Կնոջ ասածն «ասնավանի» չէ. կարծրատիպ, որը զուրկ է որևէ պատմական հենքից - VNews

Կնոջ ասածն «ասնավանի» չէ. կարծրատիպ, որը զուրկ է որևէ պատմական հենքից

Կարծրատիպն անխուսափելի բան է՝ ուր էլ լինենք, ինչ ժամանակներում էլ ապրենք։ Յուրաքանչյուր ժամանակաշրջան ու տարածաշրջան իր կարծրատիպերն է թելադրում, դրանք ինչ-որ շրջանում արդիական են լինում, հետո կտրուկ փոխարինվում են նորերով։

Խոսելով ու մտածելով խիստ տեղական կարծրատիպերի մասին, գալիս ես այն եզրակացությանը, որ դրանք հիմնականում պայմանավորված են գենդերով։ Կարծրատիպերի մեծամասնության կիզակետում էլ՝ կնոջ բարոյականության, դերի ու դիրքի սակարկումն է։ Այսպիսով, որո՞նք են հայաստանյան ամենակենսունակ ու երկարակյաց կարծրատիպերը. այս մասին կխոսենք մեր նոր խորագրում, որի առաջին թեման կինն է։

Կնոջ ասածն «ասնավանի» չէ

Այս եզրույթը զուրկ է որևէ պատմական հենքից, այս եզրույթը հետսովետական փոշի է։ Ազգագրագետ չլինելով, ինչպես թրենդային է հիմա ասել՝ «ես իհարկե մասնագետ չեմ, բայց…», լինելով քիչ թե շատ տեղեկացված հայոց «անցյալից», չեմ կարող չփաստել, որ կայ կնոջ դերի թերագնահատումը համեմատաբար նոր երևույթ է, իսկ պատմական անցյալը լրիվ այլ վկայություններ է տալիս։

Այն թեզը, թե հայ կինը միշտ եղել է խոնարհ ու գլուխը կախ, լուռ ու մունջ, անկարծիք ու անկամք, սուտ է։ Գրենք սա կարմիր մեծատառերով։ Հայոց պատմությունը մեր առաջ սփռում է կնոջ կարևորությունը ընդգծող բազմաթիվ օրինակներ, հին հայ կնոջ դիրքն ու դերն ընտանիքում չի սահմանափակվել ամուսնուն հնազանդվելով ու երեխաներին կերակրելով։ Քավ լիցի։ Հայ կինը դարերով վերահսկել է ընտանիքում շրջանառվող գումարները, կազմակերպել ու կառավարել ընտանիքի նիստ ու կացը, տնտեսական աշխատանքները, գերդաստանի կառավարումը հավասարապես կիսել է տղամարդու հետ։

Ի՞նչն է առավել լավ բնութագրում ազգին, քան նրա էպոսը. ի՞նչ է մեզ պատմում «Սասունցի Դավիթ»-ը հայ կնոջ մասին

«Սասունցի Դավիթ» էպոսը մեզ օրինակ. անվախ ու ուժեղ կանայք։ Ի դեպ, եթե նկատել եք, էպոսում գերդաստանը սկիզբ է առնում կնոջից՝ Ծովինարից։ Հենց Ծովինարն է դառնում սերնդի ու տոհմածառի սկիզբը, կարելի է ասել՝ «էպոսի նախամայր»… Ծովինարն ինքնազոհողությունն է, բայց ոչ թե հարկադիր, այլ՝ ինքնակամ ինքնազոհողությունը։

Հաջորդ կերպարը Դեղձուն Ծամն է, որը ինքն է ընտրում իր ամուսնուն ու առաջարկում ամուսնանալ. ժամանակակից աղջիկներից քանի՞սը նման համարձակություն կունենային։

Արմաղանը՝ Մհերի կինը ամուսնուն հավասար կառավարում է երկիրը, և կրկին դիմում ինքնազոհության, որը, կրկին, անձնական ընտրություն էր՝ վկայակոչող ներքին կամային հատկանիշներին։ Խանդութը՝ Դավիթի կինը, հայ կնոջ սիրող ու հավատիրիմ տեսակն էր։

