fbpx

Իրանցի օսկարակիր ռեժիսոր Ասղար Ֆարհադին մեզ պատմում է….

Սկզբի մասին

13 տարեկանում հասարակ, պարզ ֆիլմեր էի նկարահանում. մոտավորապես 5 ֆիլմ ստեղծեցի: Ավելի ուշ որոշեցի, որ կինեմատոգրաֆիա պետք է սովորեմ: Ժյուրին, սակայն, մերժեց ինձ. ասացին, որ թատրոնի բաժնում պետք է սովորեմ:Ցանկացա դուրս գալ և ամեն ինչ թողնել, սակայն ուրախ եմ, որ չարեցի դա, քանի որ հենց թատրոնին եմ պարտական այսօրվա իմ ֆիլմերի համար:  

 

Բարոյականության մասին

Բարոյական յուրաքանչյուր իրավիճակ տարբեր մոտեցում է պահանջում: Խոսելով  բարոյական իրավիճակի մասին, պետք է հստակ գիտակցես, թե ինչ է այն իրենից ներկայացնում: Ավելի ճիշտ կլինի ասել՝ ինչն է ճիշտ, և ինչն է սխալ, և որոնք են այն չափանիշները, որոնցով չափվում է այս կամ այն իրավիճակի բարոյականությունը:

Բարոյականություն կոչվածը չի կարող որոշվել միակ և եզակի չափանիշով, եթե իհարկե առանձին վերցրած անհատներն ու ամբողջ հասարակությունը չունի միևնույն գիտակցությունը:

Կինոյի և դերասանների մասին

Ես չեմ քննադատում կերպարներիս, սակայն դա չի նշանակում, որ արգելում եմ ուրիշներին դա անել:Ես ցանկանում եմ, որ հանդիսատեսն իրեն ազատ զգա և նա, այո՛, հենց նա ցանկության դեպքում քննադատի դերասանների խաղը:

Ֆիլմը կարող է մեզ պատասխաններ տալ և միևնույն ժամանակ բազմաթիվ հարցեր ծնել: Պատասխանները ստիպում են, որ շատ շուտ մոռանաս ֆիլմը, քանի որ ամեն ինչ հիմնվում է զգացմունքների վրա, իսկ դրանք սուբյեկտիվ են:Սակայն երբ ֆիլմը հարցեր է առաջացնում, մենք պատասխաններ ենք փնտրում: Իսկ պատասխանը չի կարող միանշանակ լինել:

Կինոն ինձ ծանոթացրեց առօրյայի, հասարակ կյանքի հետ, իսկ թատրոնից դրամա սովորեցի: Այսօր ես համատեղում եմ այդ գիտելիքները:

Երկրիցդ, մշակույթիցդ դուրս ֆիլմարտադրությունը շատ բարդ բան է: Իրանից դուրս երբեմն ինձ ավելի ազատ, սակայն միևնույն ժամանակ ավելի կաշկանդված և սահմանափակ եմ զգում, քանի որ ցանկությունս մեծ է, բայց կան սահմանափակումներ:

Ես չեմ ցանկանում նկարահանել այնպիսի ֆիլմեր, որոնք մեծ ճանաչում են վայելում հասարակության կողմից: Հակառակը, ես ցանկանում եմ մարտահրավեր նետել ֆիլմարտադրությանը:

Ինձ ամենաշատը դուր է գալիս Իրանում ֆիլմեր նկարահանել, սակայն ես փորձելու եմ նաև այլ երկրներում գործունեություն ծավալել:

Ֆիլմի սաունդթրեքի առկայությունը ստիպում է հանդիսատեսին զգալ ռեժիսորի ներկայությունը, իսկ ես ցանկանում եմ անէանալ:Այդ իսկ պատճառով էլ իմ ֆիլմերում բացակայում են սաունդթրեքերը:

Չեմ կարող ասել, որ այսքան ժամանակ նկատել եմ իրանական և ոչ իրանական դերասանների կարողությունների տարբերությունը: Գուցե միակ տարբերությունն այն է, որ եվրոպական դերասաններն ավելի ազնիվ են, ավելի պունկտուալ, նրանց պատասխանատվության զգացումը շատ վառ է արտահայտված:

Թատրոնի մասին

Թատրոնն ինձ սովորեցրեց, թե ինչպես պետք է դերասաններիս հետ աշխատեմ:

Թատրոնը իմ տունն է, և ես երազում եմ մի օր տուն վերադառնալ:

 

Սցենարների մասին

Սցենարներս ծնվում են մանկությանս հիշողություններից, նկարներից, այն ամենից, ինչ լսեմ եմ, երբ երեխա էի:

 

Ռեժիսորների մասին

Ռեժիսորները մեզ ասում են, որ սա սև է, սա՝ սպիտակ, սակայն ես դեմ եմ այդ մոտեցմանը: Ես կարծում եմ, որ  հանդիսատեսի և ֆիլմի ու ներկայացման մեջ պետք է ժողովրդավարական հարաբերություն հիմնվի: Իմ ֆիլմերն այդ սկզբունքով եմ ստեղծում. ես որոշեցի չդատել և այդ դժվարին գործը հանձնեցի հանդիսատեսիս:

Մշակույթների մասին

Մշակույթների մեջ ես նմանություններ եմ փնտրում, քանի որ համոզված եմ, որ դրանց միջև տարբերություններն այդքան էլ մեծ չեն:

Զգացմունքները համամարդկային են: Ճապոնացի մոր զգացմունքները չեն տարբերվում իսպանացի մոր զգացմունքներից: Միայն արտահայտման ձևը կարող է տարբեր լինել:

 

Հայ-իրանական համագործակցության մասին 

Չգիտեմ, թե կստացվի հայ-իրանական համատեղ արտադրության ֆիլմ նկարահանել, քանի որ վերջինս կախված է թեմայից, պատմությունից, որը պետք է պատմել, սակայն ոչինչ չեմ բացառում: Մշակութային տեսանկյունից մենք շատ նման ենք միմյանց և իհարկե, ամեն ինչ հնարավոր է: