Խորեն Աբրահամյան. Պարականոն դիմանկար - VNews

Խորեն Աբրահամյան. Պարականոն դիմանկար

 

1930 թ. ապրիլի 1-ին ծնվել է հայ կինոյի և թատրոնի մեծագույն դերասանը` Խորեն Աբրահամյանը։ Նրա մասին այսօր խոսում են իր բազմաթիվ ու բազմազան դերերը` կինոյում, թատրոնում, հեռուստատեսությունում։ Հնարավոր չէ գտնել ավելի լավ պատմություններ ու մեկնաբանություններ Խորեն Աբրահամյանի ու նրա արվեստի մասին, քան այն, ինչ ինքն է պատմում իր հարցազրույցներում։ Հենց դրանցից էլ ծաղկաքաղ անելով, կազմել ենք սիրելի դերասանի պարականոն դիմանկարը։

 

Իգդիրցին

Ես Իգդիրը չեմ տեսել…ծնողներիս պատմածները` կռիվ, զենք, զոհված ազգականներս, որոնց անուններով գիտեմ, հպարտություն, պարտություն, դառնություն, հորաքրոջս խեղված ձեռքը` իմ աչքով տեսած, ասում էին` փամփուշտ կա մեջը, կորստի ցավ, լքված պապենական տուն ու երգը` «Կարկուտ տեղաց Խանասորա դաշտումը», սա Իգդիրն է` հարազատ, ինձ համար խիստ անձնական, սրանով էր լցված իմ մանկությունը, ես երբեմն խաղում էի ու խաղացնում ընկերներիս այս պատմություններ։

Էդվարդ Իսաբեկյանը մի առիթով ասաց. «Եթե Խորենը իգդիրցու զավակ չլիներ «Սարոյան եղբայրներ» ֆիլմը չէր ծնվի, ու այդպիսի Գևորգ չէր լինի»։ Ես դա ընդունում եմ իբրև բարձր գնահատական։

 

Նկարիչ Էդվարդ և Արամ Իսաբեկյանների հետ

 

Հայրս

Ծնվել և մեծացել եմ Երևանում, մեր տունը Նալբանդյան փողոցի վրա էր։ Հայրս ծառայող էր, մայրս` ուսուցչուհի։ 14 տարեկանում կորցրեցի հորս։ Հայերը խոսք ունեն, ասում են մորից է երեխան որբանում։ Ես դրա հետ բոլորովին համաձայն չեմ։ Հոր կորստով դու կորցնում ես կողքիդ ամենահզոր ուժը։ Մինչև հիմա էլ մտածում եմ, որ իմ հորից բարի, ուժեղ, խելոք տղամարդու չեմ հանդիպել։ Նա 43 տարեկանում արյան զեղումից մահացավ, անսպասելի մահ էր։ Ինձ թվում է պատճառը, ինչքան էլ տարօրինակ թվա, ամեն ինչ սրտին մոտ ընդունելու հանգամանքն էր։ Ոչ մի բանի նկատմամբ անտարբեր չէր։ Բոլորի հոգսով ապրում էր։ Այսպես լինում է, չէ՞, որ մեկը գերդաստանում ամեն ինչ վերցնում է իր վրա։ Հիշում եմ, միշտ նեղսրտելով ասում էր` տղաս չի մեծանում։ Կարծես ինչ-որ բան զգում էր։

 

Մոր հետ

 

Մայրս

Մայրս բոլորովին պատրաստ չէր ամուսնու կորստին։ Հետո պարզվեց, որ մայրս շատ զարմանալիորեն կազմակերպվել գիտի։ Շատ խիստ կին էր և ինձ ու քրոջս երես չէր տալիս։ Մանկության տարիներին երկար ժամանակ մտքումս վիրավորանք կար, կարծում էի նա ինձ չի սիրում։ Հետո հասկացա, որ ճիշտ հակառակը շատ է սիրում։

Մի անգամ եկա տուն, այդ դեպքը երբեք չեմ մոռանում, մայրս արդեն չէր քայլում, պառկած էր: Գրքերը կողքը շարած, միշտ պիտի գրեր: Մի բան էր ասում, հետո էդ նույնը պիտի գրեր, նամակի ձեւով ուղարկեր: Ասում էի` մա, ասել էիր… Սիրում էր գրել: Եկա տուն, տանը մարդիկ կային: Շատ կամաց, քթի տակ ասաց. «Իմ թագավոր տղան եկավ»: Ես ցնցվեցի. ուրեմն նա ինձ էդպես է ընդունում: Բայց միշտ ուրիշ կերպ էր խոսում` խիստ… Հետաքրքիր բան է կյանքը…

Արմեն Գուլակյան

Իմ ուսուցիչը

Արմեն Գուլակյանին համարում եմ իմ ուսուցիչը` ոչ միայն արվեստի, այլև կյանքի։ Անսահման պատկառանք, սեր ու հարգանք եմ ունեցել նրա նկատմամբ։ Նա այն մարդկանցից չէր, որ ասեր ինձ պետք է հարգեք։ Նրան չհարգել ու նրանից չամաչել հնարավոր չէր։ Մի անգամ Քալանթարի դասն էի խանգարել, Գուլակյանը մտավ մեր լսարան, նայեց ինձ ու ասաց. «Լսեք, Աբրահամյան, ասում են դուք խանգարել եք Քալանթարի դասը։ Ծեր և հիվանդ մարդու դասը խանգարելը դեռ տղամարդկություն չէ, կարո՞ղ եք իմ դասը խանգարեք»։ Վերջ, ինձ համար արդեն ամեն ինչ պարզ էր և ես հասկացա, որ իսկապես չի կարելի դիմացինի թուլությունից օգտվել ու «օյիններ» սարքել։

 

 

Ճշմարտությունը

Մի օրենք կա, որ չպետք է խախտել` ճշմարտությունը. եթե ճիշտ չէ, ոչինչ չի օգնի, չի փրկի: Չկա ավելի պիղծ բան, քան ճշմարտանման սուտը: Իսկ ճշմարտանման սուտը էսօր շատ է: Բացարձակ ճշմարտությունն այն կլինի, երբ արվեստը ծառայի ու բացահայտի ճիշտը: Ժողովուրդը մի դաժան խոսք ունի` դերասանություն մի արա: Խոսքը վատ դերասանության մասին է, լավի մասին չեն ասում` դերասանություն: Իսկ լավը, վստահ եմ, կգա, որովհետեւ առանց մեծ թատրոնի կյանք գոյություն չունի: Խորապես ներողություն խնդրելով` մի խոստովանություն անեմ. միայն մի տեղ կա` որ սպանեն, սուտ չեմ անի` թատրոնն է: Թատրոնն ամեն ինչ է` մեկ դաժան ու սոսկալի, մեկ` տոն: Ես հաջողություններ ունեցել եմ, անհաջողություններ` ինչքան ասես, բայց երբեք թատրոնը ինձ չի թողել:

 

Վահրամ Փափազյանի հետ

Վարպետը

Հայերի մեջ ընդունված սովորություն կար` վարպետի ձեռքը համբուրում էին, եւ վարպետը կարող էր լինել կոշկակար, պատշար, իր գործը լավ իմացող մարդ: Թատրոնում երբ ասում էին` վարպետ, պարզ է, որ խոսքը Փափազյանի մասին է: Նույնիսկ Հրաչյա Ներսիսյանը, Վաղարշյանը, Ջանիբեկյանը, Ավետ Ավետիսյանը վարպետ չէին: Եվ ինքը չէր ասել` ինձ կասեք վարպետ: Նա իսկապես վարպետ էր:
Ֆրունզիկը նոր էր եկել թատրոն: Մենք միանգամից ընկերացանք: Ես, Սոսը եւ Ֆրունզը իրար կատակով ասում էինք` վարպետ: Փափազյանն անցնում էր միջանցքով: Էդ ժամանակ նա վաթսունն անց էր: Փափազի միջանցքով անցնելն արդեն ներկայացում էր… Էդքան սիրուն մարդ չեմ տեսել: Ես տարիներով նայել եմ նրա ձեռքերին: Այնպես ստացվեց, որ միջանցքում դեմ-դիմաց դուրս եկանք: Ասացի` բարեւ, վարպետ, պատասխանեց` բարեւ, մանչս, ու ուսս թփթփացրեց` ինչպես կանեին երեւի ձի առնելիս… Նա սիրում էր, որ ես պինդ եմ: Ամերիկյան կինոդերասաններն առանց սպորտի գոյություն չունեն: Իսկ թատրոնում, հատկապես հայ թատրոնում, մի տեսակ կար` բերանով խաղացող դերասաններ: Այնինչ, ինչպես Ստանիսլավսկին է ասում` «Խոսքը գործողություն է»: Եթե դերը պլաստիկ լուծում չունեցավ, դեր չէ: Միջանցքի դուռը բացվեց, Ֆրունզիկը ներս մտավ… Ֆրունզիկը էնպիսի շնորհք ուներ, որ միանգամից երկու ներկայացում էր խաղում: Հենց կուլիսներում աշխատողները հավաքվեցին, ուրեմն տեսարանը լավն է, որ նայում են: Ֆրունզիկը հանդիսատեսի համար ուրիշ բան էր խաղում, նրանց համար` առանձին: Դա ընդհանրապես անհնարին է, բայց նա անում էր… Մի խոսքով, Ֆրունզիկը ներս մտավ ու ասաց` վարպետ, Փափազը, թե.
– Ասա, ի՞նչ է…
– Քեզ հետ չեմ, Խորիկի հետ եմ…
Պետք էր տեսնել Փափազի դեմքը: Ի պատիվ նրա` ասեմ, որ գնահատեց հումորը, ծիծաղեց:
Հիմա բոլորը վարպետ են: Մեր մասնագիտությունը հեշտացել է, կամ հեշտացրել են: Դա ահավոր ծանր մասնագիտություն է:

 

Կանանց, ամոթխածության, սեռի ու սեքսի մասին

Սեռը ցեղը շարունակելու աստվածային, հավերժական բնազդն է: Իմ մտքով էսպիսի բան է անցնում, որ ինչքան շրջազգեստները կարճանում են, էդքան պատերազմի վտանգը մոտենում է: Ինչքան մերկ են կանայք, էդքան անհետաքրքիր են: Ես ժամանակակից մարդ եմ, մի բան էլ ավել, եւ մտքովս չի անցնում առաջարկել, թե` եկեք փաթաթվենք շորերի մեջ` ինչպես Պարսկաստանում, միայն աչքերը բաց լինեն: Անգլիայում (ես ընդհանրապես Անգլիան շատ եմ սիրում` Շեքսպիրի, թատրոնի հետ կապված) այսպիսի փորձ էին արել. մի բանուկ խաչմերուկում կանգնեցրել էին կարճ հագնված գեղեցիկ աղջիկների: Արդյունքում` վթարների թիվը եռապատկվել էր: Վերջերս մեքենայում ռադիոն էի միացրել, ինչ-որ բժշկական կազմակերպության ծառայություններն են թվարկում, որ կարող են բուժել մի շարք հիվանդություններ, ինչպես նաեւ` աղջիկների ամոթխածությունը… Ի սեր Աստծո, էդ մի բուժեք եւ էդքան մի խոսեք սեռի ու սեքսի մասին, հանգիստ թողեք մարդկանց, թե չէ տպավորություն է ստեղծվում, թե մեր պապերն ու նրանց պապերը չգիտեին, թե ինչպես են երեխաներն առաջանում: Բա ո՞նց էին տասներկու երեխա ունենում: Հիմա սովորեցնում են, սովորեցնում… Թե ինչ են սովորեցնում, չեմ հասկանում, բայց ընտանիքներում երեխաների թիվը երկուսից չի անցնում… Որտեղից որտեղ հասա…