Ավետիք Իսահակյանի ամենամեծ ու չստացված սերը [Շուշանիկ, ա՜խ, Շուշանիկ] - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Ավետիք Իսահակյանի ամենամեծ ու չստացված սերը [Շուշանիկ, ա՜խ, Շուշանիկ]

Շուշանիկ, Շուշանիկ Մատակյան: Այդ աղջկա համար էր Իսահակյանը խենթանալով խենթանում ողջ կյանքում։ Կիսատ թողած, չսկսած ու չավարտված սեր, որ երբեք հանգիստ չտվեց բանաստեղծին․․․․

Նամակներից տեղեկանում ենք, որ Իսահակյանը մեծ սեր է տածել Շուշանիկ Մատակյանի հանդեպ, սակայն վերջինս, չնայած փոխադարձ սիրուն, մոր հորդորով ամուսնացել է ուրիշի հետ։ Բանաստեղծը ապրում է խորը հիասթափություն:

Շուշանիկի մերժված սերն է եղել Իսահակյանի բանաստեղծություններում արտահայտված սիրո տառապանքի ու վշտի աղբյուրը։

Սեգ արծիվը աչքս է կտցում,
Աչքս կարոտ՝ Շուշանին.
Անգութ գայլը սիրտս է հանում,
Սիրտս ծարավ՝ Շուշանին։
2
Ու ճամփեն մութ-մոլորան,
Սև ծովի բոլոր կերթա.
Շուշան յարս ձեռքերն արյուն՝
էն տղի հետ հարս կերթա։

 

***

Դու մերժեցիր ինձ, չկանչեցիր ետ։
Եվ անցան տխուր տարիներ տխուր.
Եվ հեռվից վախով հույսերից թափուր,
Նայում էի քեզ, մենակ վշտիս հետ…

 

***

Մշուշը ծածկեց դաշտերը անծիր
Դալուկ ճակատս դիր այրող բարձին
Եվ թող ինձ մենակ, և դուռս գոցիր,
Ես չեմ կարոտնա քո վերադարձին։
Մշուշ, դու ծածկիր աշխարհքը անծիր.
-Թող, դարման մի դիր իմ խորունկ խոցին.
Եվ թող ինձ մենակ, գնա հեռացիր,
-Ես չեմ հավատում քո լաց ու կոծին։

 

***

Միամիտ չեմ՝ հավատամ քեզ. Տառապանքս փորձ ունի.
– Մի մրահոն կույս էր քեզ պես, Կոտրեց սիրտս պատանի…

***

Ախ Շուշիկի համար էի ապրում…կրթվում, սովորում, գրում, ձի հեծնում, շոր հագնում, տխրում, քեֆ անում, արտասահման թռնում, երազում միայն նրա համար………Երբ ես դեռ պատանի, երբ նոր աղջնակի սերը իմ կրծքում արձագանք տվեց, ես սիրեցի Շուշիկին, ես սիրեցի նրան, ինչպես իմ մայրիկին, ինչպես գեղեցկությունը, ինչպես հայրենիքիս կապույտ լեռները, իմ ողջ էությունը երգի ու երազի թևերով հյուսեցի նրա սիրելի էության հետ, ես երգեցի, մտորեցի ու լացեցի նրա համար, նրա համար միայն……. Լսեցի նրա մահը, հիմա կարող եմ ասել, որ իմ կեսը մեռել է:

