Սելինջեր. Կործանողը տարեկանի արտում կամ գրողի գաղտնինքներն ու առեղծվածները - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Սելինջեր. Կործանողը տարեկանի արտում կամ գրողի գաղտնինքներն ու առեղծվածները

Ջերոմ Դեյվիդ Սելինջերը ծնվել է Նյու Յորքում 1919 թ. հունվարի 1-ին հրեական ընտանիքում: Գրական կարիերան Սելինջերը սկսել է Նյու-Յորքի ամսագրերում փոքր պատմվածքների հրատարակումով։ Նրա առաջին տպագրված գործը 1940 թ. հրատարակված «Երիտասարդներ» (The Young Folks) պատմվածքն էր։ Սելինջերը ճանաչում է ձեռք բերում 1948 թ. լույս տեսած և հետագայում բազմաթիվ լեզուներով թարգմանված «Լավ է բռնվում ձկնիկ-բանանիկը» (A Perfect Day for Bananafish) պատմվածքի շնորհիվ։  Իսկ 1951 թ. լույս տեսած «Փրկիչը տարեկանի արտում» (The Catcher in the Rye) վեպը համաշխարհային հռչակ է բերում գրողին։

1953 թ. լույս է տեսնում նրա «9 պատմվածք» ժողովածուն, որում ընդգրկված էին Սելինջերի լավագույն պատմվածքները:  1961-ին տպագրվում են «Franny» և «Zooey» ստեղծագործությունները: 1965 թվականից հետո հեղինակը ոչ մի նոր գիրք չհրատարակեց: Նա առանձնացել էր աշխարհից բարձր ու հաստ պատերի ետևում և հանրության աչքին չէր երևում:

Ջերոմ Դեյվիդ Սելինջերը մահացել է 2010 թվականի հունվարի 27-ին Նյու Հեմփշիրի իր առանձնատանը։

Ի՞նչ էր թաքցնում Սելինջերը, ինչո՞ւ էր թաքնվում, և ի՞նչ էր գրում այդքան առանձնացած, օրերով, անդադար: 

Առաջին Սերը

Նախքան զինվորական ծառայությունը՝ նա հանդիպում էր Ունա Օնիլի՝ Յուջին Օնիլի դստեր հետ: (Յուջին Օնիլը միակ ամերիկացի դրամատուրգն էր, որ արժանացել էր Նոբելյան մրցանակի): Ջերոմը գերված էր գեղեցկուհի և հասուն 18-ամյա Ունայով: Երբ Ջերոմը մեկնում է ծառայության, նրանք ակտիվ նամակագրական կապ էին պահում՝ մինչ Ունան տեղափոխվում է Կալիֆորնիա և դադարում սիրելիի նամակներին պատասխանել:

Կալիֆորնիայում Ունային ավելի կարևոր մարդիկ էին զբաղեցնում… Չարլի Չապլինը ևս անտարբեր չկարողացավ անցնել Ունայի գեղեցկության կողքով: Ունա Յուջինը դարձավ Չապլինի կինը:

Պատկերացրեք Սելինջերի զայրույթը, երբ ծառայության ընթացքում իմանում է, որ իր 18-ամյա սիրելին դարձել է աշխարհի ամենահայտնի 54-ամյա դերասանի կինը: Այս մասին Ջերոմն իմանում է մամուլից…

Առաջին կինը

1945 թ. Սելինջերն ամուսնանում է ֆրանսուհի Սիլվիայի հետ և նրան հետը բերում ԱՄՆ: Ֆաշիստական կուսակցության անդամ Սիլվիան հրեական ընտանիքում բնականաբար երկար ապրել չէր կարող: Մեկ ամիս անց նրանք բաժանվում են:

Երկրորդ համաշխարհայինը

Պատերազմն ու դրա սարսափները Սելինջեր գրողին էին կերտում: Նա սկսեց գրել, գրել ակտիվ: Իսկ կարևոր մարտերից մեկին գնալիս, ասում են, հետը վերցրել էր «Փրկիչը տարեկանի արտում» վեպի 6 ձեռագիր գլուխներ՝ վստահ, որ այն իրեն կփրկի մահից: Երկրորդ համաշխարհայինի ընթացքում Սելինջերը չորս կարճ պատմվածքներ է հրատարակում, սակայն երազելի գրական ամսագիը՝ «New Yorker»-ը, այդպես էլ շարունակում էր մերժել նրա՝ տպագրվելու բոլոր դիմումները:

Սակայն 1948 թ. ի վերջո «New Yorker»-ի համառ և խստապահանջ խմբագիրները հավանում են Սելինջերի «Լավ է բռնվում ձկնիկ-բանանիկը» (A Perfect Day for Bananafish) պատմվածքը և տպագրում ամսագրի էջերում: Սելինջերի կյանքում լուրջ շրջադարձ էր սա. բոլորը սկսեցին կարդալ նրա պատմվածքը և հետաքրքրվել նրանով:

«Լավ է բռնվում ձկնիկ-բանանիկը» պատերազմի վերքերի արտահայտությունն էր. պատմվածքի հերոսը զրուցում է փոքրիկ մի աղջնակի հետ, ապա գնում սենյակ, պառկում խաղաղ քնած կնոջ կողքին և գլխին կրակելով՝ ինքնասպան լինում:

Խստապահանջ Սելինջերը

Սելինջերի պատմվածքներից մեկի հիման վրա Հոլիվուդում ֆիլմ են նկարահանում: Երբ կինոնկարն արդեն պատրաստ էր, Սելինջերը դիտում է և շատ բարկանում. ֆիլմի հեղինակները նրա պատմվաքն աղավաղել էին և հարմարեցրել իրենց սցենարին: Սա անընդունելի էր Սելինջերի համար: Առհասարակ, հայտնի դառնալուց հետո Ջերոմ Սելինջերը հրատարակություններ պատմվածքներ ուղարկելիս՝ միշտ պայման էր դնում, որ ոչ մի բառ, ոչինչ չփոխել:

Նա թույլ չէր տալիս նույնիսկ վերջակետը ստորակետով փոխել: Ինքը գրական տեքստի վրա այնքան մանրակրկիտ էր աշխատում, որ ամեն մանրուք կարևորություն ուներ և փոփոխման ենթակա չէր:

Ջին Միլլեր. Սելինջերի գաղտնի սերը

Աղջիկը 14 տարեկան էր, երբ ծովափին ծանոթանում է 30-ամյա Սելինջերի հետ: 10 օր շարունակ նրանք ամեն օր զբոսնում և զրուցում են. «Նրա ձախ ուսը միշտ իմ թիկունքում էր և նա մի փոքր կռանում էր, որ լսեր ինձ: Նա աջ ականջով գրեթե չէր լսում, կարծում եմ պատերազմից էր: Բայց Ջերին կարողանում էր լսել այնպես, ասես դիմացինն աշխարհի ամենակարևոր մարդն է: Նա ինձ հարցնում էր իմ ընտանիքից, դպրոցից, ուզում էր իմանալ՝ ինչ խաղեր եմ խաղացել, ինչ գրքեր կարդացել: Նա ուզում էր իմանալ իմ մասին ամեն բան: Մենք նստում էին պաղպաղակ ուտելու, փոփ-քորն էին գնում երբեմն: Նա իրականում երջանիկ էր այդ օրերին… Բաժանվելիս նա ինձ ասաց. «Ես ուզում եմ համբուրել քեզ, բայց չեմ կարող»: Ապա մոտեցավ մայրիկիս և միանգամայն լրջությամբ ասաց. «Ես ուզում եմ ամուսնանալ ձեր աղջկա հետ»:

Ջինի կերպարը հստակ կարող ենք հանդիպել «For Esme – with Love and Squalor» – «Էսմային՝ սիրով և թշվառությամբ» պատմվածքում:  «Տարիներ անց նա խոստովանեց, որ եթե ինձ չհանդիպեր, այդ պատմվածքը չէր գրի», – հիշում է Ջին Միլլերը:

Նա երկար ժամանակ նամակներ էր գրում Ջինին, նրան պատմում իր առօրյայի և պատերազմի վախերի մասին և իր գլուխգործոց վեպի ստեղծման ընթացքի մասին: Սելինջերի և Ջինի կապը խզվում է այն բանից հետո, երբ նրանք ֆիզիկական մտերմություն են ունենում. սա հետագայում պատմել է ինքը՝ Ջին Միլլերը:

Փրկիչը տարեկանի արտում

Սելինջերը գրում էր հենց ազատ ժամանակ էր ունենում, առանց շունչ քաշելու, առանց հանգստանալու: Վեպը գրվում էր տանջալից և պայքարով, ծառայության տարիներին: Արդյունքը՝ համաշխարհային գրականության գլուխգործոցներից մեկը:

Բայց սկզբում ոչ մի ամսագիր չցանկացավ տպել այն: «Հոլդեն Քոլֆիլդը խենթ է», «Վեպը թույլ է», «Պետք է նորից վերանայել» ասում էին բոլոր խմբագիրները: 1951 թ. ամերիկյան հրատարակչություններից մեկն ի վերջո համաձայնում է տպագրել այն իր էջերում: Այդ օրվանից Հոլդեն Քոլֆիլդը բոլոր ընթերցողների սրտերում է, իսկ Սելինջերի անունը՝ համաշխարհային գրականության կարևորագույն էջերում:

«Ես ուզում եմ ոչ թե պարզապես բեսթսելլեր գրել, այլ լավ գիրք», – բացատրում էր նա Ջին Միլլերին: «Փրկիչը տարեկանի արտում» վեպը հասունացման մասին է, խելացի և նրբազգաց Հոլդեն Քոլֆիլդը, որի անունից տարվում է պատումը, իր հոգու վրա է զգում աշխարհի ողջ բեռն ու հասունացման դառը ընթացքը: Այս վեպը դարձել է աշխարհում ամենաշատ վաճառված գրքերից մեկը: ԱՄՆ-ում թերևս մարդ չկա, որ կարդացած չլինի այն:

 

Երկրորդ կինը

Սելինջերի երկրորդ կինը Կլեր Դուգլասն էր: Երբ նրանք ամուսնացան, գրողը 36 տարեկան էր, Կլերը՝ 16, և դեռ սովորում էր դպրոցում: Սելինջերն առհասարակ երիտասարդ աղջիկների սիրահարն էր… Տարիքային մեծ տարբերությունը նրան աղջիկների աչքերում դարձնում էր փորձառու, կարևոր, ուսուցիչ, հոգեբան:

Ամուսնության օրը Ջերոմը Կլերին նվիրում է իր «Franny» պատմվածքը: Այս ամուսնությունից ծնվում են երկու երեխա՝ Մարգարետը և Մեթյուն:

«Իրականում դա մի աշխարհ էր, որ տատանվում էր երազի և բարակ մղձավանջի արանքում, որը բարակ սարդոստայնի վրա էր՝ իմ ծնողների կողմից հյուսված սարդոստայնի, որտեղ չկար ամուր հենքի ոչ հեռավոր ակնարկ, ոչ էլ հույս, որ քեզ կբռնեն, եթե ընկնես:

Երբ ես ծնվեցի, մայրս դեռ ինքն էլ երեխա էր: Նա անդադար երազների մեջ էր և երկար տարիներ լեդի Մակբեթի պես տառապում էր ահասարսուռ լուսնոտությամբ: Իսկ հայրս գրքեր էր գրում և երազող էր, այն երազողներից, որոնք չեն կարողանում անգամ սեփական կոշիկների թելերը կարգին կապել, իսկ հետևել այն բանին, որ երեխան չսայթաքի և չընկնի՝ առավել ևս»: », – գրում է Մարգարետը:

Իսկ իրականում որքանո՞վ է կարևոր գրողին ճանաչելը: Արդյո՞ք Մարգարետ Սելինջերը գիրքը գրում էր, որ մենք ճանաչենք իր հորը, թե՞ գրում, էր որ ինքը ճանաչեր և ներեր նրան հավերժ բացակայությունն իր կյանքից:

Սելինջեր ճգնավոր

Սելինջերն իր՝ քաղաքից և մարդկությունից հեռու տան կողքին մի առանձին տնակ է սարքում, որտեղ և անցնակցնում է ողջ օրը գրելով: Կլերը տառապում էր, նա օրերով չէր տեսնում ամուսնուն, երեխաներին միայնակ էր մեծացնում:

Գրողը տարվել էր բուդիզմով և բուդիստական գաղափարախոսությամբ, ինչն իր արտահայտությունն էր գտնում 60-ականներին գրված պատմվածքներում: Նա շաբաթներով առանձնացած գրում էր և չէր ցանկանում տեսնել ոչ ոքի, նույնիսկ ընտանիքի անդամներին: Կլերի համբերության բաժակը լցվում է: Նա հեռանում է:

«Ես չեմ պատրաստվում այլևս ինչ-որ բան տպագրել, այնպիսի խաղաղություն է, երբ ոչինչ չես տպագրում», -21 տարի լռությունից հետո ասում է Սելինջերը 1974 թ. «New York Times»-ին տված բացառիկ հարցազրույցում:

Հերթական աղջնակը

Կլերի տեղը շուտով զբաղեցնում է 18-ամյա լրագրող և գրող Ջոյս Մեյնարդը, որին Ջերին ինքն է նամակ գրում, ապա գրում է երկրորդը, երրորդը և նրանք սկսում են միասին ապրել:

«Կանայք նրա կյանքում սեփական երևակայության նախագծերն էին, նրա կերտած հերոսուհիները: Նրանք բոլորը երիտասարդ էին, քանի որ երբ դու երիտասարդ ես, և հատկապես երբ դու կորցրել ես ինքդ քեզ, անպաշտպան ես և չգիտես՝ ինչ է քեզ սպասվում, ավելի հեշտ ես դառում այնպիսին, ինչպիսին ուզում են տեսնել քեզ», -գրում է Սելինջերի դուստրը հոր մասին:

Ջոյսը միակ երիտասարդ աղջիկը չէր, ում Սելինջերը գրում էր: 90-ականներին մի քանի նմանատիպ դեպքեր բացահայտվեցին…

