Կիմ Կի Դուկ. հարաբերություններ Աստծո հետ - VNews

Կիմ Կի Դուկ. հարաբերություններ Աստծո հետ

kim ki duk - Կիմ Կի Դուկ. հարաբերություններ Աստծո հետ

«Մարդիկ ինձ հարցնում են՝ արդյո՞ք «բարոյական» մարդ եմ: Ես սովորաբար պատասխանում եմ, որ ոչ: Ես կատարյալ չեմ: Բայց ես մի մարդ եմ, որը չի վախենում ցույց տալ կորեական հասարակության մութ և աղքատ կողմերը: Սա է իմ բարոյական նպատակը: Ես կարող էի շատ ավելի մաքուր ֆիլմեր նկարահանել, քան իմ նախորդ նախագծերը, բայց վախենում եմ, որ ինձ կարող են մեղադրել «նորմալ» բան անելու մեջ: Միևնույն ժամանակ, ես վախենում եմ, որ հետագայում չեմ ունենա ստեղծագործական ունակություն մեյնսթրիմ ֆիլմեր նկարելու՝ կապված իմ նախապատմության մեջ առկա հակասական թեմաների հետ»:

(2012 թվականին հրապարակված հարցազրույցից)

Ռեժիսորը ծնվել էր 1960 թ. դեկտեմբերի 20-ին՝ Հարավային Կորեայի Գյոնսանգ նահանգի Բոնղվա քաղաքում։ Կիմը չի ավարտել դպրոցը՝ 15 տարեկանում ինքնակամ լքել է այն, որպեսզի աշխատի արդյունաբերական գործարանում։ Իր կյանքի այդ շրջանի մասին հիշել է հետևյալ կերպ՝ «Երբ աշխատում էի գործարանում, ստիպված էի գործ ունենալ մի շարք էլեկտրոնային սարքերի, մեխանիզմների, մեքենաների և դրանց մասերի հետ: Նկատեցի, որ մեխանիկական գործընթացները և այդ սարքերի դասավորվածությունը հաճախ նման են մարդու կյանքին, դրա ընթացքին»:

Քսան տարեկանում, արդեն լինելով չափահաս, Կիմը դարձավ ծովային բանակի անդամ, սակայն այդպես էլ չընտրեց ռազմական ուղին։ 1990-1993 թվականներին սովորեց արվեստ՝ ապրելով Փարիզում, մինչ վերադառնալով Հարավային Կորեա՝ 1996-ին նկարահանեց իր առաջին լիամետրաժ աշխատանքը՝ «Կոկորդիլոս» խորագրով։ Բացի այդ, նա բացմիցս դառնում էր իր օգնականների ֆիլմերի պրոդյուսերը, որոնք հետագայում գերազանցում էին իր իսկ սեփական ֆիլմերի կոմերցիոն հաջողությունները։ Կիմի համար դա խնդիր չէր, երիտասարդ ռեժիսորի համար վաղուց պարզ էր, որ սեփական կյանքն ու ստեղծագործական ուղին բարդ են անցնելու, իսկ ուղեղում (համենայն դեպս կարիերայի առաջին փուլում) պտտվելու է անվերջ հարց՝ արդյո՞ք կորեացի հանդիսատեսը դիտում է իր գործերը, թե՝ ոչ:

Արտացոլելով իր հերոսների զգալի մասին՝ իբրև կուլտային կորեացի ռեժիսոր, իր երկրի կինոարտադրության մեջ սկզբում համարվում էր վտարված, երբեմն էլ՝ ապազգային ըմբոստ։ Սկզբում Կիմի փոխհարաբերություններն ու նախապատմությունն ազգային մամուլի և կինոհասարակության ներկայացուցիչների հետ ակտիվորեն շրջանառվում էր և շահագործվում, երբեմն խիստ քննադատական և բացասական երանգներով։ Կորեական այն հասարակությունը, որը պատկերված է իր ֆիլմերում, անընդունելի էր լոկալ հանդիսատեսի լայն շերտերի համար։ Դրան գումարվում էին ուղիղ եթերում հնչած ծակող և ըմբոստ արտահայտությունները, որոնք Կիմը հնչեցրել է՝ պաշտպանելով իր տեսակետներն ու հերոսներին։ Տարիներ անց հարաբերություններն ավելի ստաբիլ և հանգիստ շրջան մտան, թեև մոր մահվանից հետո նա լքեց Կորեան՝ նշելով, որ մայրը միակ կապող թելն էր հայրենիքի հետ։

