«Կնոջ մասնիկները». Netflix-ի ու Վենետիկի կինոփառատոնի ամենամեծ պրեմիերաներից - VNews

«Կնոջ մասնիկները». Netflix-ի ու Վենետիկի կինոփառատոնի ամենամեծ պրեմիերաներից

Հունգարացի ռեժիսոր Կոռնել Մունդրուցոն վաղուց հայտնի է կինոքննադատների և փառատոնային՝ հեղինակային կինեմատոգրաֆի սիրահարների շրջանակներում, իսկ օրեր առաջ ռեժիսորի նոր՝ «Կնոջ մասնիկները» ֆիլմը, որը անցած տարի Վենետիկի կինոփառատոնի մրցութային ծրագրում էր և արժանացել էր Վոլպիի գավաթի՝ Լավագույն կանացի դերակատարման համար, հայտնվել է Netflix սթրիմինգային հարթակում։ Պատմում ենք բազմաթիվ հոգեբանական նրբերանգներով և հուզառատ դրամայի մասին, որտեղ գլխավոր դերերը բաժին են հասել Շայա Լեբաֆին և «Թագը» սերիալի աստղ Վանեսա Քիրբիին։

 

Շոնը (Լեբաֆ) և Մարթան (Քիրբի) սպասում են իրենց առաջնեկին։ Աղջիկը պետք է ծնվի և առաջինը քայլի աշխղեկ հոր կառուցած կամրջով, որից գեղատեսիլ պատկեր է բացվում նավահանգստի վրա՝ այդպես է հայտնում անհամբեր Շոնն իր ենթակայության տակ գտնվող շինարարներին։ Մարթան գործընկերների հետ կտրատում է բեյբիշաուերի պատկերազարդ տորթը, և շտապում է ավտոսալոն՝ ընտանիքի մոտ։ Աղջկա մայրը հարմարավետ մեքենա է գնում զույգի համար, որպեսզի նորաստեղծ ընտանիքին հնարավորինս հարմար լինի տեղափոխվել փոքրիկի հետ։ Առատաձեռն նվեր ստանալուց հետո զույգը վերադառնում է դեղին բրաներով գողտրիկ բնակարան, որտեղ Մարթայի մոտ ցավեր են սկսվում։ Ծննդաբերությունը նախատեսված է իրականացնել տանը, սակայն մանկաբարձուհի Բարբառան, ով պետք է օգներ Մարթային, չի կարողանում հասնել հենց այդ րոպեին և իր փոխարեն ուղարկում է գործընկերուհուն՝ Եվային։ 20 րոպեից ավել մի կադրով նկարահանված ծննդաբերության տեսարանը օպերատորական բեմադրության առումով հնարավորինս վավերագրական է՝ սահուն լողացող տեսախցիկով, որը ֆիքսում է մեկ ցավերի մեջ կծկվող և ճգնող Մարթային, մեկ անհանգիստ, սակայն պատրաստակամ Շոնին և հավասարակշռված Եվային, ով առանց որևէ լարման փորձում է կառավարել ընթացքը։ Սակայն բարդություններով լի ծննդաբերությունից հետո երեխան մահանում է՝ ընդամենը հաշված վայրկյաններ անցկացնելով մոր գրկում։ Հենց այդ երկարաշունչ տեսարանից հետո է Մունդրուցոն ազդարարում ֆիլմի պաշտոնական մեկնարկը՝ տեղադրելով էկրանին վերնագիրը։

Գալիք մեկ ու կես ժամը հանդիսատեսն անց է կացնում ողբերգության հետևանքների բեկորներում, որոնց միջով բարձրահոն քայլում-անցնում է Մարթան։ Քանի որ Մունդրուցոն բաժանում է շարադրանքն ու հերոսների կյանքն ըստ ամիսների՝ մենք չենք տեսնում, թե ինչպես անցան Մարթայի և Շոնի՝ բեկումնային օրվա անմիջապես հաջորդ ժամերի ընթացքում ծավալված իրադարձությունները՝ մեզ ներկայացնում են էտապներն ու միջոցառումները ավելի ռացիոնալ համատեքստում, ըստ գլուխների՝ կոնսպեկտած։ Ահա Մարթան Շոնի հետ խոսում է բժշկի հետ (ինչից մենք ստանում ենք միայն լղոզած, ոչ ստույգ տեղեկություններ), գնում է խանութ, վերադառնում է իր ապակեպատ, կոմֆորտ աշխատավայր, իսկ հետո փորձում է մի փոքր մոռացվել պարահրապարակում՝ սիրախաղի տրվելով նոր գործընկերոջ հետ։ Մյուսում Մարթայի մայրն ու Շոնը սխալ են փորագրում նորածին փոքրիկի անունը շիրիմաքարի վրա, և վրդովված Մարթան հայտարարում է, որ ոչ մի թաղում էլ չի լինելու՝ փոխարենը նա երեխայի մարմինը կհանձնի համապատասխան հաստատություն՝ գիտաբժշկական հետազոտությունների։ Այդ հայտարարությամբ նա ավելի շուտ տրվում է ներքին կոնֆլիկտի՝ քանի որ փորձում է նախևառաջ գլուխ հանել սեփական հույզերից՝ քանդելով խճճված կծիկը։ Սակայն Մարթայի մայր Էլիզաբեթը փորձում է ամեն կերպ ձևափոխել աղջկա սուգը, անձնական տրավման օրինականացնել՝ բերելով դատաիրավական դաշտ, որպեսզի պատմության մեղավորը դառնա մանկաբարձուհին։ Այդպես ավելի հեշտ կլինի ապրել՝ մեղավորը կլինը մեկը, այն էլ՝ պաշտոնապես պիտակավորված, լեգիտիմ։

