Կարանտինն ու ֆեյսբուքը. 5 նյարդայնացնող բան - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Կարանտինն ու ֆեյսբուքը. 5 նյարդայնացնող բան

Սոցիալական ցանցերն ու մասնավորապես ֆեյսբուքը ոտքով-գլխով մտել է մեր կենցաղ: Մենք առցանց շփվում ենք, կիսվում լուսանկարներով ու տարբեր միջոցառումներով: Մենք անգամ ժամադրվում ու սիրահարվում ենք առցանց, խանդում ու բաժանվում… իսկ վերջին իրադարձությունների, մասնավորապես՝ համահայկական կարանտինի ֆոնին, ֆեյսբուքն էլ ավելի ամրապնդեց իր դիրքերը մեր կյանքում։ Արդյունքում կորոնավիրուսն ու կարանտինն իրենց հետ բերեցին ֆեյսբուքահայության նոր տեսակներ և նյարդայնացնող գրառումների նոր ալիք բարձրացրեցին։

5 նյարդայնացնող բան մերօրյա ֆեյսբուքից

«Ուրախների և հնարամիտների ակումբ»

Գուցե հայկական ֆեյսբուքյան տիրույթի կատակասերները նախընտրեին, որ իրենց համեմատեինք «Comedy Club»-ի հետ, սակայն վստահեցնում եմ՝նրանց հումորը «Ուրախների և հնարամիտների ակումբ»-ի նախընտրական փուլի մակարդակի է։ Նրանց համար բացարձակապես ամեն ինչ ծիծաղելի է, նրանք պատրաստակամ հայտնվում են առողջապահության նախարարի և ՀՀ վարչապետի բոլոր ուղիղ եթերների մեկնաբանություններում ու անպայման թեմայից դուրս, «սրամիտ» մի բան գրում։ Պատմեք նրանց կոճապղպեղի արհեստական գնաճի մասին, ցույց տվեք նրանց երևանյան տրանսպորտի ախտահանման լուսանկարները, խոսեք վարակի աճող թվերի մասին. միևնույն է, նրանք անսասան են իրենց՝ կատակելու ցանկության մեջ։

«Եթե ես լինեի ՀՀ վարչապետը…»

Այս վերնագրով կարող էին հարյուրավոր շարադրություններ գրվել Հայաստանի տարբեր մարզերում, սակայն, միևնույն է, դրանց թիվը չէր գերազանցի ֆեյսբուքյան այն օգտատերերի թվին, որոք բոլորից լավ գիտեն, թե ինչ է պետք անել ստեղծված իրավիճակում։ Նրանք մանրամասն վերլուծության են ենթարկում կառավարության յուրաքանչյուր որոշումն ու քայլը, հիշեցնում պատգամավորների նախկին ելույթները, հակասություններ գտնում ու տեղը տեղին երեսով տալիս։ Երբեմն թվում է, որ նրանք կարող են ժամերով վերլուծել որևէ քաղաքական գործչի դեմքի արտահայտությունն ու այդտեղ հակաժողովրդավարական մի բան գտնել։ Բանն այն է, որ վերոնշյալ օգտատերերը նաև չեն պատկանում ընդդիմադիր թևին, նրանք առանձին թև են, որը կոչվում է՝ «դուք բոլորդ սխալ եք, ես՝ ճիշտ»։

«Կեղտոտ խաղեր»

Այս խմբում են այն մարդիկ, որոնք ամեն ինչի մեջ մեծ, քաղաքական խաղեր են տեսնում։ Նրանց հստակ համոզմամբ կորոնավիրուսը ոչ այլ ինչ է, քան՝ հորինվածք, հորինողն էլ, իհարկե, Թրամփն է։ Մեկ այլ վարկածով նույն Թրամփը ոչ թե հորինել, այլ իր իսկ ձեռամբ կազմակերպել է կորոնավիրուսի համաճարակը, որ մի լավ վարկաբեկի Չինաստանին։ Էլ ավելի հեռուն գնացողները պնդում են՝ «այս ամենը մասոնների ձեռքի գործն է». չէ՞ որ բարդ է դիմակայել մասոնների անունը տալու գայթակղությանը։

«Անխնա մատնվենք խուճապի»

