Իսահակյանն ու Շուշանիկը, Իսահակյանն՝ առանց Շուշանիկի - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Իսահակյանն ու Շուշանիկը, Իսահակյանն՝ առանց Շուշանիկի

Ավետիք Իսահակյանի և Շուշանիկի սերը մեկն է այն տեսակ պատմություններից, որոնք կարդիոգրամայի պես՝ վայրիվերումներով ձգվում են մի ամբողջ կյանքի երկարությամբ: Երբեմն ընդհատվում են կյանքի բերումով, բայց այդ նույն կյանքի նախախնամությամբ էլ շարունակում են հիշեցնել իրենց մասին: Սա հայ գրականության ամենապոետիկ սերերից է, այն սերերից, որոնք գլուխգործոցներ են ծնում:

Իբրև Սկիզբ

1891 թվական, ապրիլ

Իսահակյանը վերադարձավ հայրենի Ալեքսանդրապոլ, որտեղ, բացի հայրենիքի կարոտի փարատումից ու մտերիմներից, նրան էր սպասում իր կյանքի մեծագույն, մի քիչ կործանարար ու անսահման արգասաբեր սերը: Նա Շուշանիկ Մատակյանն էր՝ Իսահակյանի հեռավոր ազգականուհին, մոր՝ Ալմաստի քրոջ թոռը:

Մանուկ հասակում Ավետիքն ու Շուշանիկը հաճախ էին հանդիպել ընտանեկան խնջույքներին, ո՞վ գիտի, գուցե անգամ տունտունիկ էին խաղացել… թեև, ավելի շուտ՝ կռիվ-կռիվ:

1891 թվական, հունիս

Ավետիք Իսահակյանը հյուրընկալում է իր մորաքրոջ որդիներին, հենց նրանց՝ Կարապետ և Հովհաննես Կոստանյանների տանն էլ առաջին անգամ հանդիպում է նրան՝ այն միակին: Այս հանդիպման մասին տեղեկանում ենք հենց բանաստեղծի հուշագրություններից, Իսահակյանը գրում է՝
«Կ-ների տանը պատահեցա օր. Շ-ին, ողջունեցի և նստեցա մոտը, նա ասեղնագործությամբ էր պարապում, մեր քաղաքի բոլոր աղջիկներից ավելի սա է ինձ գրավում, չափազանց գեղեցիկ է. սև և կլոր աչքեր, վառվռուն և խելոք հայացք, վարդագույն շրթունք, դալկանար դեմք, պարզ, որոշ ձայն, այո, սա մի հրեշտակ է, մի գերբնական ոգի, մի մագնիս, որ քաշում է դեպի իրեն իմ սիրտն ու հոգին: Ես և նա երկար խոսեցինք աոանձին, մաքուր հայերեն էր խոսում: Նա երևի ինձ համակրեց. գոնե համակրանքի ցույցեր էր անում: Նա համակրում էր ճեմարանի շարժումը: Նա կամենում էր Սահականուշյան դպրոցի պես ինձ ստրկացնել յուր ազդեցությանը, րայց չհաջողվեց, ես գերազանցեցի: 0՜, նա խորամանկ է, փորձող է: Ա խ, չնաշխարհիկ Շ., դու գերեցիր ինձ… Որքան ես դյուրաթեք, շուտ խաբվող և ընկճվոդ եմ կուսական սրտի առաջ. ահա իմ բնավորության մի թույլ կողմն ել… Նա իսկապես «ջադու պառավ» է… Նա ինձ գերեց: Իմ սիրտը շատ րնդարձակ տարածություն է. «Մեծ է երկինք, մեծ է երկիր, սիրտս մեծ է հորանից», բոլորն էլ  կարող են նրա սիրաբողբոջ խորշերում ապաստան գտնել, դու էլ, սիրելի Շ., գրավիր նրա կենտրոնը»…

Այս հանդիպումը սկիզբ է տալիս մեկը մյուսից սիրուն, մեկը մյուսից սիրառատ սիրային բանաստեղծությունների: Իսահակյանի քնարերգությունը ամբողջովին զավթված էր Շուշանիկի կողմից: Շուշանիկը Իսահակյանի ամեն մի տողում էր: Եվ ահա 1891 թվականի օգոստոսին Իսահակյանը որոշում է տեղափոխվել Էջմիածին ու շարունակել ուսումը:

Բանաստեղծը ստանում է Շուշանիկի համաձայնությունն առ այն, որ նրանք նամակագրական կապ կպահեն: 1891-1893 թվականներին գրողի ու Շուշանիկի միջև չի դադարում նամակագրությունը, նամակների հաճախականությունից ու պարունակությունից կարելի է ենթադրել, որ աղջկա սրտում նույնպես զգացմունք էր ծագել: Շուշիկն իհարկե ավելի զուսպ էր իր սիրո արտահայտչամիջոցներում, սակայն փոխադարձությունը կարծես ուրվագծվում էր. ավելի ասել չենք կարող:

Նրանց հարաբերությունների հետագա զարգացումներին ծանոթանում ենք Իսահակյանի հուշագրություններից.

Պատմում էր գրողը՝

«Շուշիկն իմ հեռավոր ազգականներից էր: Զգացմունքների ամենաջերմ շրջանում մեր մեջ մի դատարկ բանի համար երեք ամիս հարաբերությունների խզում տեղի ունեցավ: Մինչև կվերականգնվեր մեր նախկին ջերմությունը, հանգամանքներն այնպես դասավորվեցին, որ ես մեկնեցի արտասահման սովորելու. դա 1893 թվականն էր: Դեռ նոր էի եկել Վիեննա ևընդունվել տեղի կայսերական մարդաբանական թանգարան, երբ նամակ ստացա քրոջիցս, որ Շուշիկն ամուսնացել է և իրենք էլ` քույրս ու մայրս, ներկա են եղել նրա հարսանեկան հանդեսին:Այս ծանր լուրը խիստ ազդեց վրաս: Դրա տպավորության տակ նույն օրը գրեցի «Դարդս լացեք» բանաստեղծությունը: Ինձ հոնգուր-հոնգուր լացացնող այդ անսիրտ մարդը հայտնի մանկավարժ Տեր-Միրաքյանն էր, ով նոր էր ավարտել Ենայի համալսարանը և վերադարձել Ալեքսանդրապոլ` պաշտոնավարելու ևամուսնանալու նպատակով: Շուշիկի ծնողները, շլացած այդ երիտասարդի դիրքից ու փայլից, սրտի ու ձեռքի առաջարկը չէին մերժել: Իսկ ես այն ժամանակ չուստերով, խունացած վերնաշապիկով մի տղա էր, ո՞վ էի նրա կողքին…Սակայն, արդարացի լինելու համար պետք է նշեմ, որ նա շատ լավ մարդ էր: Հստակ իմանալով նրա կնոջ հանդեպ իմ անհուն սիրո մասին, թույլ էր տալիս մեզ շփվել: Խոստովանեմ` ես ոչ մի դեպքում նման բան թույլ չէի տա: Միգուցե նա համոզված էր, որ Շուշիկը երբեք չի հեռանա նրանից ինձ համար: Այնուամենայնիվ, նրա կողքին իմ մեծ սերն իրեն երջանիկ էր զգում, և ես այլևս ոչ մի բարոյական իրավունք չունեի արտահայտել զգացմունքներս, առավել ևս` որևէ բանի հույս ունենալ: Հետագայում ես էլ ամուսնացա, կարող եմ նույնիսկ ասել, որ երջանիկ էի անձնական կյանքում: Չնայած Շուշիկին այդպես էլ չմոռացա, բայց կինս ինձ շատ է սիրում…»:

Իսահակյանը մի քիչ կնամոլի համբավ ուներ, շատերն էին խոսում նրա տարբեր սերերի մասին: Սակայն ի՞նչ էր դա, եթե ոչ փնտրտուք ու միակի տեղը լրացնելու միամիտ ցանկություն: Այսպիսով, Իսահակյանի հուշագրություններն ու նամականին վկայում են, որ թեև արդեն ամուսնացած, Իսահակյանը չի դադարում սիրել այն առաջինին՝ Շուշանիկին: Չի դադարում գրել նրա մասին, չի դադարում գրել նրան:

1904 թվական

Իսահակյանից՝ Շուշիկին

«Նորից վեր եմ առնում գրիչս, թաթախում եմ հիվանդ, արյունոտված սրտիս մեջ և գրում եմ քեզ, Շուշիկ, մի քանի տող, գրում եմ ես՝ Ավետիք Իսահակյանս:
Ինչո՞ւ եմ գրում, ի՞նչ է ստիպում ինձ գրել.-սիրել-ես քեզ չեմ սիրում, ատել-ես քեզ չեմ ատում. բայց իմ հոգում կա՝ որպես մի ծանր երազ, որպես մի դժբախտություն, մի կոշմար. ես ուզում եմ քեզ հոշոտել, ես ուզում եմ քեզ հազար-հազար անգամ սպանել, սպանել, նորից սպանել, կենդանացնել՝ նորից սպանել, հավիտյան ապրել և քեզ հավիտյան սպանել, բայց այդ չեմ կարող անել /անզոր եմ ես/, ամբողջ էությունս բարի է …և որ ամենաողբալին է՝ ես դեռ քու ճիրաններում եմ. ի՞նչ անեմ, ինչպե՞ս ազատվեմ. երբեմն քեզ ատում եմ ծովաչափ, ծովաչափ, և երբեմն սիրում եմ և պատրաստ ոտքերդ համբուրելու, բայց որ հիշում եմ անցյալը, ես մրրիկ եմ դառնում:
Դու մի՛ որոնիր այս տողերի մեջ որոշ միտք, որոշ իմաստ. ես գրում եմ համարյա կիսախելագար, և մինչև մահս քեզ էլ ոչ մի տող գրելու չեմ, և աչերդ նայելու չեմ, Աստվա՛ծ է վկա. վերջին անգամ պիտի լամ քու առաջ և հայհոյեմ քեզ, հայհոյեմ, – հայհոյեմ քու բոլոր սրբությունները, որովհետև դու իմ սրբությունները պղծեցիր, որովհետև իմ ամենանվիրական սերս շան պես դուրս վռնդեցիր, որովհետև դու ինձ չարչարեցիր, նահատակեցիր՝ անսահմանորեն:
Դու ասում էիր ինձ, որ ինձ չես սիրել-գիտեմ, գիտեմ. բայց այդ քեզ իրավունք չէր տալիս, ինձ՝ երբ ես քու ոտքերի տակ տիեզերական հզոր սիրուցս ստորացած ընկած էի, – ծաղրելու, արհամարհելու, դուրս շպրտելու. չէ՛ որ, Շուշիկ ջան, ես մարդ էի. չէ՛ որ, կային օրեր, որ դու ինձ գոնե հարգում էիր, «թանկագին» և «ջան» խոսքերով խաղում էիր հետս…և այդ բոլորից հետո դու ինձ ոտաց տակ տվիր. խփեցիր ջահել սրտիս մեջ դաշույններ՝ չհանեցիր նրանց, թողիր սրտիս մեջ-մնացին, ժանգոտվան, և արյունովս իմ քայլափոխերս ծածկեցին, բայց դու մնացիր ինձ միշտ ծաղրող, միշտ անգութ, միշտ անսիրտ…
Դու գիտեիր իմ դժոխային տանջանքերս, բայց մոտ չեկար, մի անուշ խոսք չասիր…Ես քեզնից էլ սեր չէի ուզում. քեզ տիրել չէի ուզում, բայց քու մեջ մարդ տեսնել կուզեի, և որ՝ դու իմ մեջ շատ մարդ տեսնեիր…
Բայց, բայց…չէ որ ջահելները ունեն գթառատ սիրտ. բայց միթե դու ջահել էիր. դու հասած էիր՝ և այն էլ շատ զզվելի կերպով, որ առաջին պատահող ամուսնու գիրկն ընկար:
Այո, մենք հետո բարեկամացանք, գուցե դու հետո ինձ սիրեցիր, բայց այդ օրվանից ես քեզ սկսեցի ատել և հայհոյել. դու հետո ինձ սիրում էիր ոչ մաքուր կերպով, այլ ֆիզիկապես…Ես զզվում էի քեզնից. բայց և անդիմադրելի կերպով սիրում էի. ախ, ամբողջ 13 տարի դու նստել ես ու բռնել իմ ողջ, ողջ ուղեղը, հոգին և սրբապղծել իմ ողջ երկինքը…Դու ինձ արնաքամ արիր, գուցե ակամա, դու սպանեցիր իմ տաղանդը, դու ինձ մղեցիր ամենածանր, դառն հուսահատության, երբ ես ամբողջապես թաթախված ինքնասպանության ծանր մտքերով, հանկարծ սթափվեցի:
Շուշիկ, ատելի, սիրելի Շուշիկ, ուրիշ կերպ ես չէի կարող վարվել, ես պիտի անպատվեի, վայր գցեի, որ կարողանայի ազատվել այդ հրեշային սիրուց, որ ինձ ծծեց:
Դու մի սոսկավիթար վերք բացիր հոգուս մեջ, և ոչ մի երկրային ու երկնային դեղով դա չի բժշկվի… Այժմ դառնաս իմ կինը-ես իսկույն կփախնեմ քեզնից. դառնաս հին Շուշիկը՝ ես կսպանեմ ինձ՝ չտեսնելու համար տանջանքների այն ծանր շղթան, որ տարիներ ի վեր ինձ կաշկանդեց:
Բայց լալիս եմ հիմա, և սրտիցս արյուն է կաթում. գնա՛, Շուշիկ, Աստված քեզ հետ, ապրի՛ր քու երեխաների համար. ինձ մի՛ անիծիր, իմ անունս երբեք, երբեք մի՛ հիշիր և ոչ մի տեղ, և ոչ մի տեղ, ոչ մի մարդու մոտ. աղաչում եմ քեզ. ինձ թաղիր քեզ համար հավիտյան: Քու հոգու տաճարից թող ես լինեմ դուրս՝ ես օտար, չճանաչված Աստված եմ այդտեղ:
Աղաչում եմ քեզ…
Ես էլ կվարվեմ քեզ հետ այդպես,
Դու ինձ համար մեռար, մեռար…
Արտասվելով համբուրում եմ քու գերեզմանը
Եվ ճամփա ընկնում
Նոր Աստված գտնելու…
Ավետիք»:
Տարիներ անց

Իսահակյանը ևս մեկ անգամ է թակում Մատակյանների դուռը. այս անգամ նա փնտրում էր իր նոր սիրո առարկային՝ Աննային, Շուշանիկի քրոջը…

Արդեն հասցրել ենք տեղեկացնել, որ գրողը Շուշանիկի ընտանիքի հետ հեռավոր ազգակցական կապեր ուներ, ուստի անգամ Շուշիկի ամուսնությունից հետո շարունակում էր երբեմն-երբեմն այցելել նրանց: Հենց այդ նույն տանն էլ նա պարբերաբար տեսնում էր մեկ այլ գեղեցկուհու՝ Աննիկին:

Թեև սկզբում Աննան գրողի համար ուղղակի երեխա էր, սակայն ժամանակ անց նա սկսում է աղջկան նայել ուրիշ աչքով՝ իբրև մեկի, ում կարելի է սիրել: Բանաստեղծի՝ քաղաքից հեռանալու հետ մեկտեղ մեկնարկում է Իսահակյանի և Աննայի նամակագրությունը: Այն սկզբում ավելի բարեկամական բնույթ է կրում, թվում է՝ գրողը փորձում է ամեն կերպ զսպել իր զգացմունքը, սակայն ավելի ուշ այդ նամականին դառնում է միալար սիրո խոստովանություն:

«Ասա, ինչ կարող է անել սիրող սիրտը, ինչի առաջ կանգ կառնի սիրող սիրտը. Ես անկարելին կարելի կդարձնեմ քեզ համար, ես անմահության խնձորը կբերեմ քեզ համար, ես արևը, աստղերը, ամբողջ աշխարհը կնվիրեմ քեզ, ես իմ կյանքը կտամ քեզ: Ուրիշ ինչ ես ուզում, միթե այսուհետ կարող ես տատանվել, կասկածել դեպի ինձ…»,-գրում էր Իսահակյանն Աննային:

Գուցե իրականում Իսահակյանը Աննայի մեջ տեսնում էր նրա քրոջը՝ Շուշանիկին, գուցե հենց դա նկատելով էլ Աննան ընթացք չի տալիս այդ հարաբերություններին, ու դրանք այդպես էլ մնում են թղթերի վրա:

 

 


«Հավերժական սիրո հուշարձան». հերոսների իսկական սիրո պատմությունը

Ինչպես Մայակովսկու ծաղիկները փրկեցին Տատյանայի կյանքը…

Սոսե Մայրիկ – Աղբյուր Սերոբ [հերոսների սերն ու անձնազոհությունը]

Սիրո Պատմություն [Փարաջանովն ու թաթարուհին․ անթույլատրելի երջանկություն]

Ուրախ դեպքեր հայ մեծերի կյանքից

Իսահակյան և Դեմիրճյան [2 կակազող գրողների կյանքից մի ուրախ դեպք]

Օլգա Թումանյան. Հովհաննեսի սիրող ու գթասիրտ կինը

Երբեք չեմ մոռանում մի զվարճալի դեպք… [պատմում է Ավետիք Իսահակյանը]

Ամենադժբախտը [ՄՈՒՐԱՑԱՆ]․ մարդ, որին դավաճանեց կինը, մարդ, որը մահացավ հոգեբուժարանում

Իսահակյանն ու Շուշանիկը [կարոտած սիրահարների հանդիպումն ու ֆայտոնը]

Հուշեր Իսահակյանի և Պաբլո Ներուդայի հանդիպումից [ԿԱՏԱԿՈւՄ Է ՎԱՐՊԵՏԸ]

Նամակ Ավետիք Իսահակյանին [սիրելի Շուշանիկից]

Նրանց սերն ընդհատվեց Ցեղասպանությամբ. [Դանիել Վարուժան, Գրիգոր Զոհրապ, Ռուբեն Սևակ]

Գրիգոր և Կլարա Զոհրապ. մի սիրո պատմություն

Բակունցը, Ժենյան ու «Ալպիական մանուշակը»

Հովհաննես Հովհաննիսյանի և Վարդգես Սուրենյանցի ընկերության մասին…