-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Երեկ՝ հունիսի 13-ին, թողարկվել է «Doctor Sleep»/«Բժիշկ քուն» սպասված ֆիլմի առաջին պաշտոնական թրեյլերը, ինչը հիանալի նվեր է սարսափ և թրիլլեր ժանրերի սիրահարների համար: Ֆիլմը, որը հիմնված է հայտնի հեղինակ Սթիվեն Քինգի համանուն նովելի վրա, Սթենլի Կուբրիկի՝ 1980թ.-ին թողարկած «The Shining»/«Փայլատակում» ֆիլմի շարունակությունն է՝ սիքվելը. վերջինս ևս նկարահանված է Սթիվեն Քինգի «The Shining»/«Փայլատակում» գրքի հիման վրա:
«Doctor Sleep»-ը պատմում է Դեննի Թորենսի մասին և այստեղ դեպքերը տեղի են ունենում «The Shining»-ի դեպքերից տարիներ անց՝ երբ Դեննին, որը գրքաշարի առաջին մասում էքստրասենսոր ունակություններով երեխա էր, արդեն մեծահասակ է:
Սարսափի սիրահարները չէին զարմանա, եթե «Doctor Sleep»-ն ավելի մոտ լիներ Սթիվեն Քինգի ստեղծած «The Shining»-ի աշխարհին և ավելի հեռու լիներ Կուբրիկի ստեղծած ֆիլմից՝ հաշվի առնելով փաստը, որ Քինգը միշտ բացեիբաց ասել է` որքան է ատում ռեժիսորի ներկայացրած այդ աշխատանքը: Բայց, արի ու տես, որ թրեյլերը դիտելուց հետո պարզվել է, որ «Doctor Sleep»-ում բավական շատ բաներ հիշեցնում են Կուբրիկի «The Shining» ֆիլմը՝ այդ թվում նաև 237 սենյակը, որը Սթիվեն Քինգի գրքում 217 է:
Նոր թրեյլերը քննարկելու ժամանակ ֆիլմի պրոդյուսեր Թրեվոր Մեյսին հաստատել է՝ «Ֆիլմը Սթիվեն Քինգի համանուն գրքի էկրանավորումն է, որը հեղինակը գրել է որպես «The Shining» ֆիլմի սիքվել: Բայց այստեղ որոշ բաներ վերցված են նաև այն աշխարհից, որ Կուբրիկը ստեղծել է համանուն ֆիլմում»:
Սա ցնցող փաստ է, քանի որ դեռ 2006թ.-ին Սթիվեն Քինգը «The Paris Review»-ի հետ ունեցած զրույցում ասել էր, որ Կուբրիկի ստեղծած ֆիլմը շատ սառն էր իր գրածի հետ համեմատած, և որ այնտեղ ընտանեկան էմոցիոնալ ներգրավվածության նշույլ անգամ չկա, իսկ Ուենդիին մարմնավորող դերասանուհի Շելլի Դուվալն ուղղակի անընդհատ գոռգռացող կերպար էր:
«Ֆիլմում նկատելի չէ ընտանիքի մեջ ունեցած նրա ներգրավվածությունը: Կուբրիկը նույնիսկ չէր նկատել, որ Ջեք Նիկոլսոնը «The Shining»-ում խաղում էր ճիշտ այնպես, ինչպես մի շարք ֆիլմերում մարմնավորում էր ցնորված մոտոցիկլիստի: Նրա այդ կերպարը խելագար էր, ուրեմն որտե՞ղ էր ողբերգությունը, եթե կերպարը դեռ ֆիլմի սկզբում՝ աշխատանքի համար ընդունվելիս, արդեն ցնդած էր: Ատում եմ այն, ինչ Կուբրիկն արեց գրքի հետ: Ես մի սցենար էի գրել «The Shining»-ի համար, որը դարձել էր նաև սերիալ, բայց կասկածում եմ, որ Կուբրիկն այն նույնիսկ դիտել է: Նա արդեն գիտեր՝ ինչ է ուզում անել պատմության հետ, ու վարձել էր հեղինակ Դայանա Ջոնսոնին, որ գրքիցս սցենար ստանա այնպես, ինչպես հենց ինքը՝ Կուբրիկն էր ուզում: Հետո նա նույնիսկ խմբագրել է Ջոնսոնի գրածը: Ես իսկապես հիասթափված էի»,- ասել է Քինգը:
Երբ Սթիվեն Քինգը 2013թ.-ին հրատարակեց «Doctor Sleep»-ը, նրա կարծիքի անկեղծությունը հաստատվեց. «The Shining»-ի սիքվելը, որը պատմում էր հոր վտանգավոր ճանապարհին հետևող մեծահասակ Դեննիի մասին, միտումնավոր անտեսում էր այն բոլոր սցենարային փոփոխությունները, որ Կուբրիկն արել էր «The Shining»-ի ֆիլմային տարբերակում:
Եվ ուրեմն՝ ինչպե՞ս է կարողացել ռեժիսոր Մայք Ֆլանագանը համոզել Քինգին թույլ տալ «Doctor Sleep»-ի ֆիլմում պահել մի շարք դետալներ, որոնք հիշեցնում են Կուբրիկի ստեղծած «Overlook» հյուրանոցը:
«Ամենաերկար խոսակցությունը, որ ունեցել ենք հենց այդ մասին էր՝ կարո՞ղ էինք «Doctor Sleep» գրքի պատմությանը մոտ ֆիլմ նկարահանել՝ դեպքերը զարգացնելով Կուբրիկի ստեղծած վիզուալ աշխարհում: Քինգի կարծիքը Կուբրիկի էկրանավորման մասին շատ հայտնի է ու բարդ, այնքանով, որ եթե կարդացել եք «Doctor Sleep»-ը, ապա հաստատ նկատած կլինեք, որ հեղինակը բացահայտ անտեսել է Կուբրիկի փոփոխությունները, որ արվել էին ֆիլմում: Այսպիսով նա ցույց է տալիս, որ ո՛չ, իր ստեղծած աշխարհը կապված չէ Կուբրիկի էկրանավորման հետ: Մեզ պետք էր այս երկու աշխարհները կրկին միավորել: Անհրաժեշտ էր գնալ Սթիվեն Քինգի մոտ ու բացատրել, որ պետք է կրկին Կուբրիկի ստեղծած «Overlook» հյուրանոցի վիզուալ աշխարհ տեղափոխվել»– պատմել է ռեժիսորը EW-ին:
Բարեբախտաբար և՛ Կուբրիկի ստեղծած «The Shining»-ի երկրպագուների, և՛ Ֆլանագանի համար, Սթիվեն Քինգը համաձայնել է.
«Քինգը մեր մտքերը զարմանալիորեն լավ ընդունեց: Զրույցի վերջում ոչ միայն նրա համաձայնությունը ստացանք, այլև խրախուսումը»,- նշում է Մայք Ֆլանագանը:
Հիշեցնենք՝ «Doctor Sleep» գրքի էկրանավորումը կթողարկվի նոյեմբերի 8-ին: Դերերում են Էվան ՄաքԳրեգորը, Ռեբեկա Ֆերգյուսոնը և Քայլեյ Քյուրենը:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո