-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
ՀՀ օրհներգը ընդունվել է 1991 թվականի հուլիսի 1-ին և հիմնված է Առաջին Հանրապետության օրհներգի վրա՝ տեքստի չնչին փոփոխություններով։ Հիմնի տեքստը վերցված է Միքայել Նալբանդյանի «Իտալացի աղջկա երգը» բանաստեղծությունից։ Հետագայում այն մշակել է Բարսեղ Կանաչյանը։ «Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» օրենքն Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2006 թվականի դեկտեմբերի 25-ին:
«Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» օրենքին կարող եք ծանոթանալ՝ այստեղ:
Գոյություն ունեն պետական, հեղափոխական, զինվորական, կրոնական, որևէ նշանավոր անձի կամ դեպքի պատվին գրված օրհներգեր։ Հին և միջնադարյան Հայաստանում կրոնական բնույթի օրհներգեր են եղել շարականները։
«Մեր հայրենիքի» խոսքերը հիմնված են Միքայել Նալբանդյանի 1861 թվականին գրած բանաստեղծության՝ «Իտալացի աղջկա երգը» վրա, որը ավելի հայտնի է իր առաջին բառերով՝ «Մեր հայրենիք»։ Երաժշտությունը գրել է Բարսեղ Կանաչյանը 20-րդ դարի սկզբին, որից հետո 1918-1920 թվականներին այն հռչակվել է որպես Հայաստանի առաջին հանրապետության օրհներգ։ Հայաստանում խորհրդային կարգերի սահմանումից հետո բոլշևիկները փոխում են օրհներգը։ Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության օրհներգը ստեղծվել է 1944 թվականին՝ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի երաժշտության և բանաստեղծ Սարմենի խոսքերի հիման վրա։ Այն որպես օրհներգ հնչեց մինչև 1991 թվականը, որից հետո՝ 1991 թվականի հուլիսի մեկին, Հայաստանի երրորդ հանրապետության Գերագույն խորհուրդը ՀՀ պետական օրհներգ հաստատեց «Մեր հայրենիքը»՝ հիմք ընդունելով Հայաստանի առաջին հանրապետության օրհներգը։
Օրհներգի խոսքերը գրվել են «Իտալացի աղջկա երգը» բանաստեղծության 1, 3, 4 և 6 տների հիման վրա, տեքստը ենթարկվել է որոշակի փոփոխությունների, որոնք էլ ներկայացնում ենք՝ ստորև:
Անվանի գրող և բանաստեղծ Միքայել Նալբանդյանի գրական ստեղծագործությունը գրվել է 1859 թվականին Դոնի Ռոստովում՝ հայերեն լեզվով։ Ստեղծագործությունը երկխոսության միջոցով ներկայացնում է ավստրիական կործանարար լծից ազատվելու ուղղությամբ Ջուզեպպե Գարիբալդիի մղած ազգային-ազատագրական պատերազմը: Ըստ երևույթի, բանաստեղծությունը Իտալիայի օրինակով վեր է հանում հայ ժողովրդի առջև ծառացած խնդիրենրը՝ հորդորելով միահամուռ ուժերով ընդդիմանալ գերությանն ու պայքարել հանուն ազատության և անկախության։
Միքայել Նալբանդյանի ստեղծագործությունը ներկայացնում է Ավստրիական կայսրության դեմ Իտալիայի մղած ազգային-ազատագրական պատերազմը՝ «քույր-եղբայր» երխոսության տեսքով։ Իտալացի աղջիկը ռազմաճակատ է ուղարկում սիրասուն եղբորը՝ վերջինիս հանձնելով ազատության խորհրդանիշ հանդիսացող եռագույն իտալական դրոշը։ Խոսվում է այն մասին, որ հայրենիքի համար նահատակվելը անմահություն է, ինչպես նաև իտալացի կանանց խիզախության և ազգասիրության մասին։
«Իտալացի աղջկա երգը» կոչ է հայ ժողովրդին։ Միքայել Նալբանդյանը ստեղծագործությունում Իտալիան ընտրել է որպես անկախության համար պայքարող երկրի օրինակ՝ հորդորելով հայերին ևս հետևել այդ օրինակին։
Բանաստեղծությունն առաջին անգամ տպագրվել է Ստեփանոս Նազարյանի «Հյուսիսափայլ» հանդեսում 1861թ. «Իտալացի աղջկա երգ 1859 թվականից» վերնագրով: Հարկ է նաև նշել, որ դեռևս 19-րդ դարի երկրորդ կեսին, երբ հայ ժողովրդի մեջ ծաղկում էր ազատագրման գաղափարը, Միքայել նալբանդյանի այս ստեղծագործությունը յուրատեսակ, ոչ պաշտոնական օրհներգ էր: Այսինքն, հեղինակի միտքը իրականանում էր և բանաստեղծությունը ծառայում էր հեղինակի նպատակին: Կան որոշակի վկայություններ, ըստ որոնք երգը հնչել է Օսմանյան կայսրության դեմ բարձրացված Զեյթունի 1895թ. ապստամբության ժամանակ, ինչպես նաև այն ոգևորում էր 1915թ. Վանի ու Շապին Գարահիսարի հերոսական ինքնապաշտպանության մասնակիցներին: Ինչպես վկայում է ականատեսը, Ուրֆայի կռիվների հրամանատար Մկրտիչ Յոթնեղբայրյանի վերջին բառերն էին՝ «Ամենյան տեղ մահը մի է, մարդ մեկ անգամ կզոհվի…». թե որքանով է այս տեղեկությունը համապատասխանում իրականությունը, իհարկե, այլևս անհնար է հստակ իմանալ:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո