Ջազի պատմությունը - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Ջազի պատմությունը

Ի՞նչ է ջազը. հուզական ռիթմեր, հաճելի ու կենդանացնող երաժշտություն, որը մեղմ ջրի պես հոսելով՝ նոր թափ է հավաքում: Մեղեդու այս տեսակը չես համեմատի ու չես շփոթի երաժշտական մեկ այլ ժանրի հետ: Ջազի ռիթմերի հնարամտությունն ու մեղեդու զարգացումը սահմաններ չեն ճանաչում: Այստեղ իմպրովիզացիան հիմնական մեխն է: Ազատությունը, զգալու ու կիրք փոխանցելու յուրահատկությունը: Ու տարօրինակն այն է, որ այս արտասովոր երաժշտությունն ունակ է փոխանցել մարդկային զգացմունքների մի ամբողջ ներկապնակ. անսահման երջանկությունից՝ անզուսպ տագնապ, այս ամենն ավելի հեշտ է զգալ, քան փորձել իհարկե փոխանցել բառերի միջոցով:

Ինչպես հասկացաք՝ այսօր անդրադառնալու ենք ջազի պատմությանը…

Իսկ ո՞րն է ջազային երաժշտության առանձնահատկությունը:

Առաջին և ամենակարևոր առաձնահատկությունը թերևս իմպրովիզացիան է: Երաժիշտները պետք է կարողանան ճկուն գտնվել, ինչպես նվագախմբային կատարումների ժամանակ, այնպես էլ՝ սոլո: Սակայն ջազում կա ևս մեկ կարևոր շեշտադրում՝ բազմառիթմությունը: Քանի որ հենց ռիթմիկ ազատությունն է ջազի հիմնաքարը: Մտաբերեք հենց հիմա ջազային մի կատարում և կհիշեք՝ ինչ երանելի ազատության ռիթմերն են միահյուսվում: Այստեղ ոչ մի զուսպ կանոն չի գործում, ինչպես դասական երաժշտության ժամանակ: Միայն զարմանալի ու հաճելի թեթևություն: Ջազի լեզվով մեկնաբանելով՝ այստեղ կարևոր է սվինգը, որն էլ հենց ստեղծում է բիթը:

Ջազի պատմությունը

Ջազն առաջացել է 20-րդ դարի սկզբներին, ԱՄՆ-ում, բայց ավելի խորն  ուսումնասիրելով՝ երաժշտության այս տեսակի արմատները կարելի է գտնել Աֆրիկայում:

Դեռ հեռավոր 17-րդ դարում բրիտանացիները զբաղվում էին սևամորթների վաճառքով, և որպեսզի տարբեր ցեղերի սևամորթներն իրար հասկանան, նրանք ստեղծում են ոչ միայն ընդհանուր հաղորդակցման լեզու, այլ նաև երաժշտական ուղղություն, որում արտացոլվում են տարբեր ցեղերի մշակութային առանձնահատկություններն ու հարազատ Աֆրիկայի երանգները: Այլ կերպ ասած՝ նրանք ստեղծում են իրենց մշակույթը՝ հանգստի ժամերին կատարելով էթնիկ, ավանդական երգեր:

1861–1865թթ. ԱՄՆ-ում տեղի ունեցած քաղաքացիական պատերազմից հետո ստրուկությունն արգելվեց, սակայն այս փոփոխությունները չթեթևացրին աֆրիկացիների հոգսը: Օրվա ապրուստը վաստակելու համար նրանք քաղաքից քաղաք են շրջում՝ ճանապարհներին ելույթներ ունենալով, որտեղ հանդիսատեսն առաջին անգամ լսում ու ծանոթանում նոր ու տարբերվող մի երաժշտությանը, որը ձևավորվելով ու ժամանակի ընթացքում ձեռք բերելով Բլյուզի՝ հուսահատության և տխրության ժանրի նրբերանգներ, դառնում է այն, ինչ մենք այսօր անվանում ենք Ջա՜զ…

Իսկ ջազի օրրանը ինչպես հայտնի է Նոր Օռլեանն է: Որպես հիմնադիրներ հիշատակվում են Ջելի Ռոլ Մորթոն, Բադի Բոլդեն և Կիդ Օրի անունները: Այս երաժիշտների շնորհիվ ժանրն արագ տարածում գտավ ամբողջ երկրով մեկ և, հետաքրքրություն առաջացնելով՝ մեծ լսարան ձեռք բերեց:

Արդեն 1917 թվականին ջազը նոր թափ հավաքեց Չիկագոյում: Հենց այս քաղաքում լայն տարածում գտավ ու հետագայում միահյուսվեց այն անվան հետ, որը նպաստեց նրա զարգացմանն ու տարածմանը: Լուի Ամսթրոնգ՝ ահա այդ անունը:

Տարիների ընթացում ստեղծվում են ջազային նվագախմբեր, բենդեր, մենակատարները ելույթ են ունենում հատուկ ջազային ակումբներում: Իսկ 1960 թվականից սկսած՝ ջազը ենթարկվում է փոփոխությունների և փորձարկումների՝ ձեռք բերելով ժանրային տեսակներ՝ ջազ-ռոք և ջազ-փոփ, ինչպես նաև ազատ-ջազ, որը ենթադրում է ռիթմիկ ու տոնային կանոնների լիակատար անտեսում:

Հետաքրքրիր փաստեր

  • Ջազային առաջին ձայնագրությունը տեղի է ունեցել 1917 թվականին, Նյու-Յորքում: Հատկանշական է, որ երաժիշտը ոչ թե սևամորթ, այլ սպիտակամորթ է եղել:
  • Ջազ բառի ծագումնաբանությունն այդպես էլ հստակ սահմանում չի ստացել: Շատերը պնդում են, որ այն առաջացել է ֆրանսերեն լեզվից և նշանակում է բլբլոց,  մյուսները հակված են, որ բառն ունի անգլիական ծագում և նշանակում է հետապնդում, իսկ երրորդները ջազը կապում են ուղղակի հաստատում կամ համաձայնություն նշանակող ձայնարկության հետ:
  • Ի դեպ, 20-րդ դարն այնքան հայտնի էր ջազով և դրա հետ կապված հետաքրքրություններով, որ պատմաբանները հաճախ այդ ժամանակաշրջանն անվանում են Ջազի դարաշրջան՝ չմոռանալով նշել Պոլ Ուիթմենի անունը:
  • Ջազի հիմնական գործիքներն են՝ թմբուկը, կիթառը, դաշնամուրը, սաքսոֆոնը, շեփորը, կլարնետը, տրամբոնն ու կոնտրաբասը:
  • Միացյալ Ազգերի կազմակերպությունն ապրիլի 30-ը սահմանել է Ջազի միջազգային օր:

Ջազը Հայաստանում

Հայաստանում ջազ սկսել են կատարել 1920-ական թվականներից։ 1930-ական թվականներին հայտնվեցին համույթներ, որոնք նվագում էին հիմնականում ջազ երաժշտություն, որոնցից ամենահայտնի խումբը համարվում էր Ցոլակ Վարդազարյանի նվագախումբը, որը համերգային ելույթներ էր ունենում «Մոսկվա» կինոթատրոնում։

1950-1960-ական թվականներին Խորհրդային Հայաստանում ջազը լայն տարածում ստացավ։ Ողջ երկում հայտնվում էին ջազային խմբեր։ Այդ ժամանակաշրջանում ճանաչում ստացան Լևոն Մալխասյանի ջազային քառյակը, Արմեն Թութունջյանը, Արթուր Աբրամյանը և Ալեքսանդր Զախարյանը, որոնք հաճախակի ելույթներ էին ունենում Երևանում, ինչպես և մասնակցում էին համամիութենական փառատոններին։ 1970-ականների սկզբին հանդես եկան նոր տաղանդավոր երաժիշտներ՝ Դավիթ Ազարյանն ու Արտաշես Քարթալյանը, կիթառահար Բորիս Անդրեասյանը, դաշնակահար Միքայել Զաքարյանը, Արմեն Տեր-Թադևոսյանի քառյակը, Էդուարդ Բախչիյանի ղեկավարությամբ համույթը։

1970-ականներին սկսած Հայաստանի ջազային նվագախումբը մեծ ճանաչման արժանացավ Խորհրդային Միությունում։ Հայաստանի պետական էստրադային նվագախումբը, Կոնստանտին Օրբելյանի գլխավորությամբ, առաջինն էր ԽՍՀՄ ջազային նվագախմբերից, որ մեկնեց ԱՄՆ։ Հայ երաժիշտները ԱՄՆ խոշոր քաղաքներում 25 համերգ տվեցին։ Կոնստանտին Օրբելյանը, 36 տարի շարունակ ղեկավարելով նվագախումբը, կարողացավ սիրողական ջազ-համույթի մակարդակից այն վերածել պրոֆեսիոնալ կոլեկտիվի։ 1979 թվականին Օրբելյանին շնորհվեց ԽՍՀՄ Ժողովրդական արտիստի կոչումը։

1980-ական թվականներին սովետական ջազի մեջ մեծ ճանաչում ուներ Տաթևիկ Հովհաննիսյանը։ Նա սկսել է ջազ երգել 11 տարեկանից հեռուստատեսության և ռադիոյի նվագախմբում, իսկ 17 տարեկանից որպես մեներգչուհի միացել է Կոնստանտին Օրբելյանի նվագախմբին։

1997 թվականին երիտասարդ երաժիշտներից վերականգնված «Հայաստանի պետական ջազ-նվագախումբը» վերսկսեց իր աշխատանքը՝ կոմպոզիտոր և դաշնակահար Արմեն Մարտիրոսյանի գլխավորությամբ։ Նվագախումբը բազմիցս շրջագայել է ԱՄՆ և եվրոպական երկրներում, կարողացել է նվաճել մի քանի ազգային մրցանակներ և թողարկել է երկու ձայներիզ։ Երաժիշտը ներկայումս բնակվում է Կանադայում:

2013 թվականի դրությամբ Հայաստանում գործում են ջազային տարբեր ուղղվածություններով հանդես եկող բազում խմբեր։

Նույնիսկ այսօր ջազը դինամիկ և անդադար զարգանում է՝ ստեղծելով նոր ուղղոթյուններ և ժանրեր: Այս երաժշտությունը շարունակում է իր մեջ ներդաշնակորեն միահյուսել մոլորակի տարբեր անկյունների մեղեդին ու ձայնը՝ այն հագեցնելով նոր գույներով ռիթմով և յուրահատուկ մեղեդայնությամբ:


Ժողովրդի սիրելին… Արտաշես արքան ավդանդազրույցներում

Գեղարդի հրաշագործ ուժը. Հրաչ Բեգլարյանի «Հրաշապատում»-ից

Մի լուսանկարի պատմություն [Մհեր Մկրտչյանի մկրտությունը]

Օրվա մեղեդի

Լուսանկարներ, որ կփոխեն ձեր բոլոր պատկերացումները պատմության մասին

S.O.S. Մորզեի այբուբենը

5 կարևոր ֆիլմ

Ռուսական կայսրության կին առաջնորդը

Օլիմպիական խորհրդանիշ

Նոյը Մարսել Պրուստի աչքերով…

Ի՞նչ գիտենք Իտալիայի մասին: Փաստեր…

Իոսիֆ Վիսարիոնովիչ Ստալին

Կատուն, որը ուզում էր մարդ դառնալ… [էսսե]

10 պատմական իրողություն, որ ձեզ կզարմացնեն

Սեքսի դերը համաշխարհային պատմության մեջ

Կնոջ գեղեցկության 5 էտալոն տարբեր դարաշրջաններից