Լավ ֆիլմեր, որոնց մասին ոչ ոք չի խոսում. բրիտանական «Վերա Դրեյքը» - VNews

Լավ ֆիլմեր, որոնց մասին ոչ ոք չի խոսում. բրիտանական «Վերա Դրեյքը»

AC7CC1E6 FFEC 43C2 80BA FE483A7FAD3C - Լավ ֆիլմեր, որոնց մասին ոչ ոք չի խոսում. բրիտանական «Վերա Դրեյքը»

Բրիտանական կինեմատոգրաֆն արդեն քանի տասնամյակ զբաղեցնում է համաշխարհային ֆիլմադարանում իր ուրույն՝ նշանավոր և բարգավաճ տեղը։ Քոքնիով (Լոնդոնի ամենահայտնի խոսակցական լեզվի տեսակներից. հեղ.) քրեական կատակերգություններից մինչև ազգային ավանդույթներով ու արժեհամակարգով հագեցած էպիկ դրամաներ։ Եթե առաջինների ռեժիսորների անունները մեզ քաջ հայտնի են (Գայ Րիչի, Մարթին ՄաքԴոնահ), ապա երկրորդ՝ պայմանական խմբի հեղինակների աշխատանքներն արժանի են ավելի մեծ հնչեղության։ Կենդանի դասական Մայք Լին և իր՝ մեծ կինոյի նմուշ «Վերա Դրեյք» դրաման միանշանակ անարժան կերպով հայտնի են միայն հեղինակային կինոյի սիրահարների նեղ շրջանակներում, չնայած որ ֆիլմն ունի «Օսկար»-ի 3 նոմինացիա, Բրիտանական ակադեմիայի 3, Վենետիկի կինոփառատոնի երկու և Եվրոպական կինոակադեմիայի մեկ մրցանակ։

7B8280FD A309 4DA9 BA86 C94DF557B677 960x624 - Լավ ֆիլմեր, որոնց մասին ոչ ոք չի խոսում. բրիտանական «Վերա Դրեյքը»

սյուժե

50-ականներ, հետպատերազմական Անգլիա։ Միսսիս Վերա Դրեյքը (Իմելդա Սթոնթոն, «Հարրի Փոթեր»-ի պրոֆեսոր Ամբրիջը50-ն անց ժպտերես ու առույգ, ցածրահասակ կին է, աշխատավոր դասակարգի շարքային ներկայացուցիչ, ով առավոտներն ու ցերեկները մաքրում է մեծահարուստ բրիտանացիների բնակարանները, իսկ երեկոներն ու գիշերները իր ներկայությամբ ու անհոգ կեցվածքով ջերմացնում սեփական տանեցիների սրտերը՝ լինելով միաժամանակ նվիրված աշխատող և հոգատար մայր, կին և դուստր։ Նա լիակատար հաճույք է ստանում թե՛ իր «փոշոտ» աշխատանքի պրոցեսից, թե՛ տանը որդու կողքին բազմոցին նստած շյուղերով գործելիս, իսկ ամենօրյա ընտանեկան թեյախմությունը, կարծես, իր հղկված, շվեյցարական ժամացույցի պես անսխալական ռիթմով շարժվող պարկեշտ ու համեստ կյանքի կարևորագույն ճոխությունն է։

Սակայն Վերայի առօրյայում տեղ ունի ևս մեկ զբաղմունք, որի մասին չգիտեն ո՛չ իր չափահաս երեխաները, ո՛չ էլ ավտոմեխանիկ ամուսինը. մանկության ընկերուհի Լիլիի շնորհիվ Վերան երբեմն այցելում է երիտասարդ կանանց տներ, որպեսզի տնական, ոչ պրոֆեսիոնալ հնարքների շնորհիվ օգնի իրենց ազատվել անցանկալի հղիությունից։ Վերան անում է՝ դա միայն սրտացավությունից դրդված. ետպատերազմական Անգլիան գտնվում է ոչ լավագույն ժամանակաշրջանում, բազմաթիվ կանայք պարզապես չեն կարող կերակրել իրենց 6 երեխայից բաղկացած մեծ ընտանիքները, իսկ ոմանք անգամ հղիացել են բռնաբարության արդյունքում։ Ինչպե՞ս կարող է Վերա Դրեյքը չօգնել նման բարդ իրավիճակում հայտնված մարդկանց։ Իհարկե, օգնում է անվճար ու անշահախնդիր։ Միայն թե Լիլին, օգտվելով Վերայի միամտությունից, հաջողացնում է կողքից գումար վաստակել։

