5 հայ բանաստեղծուհի, որոնց արժե կարդալ. [ժամանակակից պոեզիա] - VNews

5 հայ բանաստեղծուհի, որոնց արժե կարդալ. [ժամանակակից պոեզիա]

Առանձնացրել ենք հայ բանաստեղծուհիներից մի քանիսի գործերը, որոնք հաստատ արժե կարդալ, իմանալ, ճանաչել ու սիրել։

Արփի Ոսկանյան

ԵՍ ԿՆՎԻՐԵՄ ԻՆՁ ԾԱՂԻԿՆԵՐ

Ամուսինս վաղուց ինձ ծաղիկ չի նվիրում,
Էլ չի ուզում ինձ կապել,
Երեւի կարծում է քարկապ եմ ընկած։
Էլ չկան քնքույշ բառեր եւ հայացքներ սիրատոչոր,
Եվ իմ մեջ դանդաղ մեռնում է
Խոշոր աչքերով ու երկար մազերով գեղեցկուհին։
Ես ուզում եմ մի վերջին անգամ տեսնել նրան,
Բայց շատ բարձր է կախված տան միակ հայելին,
Որի մեջ ամուսինս սափրվում է։
Ես ինչ իմանամ, գուցե այդ գեղեցկուհին
Վացուց մեռել ու նեխում է անթաղ.
Ինչ զարհուրելի տեսարան…
Երբեմն այնպիսի կարեկցանքով եմ լցվում,
Ուզում եմ բռնել ամուսնուս ձեռքն ու ցավակցել նրան,
Բայց նրա աչքերում ցավ չկա…
Չէ, երեւի այնուամենայնիվ չի մեռել
Խոշոր աչքերով ու երկար մազերով գեղեցուհին,
Այլապես ամուսինս… ծաղիկներով կգար…
-Չմեռնես հանկարծ,- ասում եմ ինքս ինձ,-
Էդ ապուշ ծաղիկների համար չմեռնես,
Ես ինքս քեզ… ինքս ինձ…
Ես կնվիրեմ ինձ ծաղիկներ…

***

ԱՊՐԻԼ, ԴԱՍԱԼՔՈՒԹՅՈՒՆ

Պայթող ռումբերի մեջ, ողբի, վշտի,
Ամենօրյա չարչարանքի մեջ,
Տքնաջան երազանքի մեջ,
Առանց հերոսության անկման,
Լուրերի չդադարող հոսքի մեջ,
Անդադար հեղվող արյան մեջ,
Անդադար հեղվող արցունքներիս,
Աման լվանալու հեղուկի մեջ,
Լվացքի փոշու հոտի մեջ
Ես պառկել էի սպիտակ սավանին
Ու արագ վազքով փախչելու նման
Մտածում էի անծանոթ տղամարդու մասին,
Անցյալում չսկսված սիրո մասին,
Կյանքի մասին, որ ուրիշ մեկինն է
Եվ մահվան մասին, որով չեմ մեռնելու։
Սպիտակ սավանին պառկած՝
Ես արյան լերդացող կաթիլ էի,
Որ երազում էր հոսել երակներով։

***

ԿՅԱՆՔ ԿԱ՞ ՆՐԱՆԻՑ ՀԵՏՈ

Ինչքա՞ն լինել քսանամյա աղջիկ,
ձիգ ոտքերով տրորել երկրագունդը
եւ մազերը ծածանել,
եւ թավշյա հայացք նետել
մեկ աջ, մեկ ձախ…
Գերվել, գերվել, գերվել այդ կերպարին՝
ավելի, քան բոլոր տղամարդիկ՝ նրան գերված,
եւ բաժանումը նրանից ավելի ծանր տանել,
քան բոլորը, բոլոր-բոլորը,
ում լքել է նա։
Կառչել նրա փեշից, ոտքերից ու թեւերից,
նրա երկար-երկար վարսերից,
նրա ժպիտից աննման,
գլխարկի ծաղիկներից,
աղաչել, պաղատել, որ չգնա․․․
Ինչպե՞ս ապրել՝ առանց նրա,
ինչպե՞ս սիրել մարմինն այս ծերացող
եւ հոգին՝ չորացած հաց,
կա՞ կյանք նրանից հետո,
կյանք կա՞։

Աննա Դավթյան

annad | Ինքնագիր - գրական հանդես

Ես անուն չեմ.
ես զբաղվեցի այլ բաների կառուցմամբ,
որոնք անհրաժեշտ համարեցի,
ու մայրուղիներ սլացան իմ միջով,
բարակ արահետներ հազար ու մի ճամփա միացրին,
եւ ես հարմար տներ սարքեցի նրանց համար, ովքեր
գիտեն իսկական կարգը իրերի,
գիտեն ամաչելը.
նրանք
ամպերին նայող են բոլորից հեռու,
նրանց անունը սարերում է,
ու նրանց ձեռքերը կոշտացել են աշխարհը կամովին կառուցելուց’
ծովապատնեշներ ու կամուրջներ ծովի վրա,
հիացում նրա մեջ ապրողներին եւ ուժին նրա,
ու հավանություն:
Եւ տարածություններ դրեցի իմ մեջ, որովհետեւ շատ բան տեսա
ու նաեւ կռահեցի,
եւ դրանք դաշտեր են հիմա ծաղկավետ:
Քաղաքներ խաչվեցին իրար մեջ իմ մեջ,
գնալգալն ու եռուզեռը եղավ,
եւ քաղաքների կասկածը կառուցեցի,
բայց իմացա:
Եւ ջրաղացներ ու հողմաղացներ –
կռիվ ու լռություն,
արդեն ուրախություն միայն –
քանզի ինչով երկու մասնիկ իրար կառուցված են մնում,
դատարկությունը չէ,
այլ ամպերի նման’ նոր իրերի աշխարհ:

Հասմիկ Սիմոնյան

Մեղվապահը պապս է,
իսկ ես մորս մասին եմ ուզում խոսել,
որ ժիր մեղու է,
և տունը մայրիկի բուրում է տարատեսակ համադամ թխվածքներով,
և սիրտը մայրիկի փափուկ է մանուշակի տերևի պես,
մենք բոլորով ուտիճների նման կծոտում ենք անդադար մայրիկին,
որ ժպտում է լուռ ու գեղեցիկ՝ ի պատասխան մեր տգեղ խոսքի, որի մեջ ձայնավորները շատ են, բաղաձայնները՝ կարճ:

Մայրիկն աշխատում է օրնիբուն,
և իսկապես կուզեր հանգստանալ, եթե վստահ լիներ, որ դա ևս աշխատանք է:
Նա հաճախ է օգտագործում «երջանիկ» բառը, երբ նկարագրում է իրեն ու մեզ
և այնքան վստահ է խոսում, որ դժվար չի կռահել՝ նա քիչ է երջանիկ եղել,
որովհետև այդպես վստահ կարող են լինել միայն դժբախտները, իսկ երջանիկները կասկածում են միշտ:

Մայրիկը սիրում է իր ծաղիկներին:
Ծաղիկները սիրում են մորս,
և այդ սերը չի կեղտոտվում բառերով ու գունազարդ պատկերներով:
Դա ծաղկումի ու շոյանքի միջև մի բան է, որ անհեթեթ է թվում մեզ
ու հատկապես հայրիկին, որին թվում է՝ լուսամուտագոգը զավթել են
և սպառնում է պարբերաբար ազատել մեր տունը կանաչ ելուզակներից:
Բայց մայրիկը սիրում է ծաղիկներին,
ծաղիկներն էլ սիրում են մորս ու առավել փարթամ աճում:

Մայրիկը թխում է անուշեղեններ՝ ոլորուն, շերտավոր, քառակուսի ու կլոր:
Նա փորձարար է, որ ոչ մի կերպ չի գնահատվում
քաղցրի հանդեպ պահպանողական հայացքներ ունեցող մեր տանը,
և ալյուրի հետքը նրա այտին խիզախումի նշան է համառ,
որ անտարբեր սրբվում է իմ կամ եղբորս կողմից:

Նա կարդում է գրքեր
ու ժամանակակիցներից գիտի բոլորին
ոչ միայն դեմքով ու գրքի կազմերով:
Հավանում է քչերին: Ես այդ թվում չկամ:
Հատկապես թարգմանություններս համարում է անտաղանդ,
Իսկ փորձարկումներս լեզվի՝ լեզվի հանդեպ բռնություն:
Sարիների հեռվից եկած նրա խոհարարական գրքույկում
Սևակից հաջողված տողեր կան,
հատվածներ Բ. Պրուսի «Տիկնիկից»
և կարելի է գտնել ցուցումներ,
թե ինչպես պատրաստել միկադո և ինչպես հաշվարկել օրերը՝
հղիանալու համար ցանկալի սեռի պտղով:

Մայրիկը չի խմում, չի ծխում, ատում է ծխող կանանց,
և ամեն անգամ նորովի է մեռնում,
երբ սիգարետի հոտ է առնում ինձնից,
երբ սիգարետի մասին հիշատակվում է բանաստեղծությանս մեջ,
երբ սիգարետով նկար է հայտնվում համացանցում՝ իր աղջկա ակտիվ մասնակցությամբ:
Մայրիկը բռնում է սիրտը, լացում
և հիշեցնում արցունքների միջից,
որ ծխելուց ատամները դեղնում են, ձայնը՝ կոպտանում,
իսկ մազերը կարող են թափվել:

Հորս առաջին կրակայրիչը նվիրել է մայրիկը:

Երբեմն մենք կռվում ենք,
ու մայրիկը պնդում է մշտապես, որ ինձ փոխեցին իմ գրքերը
ու տարան իր աղջկան, և ես բնավ իր այն աղջիկը չեմ, որ ունեցավ գարնանը,
որ այդ ես չէի կարդում, այլ գրքերն էին կարդում ինձ
ու նշումներ անում վրաս և ընդգծում մատիտով,

մայրիկը հիշեցնում է հաճախ
որ ես տրամաբանելուց զրո էի,
և երբ միասին հաշվում էինք, թե քանի ոտք ունի աթոռը, իմ պատասխանը
ապուշի պես լռելն էր:
Ուզում եմ ասել քեզ, մա, որ շատ բան առանձնապես չի փոխվել
լռելը շարունակում է մնալ իմ հոբբին
թեև դու էլ շարունակում ես սարսափել, թե ոնց քեզնից ծնվեցի ես
ու միակ բանը, որ հարմար գտա ժառանգել քեզնից, ոտնաթաթերդ են մեծ
ու՞մ քաշեցիր էսքան անպատասխանատու
չես դադարում ամեն օր զարմանալ
ու ես էլ
չեմ դադարում
ամեն օր
զարմացնել

քեզ հետ, մա, քեզ հետ,
ապրելով անհնարին դաժան կյանքը այս՝
բացթողումների, տագնապի ու սիրո
հիմա, երբ մի պստլիկ կատու տաքացնում է որովայնս դատարկված
ես քեզ եմ պարզում ձեռքս
որովհետև չունեմ ոչ մեկի
որովհետև ինչ ունեմ, դու ես
քո ներումը մեծ
և երբեք չկիսատվող սիրտը քո
որ այնքան հաճախ է գոռացել ինձ վրա
զայրույթից
հուսահատությունից

ինձ տուն տար մա
լվա դեմքս
և երբ գրականությունը իմ ետևից գա
ասա, որ ես հոգնել եմ շատ
ասա, որ ես մենակ եմ շատ
ասա, որ ես հետ եմ գնում
և իմ մանկությունը
թողած
դեղինի մեջ՝
մեղրի ու մեզի, արևի ու ոսկու

ասա
եղավ
լավագույն սկիզբը
ու վատագույն սկիզբը եղավ
ասա, որ ինձ կերան
ասա, որ ես չկամ
ասա թող ինձ քեզ մոտ թողնի մա
ասա թող ես դառնամ պստլիկ շարժուն մեղու
բզզամ ու չերևամ
բզզամ ու չերևամ
բզզամ ու չերևամ

Share Button

 

***

քեզ հետ հեշտ չէր լինի, բայց առանց քեզ էլ մի բան չի
ոչ մի բան չի
դրա համար երկար եմ խոսում քո մասին
շատ երկար
որ քրքրվես, բարակես, փոշիանաս, գնաս
մազանոթների միջից իմ բառերի
լեզվի
շուրթերի
քթի
գնաս հեռու
գնաս

___

ինչի չեկար
ինչի հետ չեկար
ինտերնետում ես գտա նկարդ
համբուրեցի ողնաշարդ թափանցիկ
և մատով սահեցրի ականջիդ վրայով
հիմա, երբ ուզում եմ հիշել դեմքս, քո պրոֆիլն եմ հիշում
չձևավորված ու անկենդան հասարակության ֆոնին
հետո եկար կարճաթևով, հետո երկար, վերարկուով չեկար
ես չտեսա դու ոնց ես մրսում ձմռանը
ես չհասցրեցի տաքացնել ձեռքերդ
չերգեցի քեզ համար
չկարդացի քեզ համար
միայն խոսեցինք
շատ երկար
շատ երկար
___

գլխիս մեջ ցավում էիր
ատամիս մեջ փչանում
ոտքերս թուլանում էին
ու մարմնիս մեջ բացակայությունդ ցավում էր
ու ոչ մի դեղ քո մասին չգիտեր

Անահիտ Հայրապետյան

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ԿԻՆԸ

Կինը, ով ունի մեծ փոր,
որի մեջ սակայն չի վազում եւ ոչ մեկը,
որի մեջ սակայն չի երազում եւ ոչ մեկը,
որի մեջ սակայն չի ընդվզում եւ ոչ մեկը,
որի մեջ սակայն չի բողոքում եւ ոչ մեկը ,
որի մեջ սակայն չի գլորվում եւ ոչ մեկը,
որի մեջ սակայն չի մեծանում եւ ոչ մեկը,
որի մեջ սակայն չի ճամփորդում եւ ոչ մեկը,
որի մեջ սակայն չի զրնգում եւ ոչ մեկը,
որի մեջ սակայն չի ուտում եւ ոչ մեկը,
որի մեջ սակայն չի կառուցում եւ ոչ մեկը,
որի մեջ սակայն չի շռում եւ ոչ մեկը,
որի մեջ սակայն չի ժպտում եւ ոչ մեկը,
որի մեջ սակայն չի թռչում եւ ոչ մեկը,
որի մեջ սակայն չի երգում եւ ոչ մեկը,
որի մեջ սակայն չի խլրտում եւ ոչ մեկը,
որի մեջ սակայն չի տխրում եւ ոչ մեկը,
որի մեջ սակայն անձրեւ չի տեղում ու միշտ տարվա նույն եղանակն է,
որի մեջ ծառեր չեն աճում ու ձմռանն էլի տաք է,
նայում է պատուհանից,
դիմացի շենքի կտուրի ալեհավաքին հանգիստ նստել է սպիտակ աղավնին,
որը չի գլորվում,
որը չի մեծանում,
որը չի ճամփորդում,
որը չի ուտում,
որը չի ժպտում,
որը չի զրնգում,
որը չի կառուցում։
Գրեթե անշարժ ալեհավաքին նստած աղավնուն ակնդետ նայում է կին, ով մեծ փոր ունի։

***

Կինը

(երկխոսելու փորձ)

Ժամանակը հետեւիցս ընկած՝
պոկում է ազդրերս, ծամում, թափում,
ես իդալական մամա չեղա քեզ համար, տղաս,
պոկում է կոպերս ու թափում,
ես բարկացա քեզ վրա, տղաս,
աչքերս մնացին ցից ու արյունով լեցուն,
մահակով հետեւիցս ընկած…
ես բարկացա քեզ վրա, տղաս,
տակդ չիշիկ արած, տակդ ախկո արած ու երջանիկ,
ժամանակը վիզս ծակել, կախվել է ներս,
ես ծերանում եմ, տղաս,
մարմինս՝ անճանաչելի գեր,
ես հին մարդ եմ արդեն, տղաս,
աչքերս երկար կյանք չունեն առանց կոպեր,
դրանք թռան ներքեւ,

(խոսելու փորձ)
ցեխի վրա՝ մի զույգ աչքեր,
տեսնում են դեռ քայլերը պիրկ՝ կա-նաչ-ծա-ռեր, կա-նաչ-ծա-ռեր,
կուրծքս դեմս տված՝ առա՜ջ, հազիվ առա՜ջ, առա՜ջ, միայն առաջ,
մահակ, պայթյուն, վտանգ, կենաց-մահու կռիվ,
ես կին եմ, տղաս,
ես կին եմ…
ու դա ես հպարտորեն եմ ասում,
մահվանից առաջ,
երբ աչքերը երկար կյանք չունեն առանց կոպեր,
երբ էլ չեմ տեսնում,
տրորվեց տեսողությունը իմ,
ցեխի վրա՝ մի զույգ աչքեր։

***

Կինը

տատս դեռ չի մահացել
բայց ես նրան կարոտում եմ
ես գիտեմ որ սարսափելի բան եմ ասում
ու որ շատերը կսկսեն ինձ ատել սա գրելու համար
ես գիտեմ որ հայրս հորեղբայրս հորաքույրս մայրս ու մյուսները շատ կտխրեն երբ նա չի լինի
ես գիտեմ որ նրան անսահման կարոտելու եմ
ինչպես հիմա
չէ ավելի ուժեղ
շատ ուժեղ եմ կարոտելու
ու ես հեռու եմ նրանից
ու ես չեմ կարող գրկել նրան գոնե երբեմն ավելի հաճախ ու թեթեւակի հույս տալ ոսկրացող մարմնին որ գարուններ կգան ու մեր սարերը կրկին կծաղկեն
որ մենք կխոսենք գուրանի մասին ու գիդիկի ու մեր սարերը կրկին կծաղկեն
ու խոտերը էլի կհարվեն ու էլի կլինեն անհանգստություններ հնարավոր անձրեւի տեղալու մասին
տատս ջահել տատս
տատս սիրուն տատս անեծքներ է տեղում ճտերի գլխին
հավերի գլխին
իր անցած դժբախտությունների գլխին
տատս սիրուն տատս
առաջին անգամ ինձ պատմեց մահվան մասին ես հինգ կամ վեց տարեկան էի
նրա ծոցում սպիտակ ծաղկավոր գիշերանոցի ծալքերի մեջ փակված
տատիս հոտը անուշ տատս ջահել տատս
քույրս՝ ինձնից փոքր, տատս՝ մի անկողնում
որի մետաղական իրար խաչված լարերը հատուկ ճկվելու հնարավորություն ունեին
մենք երեքով այդ գիշեր բացեցինք մահվան գաղտնիքը
հենց այդ ճկվող ցանցի վրա
տատս մեզ երկուսիս շշնջաց, որ մարդիկ մեռնում են
ու ես ինձ հիշում եմ հոնգուր հոնգուր հոնգուր հոնգուր
ճիշտ ինչպես հիմա
գրում եմ տեքստն այս հոնգուր հոնգուր
տատս ծիծաղում էր մեզ վրա
իր երիտասարդ ու չարաճճի ծիծաղով
ընդհանրապես նա սակավածիծաղ մարդ է
բայց այդ օրը աչքերից թափվում էին զվարթ արցունքներ
հոնգուր հոնգուր հոնգուր հոնգուր
տատս բարեկիրթ մի կին
աշխատել է դաշտում
ձի է բեռնել ու ունեցել է նա երեխաներ
Աբո Ժուլետ Գիրո
թոռներ ծոռներ
տատս թիթեռ ու թեւ
տատս ժիր ու թեթեւ
տատս կրակ ու բեռ
տատս ոսկե արտեր
տատս եզակի սեր
տատս տանտեր տատս սրտակեր տատս տատս տատս
ինչ լավ ա որ տատս դեռ չի մահացել ու ես ինձ զգում եմ աշխարհի ամենապաշտպանված մարդը
երբ տատս սկայպի դիմաց նստելով գլուխը տմբտմբացնում ա
թե ինչ գործ ունեմ ես օտար այս հողում

Ռուզաննա Ոսկանյան

Ու որտեղի՞ց դու վերցրիր,
որ սկսել եմ գույները զանազանել,
որ երաժշտությունը ստիպում է տեսնել.
ախր խարխափում եմ կանաչի մեջ
քո սևուսպիտակից ներարկիր ինձ,
վարակիր ինձ օրերիդ դատարկությամբ,
ծառերի տակ կուչ եկած
նստարանների սառնությամբ,
ներկայությամբ անձրևների:
Արի խոսենք աղջկանից՝ ինձնից տարբեր.
նա գրողի ծոցը կուղարկի ընկերներին
ու կփակվի քո հորինած պատերի մեջ
ու տարբեր կլինի ինձնից, տարբեր:
Ես նրան Նե կանվանեմ,
դու կժպտաս,
ես նրան խուտուտ կտամ,
որ ծիծաղից մեռնի,
դու կժպտաս:
Փոս եմ ուզում, փոս:
Ցավս կլցնի փոսը
թափանցիկ ներկայությամբ քո
ու երաժշտությամբ.
կուրծքս՝ վերև-ներքև, վերև-ներքև,
ձեռքերս քամու հետ կտարուբերվեն.
Նե-Նե, Նե-Նե-Նեե…
Կանգ:
Ե՛ս նրան սպանեցի, ե՛ս,
Նե, չխելագարվես հանկարծ,
նրա միայն աչքերն էին գեղեցիկ,
մեկ էլ ձեռքերը,
մեկ էլ մարմինը,
մեկ էլ գիտեր զզվեցնել,
իսկ ընդհանրապես սովորական էր,
իսկ ընդհանրապես չարժի ափսոսալ,
Նեե՜…
Ես քեզ համար մեկ ուրիշին կհորինեմ,
մենք երեքով դուրս կգանք զբոսնելու
մեքենաներից ազատագրված փողոցներով,
երաժշտությունը շղարշի պես կքսվի մարմնիս,
ու պտտվելու ցանկությունը զսպելու համար
ուսերիս կդնեմ քեզ, Նե,
հետո թռչելու ցանկությունը կգա,
օդը փետուրների հոտով կլցվի,
ու երեքով հանդիսավոր կմոտենանք
տանիքից հենց նոր նետված մարմնին,
որ մեզնից ոչ մեկը չէ այլևս:

