fbpx
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Ջեյն Էյր [հատված]

Ուժերս բոլորովին դավաճանում են, ասացի ինքս ինձ, զգում եմ, որ ավելի հեռուն գնալ չեմ կարող: Մի՞թե այս գիշեր էլ պետք է անցկացնեմ աքսորյալի նման: Այս անձրևային գիշերին գլուխս պետք է դնեմ սառը խոնավ գետնին: Վախենում եմ, որ այլ կերպ հնարավոր չլինի, որովհետև ո՞վ ինձ ապաստարան կտա: Բայց անտանելի կլինի մնալ դրսում այսպես սովահար, թուլացած, ցրտից սառած, բոլորից լքված անհույս վիճակում: Հավանաբար մինչև առավոտ չեմ ապրի: Եվ ինչո՞ւ չեմ կարող հաշտվել մահվան մտքի հետ: Ինչո՞ւ եմ պայքարում անարժեք կյանքիս համար, որովհետև գիտեմ կամ հավատում եմ, որ պարոն Ռոչեսթերը դեռ կենդանի է: Բացի այդ՝ սովից ու ցրտից մեռնելը այնպիսի բախտ է, որի հետ բնությունը չի կարող անտարբեր կերպով հաշտվել: Օ՜, նախախնամությո՜ւն, մի փոքր ևս ինձ պահպանի՜ր, օգնի՜ր, ուղղությո՜ւն տուր:

Աղոտ հայացքս թափառում էր մռայլ ու միգապատ լանդշաֆտում: Հասկացա, որ բավական հեռացել եմ գյուղից, որը բոլորովին չէր երևում: Անհետացել էին նույնիսկ գյուղը շրջապատող մշակված դաշտերը: Կածաններն ու արահետները նորից ինձ բերեցին ցախամացառներով պատած վայրերը: Միայն մի քանի դաշտեր, որոնք գրեթե վայրի ու անմշակ էին և հազիվ էին տարբերվում մացառապատ հողերից, բաժանում էին ինձ մշուշապատ բլուրից:

«Ավելի լավ է այնտեղ մեռնել, քան փողոցում կամ բանուկ ճանապարհի վրա, մտածում էի ես: Եվ շատ ավելի լավ կլինի, եթե արջնագռավներն ու ագռավները, եթե միայն նրանք այդ կողմերում կան, հոշոտեն մարմինս, քան այն փակվի մուրացկանի դագաղի մեջ և քայքայվի աղքատիկ գերեզմանում»:

Քայլերս ուղղեցի դեպի բլուրը: Հասա: Այժմ միայն մնում էր գտնել մի փոս ընկած տեղ, որտեղ հնարավոր լիներ պառկել և զգալ, որ գոնե թաքնված ես, բայց այս ամայի վայրի մակերևույթը հարթ էր: Տեղի միայն գույնն էր փոփոխական. ճահիճների եղեգն ու մամուռը կանաչին էին տալիս, իսկ այն տեղերը, որոնք չոր էին և ծածկված էին ցախու մացառներով, սև էին: Թանձրացող խավարի մեջ ես դեռ կարողանում էի զանազանել այդ փոփոխությունները. դրանք լույսի ու ստվերի միայն երանգներ էին, որովհետև գույները օրվա լույսի հետ չքացել էին:

Հայացքս թափառում էր մռայլ ճահճուտներում ու թփուտներում՝ անհետանալով վայրի տեսարանների խորության մեջ, երբ խավարի մեջ՝ հեռվում՝ ճահճուտների ու բլուրների արանքում, մի լույս ցոլաց։ ««Ignis fatuus» է»,  անցավ մտքովս, և սպասում էի, որ շուտով կանհետանա։ Սակայն կրակը շարունակում էր վառվել հաստատուն լույսով. ո՛չ հեռանում էր և ո՛չ մոտենում։ «Մի՞թե դա խարույկ է, որը հենց նոր վառեցին», հարցրի ինքս ինձ։ Սկսեցի դիտել, տարածվո՞ւմ է, թե՞ ոչ. ո՜չ, ո՛չ պակասում էր և ո՛չ ծավալվում։ «Գուցե դա մո՞մ է մի տան մեջ, ենթադրեցի. եթե այդպես է, ապա ես երբեք չեմ հասնի դրան։ Չափազանց հեռու է և թեկուզ մի քանի քայլ հեռու լիներ, ի՞նչ օգուտ։ Դուռը կծեծեի միայն նրա համար, որ այն փակեին իմ առաջ»։

Եվ ես պառկեցի իմ նշած տեղում ու դեմքս դեմ արեցի գետնին։ Միառժամանակ պառկած էի անշարժ: Գիշերային քամին փչում, անցնում էր բլրի ու իմ վրայով և հառաչելով մեռնում հեռվում: Հորդառատ անձրև էր տեղում՝ թրջելով ինձ մինչև ոսկորներս: Եթե միայն կարողանայի անձնատուր լինել խաղաղ սառնամանիքին՝ այդ գթասիրտ մահվան անզգայությանը. թող այն ժամանակ անձրևը թափվեր ինձ վրա, ես ոչինչ չէի զգա, բայց դեռևս կենդանի մարմինս դողում էր ցրտից: Քիչ անց նորից ոտքի կանգնեցի:

Լույսը դեռ նույն տեղում էր: Անձրևի միջից փայլում էր աղոտ, բայց կայուն փայլով: Նորից փորձեցի քայլել: Դանդաղորեն քարշ էի տալիս խոնջացած մարմինս դեպի այդ լույսը: Առաջ էի գնում բլրի թեք լանջով և մեծ ճահճի միջով, որը ձմեռ ժամանակ անանցանելի կլիներ: Նույնիսկ հիմա՝ ամառվա ամենաթեժ պահին, ոտքերիս տակ ճլմփում էր, և ես շարունակ խրվում էի ջրերի մեջ: Այստեղ երկու անգամ ընկա, բայց վեր կացա և ուժերս հավաքեցի: Լույսը իմ միակ հույսն էր…

Թարգմանիչ՝ Արամ Բուդաղյան

Խմբագիր՝ Լուսինե Համբարյան

Նյութը տրամադրեց Էդիթ Պրինտ հրատարակչությունը


Վերջին ուսուցիչը [հատված վեպից Վարդգես Պետրոսյանի] Իրարանցում

Վերջին ուսուցիչը [հատված Վարդգես Պետրոսյանի վեպից]

Դոստոևսկի. Կարամազով եղբայրներ [հատված] Գիրք առաջին։ Մի ընտանիքի պատմություն

Մարտակումբ [հայերեն թարգմանությամբ] հատվածներ

Սթիվեն Քինգ․ Փայլատակում [հատված վեպից]

Վիլյամ Սարոյան․ Մարդկային կատակերգություն [հատված]

Հայտնի գրողների սիրո խոստովանությունները

Շարլոտ Բրոնտե՝ «Ջեյն Էյր». Հատված

Հավերժ քոնը [հատված վեպից]

Ջոջո Մոյես. ԵՍ ՄԻՆՉ ՔԵԶ [Հատված վեպից]

Սալման Ռուշդի. գրող, որին սպանելը պատիվ է ամեն մի մուսուլմանի համար

Բարոն Մյունխհաուզենի արկածները [հատված]

Լևոն Շահնուր. ցավեր բռնողը [հատվածներ պատմվածքներից]

Սալման Ռուշդի. Կեսգիշերի զավակները [հատված վեպից]

Հեմինգուեյ. «Տոն, որ միշտ քեզ հետ է» [հատված]

Հպարտություն և նախապաշարմունք [հատված Ջեյն Օսթինի վեպից]