-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Հայ գրող, հրապարակախոս, բանաստեղծ, արձակագիր և թարգմանիչ Դերենիկ Դեմիրճյանը Ախալքալաքցի հասարակ երեխա էր, ում կրթությունը, ըստ տրամաբանության, պիտի սահմանափակվեր ծխական դպրոցում ուսանելով: Սակայն նրան փառավոր ուղի էր սպասվում. Դերենիկ Դեմիրճյանը դարձավ իր ժամանակների ամենակրթված մարդկանցից մեկը՝ իր հետքը թողնելով ոչ միայն գեղարվեստական գրականության մեջ:
Ժամնակակիցները վկայում են, որ Դերենիկը առանձնահատուկ բարի մարդ էր ու «սիրաշատ»: Նրա սերը բաժին հասավ շատերին, մեզ են հասել 4 գեղեցիկ սիրո պատմություններ, որոնց ծանոթանալիս նաև որոշակի պատկերացում ենք կազմում համարձակ ու խենթ գրողի մասին: Այս ամենից զատ ականատեսները պատմում են գրողի անսահման սիրո մասին կենդանիների հանդեպ: Նրա հոգատարությանն էին արժանանում մասնավորապես կատուները:
Դերենիկի տանը տասնյակ կատուներ կային, բացի այդ նա նաև հոգ էր տանում ու կերակրում բակում ապրող տասնյակ չորքոտանիների մասին: Գրողն իր կատուներին կոչում էր սիրած կանանց անուններով, այդպիսով նրա տանն էին բնակվում Շառլոտան, Էլեոնորան, Մարանը, Օֆելյան… Շառլոտան Դերենիկի տան ամենասիրունն էր ու ամենադաստեարակվածը: Սիրելի կատուների մահը Դերենիկի համար իսկական ողբերգություն էր դառնում:
1940-ականներին, երբ Արման Նավասարդյանը 9-10 տարեկան երեխա էր, Դերենիկ Դեմիրճյանի տանն ապրում էին մի քանի տասնյակ կատուներ` վայելելով տան անդամների մեծ հոգատարությունն ու սերը: Դրանք «պատրիկներն» էին, և լավ կերակրվում էին ու խնամվում: Մի քանի տասնյակն էլ ապրում էին բակում, դրանք «պլեբեյներն» էին և նույնպես արժանանում էին որոշակի ուշադրության ու խնամքի Դեմիրճյանի ընտանիքի անդամների կողմից, թեև, իհարկե, իրենց բաժին ընկած բախտով ու կարգավիճակով զգալիորեն զիջում էին տնաբնակ ցեղակիցներին:
Վերջիններից մեկը` Նորան, շատ ագրեսիվ էր: Մի օր այդ կատուն փախչում է տնից և Արման Նավասարդյանենց բաց պատուհանից ներխուժելով բնակարան` խցկվում մահճակալի տակ: Կատվի հետևից իսկույն հարևանի տուն են շտապում Դերենիկ Դեմիրճյանի ավագ քույրը` Վարսենիկը, որ այդ տարիներին ու հետագայում էլ ապրում էր Դեմիրճյանի տանը, և կինը` Մարիա Իվանովան: Արմանը, դժվարությամբ մտնելով մահճակալի տակ, ճանկռոտելով ձեռքերը, դուրս է բերում Նորային ու հանձնում անհանգստացած կանանց: Քիչ անց Արմանենց տուն է գալիս անձամբ Դեմիրճյանն ու հարցնում. «Արմա՛ն, դո՞ւ ես հանել Նորային մահճակալի տակից»: Ստանալով դրական պատասխան` փոքրիկ տղային է մեկնում մի մեծ, պատկերազարդ շագանակագույն կազմով գիրք` 1944 թվականին լույս տեսած «Արջուկ-լրջուկ» հեքիաթը` հետևյալ մակագրությամբ. «Կենդանիների պաշտպան բարի Արմանին, որ փրկեց մեր փիսիկի կյանքը. Դերենիկ Դեմիրճյան»:
Տես նաև՝
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո