կանացի պոեզիա [հայ բանաստեղծուհիներ, որոնց սիրում եք/կսիրեք] - VNews

կանացի պոեզիա [հայ բանաստեղծուհիներ, որոնց սիրում եք/կսիրեք]

Կանանց պոեզիան հետաքրքիր երևույթ է, որը չի կարելի քննել լոկ գրականագիտական տեսանկյամբ: Այն  մշակույթի պատմության զարգացման տարբեր փուլերում  յուրահատուկ արտահայտություն է գտնում: Բայց թերևս այդ պոեզիայի գլխավոր գաղտնիքը, ոչ թե բուն ստեղծագործությունն է, այլ հենց ինքը` կինը` իր բազմադեմ ու հարափոփոխ  էությամբ:

Հայկ Համբարձումյան

Առանձնացրել ենք հայ բանաստեղծուհիներից մի քանիսի գործերը, որոնք հաստատ արժե կարդալ, իմանալ, ճանաչել ու սիրել։

Սիլվա Կապուտիկյան

Սիրո երգ

Թե ես չեմ սիրում, չեմ սիրում քեզ,
Ինչու է ձմեռն այսքան գարուն,
Ձմռան արևը այսքան այրում,
Անխոս երկինքը այսքան անհուն,
Եթե ես չեմ սիրում, չեմ սիրում քեզ:

Եթե դու չես սիրում, չես սիրում ինձ,
Հապա ինչու են ձեր փողոցում
Այդքան սիրով ինձ ճամփա բացում
Անցորդներ, տներ, մայթեր ու ձյուն,
Եթե դու չես սիրում, չես սիրում ինձ:

Ու թե չենք սիրում մենք իրարու,
Ինչու են աստղերն այսքան անթիվ,
Այսքան գեղեցիկ գիշեր ու տիվ,
Աշխարհը այսքան հաշտ ու ազնիվ,
Եթե չենք սիրում մենք իրարու:

***

Հեռու, հեռավոր աշխարհում Եվ ճամփաներում հեռու, հեռավոր,
Շրջում է հիմի՝ սրտով վիրավոր,
Իմ երազների ասպետը հպարտ:

-Հեռու հողերում թափառող ու հեզ
Անգո ասպե՜տ, ես քե՜զ եմ սիրում,
Այդ դու ես շնչում իմ հույզերի հետ,
Ապրում կուսական իմ երազներում:

Հեծած փրփրաբաշ, ճերմակ երիվար,
Հագած պղնձե զենքեր ու զրահ՝
Թափառու՜մ է նա աշխարհից աշխարհ
Եվ ինձ է փնտրում աշխարհի վրա:

Ու միշտ՝ հայացքս դեմի ճամփեքին
Ես սպասում եմ, թե կելնե՜ս իմ դեմ,
Եվ վրնջյունն եմ լսում նժույգիդ,
Ու թվում է, թե գալի՜ս ես արդեն…

Սիրահար սրտում անունն իմ մաքուր
Անցնում է ամեն ամրոց ու ոստան,
Ինձ է հարցնում՝ ընկած դռնեդուռ
Ու դեռ չի՜ գտնում ճանապարհն իմ տան:

Սակայն ո՛չ, դարձի՛ր, հեռացի՛ր,գնա՛,
Գնա շրջելու աշխարհներ նորից.
Անհայտ ճամփեքին միշտ ճամփո՜րդ մնա,
Թափառի՛ր կրկին՝ երազելով ինձ:

Եվ թող մեր սիրո մաքրությունը լույս
Չաղարտե երբեք և ոչ մի համբույր.
Թող իմ պատանի սրտում սիրահույզ
Միշտ երա՜զ մնաս ու մնաս մաքու՜ր…

Կարոտի պահին

Արի՜, արի՜, արի՜,
Թեկուզ վերջին անգամ,
Թեկուզ քայլով դժկամ,
Միայն արի՜, արի՜:

Թեկուզ անսե՜ր, անսի՜րտ ,
Թեկուզ հեգնող ու խիստ,
Թեկուզ խայթող ու բիրտ,
Միայն արի՜, արի՜:

Թեկուզ բերես դու ինձ
Մի նո՛ր դավի կսկիծ,
Թեկուզ ուրի՜շ գրկից,
Միայն արի՜, արի՜…

***

Թափառում ենք փողոցներում՝
Ես քո սիրով, դու՝ ուրիշի,
Այրվու՜մ ենք մենք հրդեհներում՝
Ես քո հրով, դու՝ ուրիշի:
Կարոտում ենք, խնդում, տխրում՝
Ես քո խոսքով, դու՝ ուրիշի,
Սուզվում քա՜ղցր երազներում՝
Ես քո տեսքով, դու՝ ուրիշի…

Մի´ մռայլվիր…

Մի´ մռայլվիր ի´մ սիրելի,
Թե հոգնել ես, էլ մի´ մնա.
Թե գերում են քեզ աշխարհի հեռուները,
Այնտե´ղ մնա:
Թե դաշտերին ես կարոտել,
Էլ մի´ փակվիր դու իմ հովտում,
Թե լեռներն են հեռվից դյութել,
Մի՜ թախծիր այս ստորոտում:
Թե աչքեր կան աչքերիդ մեջ.
Էլ ինձ նայել զուր մի´ ջանա.
Գնա´, ու թե սերդ է անշեջ,
Դու ե´տ կգաս, չե´ս մոռանա…
Գիտե արդեն իմ լուռ հոգին՝
Նրա համար է աշխարհում
Վանդակը միշտ վանում թռչնին,
Որ դռները փա´կ են պահում…

Երգ Երգոց

Ինձ շատ բան տվեց բախտը աշխարհում,
Միայն չտվեց երջանիկ մի սեր.
Չտվեց, որ ես հոգով անդադրում
Դեռ տենչամ, փնտրեմ, չգտնեմ ես դեռ, –
Չտվեց, որ միշտ ազնիվ մի կարոտ
Մեղեդու նման թրթռա իմ մեջ,
Որ ինձ հետ զարթնի ամեն առավոտ
Ինչ որ մի տագնապ, անհասի մի տենչ, –
Որ մենակ լուսնի տեսքից հառաչեմ,
Կանչող ծառերի լեզուն հասկանամ,
Որ թաղծոտ երգը օդի պես շնչեմ,
Որ Վերթերի հետ տառապեմ ու լամ .-
Որ իմ մեջ առնեմ աշխարհն անհագուրդ
Ու տամ աշխարհում սիրտ հոգի ու գանձ,
Ապրեմ իմ այս խենթ վատնումով հարուստ,
Իմ կորուստներով ՝ ահսահման գտած,
Չտվեց, որ ես միայն չլցվեմ
Խուլ երջանկությամբ՝ անընտել ցավին,
Չլացող աչքի արցունքը տեսնեմ,
Լսեմ խոսքը ՝չասված տակավին,
Որ բյուր քույրերիս խռովքն անհատում
Զգամ իմ արյամբ, էությամբ իմ ողջ,
Որ մի էջ՝հայոց երգի մատյանում
Լցվի հավերժող հառաչով կնոջ:

Ցավոտ սեր
Սենտիմենտալ եմ դարձել ես այնքան,
Լաց լինելու չափ դարձել եմ բարի,
ՈՒզում եմ գրկել պատահած մանկան,
Հեզ ականջ դնել դողդոջ ծերերին:

Հարցնել՝ ո՞ւր է հայրիկդ, բալիկ,
Որտե՞ղ է որդիդ, իմ տխուր եղբայր,
Ո՞ր օտար երկրում կռիվ է տալիս՝
Ձեզ ապրելու փող ղրկելու համար:

Թռչնահար կանանց՝ վաթսունին հակված,
Որ դեռ ջանում են երևալ ջահել,
Մոտենալ, ասել. “Ի՜նչ լավ ես հագնված”,
Ասել մի քիչ սուտ, բայց մոգիչ բառեր:

Ասել կնոջն այս՝ դեռ սիրունատես,
Պայուսակներով ծանր բեռնված,
– Հերիք Դուբայի ճամփեքը չափես,
Ինչ է թե տանը չմնան անհաց:

Դեսպանատան մոտ՝ շվար խմբերին
Տրտում թախանձել՝ որդիս, մի’ գնա.
Ձախորդ օրերը, կասեր Ջիվանին,
Կուգան ու կերթան, էսպես չի մնա:

Որդուն կորցրած մորը տեսնելիս
ՈՒզում եմ չոքել, մրմնջալ “Մեղա՜”.
Աղետի գոտու տարապյալներից
Ես եմ ամաչում ուրիշի տեղակ:

ՈՒզում եմ փարվել մայր հողին, մարդկանց,
Չգիտեմ ինչո՞ւ՝ չչնջալ “ների՜ր”…
Սենտիմենտալ եմ դարձել ես այնքան,
Լաց լինելու չափ դարձել եմ բարի…

Թե իմանայիր  


Ինչ խռովահույզ ճամփաներով եմ տարել իմ սերը
Երբ թվացել է մարել են դարձիդ բոլոր լույսերը
Խարխափել եմ ես անհայտության մեջ կեսգիշերային
Բայց վար չեմ նետել իմ սրտի բեռը
Իմ ամեն քայլին
Նոր գայթակղության առու է եղել
Շամպայնի նման խշշացող, կանչող
Արբեցնող առու
Բայց ես թեքել եմ թեքել եմ ճամփաս ու փախել հեռու:
Հավաքույթներում ամենից զնգուն ես եմ ծիծաղել
Ու երջանկության ծփանք են կարծել իմ երգն ու ձայնը
Բայց երբ գիշերը
Ուղեկիցներիս մնաս բարով եմ ասել խնդադեմ
Ու տուն մտնելով` շրջել եմ դանդաղ դռան փականը
Նույն բանալիով փակել եմ դրսի աշխարհ իմ դեմ
Ու խոր հանձնվել իմ կարոտներին, իմ մենությանը
Քայլել եմ կյանքում մենակ ու համառ
Հասնելու հույսով քայլել եմ նորից
Թեև անհայտ է եղել կայանը
Մի ժպտա այդպես
Հավատարիմ եմ մնացել ես ինձ
Իմ հոգու լույսին իմ էությանը:

Մի լացացնի շատ եմ լացել, սիրելիս

Մի լացացնի շատ եմ լացել, սիրելիս,
Դու մի կարծիր պաղ եմ այսպես ու գոռոզ,
Սիրտս շատ է լցված եղել վերքերով,
Սպիներից է կարծրացել, սիրելիս:

Հոգնել եմ ես ցավոտ, դավոտ սերերից,
Ամենքի դեմ սիրտս բացած, աչքս` փակ,
Քար է եղել նրանց շքեղ կրծքի տակ,
Իսկ ես, ավաղ. սիրտ եմ կարծել, սիրելիս:

Հոգնել եմ ես, թող որ քնեմ ես հանգիստ,
Մանկան նման` ծնկիդ գլուխս դրած,
Ինձ խնայիր ու գուրգուրա ինձ վրա,
Ժամս է արդեն իրիկնացել, սիրելիս…

Սպասումի պահեր

Արդեն գիշեր է, ուշ գիշեր փողոցներում,
Ու դու չեկար. սիրտս փողոց է ամայի
Միայն հեռվից լռություննեն կտցահարում
Ոտնաձայները ուշացած անցորդների:

Հոգիս դեռ հույսն է ամոքում. թվում է, որ
Հեռվում ծնվող ոտնաձայները անցորդի
Դանադաղում են լուսամուտիս մոտենալով
Եվ թվում է, ահա կանգնեն, կանգնեն պիտի…

Բայց հեռանում են, հեռանում նորից նրանաք`
Տագնապներիս այնպես օտար և անհաղորդ,
Տրորում է սիրտս ասես իր ոտքի տակ
Լուսամուտիս տակով անցնող ամեն անցորդ…

Ես կգամ քեզ մոտ

     Գուցե խենթացած սիրուց ու բախտից,
Գուցե խստադեմ, մռայլ, ինչպես մահ,
Մինչ ոսկորներս հոգնած աշխարհի
Սևից ու ստից:
Սակայն իմացիր,
Երբեք ես չեմ գա քեզ մոտ դիմակով.
Կգամ ինչպես կամ –
Սիրիր, ինչպես կամ –
Եվ, աղաչում եմ, դու էլ մի զուգվիր
Լուսապսակով,
Եղիր ինչպես կաս,
Սիրիր ինչպես կաս.
Քեզանից առաջ
Ցամաքած, տրտում ջրհոր էր հոգիս,
Դու եկար,
Եվ ես լցված եմ մի ծովի նման,
Բայց, աղաչում եմ,
Շողում խոսքերով ինձ մի ամոքիր,
Ատում եմ կեղծը –
Ինձ իսկականն է հարկավոր միայն:
Հրդեհ մի խաղա –
Եթե կրակդ մարել է իրավ.
Մի քաշվիր ցավից –
Խաբվելու ցավը ավելի է մեծ.
Ստից շնչահեղձ այս աշխաչի մեջ
Արի գոնե մենք չխաբենք իրար..

 

Հասմիկ Սիմոնյան

Մեղվապահը պապս է,
իսկ ես մորս մասին եմ ուզում խոսել,
որ ժիր մեղու է,
և տունը մայրիկի բուրում է տարատեսակ համադամ թխվածքներով,
և սիրտը մայրիկի փափուկ է մանուշակի տերևի պես,
մենք բոլորով ուտիճների նման կծոտում ենք անդադար մայրիկին,
որ ժպտում է լուռ ու գեղեցիկ՝ ի պատասխան մեր տգեղ խոսքի, որի մեջ ձայնավորները շատ են, բաղաձայնները՝ կարճ:

Մայրիկն աշխատում է օրնիբուն,
և իսկապես կուզեր հանգստանալ, եթե վստահ լիներ, որ դա ևս աշխատանք է:
Նա հաճախ է օգտագործում «երջանիկ» բառը, երբ նկարագրում է իրեն ու մեզ
և այնքան վստահ է խոսում, որ դժվար չի կռահել՝ նա քիչ է երջանիկ եղել,
որովհետև այդպես վստահ կարող են լինել միայն դժբախտները, իսկ երջանիկները կասկածում են միշտ:

Մայրիկը սիրում է իր ծաղիկներին:
Ծաղիկները սիրում են մորս,
և այդ սերը չի կեղտոտվում բառերով ու գունազարդ պատկերներով:
Դա ծաղկումի ու շոյանքի միջև մի բան է, որ անհեթեթ է թվում մեզ
ու հատկապես հայրիկին, որին թվում է՝ լուսամուտագոգը զավթել են
և սպառնում է պարբերաբար ազատել մեր տունը կանաչ ելուզակներից:
Բայց մայրիկը սիրում է ծաղիկներին,
ծաղիկներն էլ սիրում են մորս ու առավել փարթամ աճում:

Մայրիկը թխում է անուշեղեններ՝ ոլորուն, շերտավոր, քառակուսի ու կլոր:
Նա փորձարար է, որ ոչ մի կերպ չի գնահատվում
քաղցրի հանդեպ պահպանողական հայացքներ ունեցող մեր տանը,
և ալյուրի հետքը նրա այտին խիզախումի նշան է համառ,
որ անտարբեր սրբվում է իմ կամ եղբորս կողմից:

Նա կարդում է գրքեր
ու ժամանակակիցներից գիտի բոլորին
ոչ միայն դեմքով ու գրքի կազմերով:
Հավանում է քչերին: Ես այդ թվում չկամ:
Հատկապես թարգմանություններս համարում է անտաղանդ,
Իսկ փորձարկումներս լեզվի՝ լեզվի հանդեպ բռնություն:
Sարիների հեռվից եկած նրա խոհարարական գրքույկում
Սևակից հաջողված տողեր կան,
հատվածներ Բ. Պրուսի «Տիկնիկից»
և կարելի է գտնել ցուցումներ,
թե ինչպես պատրաստել միկադո և ինչպես հաշվարկել օրերը՝
հղիանալու համար ցանկալի սեռի պտղով:

Մայրիկը չի խմում, չի ծխում, ատում է ծխող կանանց,
և ամեն անգամ նորովի է մեռնում,
երբ սիգարետի հոտ է առնում ինձնից,
երբ սիգարետի մասին հիշատակվում է բանաստեղծությանս մեջ,
երբ սիգարետով նկար է հայտնվում համացանցում՝ իր աղջկա ակտիվ մասնակցությամբ:
Մայրիկը բռնում է սիրտը, լացում
և հիշեցնում արցունքների միջից,
որ ծխելուց ատամները դեղնում են, ձայնը՝ կոպտանում,
իսկ մազերը կարող են թափվել:

Հորս առաջին կրակայրիչը նվիրել է մայրիկը:

Երբեմն մենք կռվում ենք,
ու մայրիկը պնդում է մշտապես, որ ինձ փոխեցին իմ գրքերը
ու տարան իր աղջկան, և ես բնավ իր այն աղջիկը չեմ, որ ունեցավ գարնանը,
որ այդ ես չէի կարդում, այլ գրքերն էին կարդում ինձ
ու նշումներ անում վրաս և ընդգծում մատիտով,

մայրիկը հիշեցնում է հաճախ
որ ես տրամաբանելուց զրո էի,
և երբ միասին հաշվում էինք, թե քանի ոտք ունի աթոռը, իմ պատասխանը
ապուշի պես լռելն էր:
Ուզում եմ ասել քեզ, մա, որ շատ բան առանձնապես չի փոխվել
լռելը շարունակում է մնալ իմ հոբբին
թեև դու էլ շարունակում ես սարսափել, թե ոնց քեզնից ծնվեցի ես
ու միակ բանը, որ հարմար գտա ժառանգել քեզնից, ոտնաթաթերդ են մեծ
ու՞մ քաշեցիր էսքան անպատասխանատու
չես դադարում ամեն օր զարմանալ
ու ես էլ
չեմ դադարում
ամեն օր
զարմացնել

քեզ հետ, մա, քեզ հետ,
ապրելով անհնարին դաժան կյանքը այս՝
բացթողումների, տագնապի ու սիրո
հիմա, երբ մի պստլիկ կատու տաքացնում է որովայնս դատարկված
ես քեզ եմ պարզում ձեռքս
որովհետև չունեմ ոչ մեկի
որովհետև ինչ ունեմ, դու ես
քո ներումը մեծ
և երբեք չկիսատվող սիրտը քո
որ այնքան հաճախ է գոռացել ինձ վրա
զայրույթից
հուսահատությունից

ինձ տուն տար մա
լվա դեմքս
և երբ գրականությունը իմ ետևից գա
ասա, որ ես հոգնել եմ շատ
ասա, որ ես մենակ եմ շատ
ասա, որ ես հետ եմ գնում
և իմ մանկությունը
թողած
դեղինի մեջ՝
մեղրի ու մեզի, արևի ու ոսկու

ասա
եղավ
լավագույն սկիզբը
ու վատագույն սկիզբը եղավ
ասա, որ ինձ կերան
ասա, որ ես չկամ
ասա թող ինձ քեզ մոտ թողնի մա
ասա թող ես դառնամ պստլիկ շարժուն մեղու
բզզամ ու չերևամ
բզզամ ու չերևամ
բզզամ ու չերևամ

Share Button

 

***

քեզ հետ հեշտ չէր լինի, բայց առանց քեզ էլ մի բան չի
ոչ մի բան չի
դրա համար երկար եմ խոսում քո մասին
շատ երկար
որ քրքրվես, բարակես, փոշիանաս, գնաս
մազանոթների միջից իմ բառերի
լեզվի
շուրթերի
քթի
գնաս հեռու
գնաս

___

ինչի չեկար
ինչի հետ չեկար
ինտերնետում ես գտա նկարդ
համբուրեցի ողնաշարդ թափանցիկ
և մատով սահեցրի ականջիդ վրայով
հիմա, երբ ուզում եմ հիշել դեմքս, քո պրոֆիլն եմ հիշում
չձևավորված ու անկենդան հասարակության ֆոնին
հետո եկար կարճաթևով, հետո երկար, վերարկուով չեկար
ես չտեսա դու ոնց ես մրսում ձմռանը
ես չհասցրեցի տաքացնել ձեռքերդ
չերգեցի քեզ համար
չկարդացի քեզ համար
միայն խոսեցինք
շատ երկար
շատ երկար
___

գլխիս մեջ ցավում էիր
ատամիս մեջ փչանում
ոտքերս թուլանում էին
ու մարմնիս մեջ բացակայությունդ ցավում էր
ու ոչ մի դեղ քո մասին չգիտեր

Անահիտ Հայրապետյան

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ԿԻՆԸ

Կինը, ով ունի մեծ փոր,
որի մեջ սակայն չի վազում եւ ոչ մեկը,
որի մեջ սակայն չի երազում եւ ոչ մեկը,
որի մեջ սակայն չի ընդվզում եւ ոչ մեկը,
որի մեջ սակայն չի բողոքում եւ ոչ մեկը ,
որի մեջ սակայն չի գլորվում եւ ոչ մեկը,
որի մեջ սակայն չի մեծանում եւ ոչ մեկը,
որի մեջ սակայն չի ճամփորդում եւ ոչ մեկը,
որի մեջ սակայն չի զրնգում եւ ոչ մեկը,
որի մեջ սակայն չի ուտում եւ ոչ մեկը,
որի մեջ սակայն չի կառուցում եւ ոչ մեկը,
որի մեջ սակայն չի շռում եւ ոչ մեկը,
որի մեջ սակայն չի ժպտում եւ ոչ մեկը,
որի մեջ սակայն չի թռչում եւ ոչ մեկը,
որի մեջ սակայն չի երգում եւ ոչ մեկը,
որի մեջ սակայն չի խլրտում եւ ոչ մեկը,
որի մեջ սակայն չի տխրում եւ ոչ մեկը,
որի մեջ սակայն անձրեւ չի տեղում ու միշտ տարվա նույն եղանակն է,
որի մեջ ծառեր չեն աճում ու ձմռանն էլի տաք է,
նայում է պատուհանից,
դիմացի շենքի կտուրի ալեհավաքին հանգիստ նստել է սպիտակ աղավնին,
որը չի գլորվում,
որը չի մեծանում,
որը չի ճամփորդում,
որը չի ուտում,
որը չի ժպտում,
որը չի զրնգում,
որը չի կառուցում։
Գրեթե անշարժ ալեհավաքին նստած աղավնուն ակնդետ նայում է կին, ով մեծ փոր ունի։

Կինը

(երկխոսելու փորձ)

Ժամանակը հետեւիցս ընկած՝
պոկում է ազդրերս, ծամում, թափում,
ես իդալական մամա չեղա քեզ համար, տղաս,
պոկում է կոպերս ու թափում,
ես բարկացա քեզ վրա, տղաս,
աչքերս մնացին ցից ու արյունով լեցուն,
մահակով հետեւիցս ընկած…
ես բարկացա քեզ վրա, տղաս,
տակդ չիշիկ արած, տակդ ախկո արած ու երջանիկ,
ժամանակը վիզս ծակել, կախվել է ներս,
ես ծերանում եմ, տղաս,
մարմինս՝ անճանաչելի գեր,
ես հին մարդ եմ արդեն, տղաս,
աչքերս երկար կյանք չունեն առանց կոպեր,
դրանք թռան ներքեւ,

(խոսելու փորձ)
ցեխի վրա՝ մի զույգ աչքեր,
տեսնում են դեռ քայլերը պիրկ՝ կա-նաչ-ծա-ռեր, կա-նաչ-ծա-ռեր,
կուրծքս դեմս տված՝ առա՜ջ, հազիվ առա՜ջ, առա՜ջ, միայն առաջ,
մահակ, պայթյուն, վտանգ, կենաց-մահու կռիվ,
ես կին եմ, տղաս,
ես կին եմ…
ու դա ես հպարտորեն եմ ասում,
մահվանից առաջ,
երբ աչքերը երկար կյանք չունեն առանց կոպեր,
երբ էլ չեմ տեսնում,
տրորվեց տեսողությունը իմ,
ցեխի վրա՝ մի զույգ աչքեր։

Կինը

տատս դեռ չի մահացել
բայց ես նրան կարոտում եմ
ես գիտեմ որ սարսափելի բան եմ ասում
ու որ շատերը կսկսեն ինձ ատել սա գրելու համար
ես գիտեմ որ հայրս հորեղբայրս հորաքույրս մայրս ու մյուսները շատ կտխրեն երբ նա չի լինի
ես գիտեմ որ նրան անսահման կարոտելու եմ
ինչպես հիմա
չէ ավելի ուժեղ
շատ ուժեղ եմ կարոտելու
ու ես հեռու եմ նրանից
ու ես չեմ կարող գրկել նրան գոնե երբեմն ավելի հաճախ ու թեթեւակի հույս տալ ոսկրացող մարմնին որ գարուններ կգան ու մեր սարերը կրկին կծաղկեն
որ մենք կխոսենք գուրանի մասին ու գիդիկի ու մեր սարերը կրկին կծաղկեն
ու խոտերը էլի կհարվեն ու էլի կլինեն անհանգստություններ հնարավոր անձրեւի տեղալու մասին
տատս ջահել տատս
տատս սիրուն տատս անեծքներ է տեղում ճտերի գլխին
հավերի գլխին
իր անցած դժբախտությունների գլխին
տատս սիրուն տատս
առաջին անգամ ինձ պատմեց մահվան մասին ես հինգ կամ վեց տարեկան էի
նրա ծոցում սպիտակ ծաղկավոր գիշերանոցի ծալքերի մեջ փակված
տատիս հոտը անուշ տատս ջահել տատս
քույրս՝ ինձնից փոքր, տատս՝ մի անկողնում
որի մետաղական իրար խաչված լարերը հատուկ ճկվելու հնարավորություն ունեին
մենք երեքով այդ գիշեր բացեցինք մահվան գաղտնիքը
հենց այդ ճկվող ցանցի վրա
տատս մեզ երկուսիս շշնջաց, որ մարդիկ մեռնում են
ու ես ինձ հիշում եմ հոնգուր հոնգուր հոնգուր հոնգուր
ճիշտ ինչպես հիմա
գրում եմ տեքստն այս հոնգուր հոնգուր
տատս ծիծաղում էր մեզ վրա
իր երիտասարդ ու չարաճճի ծիծաղով
ընդհանրապես նա սակավածիծաղ մարդ է
բայց այդ օրը աչքերից թափվում էին զվարթ արցունքներ
հոնգուր հոնգուր հոնգուր հոնգուր
տատս բարեկիրթ մի կին
աշխատել է դաշտում
ձի է բեռնել ու ունեցել է նա երեխաներ
Աբո Ժուլետ Գիրո
թոռներ ծոռներ
տատս թիթեռ ու թեւ
տատս ժիր ու թեթեւ
տատս կրակ ու բեռ
տատս ոսկե արտեր
տատս եզակի սեր
տատս տանտեր տատս սրտակեր տատս տատս տատս
ինչ լավ ա որ տատս դեռ չի մահացել ու ես ինձ զգում եմ աշխարհի ամենապաշտպանված մարդը
երբ տատս սկայպի դիմաց նստելով գլուխը տմբտմբացնում ա
թե ինչ գործ ունեմ ես օտար այս հողում

Զարուհի Բաթոյան

 

Երբ այլևս չլինեմ
քեզ ոչ ոք չի պատմի այդ մասին.
դու բոլորից թաքուն ես սիրում ինձ…

***

Բոլոր զանգերին պատասխանում եմ,
դուռը թակողներին՝ բացում,
բոլոր նամակները կարդում եմ,
որ հանկարծ բաց չթողնեմ քեզ…

***

Ամեն իրիկուն
ես բարձրանում եմ կտուրները
տեսնելու այն աստղը,
որ քո պատուհանից է երևում…

***
Հեշտ է ապրելը,
երբ մեկը քեզ հիշում է,
երբ հիշում է քեզ մեկը…
Բա որ մոռանա՞…

***
Մի օր
ես կմեռնեմ առանց քեզ,
բայց դրա մեջ ոչ մի տխուր բան չկա.
ամենատխուրը
առանց քեզ ապրելն էր…

***
Արդեն քանի տարի է
ուզում եմ՝ գլուխս շոյես։
Շա՞տ բան եմ ուզում…

***
Ի՜նչ տխուր օրեր են
իրար պի՛նդ գրկելու
միմյանց ոչ մեկին չտալու օրեր են:

***
Մի սիրուն երգ գրեմ,
գա նստի այտիդ,
թրաշդ շոյի,
խուտուտ տա,
գնա:

***
Սիրում եմ քեզ.
ասում եմ
այսօրվա
վաղվա
և մյուս օրերի համար,
թե չհանդիպենք…

Վիոլետ Գրիգորյան

Այս է մարմինը, որ հանձնված է… սիրուն։
Այս է արյունը, որ թռվռում է ժիր երակներում։
Աչքս լու՛յս, տոն է,
այս գիշեր տոն է, մարմնիս կիրակի,
եւ իգությունս, որ մթերել եմ թանկ հյուրի համար,
սփռել եմ ահա սիրեկանի դեմ։
Համեցիր, վերցրու, անուշ արա, դե,
նայիր, Խաչիկի աղջիկն է, ջանի՛կ, քեզ հյուրասիրում։
Համբուրիր ինձ ու…
Էլ չես ծերանա,
համբուրիր ինձ ու…
չես հիվանդանա,
համբուրիր ինձ ու…
չես մեռնի երբեք։
Չէ՞, բժշկվում են սիրո մահիճում,
կույրը տեսնում է կրքի խլիրտը,
համրը խոսում է թմբուկով սրտի,
կաղը ելնում ու քայլում է մարմնի արահետներով,
եւ մահվան քնից գեղեցկուհին է զարթնում համբույրով։

Համբուրիր ինձ ու…
Չեմ մեռնի ես էլ։

Տես, ցեցն ու ժանգը կերել են արդեն դիզած գանձերս՝
սիրուն շորերս, փայլուն զարդերս, խելոք գրքերս,
եւ գողը պատը ծակել է, տարել փողերս բոլոր,
բայց քո համբույրը չի ժանգի երբեք,
բայց քո համբույրը կծակի պատը չինական
թախծի…

Ես իմ բերանով քեզ կմոտենամ
եւ իմ շրթունքով կպատվեմ ես քեզ,
խուզարկու լեզվով ես կլրտեսեմ մարմինդ համակ
եւ կպրպտեմ եւ կկրկտեմ փեթակը մեղրի։
Ա՜խ, ինչ համով են, ինչ զգայնոտիկ շուրթերը յարոջ,
ինքնավար լեզուն ժիր նվագում է իմ ատամներին՝
վարժ, ինչպես ճերմակ ստեղնաշարի…

Ի՞նչ անեմ, մամա՛,
ընդառաջ գնա՞մ սիրո ներթաքույց միակ խոստումին,
հպվե՞մ մատների տաք թմբիկներով,
լեզվի փշփուշով խուտուտե՞մ տամուկ,
շոյեմ-փաղաքշե՞մ ցողունը վերձիգ
եւ հյուրընկալե՞մ սիրո ճամբարում…
Ձրի եմ առել, ձրի էլ կտամ մարմինն այս նվեր,
որ ինձ փայ հասավ, որ շահեցի հեշտ
այն վերաշխարհիկ վիճակախաղում,
(հափչի՛, էսքան ճի՞շտ)։
Դե, միջնամատով թակիր դուռը գոց շարժական գույքիս,
հանիր բառերի սեղմ հանդերձանքը,
մորեմերկ սրտով մտիր իմ կայքը
եւ խարիսխ նետիր ծովածոցիս մեջ…
Ես քեզ կողողեմ ներսիս ջրերով
եւ թեժ արգանդիս ծորուն մյուռոնով քեզ կմկրտեմ և
կնքված ես արդեն եւ դավանորդն իմ։

Աղվեսները, հա, որջեր ունեն միշտ,
երկնքի բոլոր թռչունները՝ բույն,
քո որջն ու բույնը ես եմ, մարմինս,
եկ ու բնակվիր իմ մեջ, սիրելիս,
քաղցր է քո լուծը, եւ բեռդ՝ թեթեւ։
Ելիր մահիճս, ասես ամբիոն,
եւ ճառիր Ճարտար մարմնի վանկերով,
մարմնի հոլովով,
մարմնի բառերով,
խոսքով մարմընի,
ասմունքիր ասքը սիրո եւ կրքի արշավանքների,
խնդրիր՝ կտրվի,
բախիր՝ կբացվի,
թեպետ նեղ դուռ է, անձուկ ճանապարհ,
բայց, հու՜շ, անկողնում կանչողի ձայնն է՝
պատրաստել եմ ես քո ճանապարհը
եւ հարթել բոլոր շավիղները քո…
Դե, վարիր կառքը մկանակառույց, կառա
վարիր ինձ,
բարակ, կաշվեհյուս, բարակ, նրբահյուս, բարակ մտրակով
ուղղորդիր խրտնած ընթացքը կրքի,
կոնքերիս դաջիր զոլ-զոլ նշանդ
եւ դրոշակդ ծածանիր վրաս։

Ես վայրի ջուր եմ,
ես խիտ ողկույզ եմ,
ես փուխր օդ եմ,
մտիր իմ հունը,
թաքնվիր իմ մեջ,
եւ ներշնչիր ինձ եւ արտաշնչիր
եւ ներշնչիր ինձ եւ արտաշնչիր
եւ ներշնչիր ինձ եւ արտաշնչիր,
խոր ներշնչիր ինձ, ա՜խ, արտաշնչիր,
ա՜խ, արտաշնչիր…
Ինչ հաճելի է քեզ ներընկալել, իմ սիրո մարզիչ, առույգ բարձընկեր,
չկա կանանցից ծնվածների մեջ լավը քեզանից…
Եվ երանի է իմ որովայնին, որ փշաքաղվեց լեզվիդ հպումից,
եւ երանի է իմ ստինքներին, որ ծառս են եղել լեզվիդ հպումից,
երանի է ինձ՝ տիրոջ աղախնիս, որ օրհնյալ եղա այսքան կանանց մեջ…

Մա՛մ, մի բարկանա,
տես, ինչ առողջ եմ,
տես, ոնց եմ կոփվել սիրո մարզանքում,
տես, սիրտս ուրախ, լեզուս ցնծուն է,
եւ իմ մարմինը հույսով է ապրում,
քանզի իմ անձը սիրո վայրում է…
Ով տեսնելու աչք ունի, թող նայի,
ինչ թովիչ նկար-
զույգ զոդ մարմինը՝ սավանին սփյուռ՝
հյուսված ծաղկեփունջ, ամեհի շուշան,
ոստրե բացուխուփ, տարուբեր ճոճան…
Ճոճիր մակույկս, իմ կայտառ քամի, զվարթ գործընկեր,
ճոճիր մակույկս, ընտիր թիավար, խելառ ծովահեն,
ճոճիր ինձ, մինչեւ իսպառ սպառվեմ,
մինչեւ վերջանամ ինքս ինձանից,
մինչեւ ինձանից ինքս դադարեմ,
ճոճիր ինձ այնքան, մինչեւ որ հասնեմ այնտեղ՝ ՈՉ ՄԻ ՏԵՂ-
ափ երանության…

Այդպես քայլ առ քայլ, այդպես բառ առ բառ,
դետալ առ դետալ, կանգառ առ կանգառ
ինձ քիփ ուղեկցիր իմ իսկ մարմընի լաբիրինթոսում
ու պաչիկ-պաչիկ, շարժում առ շարժում,
ու պաչիկ-պաչիկ, հնչյուն առ հնչյուն
ու պաչիկ-պաչիկ
ինձ տար անցկացրու իմ մարմնի շեմից,
ինձ տար հասցրու ուրախության տուն…
Ըհը, մի քայլ էլ, ըհը, մի շարժում և
Ճերմակ սավանին, ասես ճերմակ թուղթ,
երկու տող մարմնի շարահյուսությամբ գրված երկու խոսք՝

«Եվ կատարված է»։

Ռուզաննա Ոսկանյան

Ու որտեղի՞ց դու վերցրիր,
որ սկսել եմ գույները զանազանել,
որ երաժշտությունը ստիպում է տեսնել.
ախր խարխափում եմ կանաչի մեջ
քո սևուսպիտակից ներարկիր ինձ,
վարակիր ինձ օրերիդ դատարկությամբ,
ծառերի տակ կուչ եկած
նստարանների սառնությամբ,
ներկայությամբ անձրևների:
Արի խոսենք աղջկանից՝ ինձնից տարբեր.
նա գրողի ծոցը կուղարկի ընկերներին
ու կփակվի քո հորինած պատերի մեջ
ու տարբեր կլինի ինձնից, տարբեր:
Ես նրան Նե կանվանեմ,
դու կժպտաս,
ես նրան խուտուտ կտամ,
որ ծիծաղից մեռնի,
դու կժպտաս:
Փոս եմ ուզում, փոս:
Ցավս կլցնի փոսը
թափանցիկ ներկայությամբ քո
ու երաժշտությամբ.
կուրծքս՝ վերև-ներքև, վերև-ներքև,
ձեռքերս քամու հետ կտարուբերվեն.
Նե-Նե, Նե-Նե-Նեե…
Կանգ:
Ե՛ս նրան սպանեցի, ե՛ս,
Նե, չխելագարվես հանկարծ,
նրա միայն աչքերն էին գեղեցիկ,
մեկ էլ ձեռքերը,
մեկ էլ մարմինը,
մեկ էլ գիտեր զզվեցնել,
իսկ ընդհանրապես սովորական էր,
իսկ ընդհանրապես չարժի ափսոսալ,
Նեե՜…
Ես քեզ համար մեկ ուրիշին կհորինեմ,
մենք երեքով դուրս կգանք զբոսնելու
մեքենաներից ազատագրված փողոցներով,
երաժշտությունը շղարշի պես կքսվի մարմնիս,
ու պտտվելու ցանկությունը զսպելու համար
ուսերիս կդնեմ քեզ, Նե,
հետո թռչելու ցանկությունը կգա,
օդը փետուրների հոտով կլցվի,
ու երեքով հանդիսավոր կմոտենանք
տանիքից հենց նոր նետված մարմնին,
որ մեզնից ոչ մեկը չէ այլևս:

հ.գ.
Կսիրես նրան, Նե,
շատ կսիրես…

* * *

Ծառը համառորեն մխրճվեց նստարանի մեջ
ու հայտնվեց երկուսիս արանքում:
Հազար տարի է անցել,
բայց կեղևից էլի քո հոտն է գալիս,
որ ներծծված է կաշվեխառն ժանգահոտով:
Ստվերի պես անհաղորդ
սահեցի փողոցներով.
ծանոթները տեսան ու ամաչեցին մոտենալ,
մեքենաները տեսան ու
հարկ չհամարեցին վրայովս չանցնել:
Վախ, Կիկոս ջան, վախ:
Դու մեծացար մանկատներում,
հայրդ եղավ տաղանդավոր ու սիրված
(զարմանալի զուգադիպություն),
հայրդ եղավ սիրված ու վախկոտ,
վախկոտ ու հիմար,
ամեն Աստծո օր ինքն իրեն կրկնող:
Խելացի, խելացի, խելացի,
կրկնվող տղամարդ:
Կրկնվող առավոտներից ու գիշերներից
հոգնած կին,
արի մեր տուն:
Տաք թեյի շուրջ
մի քանի դար կլռենք,
ու ոչ ոքի մտքով չի էլ անցնի
մի կողմ գլորել քարը
ու մտնել ներս:

* * *
Քեզ այսօր ոչ ոք չհիշեց.
դու էիր և հողը,
հողը՝ ծնկներիդ արանքում,
հողը՝ եղունգներիդ տակ,
գլխիդ մեջ հող,
աչքերիդ մեջ,
բերանումդ:
Կծու, թթվաշ, արցունքի պես խեղդող,
հողահամ,
հողագույն
հող:
Վերադառնալու ամենահեշտ ճանապարհը
(արյուն չունես, հող ես, հող),
հողի պես կապույտ,
հողի պես թաց,
հողի պես դու:
Քեզ այսօր ոչ ոք չհիշեց
ու վաղը չհիշեց,
տուն վերադառնալիս չհիշեց (տուն),
մատը երկինք տնկելիս
ու մեռավ կարոտից քո (մեռավ):
Հողի պես տուն,
հողի պես ճանապարհ,
հողի պես դու:
Ես սովորել եմ քեզ չհիշելու ձևը.
դու և հողը,
դու և հողը
ամենուր…

Ծով Alize՛ Բանուչյան

Ես կուզեի

Ես կուզեի, որ դու գայիր հետո,
այնքան հետո` հազիվ լիներ ճանաչելը,
և իմ մարմնի ամեն թոշնած կետով
ինձ հիշեիր, ափսոսայի ամաչելը…
ես կուզեի, որ դու գայիր հետո,
և լինեինք կյանքից այս իմաստուն,
և ասեիր` ինձ էլ մենակ մի թող
և թևանցուկ նորից քայլեինք տուն:
Ես կուզեի, որ դու գայիր հետո
այնքան հետո…որ էլ չգնայիր,
և իմ մարմնի ամեն թոշնած կետով
ինձ հիշեիր, ինձ սիրեիր , ինձ մնայիր…

Էդ սիրելը

Իմ քաղաք, ինձ մի քիչ էլ պահի՛ր,
Միևնույն է ` քեզ ինձնից խլելու են,
Կօտարեն հեռանալուս պահից,
Իմ մասին թե հարցնես, լռելու են…
Դու նրանց չգիտես, այդ բոզերը
Միշտ սպասում են դատարկ մի տեղի,
Որ քեզնից ժամանակ կորզելը
Ինձանից քո կարոտը շեղի…
Իմ քաղաք, վստահի՛ր դու նրան,
Որ գիտի քեզ ընդերքդ մինչև,
Քեզ ինձնից սիրելին իմ մնա՛,
Թո՛ղ մնա, չգիտեմ, թե ինչ էր…
Էդ սիրելը…

Հեռացող…հեռացող կիրակի

Հեռացող…հեռացող կիրակի,
ինչ հեշտ ենք իրար կորցնում,
դու հանգիստ աչքերս փակիր,
ես ոչինչ պահել չեմ փորձում:
Սենյակիս թող միայն այս քամին,
բույրը թող գրքերի չթերթված
և երազ տեսնելուս ժամին
համբուրիր թարթիչներս թաց…

Երբեք չմեռնել

Իմ Երևանը հիմա քո ներսում
իրեն ավելի սիրել է տալիս,
իմ Երևանում ես էլ չեմ մրսում,
մրսելս ո՞րն է էս գժված հալիս…
Մի քիչ էլ մնամ, գուցե խենթանամ
գուցե գրավեմ բոլոր բակերը,
որտեղ կամենամ, այնտեղ կմնամ
ու էլ պետքս չի փողոց փակելը…
Ու մինչև Սարյան, մինչև Փարպեցի
մինչև Սպենդիարյան ու կամ էլ Պուշկին
ես մինչև հոգուս խորքը հարբեցի,
ես մինչև սիրտս գնացի ուշքից…
Եվ այս աստղերի տակ քեզ խոստացա
երբեք չմեռնել…

Լուսանե Ջալալյան

***
իսկ դու
սիրիր ինձ ինչպես կնոջդ, երբ նախաճաշ եմ սարքում քեզ համար
իսկ նոր ներքնանզգեստս գնահատիր, ասես սիրուհիդ եմ
թույլ տուր գլուխս դնել ուսիդ. սիրիր ինձ որպես քրոջ
լքիր ինձ, ասես առաջին դպրոցական սերդ եմ,
լքիր ու հիշիր
սիրիր ինձ մանկության հոտերի պես
սիրիր ինձ մորդ սարքած ապուրների նման,
որովհետև՝ ես ուրիշ եմ, մորդ սարքածների պես
թող սիրտդ ինձ ուզի, ոնց ամռանը՝ ծով
կարիքս ունեցիր, ոնց երթուղայինում ազատ նստատեղի
ու պարբերաբար գնա
գնա, ասես ես գործդ եմ, իսկ դու՝ արձակուրդի
ու արիր, ասես ես արձակուրդդ եմ ու գյուղի տունդ
թող ինձնից մեկ-մեկ վառված կարտոֆիլի հոտ գա, որ ափսոսաս
ու թող մեկ-մեկ ճիշտ իտալական սպագետտի լինեմ,
որ ռեստորաններում կոմպլեքսավորվես կարգին ուտել
մեկ-մեկ ինձ հասարակ մարմնավաճառի տեղ դիր,
որ նայեմ ննջասենյակիդ հայելուն ու պնդեմ, թե սերը տևում է տասնմեկ րոպե
իսկ երբեմն
իսկ երբեմն ինձ կարգին սիրիր, որ թվա, թե սեր չկա
թող էդ անտերը զուտ մարմնական լինի
կամ էնքան հոգևոր, որ մինչև հարսանիք չհամբուրվենք
դու կարևորը խաղա հետս
մանկությանդ ատրճանակներով կրակիր
մանկությանդ պահմտոցու պես թաքնվիր ինձնից
ու թույլ տուր աղցան սարքեմ մեզ համար՝ ընկուզենու տերևներից ու որդերից

***

խոստացիր, որ վերարկուդ գալիք ձմռանը նույնքան տաք կլինի
երդվիր, որ քեզնից գլուխ կհանեմ,
բայց քեզ գլխիցս չեմ հանի
խոսք տուր, որ չեմ թողնի քեզ
ու կթողնեմ ծխելը
երդվիր, որ ինչքան էլ գլուխս կորցնեմ
քեզ չեմ կորցնի
ասա, որ չեմ փչացնի
խոստացիր, որ քո մասին թիթեռնիկները որովայնիս ամենամտերիմը կմնան
խոսք տուր, որ կմնամ

***

Նստիր կողքիս,
Հոգի՛ս,
Ու ինձ պատմիր
Քո՝ երբևէ տեսած բոլոր կանանց մասին:
Իսկ իմ մասին
Լռիր, շնչիր թեթև:
Նստիր կողքիս,
Հոգի՛ս,
Ու ինձ ստիր
Քո չունեցած կանանց մասին:
Թող ես անթարթ նայեմ քո ծնկներին
Մաշված
Քո ծնկներին հոգնած փնտրտուքից:
Քո ծնկներին
Որ ուզեցան մեկի առաջ ծալվել՝
Քո չգտած կնոջ:
Քո ծնկներին, որ ծալվեցին ամեն մեկի առաջ
Ու չգտան…
Նստիր կողքիս
Իմ գտնված
Իմ չունեցած
Վերջին կարոտ,
Անհամարձակ իմ մատների
Վերջին հպում,
…Նստիր կողքիս
Իմ մանկամիտ
Իմ կամակոր հայացքների
Վերջին կանգառ,
Ու ինձ պատմիր նրա մասին
Ով մետրոյում քեզ հմայեց
Իջավ 2 կանգառ հետո
Քեզնով չապրեց
Չնկատեց
Հայացքը քո,
Պատմիր ու թող սիրտս դողա
Վերջին անգամ:
Նստիր կողքիս
Հոգի՛ս
Ու ինձ պատմիր
Քո ունեցած բոլոր կանանց մասին։
Իսկ իմ մասին
Լռիր, շնչիր թեթև։

Անահիտ Ղազախեցյան

Մա-նու-շա-կա-գույն
ու անհոմանիշ՝ Դու
եղիր, եղիր
եւ խաղաղություն իջեցրու
հանգիստ, ինչպես կարող ես
փոթորիկներին ու անձրեւներին
եւ առագաստներն ուղղիր իմ նավի,
ճանապարհ ցույց տուր, փարոսներ վառիր՝
հեռվում, ափերին, ուր Դու կաս՝
անվերջ, միալար, հավետ:
Մի փոխիր գույնդ
ու շարունակիր հետս վազվզել՝
թեյաբաժակի պռունկով սպիտակ,
որտեղ ամեն պահ կարող ենք ընկնել,
միայն թե մի տար Դու ի խորտակում
ու ի կործանում, ու ի ավերում՝
արդեն քանդվածիս,
մաս-մաս հավաքիր փշուրները Իմ
Քո ափերի մեջ, Քո ձեռքով Նորից
ճանաչ կրակով Ինձ վերստեղծիր՝
թող մի կողմ կավը ու կողերիդ տեղ
Դու փշաքաղված բառեր շշնջա
ու արթնացրու Ինձ իմ նինջ-փախուստից:
Գողացիր ու բեր
աստղերը կարիր փեշին զգեստիս,
լուսինն ամրացրու մազակալի տեղ,
վերեւում գուցե նեղվածք է արդեն
ու լուսաթռիչ հրեշտակները
չեն էլ նկատի երկինքը դատարկ,
Մինչդեռ առանց Քեզ ես ունայն էի՝ անցյալում մոտիկ,
նույնը կլինեմ՝ եւ ապագայում այն վաղակատար,
Հասկացա՞ր՝ Մնա:
Ճանպարհ ցույց տուր՝
ուր պիտի գնալ ու լինել Քեզ հետ
դրախտ դարձնել վայրը արտաքսման,
կառուցել մի նավ ու հանգստությամբ
կանգ առնել լեռան ինչ-որ գագաթի
եւ արձագանքը լսել լեռների
ու քո բառերին սպասել շարունակ:
Եւ, եւ ոչ մի կերպ Դու մի ընդհատվիր
Դու շարունակվիր համընթաց քամուն,
հանգույն՝ երկնքին,
Շունչ փչիր դեմքիս, հետո մտքերիս
Ու ի սկզբանե ինչ-որ բան ասա, ինչ-որ դերանուն՝
որ Լինենք,
Լինենք:

***

Ի սկզբանե
Քո արտեւանունքներն էին
Ու սերը՝
Նրանցից
Սկսկվող
Այլ ելք չթողեց,
բառերին՝
Քան Լինել։

***
Այս քամիներից,
Մոխրագույն տանիքներից,
(Որտեղ չենք էլ եղել),
Ու
Ճանապարհներից,
(Որոնցով վերադարձի փորձ ենք անում),
Այս դռներից,
Տներից ու բակերից անծանոթ,
(Որոնք քեզ հանդիպելու
Չստացված ու հուսահատ
Խաբկանքներ են),
Ծխախոտների ծայրերից,
Ծայրերի մարդկանցից,
Այն բոլոր հյուսիսափայլերից,
(Որոնք էդպես էլ չտեսանք),
Ու երազներից,
(Որոնցում ապրելը գերադասելի է
Առավել),
Այս բոլոր տների
Պատուհաններից,
(Ուր ճաղեր են անհամար
Ու մարդիկ՝ սովորական անցուդարձով),
Ու երկինքներից,
(Որոնցում աստղերը
Հեչ էլ անհաշվելի չեն),
Ու աստղերից,
(Որտեղից էլ ոչ ոք չի իջնում
Երկիր,
Որովհետեւ բոլորս հոգնել ենք փորձելուց),
Եւ այս բոլոր փորձերից,
(Որոնք քեզ
Մոտեցնում ու հեռացնում են առավել),
Եւ այս բոլոր երգերից,
(Որ ականջներումդ են,
Քո մեջ,
Մարմնիդ մեջ),

Այս բոլոր բառերից ու
Բանաստեղծություններից
Անդին
Կա՞ մի բան
Որ կկարողանա լինել
Քո մասին։

Share Button


Խիստ ժամանակակից պոեզիա. Եր Կար

Լեգենդար կանանց մեծ ու փոքր գաղտնիքները

Թևակոխելով բալզակյան տարիք…

Իոսիֆ Վիսարիոնովիչ Ստալին

Օսկարի լավագույն լուքերը

Եվա Բրաուն և Ադոլֆ Հիտլեր

Չարլզ Բուկովսկի

Նամակ ապագային…

Չգրված օրենքներ, խախտումներ ու խորհուրդներ առաջին ժամադրության համար

Տղամարդկային անհավատարմություն…

Գրողների «ճակատագրական կանայք»…

Կնոջ բնավորությունն ըստ նախընտրած խմիչքի

Հայաստանը՝ կանանց համար ամենաանվտանգ երկրների շարքում. National Geographic

Վահագն Դավթյան․ տուն, որը վերցնում ենք մեզ հետ

Նունեի վարդ կրծքերն ու փշոտ կյանքը

5 գիրք կանանց մասին և համար