Իսկ այ խուճապահար ֆեյսբուքահայերը ոչ միայն վստահ են, որ կորոնավիրուսն իրական վտանգ է ներկայացնում մարդկության համար, այլև գրանցվել են «համաճարակի դեմ հեռահար պայքարի կամավորական ջոկատներում» և իրենց պարտքն են համարում ամեն Աստծո օր հիշեցնել մարդկանց հիգիենայի կանոնների մասին։ Աճուրդի մասնակցող մեծահարուստների պես՝ նրանք անդադար բարձրացնում են իրենց թվերը «քանի՞ վայրկյան պետք է լվացել» հարցին պատասխանելիս։ Նրանց կարդալով թվում է՝ պետք է ոչ թե քսան վայրկյան լվացվել, այլ ամբողջ օրն անցկացնել լոգարանում, և օրը մի քանի անգամ՝ քսան-քսան վայրկյանով դուրս գալ լոգարանից չլվացվելու։ Նրանք նաև անդադար բողոքում են մարդկանց ցածր սոցիալական ինքնագիտակցությունից՝ հրապարակելով փողոցներում ու սուպերմարկետներում առանց դիմակների քայլող մարդկանց լուսանկարներ։ Մի խոսքով, նրանք ուզում են, որ մենք գլուխներս կորցնենք խուճապից, սակայն ոչ մի դեպքում չկորցնենք ալկոգելն ու բժշկական ձեռնոցները։

«Ո՞նց, դուք դեռ չե՞ք կարդացել Տիրայր Տերտերյանի «Տևական տաղտուկ» գիրքը»

Այո’, այո’, հասանք մեր սիրելի արվեստասեր-արվեստագետներին, որոնք անդադար պնդում են՝ կարանտինը հիանալի առիթ է կարդալու այն բոլոր գրքերը, որոնք չենք կարդացել, դիտելու այն բոլոր ֆիլմերը, որոնք չենք դիտել… և այսպես շարունակ։ Թվում է, թե նրանք նախաճաշում են՝ Վան Գոգի թանգարում օնլայն շրջայց կատարելով, սուրճ են խմում՝ վերընթերցելով Քամյուի «Ժանտախտը», ճաշում են՝ ձեռքի հետ Մարինա Աբրամովիչի ամենաահասարսուռ փերֆորմանսները նայելով, և իհարկե, վայելում են իրենց երեկոյան հաց ու պանիրը Սորենտինոյի բոհեմական աշխարհներում։ Ա՜խ, սիրելիներ, մենք ձեզ չենք հավատում այնքան, ինչքան «Եթե ես լինեի ՀՀ վարչապետը» խմբի օգտատերերը՝ Արսեն Թորոսյանին։

 


Դիմակ. մեր ժամանկների ամենապահանջված աքսեսուար

Զգուշացում ամբողջ աշխարհի համար. COVID-19-ը վերադարձել է Ճապոնիա

Թոփ-10 ամենաանվտանգ լողափերը կորոնավիրուսի պայմաններում

Victoria’s Secret-ը, Zara-ն, Chanel-ը և այլ հայտնի բրենդներ սննկացման շեմին են

Կինոքննադատները խորհուրդ են տալիս. [Ամստերդամից Կեյս Դրիսենը]

Պեդրո Ալմոդովարը կիսվում է ֆիլմերով, որոնք նայում է ինքնամեկուսացման մեջ

Աղբ թափելու բերկրանքն արտակարգ դրության պայմաններում

«Օնլայն Մաֆիա #մնատանը» նախաձեռնության մասին…

Բժիշկ, որն առաջինը բարձրաձայնեց կորոնավիրուսի մասին. Լի Վենլյան

Մի երկու հարց կորոնավիրուսի մասին. QUIZ

«ոչՊաշտոնական» համերգ. Արտո Թունչբոյաջյան և «Armenian Navy Band»

Կինոքննադատները խորհուրդ են տալիս [Իտալիայից Ալեսանդրա դե Տոմասի]

Չինաստանի Շենժեն քաղաքում արգելվել է շների և կատուների մսի վաճառքը

… բայց մի՞թե դա կարևոր է հիմա. Զեմֆիրա

Ծնողները երեխաներին անվանակոչել են «Կորոնա» և «Քովիդ»

Բժիշկ Կոմարովսկին կորոնավիրուսի մասին