը» կրկին առանց հաղորդավարի…

Ամանորյա ու տեղական. երգեր

Ամանորյա նվերների սխալ ընտրության մասին

Նոր տարի. թեթև տար

Secret Santa. ինչն ինչոց է

Երևանը Booking.com-ի 2020թ.-ի ամենաակտիվ տուրիստական քաղաքների ցանկում

3 մուլտ-մկնիկներ 2020-ին ընդառաջ…

Ինչպե՞ս զարդարել տունը Ամանորին ընդառաջ