Ինչպե՞ս է առաջին սերն ազդում հետագա հարաբերությունների վրա - VNews

Ինչպե՞ս է առաջին սերն ազդում հետագա հարաբերությունների վրա

Մեր բոլոր միջանձնային հարաբերությունները, մասնավորապես նրանք, որոնք տեղի են ունենում առաջին անգամ, կարևոր ու որոշիչ են մեր հետագա ինքնազարգացման համար։ Ամենասկզբում մենք շրջակա աշխարհի հետ հարաբերվելու փորձ ենք ձեռք բերում՝ մեր ծնողների հետ շփվելով, ավելի ուշ՝ քույրեր-եղբայրների, հետագայում՝ ուսուցիչների, կամ մարդկանց, ում խոսը մեզ համար մեծ արժեք ունի, իսկ դեռահասական տարիքում մեր կյանքի «ինֆլյուենսերների» դերում են հանդես գալիս մեր ընկերները։

Հաջորդ էտապն առաջին սերն է, որը արթնացնում է զգացմունքների աննախադեպ տարափ ու հիմք հանդիսանում մեր հետագա ռոմանտիկ հարաբերությունների համար։ Սա տեղի է ունենում բոլորի հետ, և բացարձակապես կապ չունի, թե երբ եք սիրել առաջին անգամ։

«Անկախ այն բանից, թե երբ է վրա հասել ձեր առաջին սերը, հարկ է իմանալ, որ այն անպայման կազդի ձեր հետագա հարաբերությունների վրա։ Զգացմունքների ինտենսիվությունը դրոշմվելու է ձեր հիշողության մեջ, զուտ միայն այն պատճառով, որ դուք առաջին անգամ եք զգում էմոցիաների այդ փունջը։ Սա բացատրելի է թե’ բիոքիմիական, թե’ հոգեբանական տեսանկյունից։ Կենսաբանական տեսանկյունից տեղի է ունենում հետևյալը. ձեր օրգանիզմը հանկարծ շրջափակվում է այնպիսի հորմոններով, որոնց ազդեցությունը դուք նախկինում չեք զգացել»,- պնդում է ավստրալացի հայտնի հոգեբան Մելանի Շիլլինգը։

Պատահում է, որ առաջին սերը ձգվում է կյանքի տևողությամբ, թեև վիճակագրությունն այս հարցում դաժան է. այն վկայում է որ, առաջին սերն՝ ամուսնության, իսկ ամուսնությունը՝ «մինչև մահը չբաժանի»-ին գրեթե չեն հասնում։ Ի ուրախություն մեզ, մարդու՝ սիրահարվելու ունակությունը սուղ լիմիտներ չունի։ Մենք կարող ենք սիրահարվել կրկին ու կրկին՝ դասեր քաղելով նախորդ հարաբերություններից և  հաջորդը դարձնելով ավելի լավը։

Շիլլինգը խորհուրդ է տալիս՝ «Ընդունեք հստակ դիրքորոշում։ Եթե դուք իսկապես ուզում եք երջանիկ լինել, նոր սիրավեպ սկսելով՝ խուսափեք նախկին որոշումները նույնությամբ կրկնելուց ու նախկի սխալները գործելուց։ Մտածեք՝ նախորդ հարաբերություններից ի՞նչ «բեռ» չեք ուզում տանել ձեզ հետ դեպի նոր սիրավեպ…»։

Ի՞նչ «ժառանգություն» է մեզ մնում մեր առաջին հարաբերություններից, և ինչպես այն օգտագործենք, որպեսզի չփչացնենք հետագա սիրավեպերը՝ ստորև։

Առաջին անգամ սիրելով դու զգում ես, թե ինչպես է բաբախում սիրտդ կրծքիդ տակ, իսկ որովայնում թռվռում են հազարավոր թիթեռնիկներ, հենց այդ է պատճառը, որ բոլոր հաջորդ սիրավեպերում դու ակնկալում ես ունենալ նույն զգացողությունները։ Իրականությունն այլ է. քո դիմաց կանգնում է օրինակելի մարդ՝ լուրջ մտադրություններով, որը պատրաստ է քեզ Եվրոպա տանել արձակուրդներին և սուպարմարկետ՝ ամեն շաբաթ։ Այսուհանդերձ, նա չի սիրում լուսնի տակ բանաստեղծություններ կարդալ քեզ համար, օրվա մեջ վեց անգամ՝ սնվելուց առաջ և հետո, ասել, որ սիրում է քեզ, ամեն պատեհ-անպատեհ առիթով ծաղիկներ ու կոնֆետներ նվիրել։ Դու սկսում ես անհանգստանալ՝ ու՞ր է այդ ամենը, ու՞ր կորավ խելահեղ սեքսը՝ մաքուր օդին, գիշերային խրախճանքները ակումբներում, դրամատիկ վեճերն ու ռոմանտիկ հաշտությունները… դու սկսում ես ձանձրանալ։

Այս մոտեցումը հասկանալի է դեռահասական մաքսիմալիզմի տեսանկյունից, սակայն աբսուրդային է արդեն հասուն հարաբերությունների համար։ Գուցե դուք դեռևս չեք նկատել, բայց ձեր պահանջներն ու կարիքները փոխվել են՝ մեծանալուն զուգընթաց, ու այլևս այնպիսին չեն, ինչպիսին էին առաջին սիրո օրերին։  Հենց սա է վերոնշյալ «ժառանգությունը», որից պետք է գլուխ հանել։ Գիտակցել, որ այնպես, ինչպես եղել է առաջին անգամ, այլևս չի լինելու։ Հարցը ավել կամ պակաս սիրելու մեջ չէ, հարցը սիրո այլ արտահայտչամիջոցներ ունենալու մեջ է։

Առաջին սիրո մասին հիշողությունները մեզ ստիպում են միամտաբար կարծել, թե բուռն կրքերն ավելի կարևոր են քան հոգատարությունն ու կայունությունը։

Չի կարելի իդեալականացնել առաջին սերը։ Պատկերացրեք, որ վերադարձել եք շրջագայությունից և ձեզ հարցնում են, թե ինչպես է այն անցել։ Դու իհարկե  նկատի կունենաք բոլոր հիացմունքներն ու հիասթափությունները և վստահ կպատասխանեք այդ հարցին։ Հենց այդպես էլ վերաբերվեք առաջին սիրուն. վերադառնալով այդ «սուպերճանապարհորդությունից», դուք պիտի հստակ իմանաք՝ ինչ եք ձեռք բերել և ինչ եք կորցրել։ Պատմեք ինքներդ ձեզ ձեր հարաբերությունների մասին, և մի դարձրեք այն գրաքային վեպ՝ օտարելով ձեզնից։ Որպեսզի առաջին սերը դառնա դրական ու արդյունավետ դաս, պետք է նայել դրան՝ առանց վարդագույն ակնոցի՝ ամենախիստ «գրաքննադատի» աչքերով։

Ասում են՝ առաջին սերը չի մահանում. սա սուտ է։ Կենդանի է մնում առաջին սիրո ստվերը, որը կարող է հավերժ հետևել ձեզ և «քիթը խոթել» ձեր նոր հարաբերությունների մեջ, եթե դուք այն չվերլուծեք ու չդնեք մի կողմ։

Լսեք ձեր սրտին, բայց միայն այն պարագայում, երբ վերջինս երբեմն-երբեմն խորհուրդներ է հարցնում ուղեղից։

 

 


Ի՞նչ է բիպոլյար խանգարումը + [հայտնիներ՝ նման ախտորոշմամբ]

Անպատասխան սիրո հոգեբանական պատճարները

Մարմնի լեզու. ինչ է մատնում մեր պահվածքը մեր մասին

Ինչպե՞ս խուսափել աշնանային դեպրեսիայից

Սերն ըստ… գիտնականների, հոգեբանների, փիլիսոփաների ու գրողների

Իսահակյանն ու Շուշանիկը [կարոտած սիրահարների հանդիպումն ու ֆայտոնը]

15 միֆ ամուսնական կյանքի ու հարաբերությունների մասին

6 ոսկե կանոն՝ առողջ հարաբերությունների համար

Ինչպե՞ս են խելացի մարդիկ հարաբերվում «չսիրելիների» հետ

Հիմնական ճգնաժամերը սիրային հարաբերությունների ընթացքում…

Սե՞ր, թե՞ կապվածություն. [զգացմունքների վերլուծություն]

7 ճշմարտություն ՝հայտնի հոգեբանից

6 նախանշան, որ նա ձեզ դավաճանում է

Բարձր էմոցիոնալ ինտելեկտով մարդկանց 12 հատկանիշ

նրանք սիրուն են, կայացած են բայց… միայնակ [ինչու՞]

Ինչու է մեռնում սերը ամուսնությունից հետո․․․