Ո՞վ է Ջորջ Սորոսը. փաստեր - VNews

Ո՞վ է Ջորջ Սորոսը. փաստեր

sorooos min - Ո՞վ է Ջորջ Սորոսը. փաստեր

Ջորջ Սորոս. անուն, որը բոլորս լսել ենք, որը, սովորաբար, ասոցացվում է դավադրության տեսությունների հետ, սակայն քչերս գիտենք, թե ով է այդ անվան կրողն իրականում: Այս անդրադարձում մի կողմ կդնենք բոլոր հակասական կարծիքները Ջորջ Սորոսի մասին և կներկայացնենք միայն այն փաստերը, որոնք համապատասխանում են ճշմարտությանը:

Ո՞վ է Ջորջ Սորոսը

Ամերիկացի մեծահարուստ Ջորջ Սորոսը միլիարդներ է տրամադրում բարեգործական, մարդասիրական ծրագրերին, սակայն նա նաև համարվում է ազգային պետությունների թշնամին, բազմաթիվ ճգնաժամերի հրահրողն ու մեղավորը։ Ըստ տարբեր աղբյուրների, նրա ունեցվածքը գնահատվում է 8 միլիարդ դոլար, այդուհանդերձ, Ջորջ Սորոսը «Բաց հասարակության հիմնադրամին» նվիրաբերել է 32 միլիարդ դոլար։ Հիմնադրամի պաշտոնական կայքը պնդում է՝ «Մենք աջակցում է անհատներին և կազմակերպություններին ամբողջ աշխարհում, որոնք պայքարում են խոսքի ազատության, արդարության և հավասարության համար»։  Հիմնադրամն իր ուշադրության կենտրոնում է պահել խտրականության ենթարկված անձանց՝ թմրամոլներին, սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչներին և այլոց:

Հունգարիայում ծնված, ծագումով հրեա Ջորջ Սորոսը վերապրել է Հոլոքոստը, ապա գաղթականի կյանքով ապրել՝ 1947թ. արտագաղթելով Լոնդոն, իսկ 1956թ.՝ ԱՄՆ… սակայն, Ջորջ Սորոսի՝ հրեա լինելու փաստը հաճախ կասկածի տակ է դրվում: Այս առիթով Հունգարիայի կառավարության խոսնակը ասել է, որ հունգարացիները Սորոսին ընկալում են ոչ թե որպես հրեա, այլ՝ որպես գլոբալիստ: Ի պատասխան բազմաթիվ մեղադրանքների, Ջորջ Սորոսը ասել է՝ «Ես հրեա լինելուս պատճառով 14 տարեկանում կանգնած էի բնաջնջման վտանգի առաջ. դա Ձեր համար բավականաչափ համոզիչ չէ՞»…

Սորոսն ընդունվել է Լոնդոնի տնտեսագիտության դպրոց՝ ստանալով նախ բակալավրի որակավորում, ապա նաև փիլիսոփայության մագիստրոսի գիտական աստիճան։ Նախքան իր առաջին հեջ ֆոնդը հիմնելը (Double Eagle, 1969 թ․) նա իր բիզնես կարիերան սկսել է տարբեր աշխատանքներ կատարելով նախ Անգլիայի, ապա ԱՄՆ-ի առևտրային բանկերում։ Իր առաջին ֆոնդերից ստացված եկամուտներով 1970 թվականին ստեղծել է երկրորդ հեջ ֆոնդը՝ Սորոս Ֆոնդ Մենեջմենթը։ Հիմնադրման պահին «Quantum Fund»-ն ուներ կառավարման տակ գտնվող 12 մլն դոլար ակտիվներ, իսկ արդեն 2011 թվականին՝ 25 միլիարդ դոլար ակտիվներ:

Լոնդոնում սովորելու տարիներին նրա վրա գաղափարական մեծ ազդեցություն է ունեցել բրիտանացի փիլիսոփա Կառլ Պոպպերը, հատկապես բաց հասարակության մասին իր գաղափարներով, որոնք արտահայտվել են «The Open Society and Its Enemies» գրքում։ Սրա հետ է կապված նաև հիմնադրամի անվանումը՝ «Բաց հասարակության հիմնադրամ»։