Կարևորելով նոր վայրեր և նոր մարդկանց բացահայտելու խնդիրը՝ նա տեղափոխվեց Չինաստան և Ղազախստան՝ նոր նախագծեր իրականացնելու համար։

Ի պաշտպանություն կորեական քննադատության՝ Կիմն իր հերթին ասում էր, որ հասկանում է, թե ինչպես է ոմանց համար իր կինեմատոգրաֆիկ աշխարհը միաժամանակ հետաքրքիր, բայց վանող, որն արդյունքում արժանանում է սուր մշակութային քննադատության, քանի որ խոսում է հասարակության տաբուների մասին, որոնք հստակ հասցեատերեր ունեն։ Նաև դեմ չէր այն մտքին, որ ոմանք էլ իր աշխատանքը համարում են զզվելի, կնատյաց և, ի վերջո, անպիտան՝ տեղական (կորեացի) հանդիսատեսի համար: «…ինձ համար ամենահետաքրքիր և արդիական թեման մարդու և Աստծո փոխհարաբերությունն է»,-ասում էր նա ի պատասխան իր ֆիլմերում ընտրված թեմատիկայի։

Սակայն արտասահմանում, ի դեմս կարևորագույն և մեծագույն միջազգային կինոհարթակների, որոնցից են Կաննի և Վենետիկի կինոփառատոները, նա գնահատվել է որպես եզակի ինքնատիպ հեղինակ՝ գլխավոր մրցանակներ շահելով այդ տեսակ հեղինակավոր և պատվաբեր միջոցառումների շրջանակներում: Կիմի համար դա ավելին էր, քան պարզապես միջազգային ճանաչում։ Դա լայնածավալ գործունեությունը շարունակելու շարժառիթ էր: Մրցանակից ավելին նա արժևորում էր հերթական ֆիլմի նոր շուկա դուրս գալու հնարավորության փաստը․ վերջիվերջո այդ կերպ իր ֆիլմերը հասանելի էին դառնում ավելի մեծ թվով օտարերկրացիների համար։

Ի՞նչն է այդքան հակասական դարձնում իդ ֆիլմերը և ինչո՞ւ դրանք պետք է մեզ հետաքրքրեն:

Իր հերոսները հիմնականում օրինակելի սուբյեկտներ չեն, գրեթե բացարձակ ոչ մի կապ չունեն սովորական աշխարհում առկա աշխատանքային հաստիքների հետ։ Շատերը հասարակության ամենաստորին շերտի վրա են՝ վտարված անօթևաններ են, թափառողներ կամ պարզապես կորած մարդիկ, որոնք սնուցվում են թշվառությունից, մինչ պայքարում և փորձում են սոցիալմշակութային պատկանելություն գտնել անգամ իրենց համար ծանոթ, հարազատ կամ արհամարհելի տարածքներում:

Հնարավոր է, որ հանդիսատեսը դժվարանում է նույնականանալ այդ տեսակ հերոսների հետ, բայց ըստ Կիմի պնդման, նման հերոսների հետ ճանապարհորդությունն առնվազն հետաքրքրաշարժ է: Արվեստի ոլորտում կրթական բեքգրաունդն ու փարիզյան կենսափորձը Կիմին դարձրել են ընդունակ հեքիաթասաց, ով կարող է բավարարվել միայն վիզուալով, առանց երկխոսությունների և մենախոսությունների։ Չնայած այստեղ էլ կա հակասություն, քանի որ Կիմն ասում էր՝

«Ինձ համար առաջին տեղում սցենարն է, նոր երկրորդ տեղում պատկերը»։

Ժամանակ առ ժամանակ նա կարող էր մի փոքր շեղվել՝ ընկնելով ծայրահեղությունների գիրկը, ինչպես, օրինակ՝ 2018 թվականի «Մարդը, վայրը, ժամանակը և նորից մարդը» թրիլերում, բայց իր ամենաուժեղ ֆիլմերը վկայում են բացառիկ պոետիկ, անգամ լիրիկական, տաղանդի մասին: Նրա ոչ բոլոր ռեժիսորական հատկանիշներն են անթերի՝ կառուցվածքային և ոճային առումներով, եղել են խորդուբորդ վայրիվերումներ, սակայն հարկ է հիշել, որ նա նկարահանում էր ֆիլմերն ընդամենը 7-10 օրերի ընթացքում։

«Ես ուղղակի ավելիին ընդունակ չեմ,-ասում էր նա: –Նկարելիս՝ վերածվում եմ գերհամակարգչի: Դառնում եմ միաժամանակ խոցելի և կենտրոնացած: Հավանաբար, եթե ավելի երկար նկարեմ՝ կպայթեմ: Պարզապես կմեռնեմ…»

Այնուամենայնիվ, Կիմի լավագույն ֆիլմերը շատ են, եթե դուք վաղուց դիտել և անգամ բազմիցս վերադիտել եք «Դատարկ տունը» կամ «Գարուն, ամառ, աշուն, ձմեռև նորից գարունը»՝ կարող եք ծանոթանալ հետևայալ երեք ֆիլմերին, որոնք ռեժիսորի փարթամ ու պտղաբեր ֆիլմացանկի ամենաամուր կորիզներից են։ Բացի այդ հետաքրքիր է հասկանալ, թե որտեղ են և ուր են գնում ռեժիսորի ստեղծած կերպարները, քանի որ ըստ Կիմի՝ նա փորձում է բարձրայնել աշխարհում և կյանքում մարդու տեղը գտնելու խնդիրը. իր համար կարևոր է, թե որն է դրա իրական նպատակը: Անգամ եթե ձեզ շեղեն բաց և դաժան տեսարանները, Կիմն ունի նաև դրա պատասխանը՝ «Սեքսն ու բռնությունը պարզապես մեր կյանքի մի մասն են: Դրանք գոյություն ունեն ամբողջ աշխարհում, բոլորի համար»։

 

 

24E08788 918D 495B 8957 7393E025FCAE 960x560 - Կիմ Կի Դուկ. հարաբերություններ Աստծո հետ«Bad guy» / «Վատ տղա», 2001

Հանկին համր կավատ է, աշխատում է Սեուլի Կարմիր լապտերների թաղամասում: Քաղաքում գտնվելիս՝ նրան գրավում է մի ուսանող աղջիկ՝ Սունհուան, որը ժամադրության է գնացել իր զուգընկերոջ հետ։ Որպեսզի ցույց տա իր սերը, Հանկին բռնի ուժով համբուրում է աղջկան։ Արդյունքում Հանկին հանրայնորեն ծեծի է ենթարկվում զինվորների կողմից, իսկ օրիորդը թքում է իր վրա: Վրեժ լուծելու համար Հանկին դարձնում է ուսանողուհուն իր հասարակաց տան մարմնավաճառուհիներից մեկը։

«Վատ տղան» Հարավային Կորեայի վարձույթում Կիմ Կի Դուկի կոմերցիոն տեսանկյունից հաջողված ֆիլմերից էր, դրանից առաջ մեծ միջազգային հաջողության արժանացավ եվրոպական հանդիսատեսի շրջանում: Այստեղ կան տեսարաններ, որոնք արձագանքում և հիշեցնում են Կիմի նախորդ ֆիլմերը՝ ընդհուպ մինչև որոշակի վաղ աշխատանքների սցենարներ: Ֆիլմի մեծ մասի կտրվածքով Հանկին և Սունհուան հազիվ են փոխներգործում իրար հետ տարածության նույն կողմում, անգամ երկարատև էկրանային ժամանակահատվածի ընթացքում իրենց շփումն ավելի նման է միայնության, սակայն Հանկին ապակե էկրանի շնորհիվ հետևում է աղջկան, ինչն էլ Կիմի ֆիլմերի պարագայում ավելի ինտիմային է, զգալի և կարևոր, քան սովորական ֆիզիկական կոնտակտը։

 

13E03037 8EA5 4B20 8672 E60E69C519D0 960x640 - Կիմ Կի Դուկ. հարաբերություններ Աստծո հետ«Pieta» / «Պիետա», 2012