***

Նորից վեր եմ առնում գրիչս, թաթախում եմ հիվանդ, արյունոտված սրտիս մեջ և գրում եմ քեզ, Շուշիկ, մի քանի տող, գրում եմ ես՝ Ավետիք Իսահակյանս:
Ինչո՞ւ եմ գրում, ի՞նչ է ստիպում ինձ գրել.-սիրել-ես քեզ չեմ սիրում, ատել-ես քեզ չեմ ատում. բայց իմ հոգում կա՝ որպես մի ծանր երազ, որպես մի դժբախտություն, մի կոշմար. ես ուզում եմ քեզ հոշոտել, ես ուզում եմ քեզ հազար-հազար անգամ սպանել, սպանել, նորից սպանել, կենդանացնել՝ նորից սպանել, հավիտյան ապրել և քեզ հավիտյան սպանել, բայց այդ չեմ կարող անել /անզոր եմ ես/, ամբողջ էությունս բարի է …և որ ամենաողբալին է՝ ես դեռ քու ճիրաններում եմ. ի՞նչ անեմ, ինչպե՞ս ազատվեմ. երբեմն քեզ ատում եմ ծովաչափ, ծովաչափ, և երբեմն սիրում եմ և պատրաստ ոտքերդ համբուրելու, բայց որ հիշում եմ անցյալը, ես մրրիկ եմ դառնում:
Դու մի՛ որոնիր այս տողերի մեջ որոշ միտք, որոշ իմաստ. ես գրում եմ համարյա կիսախելագար, և մինչև մահս քեզ էլ ոչ մի տող գրելու չեմ, և աչերդ նայելու չեմ, Աստվա՛ծ է վկա. վերջին անգամ պիտի լամ քու առաջ և հայհոյեմ քեզ, հայհոյեմ, – հայհոյեմ քու բոլոր սրբությունները, որովհետև դու իմ սրբությունները պղծեցիր, որովհետև իմ ամենանվիրական սերս շան պես դուրս վռնդեցիր, որովհետև դու ինձ չարչարեցիր, նահատակեցիր՝ անսահմանորեն:
Դու ասում էիր ինձ, որ ինձ չես սիրել-գիտեմ, գիտեմ. բայց այդ քեզ իրավունք չէր տալիս, ինձ՝ երբ ես քու ոտքերի տակ տիեզերական հզոր սիրուցս ստորացած ընկած էի, – ծաղրելու, արհամարհելու, դուրս շպրտելու. չէ՛ որ, Շուշիկ ջան, ես մարդ էի. չէ՛ որ, կային օրեր, որ դու ինձ գոնե հարգում էիր, «թանկագին» և «ջան» խոսքերով խաղում էիր հետս…և այդ բոլորից հետո դու ինձ ոտաց տակ տվիր. խփեցիր ջահել սրտիս մեջ դաշույններ՝ չհանեցիր նրանց, թողիր սրտիս մեջ-մնացին, ժանգոտվան, և արյունովս իմ քայլափոխերս ծածկեցին, բայց դու մնացիր ինձ միշտ ծաղրող, միշտ անգութ, միշտ անսիրտ…
Դու գիտեիր իմ դժոխային տանջանքերս, բայց մոտ չեկար, մի անուշ խոսք չասիր…Ես քեզնից էլ սեր չէի ուզում. քեզ տիրել չէի ուզում, բայց քու մեջ մարդ տեսնել կուզեի, և որ՝ դու իմ մեջ շատ մարդ տեսնեիր…
Բայց, բայց…չէ որ ջահելները ունեն գթառատ սիրտ. բայց միթե դու ջահել էիր. դու հասած էիր՝ և այն էլ շատ զզվելի կերպով, որ առաջին պատահող ամուսնու գիրկն ընկար:
Այո, մենք հետո բարեկամացանք, գուցե դու հետո ինձ սիրեցիր, բայց այդ օրվանից ես քեզ սկսեցի ատել և հայհոյել. դու հետո ինձ սիրում էիր ոչ մաքուր կերպով, այլ ֆիզիկապես…Ես զզվում էի քեզնից. բայց և անդիմադրելի կերպով սիրում էի. ախ, ամբողջ 13 տարի դու նստել ես ու բռնել իմ ողջ, ողջ ուղեղը, հոգին և սրբապղծել իմ ողջ երկինքը…Դու ինձ արնաքամ արիր, գուցե ակամա, դու սպանեցիր իմ տաղանդը, դու ինձ մղեցիր ամենածանր, դառն հուսահատության, երբ ես ամբողջապես թաթախված ինքնասպանության ծանր մտքերով, հանկարծ սթափվեցի:
Շուշիկ, ատելի, սիրելի Շուշիկ, ուրիշ կերպ ես չէի կարող վարվել, ես պիտի անպատվեի, վայր գցեի, որ կարողանայի ազատվել այդ հրեշային սիրուց, որ ինձ ծծեց:
Դու մի սոսկավիթար վերք բացիր հոգուս մեջ, և ոչ մի երկրային ու երկնային դեղով դա չի բժշկվի… Այժմ դառնաս իմ կինը-ես իսկույն կփախնեմ քեզնից. դառնաս հին Շուշիկը՝ ես կսպանեմ ինձ՝ չտեսնելու համար տանջանքների այն ծանր շղթան, որ տարիներ ի վեր ինձ կաշկանդեց:
Բայց լալիս եմ հիմա, և սրտիցս արյուն է կաթում. գնա՛, Շուշիկ, Աստված քեզ հետ, ապրի՛ր քու երեխաների համար. ինձ մի՛ անիծիր, իմ անունս երբեք, երբեք մի՛ հիշիր և ոչ մի տեղ, և ոչ մի տեղ, ոչ մի մարդու մոտ. աղաչում եմ քեզ. ինձ թաղիր քեզ համար հավիտյան: Քու հոգու տաճարից թող ես լինեմ դուրս՝ ես օտար, չճանաչված Աստված եմ այդտեղ:
Աղաչում եմ քեզ…
Ես էլ կվարվեմ քեզ հետ այդպես,
Դու ինձ համար մեռար, մեռար…
Արտասվելով համբուրում եմ քու գերեզմանը
Եվ ճամփա ընկնում
Նոր Աստված գտնելու…
Ավետիք:

 


Նամակ Ավետիք Իսահակյանին [սիրելի Շուշանիկից]

Սևակի սիրային նամակները [Սուլամիթա՜, իմ սեր]

Հայկ Կոնջորյանի ֆուտուրիստական նամակը Թալեաթ փաշայի անունից

Եթե Թեհլերյանը վրիպեր, կրակելու էր Իսահակյանը…

Ես գրում եմ ձեզ Իտալիայից, ասել է թե՝ գրում եմ ձեզ ապագայից։

Իսահակյանի տաղանդավոր որդին. Վիգեն Իսահակյան

3 սիրո պատմություն հայ դասականներից

Իսահակյանն ու Շուշանիկը, Իսահակյանն՝ առանց Շուշանիկի

Նամակ ապագային…

Մնամ համբույրներով [Իսահակյանի նամակը Թումանյանին]

Արմեն Տիգրանյան

Գրիգոր Զոհրապի վերջին նամակը կնոջը

Թումանյանի և Իսահակյանի ընկերությունը [ճանապարհորդություն]

Չարենց…

Սաադիի վերջին գարունը [Ավ․ Իսահակյան]

Ավ․ Իսահակյան [Լիլիթ] հրեական առասպել