Լավ ֆիլմեր, որոնց մասին ոչ ոք չի խոսում. «Դոգմեն» - VNews

Լավ ֆիլմեր, որոնց մասին ոչ ոք չի խոսում. «Դոգմեն»

dogman 1 - Լավ ֆիլմեր, որոնց մասին ոչ ոք չի խոսում. «Դոգմեն»

Ժամանակակից իտալական կինո-Օլիմպոսը կիսվել է մի քանի կարևոր ռեժիսորի միջև, որոնցից այս պահին ամենամասայականի տիտղոսը, իհարկե, բաժին է հասել Պաոլո Սորենտինոյին: Սակայն հայրենի Իտալիայում և համաշխարհային փառատոնային կինոյի շրջանակներում կա ևս մեկ՝ մեծ և ոչ պակաս գլխավոր անուն, որը վերադարձնում է Bell Italia-ին երբեմնի ականավոր և դափնեպսակ կինոերկրի փառքը: Խոսքը ռեժիսոր և սցենարիստ Մատտեո Գառոնեի մասին է: Նա անցել է հագեցած և արվեստաշատ ուղի՝ թատերական քննադատի և լուսանկարչուհու որդուց մինչև օպերատորի օգնական, նկարիչ և, վերջիվերջո, Կաննի միջազգային կինոփառատոնի կրկնակի մրցանակակիր: Պատմում ենք ռեժիսորի կարևորագույն ֆիլմերից մեկի՝ «Դոգմեն»-ի մասին, որին վերոհիշյալ Կաննի կինոփառատոնում ժյուրին պարգևատրել է Լավագույն տղամարդու դերակատարում և Palm Dog Award մրցանակներով:

 

unnamed 1 2 - Լավ ֆիլմեր, որոնց մասին ոչ ոք չի խոսում. «Դոգմեն»

Ռեժիսոր Մատտեո Գառոնեն

«Նկարահանման վայրը պետք է օգնի քեզ, ենթարկվի հերոսին, պատմությանը, որի մասին է խոսքը»,- կարծում է Գառոնեն: Եվ իրոք, «Դոգմեն»-ի իրադարձությունները տեղի են ունենում անանուն հարավային գյուղաքաղաքում, որը գտնվում է Իտալիայի խուլ հարավում. այդտեղ ապրում է Մարչելոն: Տղամարդը ամուսնալուծված է և իր փոքր աղջկանից զատ ամենաշատը սիրում է շներին՝ չէ որ զբաղվում է նրանց արտաքին տեսքով՝ շների վարսավիր է կամ, ինչպես ընդունված է հիմա ասել՝ գրումեր: Մարչելոն չափազանց համեստ, անգամ մի փոքր վախվորած, բարակ, դողացող ձայնով և մեծ, տխուր աչքերով տղամարդ է՝ իսկական չեխովյան «փոքր մարդ»: Անանուն գյուղաքաղաքը շքեղ իտալական գավառ չէ՝ կանաչապատ այգիներով և խաղողի վազերով: Չորացած, գորշ և անհյուրընկալ տեղայնքը խիստ վանող է, իսկ օդում կանգնած է հնարավոր վտանգի մթնոլորտը: Նմանատիպ անհյուրընկալ, երկյուղալի և տհաճ միջավայրի պատճառներից գլխավորը անտաշ և բթամիտ Սիմոնեն է՝ ծանր քաշային կատեգորիայի մարտիկի կառուցվածքով առանձնապես ոչ խոշոր հանցագործը, ում հետ, չգիտես ինչու, ընկերություն է անում Մարչելոն: Կոկաին է հայթհայթում, կողոպուտի ժամանակ դուրսը պահակություն անում, կուլ տալիս ոչ այդքան բարեհամբույր վերաբերմունքն ու աբյուզը:

Անհանգստության և տագնապի մթնլորտը օր օրի ավելի է սրվում. համաքաղաքացիները ուզում են ձերբազատվել Սիմոնեից, անգամ մտածում են վարձել մեկին: Մինչ այդ վերջինս ուզում է Մարչելոյի օգնությամբ ավելի խոշոր կողոպուտ կազմակերպել՝ վտանգի տակ դնելով աղջկա հետ Մալդիվյան կղզիներ ուղևորվել ցանկացող Մարչելոյին:

Dogman 807434160 large 960x639 - Լավ ֆիլմեր, որոնց մասին ոչ ոք չի խոսում. «Դոգմեն»

Գառոնեն վիզուալիստ է, ով մի կողմից ժառանգել է հայրենի կինեմատոգրաֆի՝ նեոռեալիզմին բնորոշ պոետիկան և խնդրի մատուցումը, մյուս կողմից գործում է մոդեռնիզմի և պոստմոդեռնիզմի էկլեկտիկ կանոններին համաձայն: «Դոգմեն»-ում ներկայացված այլաբանությունները այնքան հեշտ ընթեռնելի են, որ որոշ կիոքննադատներ մեղադրում են ռեժիսորին մակերեսային լինելու մեջ: Տեղական ավազակի և վարժեցնողի մասին սյուժեն հավակնում է և՛ միջնադարյան հեքիաթի, և՛ քրեական փաթեթավորմամբ ռեալիստիկ առակի: Գառոնեի թեմատիկ արսենալը բավականին լայն է՝ վավերագրական մթնոլորտով հագեցած մաֆիոզական աշխարհի մասին պատմող «Գոմորա»-ից մինչև պոետ և հեքիաթասաց Ջամբատիստա Բազիլեի «Հեքիաթների հեքիաթ»-ի էկրանավորումը: Եվ այդ երկու ծայրահեղ տարբեր նեապոլյան իրականությունների արանքում՝ տեղական մաֆիայի և բարոկկոյի ոճով պատկերված կոստյումաառատ հեքիաթների, Գառոնեն կրկին խոսում է նախապատմություն ունեցող իրադարձությունների մասին. ֆիլմի հիմքում 1988 թվականին Իտալիան ցնծած նախկին բռնցքամարտիկի և շնապահի միջև տեղի ունեցած պատմությունն է, որի մանրամասները չենք հայտնի՝ «Դոգմեն»-ի մասին սփոյլերներից խուսափելու համար:

dogman 960x500 - Լավ ֆիլմեր, որոնց մասին ոչ ոք չի խոսում. «Դոգմեն»

Գառոնեի աշխարհը սկիզբ է առնում հարազատ հարավ-իտալական իրականությունից, ռեժիսորի սիրելի գրող Դոստոևսկու պոետիկայից և խիստ անձնական՝ ոչ ոքին չդատելու սկզբունքից: Նա չի որոշում, թե ով է մեղավոր հանցակիցը, իսկ ով անմեղ և արդար, նա չի հեռվանում իր իսկ պատմած սյուժեներից, տեղավորվելով գլխավերևում, այլ գտնվում է անմիջապես դրանց էպիկենտրոնում՝ ներկայացնելով այն մաքսիմալ անկողմնակալ:


[Berlinale-2021]. տարեսկզբի ամենամեծ կինոփառատոնի հուշագրավ ֆիլմերը

[Berlinale-2021]. «Անհաջող կենակցում կամ մոլեգին պոռնո»-ն արժանացել է Ոսկե արջի

Կինոքննադատները խորհուրդ են տալիս. [Ամստերդամից Կեյս Դրիսենը]

Պեդրո Ալմոդովարը կիսվում է ֆիլմերով, որոնք նայում է ինքնամեկուսացման մեջ

Ալմոդովարից բացի. իսպանական կինոյի կարևորագույն 5 ֆիլմ

Կարանտինի մեջ գտնվող իտալացիները ֆիլմեր են ցուցադրում շենքերի ճակատներին

Ինչ դիտել տանը վիքենդին. համաշխարհային կինոյի դասական նմուշ «Հեծանիվներ գողացողները»

Ֆելինիի 100-ամյակի կապակցությամբ կրկին կինովարձությում է «Քաղցր կյանքը»

Լավ ֆիլմեր, որոնց մասին ոչ ոք չի խոսում. «Ժառանգորդները»

Լավ ֆիլմեր, որոնց մասին ոչ ոք չի խոսում. «Անհետացած քաղաքների հավաքածու»