հ.գ.
Կսիրես նրան, Նե,
շատ կսիրես…

* * *

Ծառը համառորեն մխրճվեց նստարանի մեջ
ու հայտնվեց երկուսիս արանքում:
Հազար տարի է անցել,
բայց կեղևից էլի քո հոտն է գալիս,
որ ներծծված է կաշվեխառն ժանգահոտով:
Ստվերի պես անհաղորդ
սահեցի փողոցներով.
ծանոթները տեսան ու ամաչեցին մոտենալ,
մեքենաները տեսան ու
հարկ չհամարեցին վրայովս չանցնել:
Վախ, Կիկոս ջան, վախ:
Դու մեծացար մանկատներում,
հայրդ եղավ տաղանդավոր ու սիրված
(զարմանալի զուգադիպություն),
հայրդ եղավ սիրված ու վախկոտ,
վախկոտ ու հիմար,
ամեն Աստծո օր ինքն իրեն կրկնող:
Խելացի, խելացի, խելացի,
կրկնվող տղամարդ:
Կրկնվող առավոտներից ու գիշերներից
հոգնած կին,
արի մեր տուն:
Տաք թեյի շուրջ
մի քանի դար կլռենք,
ու ոչ ոքի մտքով չի էլ անցնի
մի կողմ գլորել քարը
ու մտնել ներս:

* * *
Քեզ այսօր ոչ ոք չհիշեց.
դու էիր և հողը,
հողը՝ ծնկներիդ արանքում,
հողը՝ եղունգներիդ տակ,
գլխիդ մեջ հող,
աչքերիդ մեջ,
բերանումդ:
Կծու, թթվաշ, արցունքի պես խեղդող,
հողահամ,
հողագույն
հող:
Վերադառնալու ամենահեշտ ճանապարհը
(արյուն չունես, հող ես, հող),
հողի պես կապույտ,
հողի պես թաց,
հողի պես դու:
Քեզ այսօր ոչ ոք չհիշեց
ու վաղը չհիշեց,
տուն վերադառնալիս չհիշեց (տուն),
մատը երկինք տնկելիս
ու մեռավ կարոտից քո (մեռավ):
Հողի պես տուն,
հողի պես ճանապարհ,
հողի պես դու:
Ես սովորել եմ քեզ չհիշելու ձևը.
դու և հողը,
դու և հողը
ամենուր…

Աղբյուրը՝ hs-poetry.blogspotԳրանիշ


Համո Սահյան [հայրենասիրական]

Վահագն Դավթյան [պոեզիա բոլորիս մասին, բոլորիս համար]

Ժամանակակից պոետները՝ հայրենիքի մասին, հայրենիքի համար

Սևակյան տրամադրություն. մեր սիրունագույն վիդեոշարքը ձեզ նվեր

Գարնան պոեզիա…

Ավ․ Իսահակյան [սիրային պոեզիա․ անուշ, քնքուշ]

Յորղոս Սեֆերիս [նոբելյան մրցանակի արժանացած առաջին հույն պոետը]

Ճապոնական եռատող պոեզիա՝ հոքու

Ամերիկյան ժամանակակից պոեզիան հայերեն. Ամանդա Լավլեյս՝ «Արքայադուստրն այս մեկում փրկում է ինքն իրեն»

Ամերիկյան ժամանակակից պոեզիան հայերեն. Ռուփի Քոուր՝ «Մեղր ու կաթ»

Շարլ Բոդլերի խոհափիլիսոփայական, արձակ պոեզիան հայերեն

Ֆրանսիական պոեզիան հայերեն թարգմանությամբ

Օդիսսեաս Էլիտիս. հունական ծովաբույր ու նոբելակիր պոեզիա

Պաբլո Ներուդան ասել է . . .

Չարլզ Բուկովսկին ասել է… [մաս 2]

Ես Կարեն Անտաշյանն եմ…