Մունդրուցոյի ֆիլմը կիսով չափ ինքնակենսագրական է՝ պատմում է իր և իր կնոջ (ֆիլմի սցենարիստ Կատա Վերբերի) անձնական կորուստի մասին։ Դրան գումարվում է ռեժիսորի հայրենի Հունգարիայի հայտնի դատական դեպքը, երբ մանկաբարձուհուն նմանօրինակ մեղադրանք էր առաջադրվել։ Այդ ամենը ներկայացված է սասփենսի, հոգեբանական դրամայի, մելոդրամայի, տեղտեղ ռեպորտաժային և օրագրային էկլեկտիկայի մեջտեղում։ Վանեսա Քրիսբին իր փխրուն ուսերի վրա է տանում ֆիլմը՝ երբեմն կարճաժամկետ զիջելով զգացմունքային առաքման դերն Էլեն Բըրսթինին (մոր դերակատարուհին) կամ մեկ այլ գործընկերոջ։ Այդ տեսակ տեսարանների է ընտանեկան հավաքույթի կուլմինացիան, որտեղ Բըրսթինի հերոսուհին՝պատկառելի, խնամված և բազմաչարչար կյանքով ապրած Էլիզաբեթը խոսում է սեփական ծննդյան մասին, երբ իր մայրը՝ Մարթայի տատիկը, ծննդաբերել էր միայնակ՝ առանց որևէմեկի օգնության, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։ Նմանատիպ պաթոսային, պաստառային, ճառեր և աֆորիզմներ հիշեցնող, ընդանուր կանվայից դուրս մնացող ցցերը շատ են։ Շոնը, տեսնելովիրավապաշտպանի գրասենյակի բնապատկերը, հանրագիտարանային հղումներ է անում ամերիկյան կամուրջների մասին, որտեղ ենթադրվում է նաև այլաբանական իմաստ։ Մարթանկորստից հետո տրվում է խնձակերությանը, իսկ հետո անգամ կորիզներ է առանձնացնում՝ծիլեր ստանալու նպատակով։ Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Մունդրուցոն լցոնումէ առանց այդ էլ հագեցած սյուժեն ու հիմնախնդիրը տարրատեսակ, ձեռքի տակ ընկած բոլորհնարավոր համեմունքներով՝ ընթացքում չմտցնելով գդալը եփվող ապուրի մեջ և կորցնելով աչքաչափի հաշիվը։ Նա հանգիստ կարող էր բավարարվել ավելի մինիմալ լուծումներով, օրինակ՝ լուսանկարչական սենյակում չտեղադրելով կոմպոզիտոր Հովարդ Շորի սաունդթրեքը և թողնելով Մարթային նորածին աղջկա լուսանկարի հետ տետատետ՝ առանց կողմնակի ավելվածքների։ 

«Կնոջ մասնիկները» բազմաթիվ ստացված գեղագիտական և դրամատուրգիկ էլեմենտներով, հարմոնիայի և լիակատարության մեջ մասնատված ֆիլմ է, որը մասամբ ստացվել է այդպիսին մտադրված հնարքների, մասամբ էլ՝ խորդուբորդ սցենարի արդյունքում։ Կարծես, դերակատարումները, երկխոսությունները և որոշ դրվագները իրենց տեղերում չեն կամ կարիք ունեն ռեժիսորական մաքրագրման։ Թեև ռեալիզմի դաշտ տանող վրձնախազերը շատ են, խիտ շարված, լայն և խոշոր, այնուամենայնիվ ենտահամը, որը մնում է շարադրանքից, սումբուր է, ոչ ամբողջական։ Լիրիկական վերջաբանը, ուրբանիստական և կենցաղային նատուրալիզմը, որոշակի փքունությունն ունեն միաբանության և բալանսավորման կարիք։ Կարծես, Մունդրուցոն իր հերոսների պես մասնատվել է և չի կարողացել ի մի բերել փազլի կտորները։


Փելեշյան. ինչից սկսել ծանոթությունը կարևորագույն վավերագրողի հետ

Կյանքից հեռացել է դերասանուհի Եկատերինա Գրադովան

Համացանցում է հայտնվել «Տիտանիկի» այլընտրանքային վերջաբանը…

Մարտին Սկորսեզեն քննադատել է ֆիլմերի հոսքային հարթակները

Քեյթ Ուինսլեթը պատմել է, թե ինչը նրան չի հերիքել ինտիմ տեսարանների ժամանակ

Հասանելի է Վուդի Ալենի սեքս-սկանդալի մասին պատմող «Allen v. Farrow» վավերագրական ֆիլմաշարի թրեյլերը

Մահացել է «Войны и мир»-ի օպերատոր Ավետիս Զենյանը

Լենի Քրավիցը և Ջեյ Լոն կնկարահանվեն նույն ֆիլմում…

Արտ հաուս. օրվա տերմինը

HBO-ն Թինա Թըրների մասին վավերագրական ֆիլմ կներկայացնի

«The Last of Us» սերիալում գլխավոր դերերը կկերտեն «G.O.T»-ի աստղերը

Ինչ դիտել տանը. «The Dig»՝ Netflix-ի նոր պատմական դրաման

Հայտարարվել են «Սեզար» մրցանակաբաշխության նոմինանտները

Ռենատա Լիտվինովայի «Հյուսիսային քամի»-ն արդեն Ռուսաստանի կինոթատրոններում է

Ինչու՞ են դադարեցվել «Ֆանտաստիկ գազանները 3» ֆիլմի նկարահանումները…

Ֆիլմեր, որոնց ավարտը ձեզ կզարմացնի…