Լավ ֆիլմեր, որոնց մասին ոչ ոք չի խոսում. «Լավ ժամանակ» - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Լավ ֆիլմեր, որոնց մասին ոչ ոք չի խոսում. «Լավ ժամանակ»

Սեֆդի եղբայրները ամերիկյան հեղինակային կինեմատոգրաֆի երիտասարդ ներկայացուցիչներ են, «հակա-հոլիվուդյան» ֆրոնտում կռվող մարտիկներ, որոնք 2017-ին գրավեցին Կաննի կինոփառատոնը ու կինոքննադատների սրտերը «Լավ ժամանակ» /“Good time” նյույորքյան փողոցային պատմությամբ, որի մասին էլ Ձեզ հիմա կպատմենք։

Քոննին (Ռոբերտ Փաթինսոն) մանր գող է և սուտասան, ամբողջ աշխարհում խորապես թքած չունի միայն մի մարդու՝ սեփական փոքր եղբոր՝ Նիքի (Բեն Սեֆդի) վրա։ Նիքն ունի առողջական խնդիրներ և իր վարքով հիշեցնում է աշխարհի բոլոր մարդկանց վրա նեղացած դեռահասի։ Եղբայրական սիրուց, հոգատարությունից ու անճարությունից դրդված` Քոննին որոշում է, որ իրենք պետք է սկսեն նոր, բարեկեցիկ կյանք ու ապրեն միասին, սակայն համատեղ կողոպուտ իրականացնելուց հետո միայն. ուրիշ հնարք Քոննին չունի։ Սակայն երիտասարդն առանձնապես հեռատես չէ, ոչ էլ փորձառու խարդախությունների գիտակ, և կողոպուտի արդյունքում Նիքի` առանց այդ էլ դյուրագրգիռ նյարդերը տեղի են տալիս և նա հայտնվում է բանտում։ Այժմ Քոննիի միակ առաքելությունը փոքր եղբորը վտանգավոր գաղութից հնարավորինս շուտ ազատելն է. Նիքն իր զարգացման խնդիրներով այդտեղ երկար չի ձգի։

Ռեժիսորական դուետը՝ նույն Սաֆդի եղբայրները, որոնցից մեկը հանդես է գալիս ֆիլմում անառողջ Նիքի դերով, կամացկամաց նվաճում է համաշխարհային կինոՕլիմպոսը իր վավերագրական կինոլեզվին բնորոշ աուտենտիկ ու մռայլ նյույորքյան պատումներով։ Մեգապոլիսի ընդհատակյա կյանքը, ապօրինի անցուդարձը, գրավիչ կանխիկն ու թմրանյութը, բոլոր այն մռայլ ու վտանգավոր կերպարները, որոնց ցերեկն ու առավոտյան չես տեսնի՝ ահա այսպիսին է ռեժիսորների «Մեծ խնձորը»։

«Լավ ժամանակ»-ի խելահեղ ռիթմն ու անմիջական ռեժիսուրան դարձնում են հանդիսասեսին պատմության ակտիվ մասնակից. նեոնային լույսերի, նեղլիկ ու անհարմար բնակարանների և կիսամութ փողոցների անդադար վազքի մեջ մենք չենք հասցնում մանրակրկիտ վերլուծել Քոննիի պահվածքի խրատադաստիարակչական կողմն ու ստույգ, օբյեկտիվ գնահատական տալ կատարվող զարգացումներին։

Քրեական Նյու Յորքն իր հերթին հիշեցնում է դաժան ջունգլիներ, որտեղ ճարպիկները խաբում են ավելի միամիտներին, արագ վազողները դուրս են պրծնում հետապնդողների ճանկերից, իսկ ողջ մնալու բնազդը գլխավորում է բարոյական արժեհամակարգը։


Ինչ դիտել, երբ սիրտդ ուզում է ճամփորդել. «Ճամփեզրերին»

Ինչ դիտել տանը. Քեյթ Բլանշեթի սիրելի ֆիլմերից 5-ը

Պեդրո Ալմոդովարը կիսվում է ֆիլմերով, որոնք նայում է ինքնամեկուսացման մեջ

Ինչ դիտել մեկուսացման շրջանում, եթե սիրտդ ուզում է ճամփորդել. «Երկնքի քողի ներքո»

Կինոքննադատները խորհուրդ են տալիս. [Ցյուրիխից բրազիլացի Ումբերտո Մուրեյրան]

Հին դրամապանակում մաշված թղթի կտորի վրա 20 տարի ապրած ֆիլմացանկ

Համացանցում հայտնվել է Թիմոթի Շալամեն «Դյունա» ֆիլմի առաջին պաշտոնական կադրում

Ինչ դիտել տանը. ամերիկյան կինեմատոգրաֆի 50 indie ֆիլմ

Րիդլի Սքոթը էկրանավորելու է Մ. Գուչիի կյանքը. նախագծին կարող է միանալ Լեդի Գագան

Ինչ դիտել տանն ինքնամեկուսացված. օնլայն կինոդասընթացների հավաքածու

Ինչքան վիդեոկոնտենտ են սպառում ամերիկացիներն ու ռուսները կարանտինի օրերին

Գարնանա-ամառային կինոզբոսանք կարանտինի օրերին

Ռեժիսոր Միշել Գոնդրին ինքնամեկուսացվել է Լոս-Անջելեսում, որպեսզի զբաղվի նոր ֆիլմի աշխատանքներով

Կարանտինային նորաձևություն. ինչ խալաթներ են կրում հայտնի ֆիլմերում

Քվենտին Տարանտինոն սկսել է ակտիվ զբաղվել ֆիլմերի գրախոսականներ գրելով

Ռեժիսոր Սփայք Լին կիսվել է համացանցում իր չռեալիզացված ֆիլմի սցենարով