Լավ ֆիլմեր, որոնց մասին ոչ ոք չի խոսում. բրիտանական «Խնջույքը» - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Լավ ֆիլմեր, որոնց մասին ոչ ոք չի խոսում. բրիտանական «Խնջույքը»

Ռեժիսոր և դրամատուրգ Սալի Փոթերի անունը բավականին հայտնի և հարգված է կինոգիտական շրջանակներում, իսկ «Փոթեր» ազգանունը, բացի հանրահայտ մոգական աշխարհի հետ կապից, այսօր նաև ասոցացվում է ժամանակակից բրիտանական հեղինակային կինոարվեստի ամենասրամիտ և նրբաճաշակ հեղինակներից մեկի հետ, ով նկարահանում է ոչ այդքան հաճախ, ինչքան կարելի էր ցանկանալ, սակայն փաստ է, որ բավականաչափ աչալուրջ հետևում է սլացող աշխարհի զարկին։ Փոթերի «Խնջույքը» / “The Party” ֆիլմն ամենաառաջին անգամ ցուցադրվել է 2017-ին՝ Բեռլինալեի մրցութային ծրագրում։ Համաշխարհային պրեմիերայից 3 տարի անց ձեր ուշադրությունն ենք հրավիրում ազգային կոլորիտին բնորոշ նրբաճաշակ ու սրամիտ՝ պիեսաձև, մի տան մեջ ծավալվող դրամատիկ կատակերգությունը՝ dream team դերասանական անսամբլով։

սյուժե

Բիլի (Թիմոթի Սփոլ) և Ջենեթի (Քրիսթին Սքոթ Թոմաս) տանը խնջույք է նախատեսվում. հավաքվում են զույգի ընկերները՝ շփվեն, վայելեն վինիլային սկավառակների հնչյունները, ընտիր գինին և Ջենեթի խմորային զամբյուղիկները, որոնք, պատմության նշանակետի պես, մի պահ շարժվում են տեղից և ուղևորվում ջեռոց։ Ջենեթի ընկերները ինտելեկտուալներ են, առանց որևէ բարդության, պինգպոնգի գնդակի պես, իրար դաշտ են նետում ծակող նկատողությունները, միմյանց հասցեին հնչում են կծող հարցադրումներ և սթափեցնող ճշմարտություններ. օրակարգում քաղաքականությունն է, երեխա ունենալու կարևոր հարցը, սոցիալական անարդարությունը։

Հերոսները սկսում են պարզել իրենց հարաբերությունները և շրջապատող միջավայրը, Բիլը, որը գրեթե ամբողջ ֆիլմի ընթացքում անշարժ նստած է բազկաթոռին, շոկի է ենթարկում ներկաներին դրամատիկ հայտարարությամբ, հյուրերից ամենաերիտասարդը և նյարդայինը՝ Թոմը (Քիլիան Մյորֆի), անդադար վազում է զուգարան սթափվելու կամ կոկաինի նոր չափաբաժին շնչելու համար, երեխա նախատեսող լեսբի զույգը (Չերի Ջոնս և Էմիլի Մորթիմեր) արդարանում է հարցի սոցիալբարոյական կողմից դրդված, իսկ Ջանեթը խոհանոցում թաքուն խոսում ու գրվում է անհայտ մեկի հետ։ Ադուլտյեր, ալկոհոլ, հին խռովություններ, դառը մեկնաբանումներ։ Բացի նմանատիպ գունագեղ ու հետաքրքրաշարժ սուբյեկտօբյեկտներից, ֆիլմում նաև առկա են խանդի յուղոտ չափաբաժին, վրեժ լուծելու անհագ ցանկություն և հրացան, որը, ինչպես մեզ հայտնի է գրված օրենքից, պետք է մի պահ գործի դրվի։

Ի տարբերություն համաշխարհային կինոգործարանի իր լեհ գործընկերոջ՝ Ռոման Պոլանսկու, որը տարիներ առաջ նույնպես տեղադրել էր ամուսնական զույգերին մի տան մեջ՝ չորս պատերի ու խնդիրների արանքում, և փորձել խոսել սուրսատիրիկ բարբառով, Փոթերի «Խնջույքը» այդքան միանշանակ և հնարածին չէ։ Բրիտանացի հեղինակը իսկապես մտահոգված է Brexitով, ժամանակակից եվրոպական արժեքներով ու օրակարգով, բազմիցս փիլիսոփայական հղումներ է անում, հիմնականում Բռունո Գանցի հերոսի միջոցով, և սրամտում շիկահեր Էյփրիլի շուրթերով՝ դերասանուհի Պաթրիշա Քլարքսոնը կադրում որոշակի կերպով դառնում է ռեժիսորի ալտերէգոն։

Սև ու սպիտակ «խնջույքը» նաև քաղաքական պայքարի, ինչու չէ նաև հասարակության մեջ շահեկան դիրք ու դիվիդենդներ կորզելու մասին է՝ “party”-ն անգլերեն հենց «կուսակցություն» էլ է նշանակում է։

Ռուս օպերատոր Ալեքսեյ Ռադիոնովն ու բրիտանացի Փոթերը միասին զրկում են մեզ պաթոսից, ծանրամարս թվացող թեման թուլացնում զավեշտալի իրավիճակներով և բացարձակ անհարմար չեն զգում պարզ հումորներ օգտագործելիս։ Մի խոսքով զվարճացնում են հանդիսատեսին խուտուտ տալով թե՛ մարմինները, և թե՛ ուղեղը։ Իսկ փայլուն դերասանական կազմը միայն ավելի սաստիկ է դարձնում արձակվող հնարամտությունների ու տիրող մթնոլորտի հմայքի աստիճանը։