-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
2005թ.-ի հոկտեմբերի 20-ն էր, մեր մայրաքաղաքի 2787-րդ տարեդարձի հենց հաջորդ օրը Երևանի քաղաքապետարանը ստորագրեց N40 հրամանը, այն էր՝ Երևանի Երիտասարդական պալատի՝ «Կուկուրուզնիկի» քանդման թույլտվությունը: Շենքը վթարային էր ճանաչվել «Հայսեյսմշին» և ԿՊԳՀ-ի եզրակացության հիման վրա, որն էլ ստորագրել էր Երևանի գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանը:
25 տարվա ընթացքում «Կուկուրուզնիկ»-ը դարձել էր երևանցիների ու հատկապես երևանցի ջահելների սիրելի վայրը՝ ժամանցի, ժամադրությունների, ինքնազարգացման, արվեստին ու իրար մոտ լինելու:
Քանաքեռ բարձունքին՝ Աբովյան փողոցի վերջում Երիտասարդական պալատի հանդիսավոր բացումն էր: Այն խորհրդային իշխանությունների նվերն էր Երևանին ԽՍՀՄ հիմնադրման 50-ամյակի առթիվ:
Շենքի ճարտարապետներն էին Հրաչ Պողոսյանը, Արթուր Թարխանյանը և Սպարտակ Խաչիկյանը։ Վերջիններիս ներկայացրած ծրագիրը սկզբում դուր չէր եկել իշխանություններին, սակայն հետագայում պալատի ճարտարապետները ստացան Կոմերիտմիության համամիութենական մրցանակ, իսկ վերջերս Նյու-Յորքում լույս տեսավ «Սովետական Մոդեռնիզմ» գիրքը, որտեղ տեղ էին գտել խորհրդային շրջանի մոդեռն ոճի շենքերը, այդ թվում նաև մեր «Կուկուրուզնիկը»:
Շենքում գործում էր հյուրանոց, ակումբ, ռեստորան, հարսանյաց սրահ, լողավազան, սրճարան: Շենքի ներքին կահավորանքը ազգային մոտիվներով էր, նաև շատ էին արվեստի գործերը. բարում՝ քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի «Ադամ և Եվա» քանդակը, սպասասրահում՝ Թոմ Գևորգյանի «Գարուն»-ը: Պալատում աչքի էին զարնում Արﬕնե Կալենցի որﬓանկարները, Նելի Ասատրյանի գոբելեն աշխատանքը, Մարտին Զաքարյանի վիտրաժները, Զորիկ Ստեփանյանի փայտե քարտեզը: Թե ուր են հիմա այս ստեղծագործությունները, հայտնի չէ:
Շենքի ամենավերևի ու ամենասիրելի հարկում սրճարանն էր: Մարդիկ նախապես էին սեղաններն ամրագրում, որ մի ընթրիքի ընթացքում հասցնեն 1-2 պտույտով քաղաքին նայել. բանն այն է, որ սրճարանի հատակը պտտվում էր իր առանցքի շուրջ, ու այցելուները հնարավորություն ունեին այդ բարձունքից ամբողջ քաղաքը տեսնել: Այս տեսանկյունից «Կուկուրիզնիկը» պտտվող հատակով երկրորդ շինությունն էր ամբողջ ԽՍՀՄ-ում:
«Բարձրանում ենք հյուրանոցի 18-րդ հարկը, որտեղ տեղավորված է սրճարանը` պտտվող հատակով: Անկրկնելի գեղեցիկ համայնապատկեր է բացվում սրճարանից: Երևում է մայրաքաղաք Երևանը բոլոր կողմերից: Եվ որքան գեղեցիկ, գրավիչ եւ հոյաշեն է մեր մայրաքաղաքը:
Եվ այս բոլորը ձեզ համար` երիտասարդներ, ձեր հանգստի, ուրախ ժամանցի համար, որ վաստակած աշխատանքից հետո ավելի ամբողջական զգաք ձեզ բաժին ընկած խաղաղ ու երջանիկ կյանքի ազնիվ հաճույքը»
Երիտասարդական պալատը նաև դարձել էր հայկական ռոք-շարժման տունը: 1983 թվ.-ին այնտեղ հիմնվեց «Այաս» ռոք-ակումբը, որի գործունեության շրջանակներում տեղի ունեցան բազմաթիվ համերգներ, փառատոներ, հանդիպումներ: Խումբը համագործակցում ու համերգներ էր կազմակերպում մի շարք արևմտյան ու ռուսական ռոք խմբերի հետ: 1987թ.-ին ապամոնտաժված հեծանվային հրապարակի տարածքում կազմակերպվեց ռոք-փառատոն:
«Այն կառուցվել էր որպես ժողովրդավարական հանրության խորհրդանիշ, որում տեսնում էինք նոր հորիզոններ, մտքի ազատություն: Ցավալի է, որ հետագայում, երբ Հայաստանն անկախացավ, հենց այդ հանրությունն էլ քանդեց այն, ինչ ստեղված էր իր համար»:
Երիտասարդական պալատում հավաքվում էին տարբեր հանրապետություններից ու մարզերից եկած երիտասարդներ՝ շփվում, փոխանակվում գաղափարներով, քննարկում թույլատրելի ու անթույլատրելի թեմաներ, փառատոններ սիմպոզիումներ կազմակերպում: Այն յուրատեսակ հավաքատեղի էր, որը հասցրեց 25 տարվա ընթացքում դառնալ քաղաքի խորհրդանիշ:
Շենքի ճարտարապետներից Հրաչ Պողոսյանը իր հարցազրույցներում բազմիցս պատմում է՝ «2005թ.-ին որևէ նոր բան կառուցելու նախագիծ չի ներկայացվել, «Ավանգարտ» ընկերության սեփականատերը ուղղակի մտել է երկրի նախագահի մոտ, ասել՝ աշխարհի 8-րդ հրաշալիքն եմ կառուցելու, նա էլ հանձնարարել է ստորագրել շենքի քանդման մասին դիմումը»…
«Կուկուռուզնիկ»-ին վերաբերվող վերջին տեղաշարժը եղավ 2010թ.-ին, երբ հին շենքի տեղում նորը կառուցելու մրցույթ հայտարարվեց, որի հաղթող՝ ճապոնացի ճարտարապետի ծրագիրն արդյունքում չհաստատվեց և տարածքն այժմ ոչ միայն ամայի է, այլև օգտագործվում է իբրև քարահանք՝ քաղաքի գրեթե կենտրոնում:
«Փաստ» թերթը հայտնում է, որ Երիտասարդական պալատը կվերականգնվի։ Պարբերականը գրում է՝ «Երիտասարդական պալատը վերականգնելու համար նախորդ տարի քաղաքացիական նախաձեռնություն էր ստեղծվել, որտեղ ընդգրկվել էին տարբեր բնագավառների ներկայացուցիչներ ու արվեստագետներ: 2019թ. ամռանը ժողով էր եղել, որտեղ այս հարցով մշտական զբաղվելու որոշում էր կայացվել:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո