fbpx

JAMIROQUAI մասին ամենահետաքրքիրը

Քանի դեռ Հայաստանում բոլորը սպասում են բրիտանական Jamiroquai խմբին և նրա վոկալիստ Ջեյ Քեյին՝ մի լավ երգելու ու պարելու նրանց պոզիտիվ մյուզիքի տակ, մենք որոշեցինք մի քանի փաստ առանձնացնել երաժշտի ու խմբի մասին։

Jamiroquai խումբը սկսեց իր գոյությունն այն բանից հետո, երբ խմբի վոկալիստ և երգերի հեղինակ Ջեյ Քեյը թողարկեց առաջին սինգլը՝ «When You Gonna Learn?»-ը 1992-ին։ Երգն այնքան սիրվեց բրիտանացիների կողմից, որ Sony լեյբլը պայմանագիր կնքեց երաժշտի հետ 8 համատեղ ալբոմների համար։

Առաջին ալբոմը թողարկելու համար էլ Ջեյ Քեյը հավաքեց մի խումբ, որի անդամներն էին Թոբի Սմիթը – ստեղնաշարային գործիքներ, Սթյուարտ Էնդեր – բաս կիթառ, Նիկ Վան Գելդեր – հարվածային գործիքներ, Dj D-Zire – դի ջեյ և  Ուոլիս Բյուքենեն – դիդջերիդու։

Ջազ-ֆանք, ահա այսպիսի անվանում ստացավ այն երաժշտությունը, որ ստեղծեցին տղաները։

Խումբը թողարկել է 7 ալբոմ, որոնք վաճառվել են 30 մլն-ից ավել օրինակով, ստացել են ամենահեղինակավոր երաժշտական մրցանակները, իսկ նրանց Travelling Without Moving ալբոմը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես ֆանք ոճում ամենավաճառված ալբոմ։

Jamiroquai առաջին սինգլը — ‘Too Young To Die’ -ը հայտնվեց բրիտանական Թոփ 10-յակում, իսկ առաջին ալբոմը ազգային հիթ շքերթի առաջինն էր 1996-ին։

The Return Of The Space Cowboy

Խմբի երկրորդ ալբոմը՝ «The Return Of The Space Cowboy»-ը թողարկվեց 1994-ին, որի առաջին սինգլը՝ «Space Cowboy» մարիխուանայի մասին է։ Սա Ջեյ Քեյի՝ թեթև թմրանյութերի լեգալացման կողմ ուղղված առաջին քայլն էր, ինչի պատճառով երգն ու տեսահոլովակն արգելվեց ԱՄՆ-ում։ Ջեյ Քեյը ստիպված եղավ վերաձայնագրել երգի ամերիկյան տարբերակը՝ հանելով մարիխուանայի գովքին ուղղված տողերը։

Travelling Without Moving

Խմբի երրորդ ալբոմը՝ «Travelling Without Moving»-ը, որ թողարկվեց 1996-ին, խմբին իսկական համաշխարհային փառք բերեց։ Այն վաճառվեց 7 մլն օրինակով։

Ալբոմի առաջին սինգլը՝ «Virtual Insanity» և երգի տեսահոլովակն իսկական տենդի պես վարակեցին ֆանքի բոլոր սիրահարներին և ոչ միայն նրանց։ Հենց այս տեսահոլովակի համար խումբը արժանացավ 4 MTV մրցանակի և Grammy-ի։

4-րդ և 5-րդ ալբոմները

Խմբի չորրորդ ալբոմը՝ «Synkronized»-ը թողարկվեց 1999-ին։  Հինգերորդը՝ «A Funk Odyssey»-ը  թողարկվեց 2001 թվականին։ Սա նախորդներից տարբերվում էր նրանով, որ էլեկտրոնային երաժշտության շատ տարրեր էր պարունակում։

Dynamite

Վեցերորդ ալբոմի երգերը գրվեցին եվրոպական տարբեր երկրներում և ԱՄՆ-ում։ Արդյունքում 2005-ին ստացվեց «Dynamite»-ը, որն իր մեջ էր հավաքել դիսկո, ֆանք, ռոք, սմուս-ջազ էլեմենտներ։

2010-ին թողարկվեց «Rock Dust Light Star»-ը։

Անվանումը

Խմբի անվանումը մտածել է Ջեյ Քեյը՝ համատեղելով «jam» (ջեմ բառից՝ ի նկատի ունենալով խմբի անդամների արագ ու խառը համադրությունը) և «Iroquois» (իրոքեզներ՝ հյուսիսամերիկյան հնդկացիական ցեղերից մեկի անվանումը, որոնց մասին առաջին ալբոմում շատ է երգվում)։

Նույն հնդկացիական ցեղերի մշակույթի և պաշտամունքների հետ է կապված նաև խմբի լոգոն՝ ջորի-մարդը։

Խումբն իր ողջ հասույթի 7%-ը հատկացնում է Գրինփիսին՝ ամենուր ու ամեն տեղ հանդես գալով բնապահպանական ընդգծված դիրքորոշմամբ։

Jamiroquai խմբի կազմը բազմիցս փոփոխվել է։ Անփոփոխ է մնում խմբի երգերի հեղինակ և վոկալիստ Ջեյ Քեյը, որը 15 տարեկանում հեռացել էր տանից ու երկար ժամանակ ապրել փողոցներում, իսկ այսօր նա աշխարհի ամենահայտնի ու հաջողակ երաժիշտներից է։