Լևոն Խեչոյանի վերջին հարցազրույցից... - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Լևոն Խեչոյանի վերջին հարցազրույցից…

Արձակագիր և ազատամարտիկ Լևոն Խեչոյանին ժամանակագրական իմաստով կարճ ստեղծագործական ուղի էր կանխորոշված, վստահաբար գրողը դեռ ասելիք ուներ ու կասեր, եթե չլիներ այն չարաբաստիկ հիվանդությունը, որը խլեց նրա կյանքը: Vnews-ն անդրադարձել է Լևոն Խեչոյանի կյանքին ու առանձնացրել նրա վերջին հարցազրույցի հետաքրքիր մտքերը:

Լևոն Խեչոյանի մասին

Լևոն Վանիկի Խեչոյանը ծնվել է 1955 թվականի դեկտեմբերի 8-ին Վրաստանում: Բարձրագույն կրթությունը հայրենիքում է ստացել՝ Գյումրու մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետում: 1987 թվականից տեղափոխվել է Հրազդան քաղաք: Գրողի ստեղծագործությունները սկսել են տպագրվել հանրապետական մամուլում 1988 թվականից, իսկ անդրանիկ վեպը լույս է տեսել 1991 թվականին՝  «Խնկի ծառեր» վերնագրով: Արձակագրի մի շարք գործեր թարգմանվել են տարբեր լեզուներով՝ ռուսերեն, անգլերեն, իսպաներեն:

Ազատամարտիկ Լևոն Խեչոյանին պատերազմը միայն կոփել է, նրա կյանքը խլելու մեղավորությունը ծանր հիվանդությանն էր: Առհավիրքները անմասն չմնացին նրա ստեղծագործություններից, Խեչոյանը պատկերեց 1915-ի Եղեռնը, Սպիտակի երկրաշարժն ու 90-ականների պատերազմները: Խեչոյանը գաղափարի մարդ էր, գաղափարակիցներին ու սեփական ժողովրդին նվիրված, հենց դա էր պատճառը, որ 2013-ին գրողը հրաժարվեց պետական մեդալից. նրա մարտական եղբայրներն այդ տարիներին նստացույց էին անում:

Խեչոյանի վերջին «Մհերի դռան գիրքը» լույս է տեսել գրողի մահից մեկ շաբաթ անց՝ 2014 թվականի հունվարի 15-ին:

Խեչոյանի մտքերը

Հատվածներ վերջին հարցազրույցից

«Էս երկրագնդի ամենագեղեցիկ ազգերից մեկը հայ ազգն է՝ իր խորհրդավոր պատմությամբ: Որևէ ազգ սենց խորհրդավոր պատմություն չունի, սենց գեղեցիկ ու միստիկ: Նայում ես էս պղնձագույն լեռներին. դեռ հայի ոտքի տակ զրնգում են էս լեռները, հողը դեռ խոսում է ժողովրդի հետ, քանի դեռ ստեղծագործություն կա… Ի՜նչ լավ գրականություն ունենք, ի՜նչ լավ նկարչություն, երաժշտություն. երբ ասում եմ զրնգոց, հենց դրանք ի նկատի ունեմ»:

«Աստված որքան էլ իր նմանությամբ մարդուն ստեղծեց, նաև ասաց, որ քո ճակատագրի տերը դու ես»:

«Իմ ամենասիրած բանը մտածելն է գրասեղանի առաջ, իմ ամենասիրած բանը գրելն է, ստեղծագործելն է»:

«Եթե պահը եկավ գրելու, ամենաչմտածված բանը անգամ դառնում է նյութ. եթե պահը եկավ: Երբեմն պահ է լինում, որ ներսումդ զգում ես՝ էսա-էսա պիտի գրես, բայց զորությունդ չի հերիքում: Էդ ժամանակ Աստծուն խնդրում ես, ասում ես՝ էս մի անգամ ուժ տուր, էս մեկը գրեմ ու էլ չեմ գրի»…

«Երկրագնդի ամենագեղեցիկ երևույթը և տիեզերքի ու բնության ամենագեղեցիկ պարգևը կինն է: Պիտի կարողանանք դրան ընդառաջ գնալ, շատ հաճախ տղամարդիկ չեն կարողանում կնոջն ընդառաջ գնալ և այստեղից խաթարումներ են առաջանում: Կինը երեխա է ստեղծում, օջախ է ստեղծում… Էն գիշերները, որ մութ են, էն գիշերները, երբ մենակությունը ճերմակ օձի պես փաթաթվում է քո վզին, միակ օգնականը քո կինն է: Երբ կպչում ես կնոջ տաք մարմնին,  զգում ես, որ տիեզերքի վրա ևս մի ուժ կա, որը քեզ է նվիրված և քո փրկությունը էնտեղ ես որոնում: Միաժամանակ կինը նաև տիեզերքի ամենաողբերգական կերպարներից մեկն է»…

«Ոչ մի օտար երկրում ես չեմ տեսել, որ հայը աղբարկղից հաց հանի, բացի իր հայրենիքից. սա բոլորիս ազդանշան է տալիս: Որ երկիրը ճիշտ է սարքված, հայը էդ երկրում հասնում է բարձր պաշտոնների, բարձր մշակութային հաջողությունների, որովհետև օրենքն ու համակարգը գործում են: Հայը օրենքը սիրում է»:

«Գրականությունն մագնիսի պես բան է, որ անըդհատ կպած է ժողովրդին, գրականությունը չի կարող առանց ժողովրդի ու հայրենիքի լինել: Ինչ փորձանք պատահում է մարդու հետ, պատահում է գրականության հետ»…

 

Աղբյուրը՝ hetq.am

 

 

 


Շրի Շանկարն ասում է…

Նատալի Փորթմանն ասում է․․․

Զրուցեցինք լուսանկարիչ Դավիթ Հակոբյանի հետ

Կլոդ Մոնեն ասում է…

Marvel-ի հերոսներն ասում են…

Բեթհովենն ասում է…

Մոցարտն ասում է…

Յուրա Մովսիսյանն ասում է…

Վարդան Պետրոսյանն ասում է…

Վարդգես Պետրոսյանն ասում է…

Սալվադոր Դալին ասում է…

Շառլոթ Բրոնտեն ասել է…

Հոմերոսն ասում է…

Ռայան Գոսլինգն ասում է…

Օգյուստ Ռոդենն ասել է…

Նյուտոնն ասում է…