«La casa de papel» + 2 իսպանական սերիալ՝ կրիմինալ ոգով - VNews

«La casa de papel» + 2 իսպանական սերիալ՝ կրիմինալ ոգով

Առհասարակ իսպանակ բազմասերիանոց ֆիլմերի ինդուստրիան նոր-նոր է միացել պատերազմին։ Նախկինում այն իրենից ենթադրում էր հանգիստ ընտանեկան երեկոներ հեռուստացույցի առաջ՝ համեղ սնվելիքներով ու առանց ավելորդ ինտրիգների։ Հեռուստասերիալներն էլ նման էին դասական մեքսիկականների, որտեղ ամեն մի արտահայտությունն ասվում է ամենաքիչը երեք անգամ։

Լրիվ այլ պատմություն է «La casa de papel»-ը. սեր, իդեալական գողություն, սեքս, լարվածություն՝ ամեն մի էպիզոդում։ Երևի հենց դա է պատճառը, որ այն դուրս եկավ Իսպանիայի սահմաններից, հետաքրքրեց «Netflix»-ին, ներառվեց «Նյու Յորք Թայմս»-ի  «2018 թվականի լավագույն արտասահմանյան հեռուստասերիալներ»-ի շարքում և, իհարկե, հասավ Հայաստան։

Vnews-ը ներկայացնում է իսպանական սերիալներ, որոնք գողերի ու ոստիկանների հավերժական հակամարտության մասին են։

«Mar de plástico»

Թվում է՝ բոլոր իսպանացիները մի քիչ Ռոբին Հուդ են և ավելի շուտ համակրում են գողերին, քան ոստիկաններին։ Սակայն իսպանական կինոարտադրությունը տվել է նաև մաքուր ոտիկական դրամաներ, որտեղ «Guardia Civil»-ի ասպետները հաջողությամբ գլուխ են հանում տարատեսակ հանցագործներից ու մաֆիոզներից։ Այդպիսին է «Mar de plástico»-ն։ Դեպքերը զարգանում են Կամպոամարգո քաղաքում, որտեղ երիտասարդ կնոջ սպանությունն ուժեղացնում է գենդերային լարվածությունը, որը տիրում է քաղաքի բնակչության տարբեր խմբավորումների միջև։ Դատական ոստիկանության նոր ղեկավար Էկտոր Ագիրրեն հանձն է առնում քննել գործը, գտնել մարդասպանին ու բացահայտել սպանության մոտիվները։ Այսպիսով, եթե դուք կարմիրների կողմնակիցն են, ապա կարող ենք կանգ առնել այս սերիալի վրա։

«Fariña»

Սերիալի դեպքերը զարգանում են 1980-ակնների Իսպանիայի քաղաքներից մեկում, որտեղ տնտեսության անկման պատճառով մարդիկ անգործ են մնացել և սկսել են անցնել օրենքի վրայով։ Թմրանյութերի ապօրինի վաճառքը կարճ ժամանակում սովորական կենսակերպ է դառնում տեղի բնակչության համար։ Երիտասարդ Սիտոն, որը հարստանալու մեծ ձգտում ունի, շուտով սկսում է թմրանյութ վաճառել ու կապվում է կոկաինի ամենահայտնի մաքսանենգների խմբի հետ։ Սա դասական պատմություն է, թե ինչպես է խելոք ու լավ տղան հանկարծ դառնում կրիմինալ հեղինակություն։ Սերիալը հաջողությամբ նկարագրում է 70-80-ականների տեղի կոլորիտը՝ Ֆորդ մակնիշի մեքենաներ, սիրուն նավակներ, կոլումբիացի ճակատագրական գեղեցկուհիներ, որոնք սուր մրցակցություն են ստեղծում տեղի կաթոլիկ կանանց հետ, ու իհարկե լրիվ դժոխային պատմություններ. եթե այս ամենը բնութագրում է այն, ինչ ուզում եք տեսնել, ապա՝ բարի դիտում։

Եվ վերջապես ՝

«La casa de papel»

Սերիալ իդեալական պլանավորված գողության  ու իդեալական հանցագործի՝ Պրոֆեսորի մասին։ Վերջինս հավաքում է գողության գործում լավագույն մասնագետներին, որոնք, մի բան էլ՝ այլևս կորցնելու ոչինչ չունեն և նախաձեռնում Իսպանիայի արքայական դրամահատարանի կողոպուտը։ Ոստիկանությունն, իհարկե փորձում է կանխալ գողությունը, սակայն Պրոֆեսորին հաջողվում է միշտ մեկ քայլով առաջ անցնել համապատասխան մարմիններից։ Պարզ է, որ սցենարիստը հեծանիվ չի հայտնաբերել, ու պատմության հիմքը՝ մարդկության պես հին է, պարզ է, որ Ալեքս Պինան ուշադիր նայել է բոլոր «Օուշենի ընկերները»։ Նաև պարզ է, որ Պրոֆեսորը անպայման պիտի սիրահարվեր կին-քննիչին։Սակայն, այսուհանդերձ, սերիալը ստացված է. այստեղ տեղ են գտել ռոքնռոլային սաունդթրեքը, իտալական ու խորհրդանշական «Bella Ciao»-ն, խարիզմատիկ հերոսները, սուր զարգացումները, սերը, սեքսը, միասեռականությունը, եղբայրությունը ու ամենակարևորը՝ չոր ու արագ տեմպը, որը շունչ պահելու ժամանակ չի տալիս։