676B1830 5236 42DA 9C3B 7B0DA3D427C3 960x635 - Լավ ֆիլմեր, որոնց մասին ոչ ոք չի խոսում. բրիտանական «Վերա Դրեյքը»

Սակայն Վերա Դրեյքը պարզապես միամիտ կին չէ, նա պարզասիրտ է, կարեկցող և բարեգութ։ Նա երջանիկ է, քանի որ ունի իդեալական ընտանիք և աշխատանք, որով կարողանում է լուծել ամենաշարքային կենցաղային հարցերը (ոմանք դրանից էլ են զրկվել), ունի սիրող ամուսին, ազնիվ երեխաներ։ Իր փոքրիկ, անքմահաճ աշխարհը կատարյալ է և գողտրիկ. հին վերարկուների գրպաններում հայթհայթած գումարով Վերան շաքար ու քաղցրավենիք է գնում, որպեսզի ընտանիքի թեյախմությունները չդադարեն, իսկ ընտանեկան օջախը մնա վառ։ Նա երջանիկ է՝ քաջ գիտակցելով ու շատ պարզ հասկանալով, թե ինչ է ընտանեկան հարմոնիան, այն ջերմաստիճանը, որը ստեղծում է տան չորս պատերի մեջ գոյացած եղանակը։ Վերան անշահախնդիր փորձում է կիսվել այդ ջերմաստիճանով, որպեսզի Անգլիայի բոլոր կանայք կարողանան լինել ազատ և երջանիկ, քանի որ, երկրի օրենսդրության համաձայն, իրենք իրավունք չունեն արհեստական միջամտությամբ զրկել ապագա երեխային կյանքից։ Այդ նույն երկրի օրենսդրության համաձայն՝ կանանց ոչ ոք չէր հարցնում՝ ուղարկելով իրենց ամուսիններին և որդիներին պատերազմի դաշտ՝ զրկելով կյանքից. այժմ լրացնում են բացը, փորձում քանակով ամբողջացնել կորուստները։ Սակայն Վերայի անձնական կանոնադրությունը գործում է պետական օրենսդրությունից դուրս՝ շարժվելով սեփական տեսլականի համաձայն։ Նա երբեք չի մտածել ոչ ոք վնասելու մասին, երբե՛ք, օգնել է և օգնել՝ կարեկցելով բոլորին և չիմանալով, որ հերթական ընթացակարգը անհաջող հետևանքներ է ունեցել՝ վիժումը կարող էր խլել նաև մոր կյանքը։ Այդ ժամանակ Վերայի տան հերթական գողտրիկ թեյախմությունը ավարտվում է ոստիկանական այցով։

E4F5B34B 3D27 4E76 9B04 F2A0ECBF6FD4 - Լավ ֆիլմեր, որոնց մասին ոչ ոք չի խոսում. բրիտանական «Վերա Դրեյքը»

Ռեժիսոր Մայք Լին ոչ ոքի չի պատմել, թե ինչի մասին է ֆիլմը։ Նա անգամ սցենար չի գրել։ Բացի Իմելդա Սթոնթոնից ֆիլմում ներգրաված ոչ մի դերակատար գաղափար անգամ չի ունեցել սյուժեի մասին՝ դերասանները տեղեկանում էին զարգացումների մասին միայն այն ժամանակ, երբ դրանց մասին հայտնի էր դառնում իրենց կերպարներին։ Հետաքրքիր է, որ երբ ֆիլմը նոմինացվել է «Օսկար»-ի՝ «Լավագույն օրիգինալ սցենար» անվանակարգում, Լին ստիպված գրել է այն և ուղարկել Ամերիկյան ակադեմիա։ Իհարկե, այդ գրված սցենարը արդեն ֆիլմի հիման վրա ստեղծված սցենարն էր, այլ ոչ ինքնուրույն, առաջնային տեքստ։

«Սթոնթոնի դեմքը, երբ բնակարանի դուռը հարվածում է ոստիկանությունը, ես կտանեմ ինձ հետ գերեզման»՝ Վենետիկում տեղի ունեցած համաշխարհային պրեմիերայից հետո գրել էր բրիտանացի կինոքննադատներից մեկը, և արտահայտությունը տարածվել էր սինեֆիլական շրջանակներով։ Իմելդա Սթոնթոնը, ռեժիսոր Մայք Լին, օպերատոր Դիք Փոուփը և բոլոր մյուսները ստեղծել են մեր դարի լավագույն բրիտանական դրամաներից մեկը՝ այդքան մթնոլորտային, այդքան ընկղմղող։ Պատմությունը աբորտների լեգիտիմացման մասին չէ, ոչ էլ հրաշալի, բարի մարդկանց, որոնք, ինչպես բոլորը, ունենում են սեփական գաղտնիքներն ու այդպես կոչված «մութ կողմերը», ամենևին ոչ։

251F1EA7 BEA9 4C5E B58D DF9B3634B7A5 960x620 - Լավ ֆիլմեր, որոնց մասին ոչ ոք չի խոսում. բրիտանական «Վերա Դրեյքը»

Մայք Լին ամենանրբանկատ հեղինակներից է, խորաթափանց մանրանկարիչ, ով չի կառուցում պատմությունը սադրանքի ու շոկի ֆոնին։ Իր «Վերա Դրեյք»-ը խոսում է իր ժամանակաշրջանի լեզվով՝ բարոյական կողմերի մասին, որոնք ամեն դիտանկյունից փոխում են իրենց երանգները։ Իսկ Լին րոպե անգամ չի կորցնում իր վարպետությունն ու արժանապատվությունը՝ առանց ավելորդ սենտիմենտների ու գռեհկության, կամացկամաց, անշտապ ու խաղաղ պատմում է շատ պարզ պատմություն շատ բարդ, ոչ միայն ֆիզիկապես, այլ հոգեբանորեն հաշմանդամացած սոցիումի մասին: Նմանատիպ պոստ-տրավմատիկ շրջանները տեղի են ունենում ամենուր՝ ուղղակի ոչ բոլոր պացիենտներն են ոտքի կանգնում, շատերը գամված են մնում անկողնուն հավիտյան։ 

 

 

 

 


Մուսոլինիի նախաձեռնությամբ ստեղծված Վենետիկի կինոփառատոնը

Օդեսայի միջազգային կինոփառատոն. Հայաստանը՝ ժյուրիի կազմում ու Կաննի մեծ ֆիլմերը

Ի՞նչ դիտել տանը. Ինգմար Բերգմանի ամենաթեթև, ջերմ ու դյութիչ ֆիլմերից՝ «Ամառը Մոնիկայի հետ»

Ի՞նչ դիտել տանը. փայլուն դերասանական կազմով ու բրիտանա-իտալական էսթետիկայով օսկարակիր «Տեսարանով սենյակը»

Ի՞նչ դիտել տանը. Ալֆոնսո Կուարոնի «Քո մայրիկին նույնպես» զգացմունքային րոուդ-մուվին

Ի՞նչ դիտել տանը. ամառային մթնոլորտով ֆիլմեր, որոնք դուք հնարավոր է դեռ չեք տեսել

Կինո՝ կյանքի հիմքով. «Պատանդները»

Ի՞նչ ֆիլմեր են ստեղծվում Հայաստանում կամ ինչպես կինոքննադատ Րաֆֆի Մովսիսյանը նկարեց իր առաջին ֆիլմը

10 ամենաթանկ ֆիլմերը

Ինչ դիտել տանը. եռակի օսկարակիր Ֆրենսիս ՄքԴորմանդի ֆիլմերից, որոնք գուցե չեք տեսել

Մայիսին թողարկվելիք 10 լավագույն ֆիլմերը՝ ըստ BBC-ի

Օսկար 2021. քոչվորների տրիումֆը

BAFTA 2021. առաջին օրվա հաղթողները

5 ֆիլմ + 5 գիրք [Արեն Մալաքյան]

Ինչու՞ է Ռեգե Ժան֊Փեյջը հեռացել «Bridgerton»-ից

Առաջիկա շաբաթվա կինոպրեմիերաները