Կինը, որին Ֆրեդի Մերկուրին սիրեց ու իր կողքին պահեց մինչև մահ - VNews

Կինը, որին Ֆրեդի Մերկուրին սիրեց ու իր կողքին պահեց մինչև մահ

ֆրեդի մերկուրի մի սիրո պատմություն - Կինը, որին Ֆրեդի Մերկուրին սիրեց ու իր կողքին պահեց մինչև մահ

Բոլոր սիրեցյալներս հարցնում էին ինձ՝ ինչո՞ւ չեն կարող նրանք ինձ համար փոխարինել Մերիին, բայց դա ուղղակի անհնար էր: Միակ ընկերը, որ ունեմ Մերին է, և ես ուրիշ ոչ ոքի չեմ ցանկանում ինձ մոտ պահել: Ինձ համար նա իմ քաղաքացիական կինն էր: Ինձ համար մեր հարաբերությունները նման էին ամուսնական հարաբերությունների…~ Ֆրեդի Մերկուրի 

Երբ Ֆրեդի Մերկուրին առաջին անգամ հանդիպեց Մերի Օսթինին, երաժիշտը 24 տարեկան էր, իսկ աղջիկը՝ 19: Այդ ժամանակ երկուսն էլ չէին կարող պատկերացնել, թե ինչ ապագա է նախատեսել իրենց համար ճակատագիրը: Նրանք մտերմացան որպես ընկերներ, այնուհետև սիրեցյալներ, ապա կրկին ընկերներ՝ մինչև Ֆրեդի Մերկուրիի մահը: Նրանց հարաբերությունների մասին խոսվում է նաև 2018թ.-ին թողարկված «Բոհեմական ռափսոդիա» ֆիլմում, որտեղ Մերկուրիին մարմնավորում է Ռամի Մալեքն, իսկ Մերի Օսթինին՝ Լյուսի Բոյնթոնը:

Մինչ օրս շատերը զարմանում են, թե ինչպե՞ս, լինելով համասեռական, Ֆրեդի Մերկուրին իր իրական սերն ու ներշնչանքն էր համարում Մերի Օսթինին: Ինչպե՞ս էին կարողանում նրանք պահպանել իրենց պլատոնական սերը մինչև մահը չբաժանեց նրանց: 

Սեր առաջին հայացքից

Մերկուրին և Մերին հանդիպել են 1969թ.-ին, Queen խմբի կազմավորումից մեկ տարի առաջ: Մերկուրին, որի իրական անունն է Ֆարուխ Բուլսարա, ծնվել էր Տանզանիայում և ընտանիքի հետո տեղափոխվել Անգլիա 1960-ականներին: Մերի Օսթինն էլ ծնվել էր 1951թ.-ին Լոնդոնում. նրա հայրն ու մայրը խուլ էին: 15 տարեկանում աղջիկը թողել էր ուսումն ու սկսել տարբեր աշխատանքներ անել՝ իրեն ու ընտանիքին ապահովելու նպատակով: Մերին աշխատում էր նորաձևության հայտնի խանութներից մեկում, երբ հանդիպեց Ֆրեդիին, որը նոր էր ավարտել արվեստի քոլեջն ու աշխատում էր Քենսինգթոնին մոտ գտնվող մի հագուստի տաղավարում:

Մերկուրիին առաջին անգամ հանդիպելով երիտասարդ աղջիկը զարմացած էր, քանի որ իր խոսքով նա նախկինում երբեք չէր հանդիպել ապագա երաժշտի նման մեկին: Շուտով նրանք սկսեցին միասին ապրել մի աղքատիկ բնակարանում, իսկ Մերկուրին սկսեց աշխատել իր երաժշտական կարիրերան զարգացնելու ուղղությամբ:

Նա նման չէր ինձ հանդիպած որևէ մարդու: Նա ինքնավստահ էր, մինչդեռ ես երբեք չեմ ունեցել այդ հատկանիշը: Մենք միասին էինք մեծանում ու աճում: Ինձ երկար ժամանակ պետք եղավ նրան իսկապես սիրահարվելու համար, սակայն երբ արդեն սիրահարվեցի, դժվար էր նրանից հրաժարվելը: Նրա վշտերը դարձան իմ վշտերը, իսկ նրա ուրախությունը՝ իմ ուրախությունը … ~Մերի Օսթին 

Մերկուրիի կենսագրությունը «Is This the Real Life?: The Untold Story of Freddie Mercury and Queen» գրքում հավաքած հեղինակ Մարք Բլեյքը Մերիի մասին ասում է. «Նա համեստ աղջիկ էր, որի հետ Մերկուրիի հարաբերությունները շատ արագ էին զարգանում: Նրանք ընդամենը մի քանի ամիս էին ճանաչում իրար, բայց արդեն սկսել էին միասին ապրել»:

sei 32586415 f5f7 e1540375963158 - Կինը, որին Ֆրեդի Մերկուրին սիրեց ու իր կողքին պահեց մինչև մահ

Անսպասելի ամուսնության առաջարկ

Զույգն աստիճանաբար տեղափոխվեց ավելի մեծ բնակարանում ապրելու, իսկ 1973թ.-ին արդեն, երբ Queen խումբը թողարկեց իր դեբյուտային ալբոմը, Մերկուրին ամուսնության առաջարկ արեց Մերիին:

Երբ 23 տարեկան էի նա Սուրբ ծննդյան օրն ինձ մի մեծ տուփ նվիրեց: Ներսում մեկ այլ տուփ կար, իսկ դրա ներսում՝ մեկ ուրիշը, և այսպես շարունակ: Դա նրա սովորական խաղերից մեկն էր: Աստիճանաբար ես հասա ամենափոքր տուփին, որտեղ մի գեղեցիկ, նեֆրիտե քարով մատանի գտա… ~ Մերի Օսթին

Չհասկանալով, թե ինչ նկատի ունի Ֆրեդին, Մերին հարցրեց՝ ո՞ր ձեռքին պետք է դնի մատանին, և երաժիշտը պատասխանեց՝ ձախին, այնուհետև հարցրեց՝ կամուսնանա՞ իր հետ:

Ես ապշած էի, քանի որ միանգամայն անսպասելի էր: Ուղղակի կարողացա շշնջալ՝ «Այո՛, կամուսնանամ»… ~Մերին Օսթին

Սրան հաջորդող տարիներին Queen-ի հայտնությունն աճում էր, և մինչդեռ Մերին նրա կողքին էր, ոչ ոք չէր կասկածում Մերկուրիի՝ համասեռական լինելուն: 1975թ.-ին թողարկված «A Night at the Opera» ալբոմում Մերկուրին ընդգրկեց նաև Մերիի մասին գրած իր սիրային բալադը՝ «Love of My Life»-ը:

Օսթինը բացեց Մերկուրիի աչքերը

Նրանք վեց տարի միասին էին ապրում, սակայն Ֆրեդին այլևս չէր խոսում ամուսնության մասին: Մերին զգում էր, որ ինչ-որ բան այն չէ և այդ մասին խոսում է Մերկուրիի հետ:

Ես ասացի նրան, որ ինչ-որ բան է կատարվում: Ինձ թվում էր ես ուղղակի դարձել եմ ծանր բեռ նրա ուսերին: Ես ասացի, որ ժամանակն է, որպեսզի հեռանամ… ~ Մերի Օսթին

Մերկուրին պնդում էր, որ այդպես չէ, սակայն նրանց հարաբերությունները սառեցին այդ խոսակցությունից հետո: Միևնույն ժամանակ Queen-ը շարունակում էր հայտնի դառնալ ողջ աշխարհում:

Երաժիշտը գիշերներն ուշ էր տուն գնում և Մերին սկսում էր կասկածել, որ Մերկուրին իրեն ուրիշ կնոջ հետ է դավաճանում: 1976թ.-ին Մերկուրին վերջապես որոշում է խոսել Մերիի հետ իր բիսեքսուալ լինելու մասին:

Երբեք չեմ մոռանա այդ պահը: Ես միամիտ էի և ինձ երկար ժամանակ պահանջվեց ճշմարտությունը հասկանալու համար: Խոսակցությունից հետո նա թեթևացած էր զգում իրեն, որ պատմել է ինձ իր՝ բիսեքսուալ լինելու մասին: Հիշում եմ, երբ ասաց այդ մասին, ես պատասխանեցի. «Ո՛չ, Ֆրեդի՛, չեմ կարծում, որ դու բիսեքսուալ ես: Կարծում եմ՝ դու գեյ ես… ~ Մերի Օսթին

22415525 1 960x540 - Կինը, որին Ֆրեդի Մերկուրին սիրեց ու իր կողքին պահեց մինչև մահ

Կյանքն առանձին, բայց և միասին

Այս բացահայտումից հետո սեռական հարաբերությունները նրանց միջև ավարտվեցին և Մերին տեղափոխվեց հարևանությամբ գտնվող ու Մերկուրիի կողմից վարձված մեկ այլ բնակարան: Այս ամենը սակայն չխանգարեց, որ Մերին մնա Մերկուրիի ամենամոտ ընկերն ու Queen-ի նեղ շրջանակում ընդգրկված մարդկանցից մեկը:

Մերին խմբի հետ շրջագայությունների էր գնում, Մերկուրիի հետ հայտնվում շատ լուսանկարներում: Նրանք նախկինում ռոմանտիկ հարաբերությունների մեջ էին և պատրաստվում էր ամուսնանալ, հետևաբար Մերիի համար դժվար էր ընդունել, որ այլևս չի ամուսնանալու իր սիրելի տղամարդու հետ, որովհետև վերջինս համասեռական էր ու քնում էր տղամարդկանց հետ: Սակայն նրանք կարողացան հաղթահարել այս փուլն ու լավ ընկերներ մնալ: Նա խմբի մտերիմ մարդկանց ցանկում ամենակարևոր մարդն էր, քանի որ Ֆրեդիի համար էր նա ամենակարևոր մարդը: 

freddie mercury r drinking a class of champagne as his girlfriend mary austin looks on during party for friends at home photo by terence spencerthe life images collectiongetty images 960x640 - Կինը, որին Ֆրեդի Մերկուրին սիրեց ու իր կողքին պահեց մինչև մահ

Մինչև մահը չբաժանի մեզ

Մերի Օսթինը Մերկուրիի կողքին էր մինչև երգչի մահը: Նա տեսել է՝ ինչպես է Մերկուրին հաջողության հասել, ինչպես է շռայլ կյանքով ապրել, ինչպես է երգեր գրել, ռոքի աստված ճանաչվել, թմրանյութեր օգտագործել, սեռական ակտիվ կյանքով ապրել: Նա տեսել է ամեն ինչ…

Երբ պարզ դարձավ, որ Մերկուրին տառապում է ՄԻԱՎ վարակով, որի հետևանքով առաջացած բրոնխային թոքաբորբի պատճառով մահացավ 1991թ.-ի նոյեմբերի 24-ին, Մերի Օսթինը նրա կողքին էր: .

Մերկուրին նրան ավելի մոտ էր պահում, հիվանդության ընթացքում: Իսկ մահվանից հետո Մերին ստացավ երաժշտի տունը, որը հենց Մերին էր կահավորել, ու հեղինակային իրավուքների կեսը: Նա իր կարողության մի մասը թողեց Մերիին, ասես վերջինս իր այրին էր: Մերին կարողանում էր այնպես անել, որ Մերկուրին խելքը գլուխը հավաքի: Նա իր կողքին է եղել նախքան հարստանալը, նախքան հայտնի դառնալն ու հիվանդության ժամանակ…

Երբ Ֆրեդին մահացավ, ինձ թվում էր՝ ամուսինս է մահացել: Մեկը, որն իմ հավերժ սերն էր: Մենք միասին ենք եղել վատ ու լավ պահերին, հարստության ու աղքատության, հիվանդ ու առողջ լինելու ժամանակ: Երբեք չէիր կարող մոռանալ Ֆրեդիին քանի դեռ նա ողջ էր: Եվ նույնիսկ նրա մահվանից հետո Ֆրեդիին հրաժեշտ տալը դժվար էր… ~ Մերի Օսթին

Օսթինն աջակցում էր Մերկուրիին, վերջինիս խնդրանքով գաղտնի պահում նրա հիվանդությունը մինչև այն չբացահայտվեց երգչի մահվանից հետո: Նա նաև խնդրել էր Մերիին դիակիզել իր մարմինն ու մոխիրը պահել մի վայրում, որը երբեք չէր բացահայտվի:

Նա պահել է այս խոստումն ու միայն նրա մահվանից երկու տարի անց է տեղափոխել Մերկուրիի մոխիրը և մի գաղտնի գերեզմանատանը թաղել այն: Մերին ասում է, որ Մերկուրին չէր ցանկանում, որ ինչ-որ մեկը փորեր իր գերեզմանն, ինչպես շատ մարդկանց հետ է պատահել:

Երկրպագուները կարող են միանգամայն տարված լինել իրենց սիրելի աստղերով, և Ֆրեդին ուզում էր, որ իր գերեզմանը գաղտնի մնա: Այդպես էլ կլինի… ~ Մերի Օսթին

Այսօր 68-ամյա Մերի Օսթինը 2 որդի ունի նկարիչ Փիերս Քամերոնից, որի հետ սակայն երբեք չի ամուսնացել: Մերկուրին նրա ավագ որդու՝ Ռիչարդի կնքահայրն է եղել, իսկ երկրորդ որդին՝ Ջեյմին, ծնվել է Մերկուրիի մահվանից հետո: Մերին այնուհետև ամուսնացել է գործարար Նիկ Հոլֆորդի հետ, որից սակայն ամուսնալուծվել է 5 տարի անց: Ֆրեդի Մերկուրիի միակ մեծ սերն ու ներշնչանքը շարունակում է ապրել երգչի տանն՝ առանց այնտեղ որևէ բան փոխելու, ու պահել խոստումը՝ չբացահայտելով լեգենդի գերեզմանը…

Նա նաև հիմնադրամ է հիմնել Մերկուրիի հիշատակին՝ «Mercury Phoenix Trust»-ը, որն օգնում է ողջ աշխարհում պայքարել ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի դեմ:

freddie mercury and mary austin 960x480 - Կինը, որին Ֆրեդի Մերկուրին սիրեց ու իր կողքին պահեց մինչև մահ


Մի սիրո պատմություն. Մերիլին Մոնրո և Արթուր Միլլեր

Ռուս դասականների սերերն ու մուսաները…

5 կինո-սիրավեպ, որ շարունակվեցին իրական կյանքում [մաս 2]

«Հավերժական սիրո հուշարձան». հերոսների իսկական սիրո պատմությունը

Ինչպես Մայակովսկու ծաղիկները փրկեցին Տատյանայի կյանքը…

Սոսե Մայրիկ – Աղբյուր Սերոբ [հերոսների սերն ու անձնազոհությունը]

Սիրո Պատմություն [Փարաջանովն ու թաթարուհին․ անթույլատրելի երջանկություն]

Օլգա Թումանյան. Հովհաննեսի սիրող ու գթասիրտ կինը

Ամենադժբախտը [ՄՈՒՐԱՑԱՆ]․ մարդ, որին դավաճանեց կինը, մարդ, որը մահացավ հոգեբուժարանում

Նրանց սերն ընդհատվեց Ցեղասպանությամբ. [Դանիել Վարուժան, Գրիգոր Զոհրապ, Ռուբեն Սևակ]

Գրիգոր և Կլարա Զոհրապ. մի սիրո պատմություն

Բակունցը, Ժենյան ու «Ալպիական մանուշակը»

Հովհաննես Հովհաննիսյանի և Վարդգես Սուրենյանցի ընկերության մասին…

Լևոնն ու Արիանան. սիրուն սիրո պատմություն

Խաչատուր Աբովյանի սերերն ու ժառանգները…

Խելագար սիրո ու փերֆորմանսի պատմություն. Մարինա Աբրամովիչ և Ուլայ