Գանդոն գրավապահ է, իրենից վախենում են, քանի որ տղամարդը հայնտի է իր դաժանությամբ և բռնություններով, որոնք գործի են դրվում, երբ հաճախորդները հրաժարվում են վճարել պարտքը։ Ամեն ինչ փոխվում է, երբ տղամարդու կյանքում հայտնվում է Միսոն անունով կինն ու հայտարարում, որ նա իր կորուսյալ մայրն է։ Տղամարդը սկզբից խուսափում է անհայտ կնոջից, սակայն վերջիվերջո փոխում է իր կարծիքն ու որոշում բացվել։

«Պիետա»-ն Կիմի վերջին շրջանի ֆիլմերից է, ամենահայտնի և դրական ընդունելություն ստացած աշխատանքներից։ Անգամ հայրենի Հարավային Կորեայի կողմից ներկայացվել էր Օսկարի՝ Լավագույն օտարալեզու ֆիլմ անվանակարգում։ Դրանից առաջ այն բուռն արձագանքի արժանացավ Վենետիկի միջազգային կինոփառատոնում՝ արժանանալով գլխավոր՝ Ոսկե առյուծ մրցանակի։

 

50FB349C 22C7 48F5 A57E C39B019D8A50 960x539 - Կիմ Կի Դուկ. հարաբերություններ Աստծո հետ«Time» / «Ժամանակ», 2006

Ջիուն և Սեխին սիրում են իրար, ապրում են Սեուլում։ Սակայն Սեխին հանկարծակի որոշում է, որ իր սիրելին հոգնել է իր «ձանձրալի դեմքից» և անհետանում է։ Սե-խին տարված է նոր արտաքին ունենալու մոլուցքով և որոշում է դիմել մի շարք պլաստիկ վիրահատությունների՝ այդ կերպ, նոր արտաքինով է ցանկանում լինել Ջիունի կողքին։

«Ժամանակ»-ը Կիմ Կի Դուկի ամենամեղմ, մելոդրամատիկ ֆիլմերից է, ավելի շուտ նյարդային, քան լարված։ Սակայն իր բոլոր ակնառու աշխատանքների նման դիմում է հայտնի հնարքին և կրկնում է որոշակի կոմպոզիցիաներ և լոկացիաներ՝ այդ կերպ սևեռելով մեր ուշադրությունը կրկնողության ուժի և ազդեցության վրա։ Որոշակի ալյուզիաներից և հղումներից բացի՝ Կիմը նաև ընդգծում է հարաբերությունների մեջ այս կամ այն կերպ առկա աբսուրդիստական ներանգները, որոնք երբեմն տեսանելի են գրեթե ցանկացած սիրավեպում։


[Berlinale-2021]. տարեսկզբի ամենամեծ կինոփառատոնի հուշագրավ ֆիլմերը

2019-2020-ի լավագույն ֆիլմերից 5-ը. Սոֆիա Կոպոլայի նոր dramedy-ից մինչև Կաննի ռումինական էքշն-թրիլեր

Կիմ Կի Դուկ. դաժան ու ռոմանտիկ

Ատոմ Էգոյանի հարցազրույցը իր վերջին՝ «Պատվավոր հյուր» ֆիլմի մասին

Ինչ դիտել տանը. Քեյթ Բլանշեթի սիրելի ֆիլմերից 5-ը

Կինոքննադատները խորհուրդ են տալիս. [Ցյուրիխից բրազիլացի Ումբերտո Մուրեյրան]

Իլյա Խրժանովսկու «Դաու» մեգամասշտաբային նախագիծը ապրիլին հասանելի կլինի համացանցում

Ինչ դիտել տանը. ինքնամեկուսացման ֆիլմացանկ

10 բան, որ գուցե հաշվի չեք առնում ֆիլմ նայելուց առաջ

5 շշմեցնող հարցերի պատասխաններ. Կորեա

EXO խմբի Բեքհյոնը թողարկել է իր առաջին սոլո ալբոմը

Կորեական 5 նոր սերիալ, որ կարող եք դիտել այս ամռանը

Ֆիլմեր, որոնք կապշեցնեն իրենց գեղեցկությամբ [մաս 2]

Կորեական 5 սերիալ, որ կթողարկվի ապրիլին

Կորեական դորամաների ամենահիշվող սաունդթրեքերը

Կորեայի մշակույթի օր Հայաստանում. Կհնչեն քեյ-փոփ և ազգային կատարումներ