-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Կորական դրամաների աշխարհը շարունակում է համալրվել յուրահատուկ սցենար, տաղանդավոր դերասանական կազմ ու հիանալի նկարահանման որակ ունեցող սերիալներով, իսկ VNews-ն էլ շարունակում է անդրադառնալ ընթացիկ, գալիք ու ավարտված լավագույն դրամաներից մի քանիսին: Այս անգամ ներկայացնում ենք 5 հետաքրքիր, թեթև ու գունաշատ կորեական դրամա, որ կարող եք վայելել այս ամռանը: Իսկ դուք ի՞նչ եք պատրաստվում դիտել ամռան տոթ օրերին…
Թողարկվել է՝ մայիսի 22-ից
Սերիաների քանակը՝ 32 = 1 ժամ տևողություն ունեցող 16 սերիայի
Դերերում՝ Քիմ Մյոն Սու, Շին Հե Սուն, Լի Դոն Գուն
Նկարագրությունը՝ Լի Յոն Սուն բալետի ցինիկ ու գոռոզ պարուհի է, որը բարի սիրտ ունի: Ծնողների մահից հետո նա ընտանիքի մեծ կարողության ժառանգորդն է դառնում, ինչպես նաև բալետի ամենալավ պարուհիներից մեկը: Սակայն պատահարի արդյունքում նա կորցնում է տեսողությունն ու չի կարողանում այլև պարել: Քիմ Դենը հրեշտակ է՝ բառի բուն իմաստով: Երբ երկրի վրա գտնվելու վերջին օրը Դենը փրկում է Լի Յոն Սունի կյանքը, որպես պատիժ ստիպված է լինում ևս 90 օր մնալ երկրի վրա: Դենը կարող է միայն երկինք վերադառնալ, եթե օգնի Լի Յոն Սուին սեր գտնել:
Թողարկվել է՝ մայիսի 15-ից
Սերիաների քանակը՝ 40 = 1 ժամ տևողություն ունեցող 20 սերիա
Դերերում՝ Յո Ջին Գու, Բանգ Մին Ահ, Հոնգ Չոնգ Հյոն
Նկարագրությունը՝ Դադան ֆիլմերի ու սերիալների նկահարանման հրապարակում աշխատող հատուկ էֆեկտների դիմահարդար է: Հայտնի աստղ դարձած ընկերոջից բաժանվելու արդյունքում նա չի վստահում ոչ ոքի և հենց այդ ժամանակ էլ հանդիպում է մարդու տեսք ունեցող մի ռոբոտի՝ Յոն Գուին: Վերջինս ծրագրավորված է որպես անթերի զուգընկեր ու «սիրահարված է» Դադային: Դադան սիրային եռանկյունում է հայտնվում Յոն Գուի և հայտնի դերասան դարձած իր ընկերոջ Մա Ուանգ Ջունի հետ:
Թողարկվել է՝ մայիսի 6-ից
Սերիաների քանակը՝ 16
Դերերում՝ Փակ Բո Յոնգ, Ահն Հյո Սոփ
Նկարագրությունը՝ Չա Մինը կոսմետիկ խնամքի պարագաների մեծ ընկերության ղեկավարն է: Նա բարի է, խելացի, համեստ, սակայն տգեղ է: Երբ պատահաբար մահանում է, Չա Մինն արթնանում է միանգամայն այլ տեսքով՝ այպիսին, ինչպիսին իր հոգին է: Չա Մինը հիմա ապշեցուցիչ գեղեցիկ է, իսկ նրա վերակենդանացման պատճառը անհատակ գունդն է՝ Աբիսը: Դրա օգնությամբ Չա Մինը վերակենդանացնում է նաև իր դասընկերուհի Քո Սե Յոնին՝ միանգամայն գեղեցիկ, գոռոզ ու հիանալի դատախազ, որը մի մութ գործ հետաքննելու արդյունքում սպանվել է և որին Չա Մինը միշտ սիրել է: Քո Սե Յոնի տեսքը հիմա նույնպես համապատասխանում է իր ներքին գեղեցկությանը, ինչն այդքան էլ դուր չի գալիս հենց իրեն՝ դատախազին: Երկուսով նրանք պետք է պարզեն թե ով ու ինչու է սպանել Քո Սե Յոնին:
Թողարկվել է՝ հունիսի 1-ից
Սերիաների քանակը՝ 18
Դերերում՝ Սոնգ Ջուն Կի, Քիմ Ջի Վոն, Չան Դոնգ Գուն
Նկարագրությունը՝ Սերիալի դեպքերը տեղի են ունենում Արթդալ հորինված աշխարհում՝ անհիշելի ժամանակներում: Ըն Սամը ծնվել է Արթդալին դժբախտություն բերելու ճակատագրով: Նրա մայրը միշտ ստիպված է եղել պայքարել բոլորի դեմ, որպեսզի պաշտպանի որդուն և այսպես միայնակ նա մեծացել է: Թա Գոնը Արթդալի պատերազմների հերոսն է: Նրա շնորհիվ Արթդալն ավելի է ծաղկել, իսկ ինքն էլ դարձել է տեղի ամենահզոր մարդը: Նա երազում է դառնալ Արթդալի առաջին արքան: Թան Յան ծնվել է Ըն Սամի նույն ճակատագրով, սակայն ի տարբերություն Ըն Սամի, նա Ուահան ցեղի հաջորդ առաջնորդն է: Այս երեքի ճակատագրերը կապված են:
Թողարկվել է՝ հուլիսին
Սերիաների քանակը՝ դեռ հայտնի չէ
Դերերում՝ Այյու, Յո Ջին Գու
Նկարագրությունը՝ Սեուլում գտնվող ԴելԼունա հոթելը նման չէ աշխարհի որևէ այլ հոթելի. այստեղ բոլոր հաճախորդներն ուրվականներ են: Հոթելի գործադիր տնօրենն է Չան Ման Ուոլը, որն անիծված լինելու պատճառով արդեն 1000 տարի է, ինչ այդտեղ է բնակվում: Նա կարող է միայն փախչել այդտեղից, եթե գտնի մեկին, որն իրենից ավելի սարսափելի մեղք է գործել: Սակայն նա չի հիշում, թե ինչ մեղք է գործել նման պատժի արժանանալու համար: Գու Չան Սոնը հաջողակ մենեջեր է մի հոթելների ընկերությունում և տառապում է օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարումով. վերջինս հոգեկան հիվանդություն է, որի պատճառով մարդն անընդհատ կարող է նույն գործողությունն անել, ինչ-որ բան շարունակ ստուգել ու կրկնվող մտքեր ունենալ՝ օբսեսիաներ: Նա սկսում է աշխատել ԴելԼունայում իր հոր՝ տարիներ առաջ կնքած պայմանագրի պատճառով: Այստեղ նա հանդիպում է մի հին ընկերոջ, որը մահացել էր, ինչպես նաև ծանոթանում Չան Ման Ուոլի հետ ու փորձում իր բարությամբ հաղթահարել աղջկա բացասական էությունը:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո