Լեգենդար գողություն, որը Մոնա Լիզայի դիմանկարը դարձրեց աշխարհահռչակ - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Լեգենդար գողություն, որը Մոնա Լիզայի դիմանկարը դարձրեց աշխարհահռչակ

Եթե 1911թ.-ի օգոստոսի 21-ին՝ երկուշաբթի առավոտյան, գտնվեիք Փարիզի Լուվրի թանգարանի առջև, ապա հաստատ կնկատեիք երեք տղամարդու, որոնք թանգարանից դուրս էին շտապում:

Այդ տղամարդկանց տեսքից գուցե գուշակեիք նաև, որ հոգնած են, քանի որ գիշերն անց էին կացրել Լուվրի պահարաններում: Մինչդեռ Լուվրի պատկերասրահը դեռ փակ էր, նրանք դուրս էին եկել պահարանից, վերցրել 90կգ-ից ավելի կշռող մի նկար՝ իր շրջանակով ու պաշտպանիչ ապակե շերտով, ապա առանձնացրել նկարը դրանցից, ծածկել այն կտորով ու շտապ քայլերով ճամփա ընկել դեպի «Quai d’Orsay » կայարան: Այստեղ նրանք առավոտյան 7:47 նստել էին քաղաքից դուրս տանող արագընթաց գնացքը ու Փարիզը և Լուվրը թողել ետևում:

Գողացված նկարը Լեոնարդո դա Վինչիի «Մոնա Լիզայի դիմանկարն» էր, որի բացակայությունը նկատել են միայն 28 ժամ անց:

Որտե՞ղ է Մոնա Լիզան…

Մոնա Լիզայի անհետացումը նկատել է մի երիտասարդ, որը Լուվր էր եկել թանգարանը ներսից նկարելու համար: Նա չէր կարողանում սկսել նկարը, քանի որ Մոնա Լիզան տեղում չէր, բայց դրա՝ գողացված լինելու մասին նույնիսկ չէր էլ մտածում:

Այն ժամանակ Լուվրում արվեստի նմուշները հաճախ էին բարձրացնում տանիք լուսանկարելու համար, քանի որ լուսավորությունը ներսում լավը չէր: Երիտասարդը մտածում էր՝ այդ օրն էլ Ջոկոնդայի հերթն էր լուսանկարվելու: Որոշ ժամանակ սպասելուց հետո նա մոտեցել է հսկիչներից մեկին՝ հարցնելու՝ ե՞րբ հետ կբերեն «Մոնա Լիզայի դիմանկարը» տանիքից, որից հետո հսկիչը բարձրացել է տանիք ու տեսել, որ Մոնա Լիզան այնտեղ չէ:

Այսպես մեկ օրում Մոնա Լիզան դառնում է աշխարհի ամենահայտնի կտավը:

Փարիզցիների ամոթը…

Ինչո՞ւ է Մոնա Լիզան այդքան հայտնի աշխարհին: Գուցե պատճառը նրա գրավիչ ու կախարդական ժպիտն է, գուցե նրա կերպարի հետ կապված առեղծվածը, գուցե դրա հեղինակը՝ Լեոնարդո դա Վինչին, կամ էլ գուցե այն բոլոր «թաքնված» ծածկագրերը, որի մասին այդքան վարկածներ ենք կարդում… իհարկե այս ամենն օգնել է 16-րդ դարի այս գլուխգործոցը հայտնի դարձնել, սակայն առաջին անգամ այս «համեստ» նկարն աշխարհահռչակ է դարձրել հենց այս գողությունը:

Երբ Վինչենցո Փերուջան երկու ծանոթների հետ կատարում էր այս հանցագործությունը, նրա մտքով անգամ չէր կարող անցնել, որ հենց իր շնորհիվ ողջ աշխարհը կսկսի ճանաչել Ջոկոնդային: Այս գողության արդյունքում դրա նկարները սփռվել էին աշխարհի բազմաթիվ թերթերի էջերին ու փողոցների պատերին”

Լուվրը գողությունից հետո մեկ շաբաթով փակվեց, որպեսզի հետաքննություն սկսվի, և երբ 7 օր անց վերաբացվեց, հազարավոր մարդիկ՝ այդ թվում նաև հայտնի հեղինակ Ֆրանց Կաֆկան, շտապեցին թանգարան՝ տեսնելու կտավի դատարկ մնացած հատվածը, որը դարձել էր փարիզցիների ամոթը:

Իսկ այս երեք իտալացի գողերը միանգամայն բարեհաջող փախել էին: Հետաքրքրական է, որ Վինչենցո Փերուջան հենց այն մարդն էր, որին Լուվրը վարձել էր որոշ կտավների՝ այդ թվում նաև Մոնա Լիզայի համար պաշտպանիչ ապակե շերտ ստեղծելու ու տեղադրելու համար: Նա հույս ուներ, որ կարող էր վաճառել կտավը, բայց գողությունն այնքան մեծ տարածում էր գտել ողջ աշխարհում, որ այն առանց բռնվելու վաճառելն ուղղակի անհնար էր:

Հենց այս պատճառով Փերուջան հրաժարվում է Ջոկոնդային վաճառելու մտքից՝ ապահով պահելով այն հյուրատան իր սենյակում գտնվող արկղում:

Միևնույն ժամանակ ոստիկանները փնտրում էին կտավը՝ 2 տարի շարունակ ու առանց որևէ հուշում, լիդ գտնելու: Կասկածյալների թվում էր նույնիսկ հայտնի նկարիչ Պաբլո Պիկասոն, որը նախկինում արդեն մեկ անգամ գնել էր Լուվրից գողացված արձանիկներ, և հենց ինքը՝ Փերուջան: Նրան 2 անգամ հարցաքննելուց հետո ոստիկանությունը հանգել էր այն եզրակացությանը, որ նա չէր կարող լինել այդ գողության մասնակիցներից մեկը: Փերուջան հաստատ մտքում ծիծաղում էր:

Ոչինչ չգտնելու արդյունքում Փարիզի ոստիկանության պետն ամոթով թողեց իր պաշտոնը:

Մոնա Լիզան գալիս է տուն…

Երկու տարի անց Ֆլորենցիայում բնակվող մի գործակալ նամակ է ստանում անծանոթ մեկից: Նամակում ասվում էր, որ Մանա Լիզան այդ մարդու մոտ է, իսկ այդ մարդու անունը նամակում՝ Լեոնարդո էր: Այդ Լեոնարդոն, իհարկե, Փերուջան էր, որը մտածում էր՝ կարող է արդեն հանգիստ վաճառել կտավը:

Գործակալի հետ հանդիպումից հետո նա կտավը թողնում է նրա մոտ ու տուն գնում՝ գործակալից սպասելով վաճառվելու մասին որևէ նորության: Սակայն նորության փոխարեն կես ժամ անց նրա դուռն են թակում ոստիկանները:

Այն ժամանակ 32-ամյա Վինչենցո Փերուջան ոստիկաններին ասում է, որ գողացել է կյտավն այն դրա տուն՝ Իտալիա, տեղափոխելու նպատակով, որ նա ազգայնամոլ էր ու որ կտավը նախկինում Նապոլեոնն էր գողացել Իտալիայից, սակայն նրան չի հաջողվում համոզել ոստիկաններին, որ իր գողության պատճառը ազգայնասեր լինելն էր: Նա 7 ամսով բանտարկվում է, իսկ Մոնա Լիզան վերադառնում Լուվր:

Շատերիս համար Մոնա Լիզայի դիմանկարը կշարունակի մնալ մի անհասանելի պատկեր, որին կարող ենք միայն հեռվից՝ ապակու մյուս կողմից տեսնել: Նա կժպտա մեզ իր յուրահատուկ ու առեղծվածային ժպիտով, մինչդեռ տեսախցիկները կուղղվեն նրան՝ յուրաքանչյուրս փորձելով ամենալավ նկարը ստանալ:

Սակայն մեզանից մեկը երբեք չի եղել ու չի լինի Փերուձան. նա 2 տարի շարունակ իր տանն էլր պահել Մոնա Լիզային, գուցե ինչ-որ պահի անգամ սիրահարվել կտավին:

Շատ գողեր կան, որոնք ինչ-որ մեկին կամ ինչ-որ բան են գողացել, ապա ասես Ստոկհոլմի համախտանիշի հակառակ դրսևորմամբ տառապել՝ այսինքն սիրահարվելով իրենց պատանդին: Նույն բանը հնարավոր է հենց այս պատմության մեջ է եղել, սակայն մեր դեպքում պատանդն այս յուրահատուկ կտավն էր՝ Մոնա Լիզայի դիմանկարը…

Հետևեք մեզ նաև Instagram-ում, Twitter-ում և YouTube-ում

Կարդացեք նաև՝


Կյանքն ըստ Կաֆկայի

3 սեքս-սկանդալ. գեղանկարչություն

Ձախողված գրքերի մասին

Հանճարներ, որոնք «խելքները թռցրել» էին

Մի կտավի պատմություն. «Աշխարհի փրկիչը»

Լեոնարդո դա Վինչիի նոր նկար է բացահայտվել նրա մեկ այլ հայտնի նկարի տակ

Հայտնի մարդկանց վերջին բառերը մահվանից առաջ (մաս 2)

21-րդ դարի աստղերը հայտնի կտավների հերոսներ են դարձել

Դա Վինչի՝ «Կզաքիսով տիկինը». Գաղտնիքներն ու ճանապարհորդությունները

Պաբլո Պիկասոն՝ Դևիդ Դուգլաս Դունկանի օբյեկտիվում

Հայտնիների վենետիկյան հանգստի բացառիկ լուսանկարները…

Ո՞ւր է կորել Լեոնարդո դա Վինչիի հայտնի նկարը

Պիկասո՝ «Գեռնիկա». Պատմական ենթատեքստն ու բացատրությունը

10 բան, որ գուցե չգիտես գրքերի մասին

Մեծերի արտասովոր պատմությունները

Միքելանջելոյի «Դավիթը». փաստեր