Անհերքելի է կին կերպարների հսկա դերակատարությունն ու կարևորությունը հայոց էպոսում, ասել է, թե՝ «քաջերից քաջեր են ծնվում», սակայն մեր էպոսի հերոսուհիներն իրենց քաջությունը դրսևորում էին ոչ միայն քաջեր ծնելով…

Կրոնական հայացք

Սկսենք հեթանոսությունից. երեք կարևորագույն աստվածուհիներ՝ Անահիտ, Աստղիկ և Նանե, որոնք ամբողջացնում են նախաքրիստոնեական հայ կնոջ կերպարը։ Հարկ է նշել, որ ավելի վաղ անցյալում Անահիտը համարվել է ռազմի աստվածուհի, ինչը վկայում է, որ հայ կանայք ուղղակի մասնակցություն են ունցել պատերազմական գործողություններին։ Ավելի ուշ Անահիտին սկսել է վերագրվել պտղաբերության խորհուրդը։

Հայ պատմիչ Ագաթանգեղոսը նախաքրիստոնեական հայ կնոջ մասին գրելիս օգտագործում է «շունչ ու կյանք» եզրույթը։ Քրիստոնեության ընդունումից հետո կնոջ դերը ամրապնդվել է հայ հասարակության մեջ, Աստվածամոր կերպարը դարձել է պաշտանմունքի առարկա։ Հետագայում՝ մինչև 20-րդ դարասկիզբ հայ հոգևոր իրականության մեջ իրենց տեղն են ունեցել կին սարկավագները։ Հավատցյալ կանանցից շատերն էլ դասվել են սրբերի շարքերում՝ Գայանե, Հրիփսիմե, Շողակաթ, Շուշանիկ և այլք։

Կինն արքունիքում. հայոց թագուհիներ

Կանայք միշտ էլ կարևոր դեր են ունեցել հայոց պետականության կազմավորման գործում: Երկրի համար դժվարին ժամանակներում նրանք կամային որոշումներ են կայացրել` սատար կանգնելով թագավոր-ամուսիններին, կամ գործելով միայնակ: Կարող ենք հիշատակել հայոց կարևոր թագուհիներից չորսին՝ Էրատո, Փառանձեմ, Կատրանիդե և Զապել։

Հայկազուն-Արտաշեսյանների վերջին գահակալը դարձավ Էրատո թագուհին: Էրատոն մեր պատմության մեջ միակ է, որ գահ է բարձրացել երեք անգամ: Էրատո թագուհին մ.թ.ա. I դարում ամուսնու` Տիգրան Դ արքայի մահից հետո միայնակ կազմակերպեց հայոց ընդդիմությունը Հռոմի դեմ:

Փառանձեմը Մեծ Հայքի Արշակունյանց թագավորության ամենահայտնի թագուհին է: Փառանձեմ թագուհին Արշակ II-ին և Հայոց աշխարհին պարգևեց մի որդի` արքայազն Պապին, որը նրա դաստիրակության շնորհիվ դարձավ մեր պատմության ամենաերևելի դեմքերից մեկը: 368 թվականին Արշակ II-ը բանտարկվեց և վախճանվեց Անհուշ բերդում: Երկիրը պարսկական նվաճումից պաշտպանելու նպատակով նա զորքով ամրացավ անմատչելի Արտագերս ամրոցում, ուր տեղափոխեց նաև արքունի գանձարանը։

Կիլիկյան Զապել թագուհին էլ աչքի է ընկել քաղաքական ու հասարակական մեծ գործունեությամբ։ 1237 թ. Զապել թագուհին վերանորոգեց Անդուլ մենաստանը և այն արքայական ընտանիքի համար ամառանոց  դարձրեց: 1241 թվականին մայրաքաղաք Սիսում կառուցեց բարեգործական հիվանդանոց. աա աշխարհում առաջին նման հաստատությունն էր, որտեղ դեղորայքն ու բուժումն ամբողջովին անվճար էին: Հիվանդանոցում աշխատում և իր ձեռքով հիվանդներին խնամում էր անձամբ հայոց թագուհին:

Խոսրովանույշ թագուհին՝ Աշոտ Գ Ողորմած  Բագրատունի արքայի կինը կառուցեց Հաղպատն ու Սանահինը։ Կյուրիկյան Նանե թագուհին Սանահինի կամրջի շինարարն էր։ Կիլիկիո հայոց թագուհի Կեռնանը բազմազավակ մայր էր և մշակույթի հովանավոր։

Բազմաթիվ են օրինակները, փաստը մեկն է՝ հայոց թագուհիները մեծ ու անհերքելի ներդրում են ունեցել հայոց պետականության ամրապնդման, երկրի բարեկարգման գործում։

Իրավունք

Դեռևս չորրորդ դարից սկսած հին հայկական իրավական դաշտում ընդգծվում է կանանց ու տղամարդկանց իրավահավասարությունը: Կրկնում եմ՝ դեռևս չորրորդ դարից։ Այս մասին վկայությունները պահպանվել են թե’ եկեղեցական, թե’ աշխարհիկ փաստաթղթերում: Դեռևս 444 թվականին ընդունված Շահապիվանի կանոնադրությամբ կինն է տնօրինում ընտանեկան գույքն ու ունեցվածքը, եթե ամուսինը լքել է նրան առանց հիմքերի: Բացի այդ՝ նա բոլոր իրավունքներն ունի նոր ամուսնության։ 12-րդ դարի Դավիթ Ալավկաորդու «Կանոններում»  ասվում է՝ «ամուսնությունն օրինական է, եթե այն տեղի է ունենում հարսնացուի և փեսացուի փոխադարձ հոժարակամ համաձայնությամբ», իսկ «բռնության հիման վրա տեղի ունեցած ամուսնությունը վավերական չէ»։

Կրկին 12-րդ դարում Մխիթար Գոշն «Հայոց դատաստանագիրք» աշխատության մեջ վկայակոչում է կնոջ կրթության իրավունքն ու դրա կարևորությունը՝ կիրթ կանանց համեմատելով հասարակության գանձերի հետ։ Աշխատությունը նաև անդրադառնում է համատեղ ձեռք բերված սեփականության հավասար բաժանմանը, բռնի ամուսնությունների ու կանանց դեմ սեռական բռնության քրեականացմանը, իհարկե, այլ խոսքերով։

Դեպի մեր օրեր

Առաջ ընկնելով իրադարձությունների բնականոն ընթացքից և մի քիչ մոտենալով մեր օրերին, կարող ենք հասնել մինչև 19-րդ, երբ մեծապես ակտիվացավ հայ կնոջ հասարակական ու քաղաքական դերը, արաջ եկան այնպիսի անուններ, ինչպիսին է հայ գրող, հասարակական գործիչ ու հրապարակախոս Զապել Եսայանը։ Պահպանելով «առյուծն առյուծ է՝ էգ լինի, թե որձ» դարավոր պատգամը՝ հայ կանայք անհաղորդ չմնացին նաև Արևմտյան Հայաստանի ֆիդայական շարժմանը։ Առավել հայտնի են Սոսեն, Եղսոն, կին ֆիդայի Հայո-Հայաստանը, օրիորդ Սաթենիկ Մատինյանը, Սաթո Օհանջանյանը, Սասունցի Շաքեն, օրիորդ Մարիամ Չիլինգարյանը և այլոք։ Իբրև հայ հասրակության մեջ տղամարդու և կնոջ իրավահավասարության վերջին ապացույց հարկ է նշել, որ Հայաստանի առաջին Հանրապետությունը առաջին պետություններից էր, որ կանանց տվել է ընտրելու և  ընտրվելու իրավունք: Ավելին՝ համաշխարհային պատմության մեջ թվով երկրորդ կին դեսպանը եղել է Դիանա Աբգարը, որը 1920 թվականին Ճապոնիայում Հայաստանի դեսպան է նշանակվել։

Այն, ինչ հնարավոր եղավ մտաբերել ու տեղավորել մի հոդվածի մեջ սոսկ մակերեսային ակնարկ է այն ահռելի դերի ու նշանակության, որ դարեր շարունակ ունեցել է հայ կինը մեր հասարակության զարգացման տարբեր շրջափուլերում։ Հայ կնոջ խոսքը երբևէ չի ստորադասվել ոչ կրոնական, ոչ գերդաստանային, ոչ կենցաղավարման, ոչ քաղաքական ու հասարակական բնագավառներում։