Սելինջերի դուստրը հոր մասին

Սելինջերի դուստրը՝ Մարգարետը մի գիրք գրեց, որտեղ պատմում էր հոր կյանքի, գաղտնիքների, դաժանության, բնավորության դրական կողմերի մասին: Գիրքը կոչվում է «Dream Catcher» «Երազանքներ բռնողը»: Գիրքը բաղկացած է երեք մասերից. Սելինջերների կյանքը նախքան Մարգարետի ծնվելը, նրա կյանքը հայրական տանը և երրորդ մասը պատմում է Մարգարետի ազատ կյանքի մասին:

«Իմ ողջ էներգինա ես օգտագործել եմ, որ ցույց տամ՝ ինչպիսին էր նա իրականում, երեք հարթություններում, այլ ոչ թե գեղեցիկ գրված գրքերում, որոնց հետ այնքան հրաշալիորեն հնարավոր է տեղավորվել խարույկի մոտ»:

«Փրկիչը տարեկանի արտում»՝ մարդասպանների սիրելի գիրք

Ջոն Լենոնին սպանած Մարկ Չեփմենի մոտ սպանությունից անմիջապես հետո այս գիրքն են գտնում: Նա բազմիցս խոստովանում է հետագայում էլ, որ սա իր ամենասիրելի գիրքն է:

Այն մարդատյացությունը, որն ունի Հոլդենը՝ վեպի հերոսը, կարող է թվալ մանկական և անլուրջ, բայց եթե ընթերցողն այլ կերպ, ավելի մտերմիկ և միանշանակ ընկալի այն, ինզ զգում և ասում է Հոլդենը, սկսկի իր հոգում էլ կրել մարդատյացության բեռը: «Փրկիչը տարեկանի արտում» վեպում «սպանել» բառը շատ հաճախ է հանդիպում, «խենթ» բառը՝ նույնպես: Մարկ Չեփմենը բոլորին ասում էր՝ պետք է կարդան Սելինջերի այս վեպը, որ հասկանան իր շարժառիթները: Նույնն էին ասում ևս երկու մարդասպան…

Գուցե իր ներքին ցավն ու տառապանքը դուրս բերելով՝ Սելինջերը շատերի՞ն վարակեց իր հոգու ծանրությամբ:

«Հրատարակվելն ամենավատ բանն է, ինչ կարող է անել գրողը», – ասել է Սելինջերը մի լրագրողի՝ Բեթի Էփսին, որն ամեն գնով կարողացել է հանդիպել գրողի հետ և ավելացրել. «Ես Հոլդենին համարում է իմ ամենամեծ սխալը»:

«Հոլդենը իմ ամենամեծ սխալն էր».

2008 թ. Սելինջերը հիմնեց իր սեփական գրական ֆոնդը, որն էլ նրա գրական ժառանգության բոլոր իրավունքների տերն է նաև այսօր: Մինչ օրս այդ ֆոնդը արգելում է «Փրկիչը տարեկանի արտում»-ի որևէ էկրանավորում և 1965 թվանակից հետո գրված որևէ ստեղծագործության տպագրություն:

ի՞նչ էր գրում Սելինջերն ինքն իր համար, ինչո՞ւ էր գրում, գուցե որովհետև չէ՞ր կորղ չգրել: Երբևէ կհրատարակվե՞ն այն բազմաթիվ գործերը, որ գրում էր հեղինակը 1965 թվանակից մինչ 2010 թ. հունվարի 27-ը՝ մահվան օրը:


Ձախողված գրքերի մասին

Սելինջերի անձնական իրերը Նյու Յորքի գրադարանում…

…Եվ այդ շուրթերը, աչքերը կանաչ [Սելինջեր]

Ի՞նչ կարդալ օգոստոսին. Խորհուրդ է տալիս VNews-ը

Եթե հայտնի գրքերն անկեղծ վերնագրեր ունենային

5 պատմական դեպք, որ (չեք հավատա, բայց) իրական է

Կհրապարակվեն Սելինջերի չհրապարակված գործերը

Չարլի Չապլինի բացառիկ լուսանկարները

Չարլի Չապլինի ելույթը. «Երբ ես սկսեցի սիրել ինքս ինձ…»

Չարլի Չապլինի դուստրը կայցելի Հայաստան

#mustread. 5 վեպ, որ ՊԱՐՏԱԴԻՐ պետք է կարդա յուրաքանչյուրը [թարգմանված են հայերեն]

Տարեկանի արտում՝ անդունդի եզրին [հատված Սելինջերի վեպից]

Չարլի Չապլինի նամակն իր դստերը

Ի՞նչ կարդալ ամռանը. խորհուրդ է տալիս Գրքամոլը

Հայտնի դերասանները հայտնի մարդկանց կերպարներներում

Ֆեդերիկո Ֆելինի և Ջուլիետա Մազինա.մի սիրո պատմություն