56673 300 - Ո՞վ է Ջորջ Սորոսը. փաստեր

Ջորջ Սորոսը նաև հայտնի է որպես «մարդ, որը կոտրեց Անգլիայի բանկը». բանն այն է, որ 1992 թվականին իր 10 մլրդ դոլարի կարճ վաճառքը, որն իր համար բերեց 1 մլրդ դոլարի շահույթ, հանգեցրեց Մեծ Բրիտանիայում տեղական արժույթի ճգնաժամին, որը հայտնի է «Սև չորեքշաբթի» անունով… Այս միտքը կրկնվել է այնպիսի աղբյուրներում, ինչպիսիք են «Forbes»-ը և «Investopedia»-ն:

2015 թվականին Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Սորոսին մեղադրում էր մերձավորարևելյան գաղթականների հոսքը ֆինանսավորելու համար։ Սորոսը Հունգարիայի աջակողմյան կառավարության կողմից սկսեց դիտարկվել որպես  «պետության թշնամի». արդյունքում, Օրբանի հետ հակասությունը բերեց նրան, որ Բուդապեշտում Սորոսի ֆինանսավորմամբ գործող Կենտրոնական եվրոպական համալսարանը 2018 թվականին հայտարարեց, որ տեղափոխվում են Վիեննա։

Սորոսին հաճախ թիրախավորում է Դոնալդ Թրամփը: Շատերը Սորոսին մեղադրում են հետխորհրդային տարածքում «գունավոր հեղափոխությունները» ֆինանսավորելու համար, մասնավորապես՝ Վրաստանում և Ուկրաինայում։ 2015 թվականին Ուկրաինայի նախագահը Սորոսին պարգևատրել է «Ազատության» շքնանշանով։ Սորոսի հիմնադրամի գործունեությունը կասեցված է Բելառուսում իսկ 2015 թվականին ՌԴ գլխավոր դատախազությունը նրա գործունեությունը Ռուսաստանում ճանաչեց անցանկալի։

Հայաստանի իշխանությունները, նույնպես, տասնամյակներ շարունակ տարբեր ծրագրերով ֆինանսավորում են ստացել Սորոսի Բաց հասարակության հիմնադրամից։ 2018 թվականին՝ նոր իշխանությունների ձևավորումից հետո Հայաստանի պահպանողական շրջանակները պիտակավորում են նրա անունը։ Սորոսի կերպարի դեմոնիզացումը, նրա անունը «հակազգային» բարեփոխումների հետ կապելը նպաստել են նրան, որ ձևավորվել է «սորոսական» բացասական երանգով բնորոշումը:

Ջորջ Սորոսը մեծն բարերա՞ր է, թե՞ մեծն դավադիր. կարող եք որոշել ինքներդ…

 


5 փաստ Աննա Բոլեյնի մասին…

10 պատմական փաստ սուրոգատ մայրության մասին

15 փաստ «вождь»-ի մասին. Լենին

Շառլ Պեռո. այն ամենն, ինչ պետք է իմանալ

Emily in Paris. ամենահետաքրքիրը ամենափարիզյան սերիալի մասին

9×10 փաստ մեր բոլորի մասին (ամենաընթերցված)

The Queen’s Gambit. փաստեր սերիալի մասին

10 բան Թիմոթի Շալամեի մասին, որ պատմել է հենց ինքը

Բայկալ լճի առեղծվածը…

Սև ուրբաթ. 10 հետաքրքիր փաստ

30 բան Ֆրանսիայի մասին, որ պետք է իմանալ

Փաստեր Ռիտա Սարգսյանի մասին

Ո՞վ է Հայաստանի արտաքին գործերի նորանշանակ նախարար Արա Այվազյանը…

Հետաքրքիր փաստեր Վլադիմիր Պուտինի կյանքից…

Փաստեր, որ գուցե չգիտես. [բանակների մասին]

Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի մասին